Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Երաժշտություն»
  • Երաժշտություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երաժշտություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Երաժշտությունը թագավորի կյանքում
    2009 Դիտարան
  • Գիտեի՞ք արդյոք
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երաժշտություն, որ բավականություն է պատճառում Աստծուն
    2000 Դիտարան
  • Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. երաժշտական գործիքներ
    2012 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Երաժշտություն»

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Աստծու տված պարգևներից մեկը, որի միջոցով մարդը կարող է գովաբանել և երախտագիտություն հայտնել իր Արարչին, ինչպես նաև արտահայտել իր զգացումները՝ լինի վիշտ, ուրախություն, թե այլ բան։ Եհովա Աստծուն մատուցվող երկրպագության մեջ հատուկ դեր է ունեցել երգեցողությունը, սակայն գործիքային երաժշտությանը նույնպես մեծ նշանակություն է տրվել։ Մի կողմից՝ այն ուղեկցել է երգեցողությանը, մյուս կողմից՝ հարստացրել այն։ Ուստի զարմանալի չէ, որ ողջ Աստվածաշնչում ճշմարիտ երկրպագությանն առնչվող և այլ համատեքստերում հաճախ է հիշատակվում վոկալ ու գործիքային երաժշտության մասին (Ծն 4։21; 31։27; 1Տգ 25։1; Հտն 18։22)։

Պատմությունը։ Երաժշտության մասին աստվածաշնչյան առաջին հիշատակումը հանդիպում է նախաջրհեղեղյան ժամանակաշրջանին առնչվող արձանագրությունում։ Այնտեղ ասվում է, որ Հոբալը, ով Ադամի յոթերորդ սերնդից էր, «սկիզբ դրեց քնար ու սրինգ նվագելու արվեստին»։ Այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ թերևս հենց նա է եղել առաջին երաժշտական գործիքը ստեղծողը կամ երաժշտական որոշակի ուղղության հիմնադիրը (Ծն 4։21)։

Նահապետական ժամանակներում երաժշտությունը, ըստ ամենայնի, մարդկանց կյանքի անբաժանելի մասն է եղել։ Դա երևում է այն բանից, որ Լաբանը ցանկացավ երաժշտության ուղեկցությամբ ճանապարհ դնել Հակոբին ու իր աղջիկներին (Ծն 31։27)։ Իսրայելացիները երգով և գործիքային երաժշտությամբ տոնեցին Կարմիր ծովի մոտ իրենց ազատագրումը։ Երգ ու երաժշտություն էր հնչում նաև այն ժամանակ, երբ Հեփթայեն, Դավիթը և Սավուղը հաղթանակած վերադառնում էին պատերազմից (Ելք 15։20, 21; Դտ 11։34; 1Սմ 18։6, 7)։

Աստվածաշնչում նշված երկու դեպքերում, երբ տապանակը Երուսաղեմ էին տեղափոխում, երգիչները երգում էին, իսկ երաժիշտները տարբեր գործիքներ էին նվագում (1Տգ 13։8; 15։16)։ Երբ Դավիթը ծերացել էր, Եհովան Նաթան ու Գադ մարգարեների միջոցով պատվիրեց, որ սրբարանում երգիչներ ու երաժիշտներ լինեն (1Տգ 23։1-5; 2Տգ 29։25, 26)։

Դավթի կարգադրությամբ կազմավորված երգչախումբն ու նվագախումբը սկսեցին լիարժեք գործել Սողոմոնի կառուցած տաճարում։ Տաճարի նվիրման ժամանակ հնչող երաժշտության վեհությունն ու փառահեղությունը երևում է նրանից, որ միայն շեփոր հնչեցնողները 120 հոգի էին (2Տգ 5։12, 13)։ Սակայն երբ Եհովայի հանդեպ Իսրայելի ազգի նվիրվածությունը թուլանում էր, ճշմարիտ երկրպագության բոլոր ոլորտները, այդ թվում՝ երաժշտությունը, անտեսվում էին։ Այնուհանդերձ, Եզեկիա ու Հովսիա թագավորների արած բարեփոխումների ընթացքում և հրեաների՝ բաբելոնյան գերությունից վերադառնալուց հետո ջանքեր գործադրվեցին, որ Եհովային երգով ու երաժշտությամբ գովաբանություն մատուցվի, ինչպես որ նախկինում արվում էր նրա կամքի համաձայն (2Տգ 29։25-28; 35։15; Եզր 3։10)։ Ավելի ուշ ղևտացի երգիչները գործիքային նվագակցությամբ երգեցին Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացման ժամանակ, որը կազմակերպել էր Նեեմիան, և այդպիսով նպաստեցին, որ այդ իրադարձությունն ուրախ անցնի (Նեմ 12։27-42)։ Թեև Աստվածաշնչում գրված չէ, թե արդյոք Նեեմիայի ժամանակներից հետո տաճարում հնչել է երաժշտություն, սակայն այլ աղբյուրներ, օրինակ՝ Թալմուդը, հայտնում են, որ երգիչներն ու երաժիշտները շարունակել են ծառայել այնտեղ մինչև մ.թ. 70-ին Երուսաղեմի կործանումը։

Քանի՞ երգիչ ու երաժիշտ կար Երուսաղեմի տաճարում

Եհովայի տաճարի շինարարության նախապատրաստական աշխատանքներն անելիս Դավիթը 4 000 ղևտացիների առանձնացրեց, որ ծառայեն որպես երգիչներ ու երաժիշտներ (1Տգ 23։4, 5)։ Նրանցից 288-ը «սովորել էին Եհովային նվիրված երգեր երգել և այդ գործում հմուտ էին» (1Տգ 25։7)։ Բոլոր կատարողներին ղեկավարում էին երեք հմուտ երաժիշտներ՝ Ասափը, Եմանը և Իդիթունը (ակներևաբար հայտնի էր նաև Եթան անունով)։ Նրանցից յուրաքանչյուրը Ղևիի երեք որդիների՝ Գերսամի, Կահաթի ու Մերարիի սերնդից էր, ուստի տաճարում ծառայող երգիչների ու երաժիշտների մեջ ղևտացիների երեք գլխավոր տոհմերից էլ ներկայացուցիչներ կային (1Տգ 6։16, 31-33, 39-44; 25։1-6)։ Այդ երեք մարդիկ՝ Ասափը, Եմանն ու Իդիթունը, ընդհանուր հաշվով 24 որդի ունեին, և բոլորն էլ ընդգրկված էին վերը նշված 288 հմուտ երաժիշտների թվում։ Այդ որդիներից յուրաքանչյուրը վիճակ գցելու արդյունքում նշանակվել էր ղեկավարելու երաժիշտների մեկ խմբի։ Բացի ղեկավարից՝ կային նաև 11 փորձառու երաժիշտներ, որոնք ընտրված էին այդ ղեկավարի որդիներից և մյուս ղևտացիներից։ Այսպիսով՝ 288 ([1 + 11] × 24 = 288) ղևտացի հմուտ երաժիշտները քահանաների պես բաժանված էին 24 խմբերի։ Եթե այդպես էին բաժանված նաև մնացածը՝ 3 712 աշակերտները, ապա 24 խմբերից յուրաքանչյուրում միջին հաշվով պետք է որ լիներ 155 աշակերտ։ Այսինքն՝ յուրաքանչյուր փորձառու երաժիշտ կրթում էր ուսուցման տարբեր փուլերում գտնվող մոտ 13 ղևտացու (1Տգ 25։1-31)։ Քանի որ շեփոր հնչեցնողները քահանաներ էին, նրանք ղևտացի երաժիշտների թվի մեջ չէին մտնում (2Տգ 5։12; հմմտ. Թվ 10։8)։

Գործիքային երաժշտություն։ Աստվածաշնչում հիշատակվում են մեկ տասնյակից ավելի երաժշտական գործիքներ, սակայն շատ քիչ տեղեկություն է տրվում դրանց ձևի ու կառուցվածքի մասին։ Այդ պատճառով աստվածաշնչագետների մեծ մասը հիմնականում առաջնորդվում է այն տեղեկություններով, որ հնագետները հայտնել են Իսրայելի շրջակա ազգերի երաժշտական գործիքների մասին։ Սակայն այդ տեղեկությունների հիման վրա արված եզրակացությունները միշտ չէ, որ կարող են հուսալի լինել, քանի որ, ըստ երևույթին, երաժշտությունն Իսրայելում շատ ավելի զարգացած էր, քան հարևան երկրներում։ Բացի այդ՝ ոմանք նմանություն են տեսնում Աստվածաշնչում նշված գործիքների ու Մերձավոր Արևելքի երաժշտական գործիքների միջև և ասում են, որ վերջիններս աստվածաշնչյան ժամանակներում գոյություն ունեցած գործիքների ժամանակակից տարբերակներն են։ Սակայն դա ընդամենը ենթադրություն է։

Աստվածաշնչում նշված երաժշտական գործիքները կարելի է դասակարգել հետևյալ կերպ.

Լարային՝ քնար, ջնար, ցիտրա։

Փողային՝ պարկապզուկ, սրինգ, եղջերափող, շեփոր, նեհիլոթ (?)։

Հարվածային՝ ծնծղաներ, սիստր, դափ։

Վերոնշյալ երաժշտական գործիքների մասին ավելի շատ տեղեկություն կարելի է գտնել դրանց մասին առանձին հոդվածներում։

Ոչ մի հիմք չկա մտածելու, որ Իսրայելում երաժշտական գործիքները ձևով, կառուցվածքով և հնչողությամբ պարզունակ են եղել։ Աստվածաշնչում նշվում է, որ տաճարի համար նախատեսված քնարներն ու տավիղները պատրաստված էին ներկրված սանտալի ընտիր գերաններից, իսկ շեփորները՝ արծաթից (1Թգ 10։11, 12; Թվ 10։2)։ Անկասկած, տաճարի երաժշտական գործիքները ամենահմուտ վարպետներն էին պատրաստում։

Երաժշտական գործիքների որակի և իսրայելացի երաժիշտների հմուտ լինելու մասին են վկայում թե՛ Աստվածաշունչը և թե՛ մեր թվարկությունից առաջ ստեղծված ոչ աստվածաշնչյան ձեռագրերը։ Մեռյալ ծովի ձեռագրերի համաձայն՝ շեփորահարների խումբը պետք է «միաձայն» հնչեցներ տարբեր բարդ ազդանշաններ։ Դրա համար այդ երաժիշտներից մեծ հմտություն էր պահանջվում, իսկ շեփորների կառուցվածքը պետք է այնպիսին լիներ, որ թույլ տար կարգավորել ձայնի տոնը և այդպիսով ապահովել գործիքների ներդաշնակ հնչողությունը։ Սողոմոնի տաճարի հանդիսավոր բացման ժամանակ հնչած երաժշտության մասին արձանագրությունը վկայում է դիսոնանսի բացակայության մասին։ Գրված է. «[120] շեփորահարներն ու երգիչները սկսեցին ներդաշնակ կատարմամբ գովաբանել և շնորհակալություն հայտնել Եհովային» (2Տգ 5։12, 13)։

Աստվածաշնչում հստակ նշված են չորս տեսակի երաժշտական գործիքներ, որ եղել են տաճարի նվագախմբում՝ շեփորներ, քնարներ, լարային գործիքներ, կամ՝ տավիղներ (եբր.՝ նեվալիմ), և ծնծղաներ։ Թեև ժամանակակից չափանիշներով՝ այս գործիքները բավարար չեն լիարժեք նվագախումբ կազմելու համար, սակայն միտում չկար, որ տաճարի նվագախումբը լիներ սիմֆոնիկ։ Այն պետք է միայն նվագակցեր երգիչներին, և երաժշտական գործիքների նման զուգակցումը հիանալի կերպով ծառայում էր այդ նպատակին (2Տգ 29։25, 26; Նեմ 12։27, 41, 42)։

Աստծու Խոսքից կարելի է իմանալ, թե երբ էին հնչեցնում սուրբ շեփորները. «Շեփորներ պետք է հնչեցնեք նաև այն ժամանակ, երբ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեք ձեր ուրախ առիթներին՝ տոներին և ամեն ամսվա սկզբին» (Թվ 10։10)։ Երբ ստեղծվեց տաճարի նվագախումբը, վերոնշյալ առիթների և այլ հատուկ միջոցառումների ժամանակ, շեփորից բացի, երաժշտական այլ գործիքներ էլ էին ակներևաբար հնչում։ Այսպիսի եզրակացություն կարելի է անել այն բանի հիման վրա, թե նվագախումբն ինչպես կատարեց երաժշտությունը, երբ Եզեկիա թագավորը մաքրեց տաճարը և վերականգնեց սուրբ ծառայությունը։ Գրված է. «Երբ սկսեցին ողջակեզը մատուցել, Եհովային նվիրված երգեր հնչեցին, նաև շեփորների նվագակցությամբ հնչեցին Իսրայելի Դավիթ թագավորի նվագարանները։ Մինչ երգեր էին հնչում և շեփորներ հնչեցվում, ամբողջ ժողովը խոնարհվում էր։ Այդպես շարունակվեց այնքան, մինչև որ ողջակեզ մատուցելը վերջացրին» (2Տգ 29։27, 28)։ Այն, որ «Իսրայելի Դավիթ թագավորի նվագարանները» հնչեցին «շեփորների նվագակցությամբ», թերևս ցույց է տալիս, որ վերջիններս հարստացնում էին այլ երաժշտական գործիքների ձայնը, ոչ թե խլացնում այն։ Բոլոր երաժիշտները կանգնում էին զոհասեղանի «արևելյան կողմում» (2Տգ 5։12)։

Վոկալ երաժշտություն։ Տաճարում երգողները ղևտացի տղամարդիկ էին։ Սուրբ Գրքում ոչ մի տեղ չի ասվում, որ տաճարում երգչուհիներ են եղել։ Թարգումներից մեկը, մեկնաբանելով Ժողովող 2։8-ը, հստակ նշում է, որ երգչախմբում կանայք չեն եղել։ Բացի այդ՝ այն փաստը, որ կանանց արգելվում էր մտնել տաճարի որոշ տարածքներ, նույնպես վկայում է, որ նրանք, ըստ ամենայնի, չեն ծառայել այնտեղ (2Տգ 5։12; Նեմ 10։39; 12։27-29)։

Տաճարում երգեցողությանը մեծ կարևորություն էր տրվում։ Դա երևում է այն բանից, որ Աստվածաշնչում շատ անգամ է հիշատակվում երգիչների մասին և ասվում է, որ նրանք «ազատված էին [ղևտացիներին տրված] մյուս պարտականություններից», որպեսզի լիարժեքորեն նվիրվեին իրենց ծառայությանը (1Տգ 9։33)։ Բաբելոնյան գերությունից վերադառնալուց հետո էլ նրանք հատուկ խումբ էին կազմում, որը մյուս ղևտացիներից առանձին է հիշատակվում (Եզր 2։40, 41)։ Պարսից Արտաքսերքսես (Երկայնաբազուկ) թագավորը նույնիսկ արգելեց նրանցից և այլ հատուկ խմբերից «հարկ, տուրք կամ մաքս գանձել» (Եզր 7։24)։ Ավելի ուշ «թագավորը կարգադրեց, որ կանոնավորաբար միջոցներ հատկացվեն երգիչների ամենօրյա կարիքները հոգալու համար»։ Թեև այս կարգադրությունը վերագրվում է Արտաքսերքսեսին, շատ հավանական է, որ նրա լիազորությամբ Եզրասն էր դա հրահանգել (Նեմ 11։23; Եզր 7։18-26)։ Այսպիսով՝ պարզ է դառնում, թե ինչու է Աստվածաշունչը երգիչներին ու ղևտացիներին իրարից առանձին հիշատակում, թեև երգիչները նույնպես ղևտացիներ էին (Նեմ 7։1; 13։10)։

Տաճարում երգողներից բացի՝ Աստվածաշնչում խոսվում է նաև այլ երգիչների մասին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։ Օրինակ՝ Սողոմոնի արքունիքում երգիչներ ու երգչուհիներ կային, իսկ բաբելոնյան գերությունից ղևտացի երգիչների հետ միասին վերադարձան մոտ 200 երգիչներ՝ թե՛ տղամարդ և թե՛ կին (Ժղ 2։8; Եզր 2։65; Նեմ 7։67)։ Իսրայելում ոչ ղևտացի երգիչներ շատ կային։ Նրանց վարձում էին ոչ միայն ուրախ, այլև տխուր առիթների համար, որպեսզի նրանք ողբերգ երգեին (2Սմ 19։35; 2Տգ 35։25; Եր 9։17, 20)։ Այդպիսի առիթների համար հմուտ երաժիշտներ վարձելու սովորությունը ըստ ամենայնի պահպանվել էր անգամ Հիսուսի օրերում (Մթ 11։16, 17)։

Երաժշտության մասին հիշատակվում է նաև Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում, թեև ոչ այնքան հաճախ, որքան Եբրայերեն Գրվածքներում։ Ճշմարիտ երկրպագության մեջ գործիքային երաժշտության կիրառման մասին խոսվում է միայն այլաբանական նկարագրության մեջ (Հտն 14։2)։ Ինչ վերաբերում է երգեցողությանը, Աստծու ծառաները հաճախ էին երգում։ Հիսուսն ու իր առաքյալները Տիրոջ ընթրիքից հետո գովաբանության երգեր երգեցին (Մկ 14։26)։ Ղուկասն ասաց, որ Պողոսն ու Շիղան երգում էին բանտում։ Պողոսը հորդորեց հավատակիցներին գովաբանել Եհովային՝ հոգևոր երգեր երգելով (Գրծ 16։25; Եփ 5։18, 19; Կղ 3։16)։ Երգելու վերաբերյալ Պողոսի խոսքերից, որոնք գրված են 1 Կորնթացիներ 14։15-ում, կարելի է ենթադրել, որ երգելը քրիստոնյաների մատուցած երկրպագության անբաժան մասն էր։ Հովհաննեսը իրեն տրված տեսիլքը նկարագրելիս պատմում է տարբեր երկնային էակների մասին, որոնք Աստծու և Քրիստոսի առաջ երգում էին (Հտն 5։8-10; 14։3; 15։2-4)։

Աստվածաշնչյան ժամանակների երաժշտության առանձնահատկությունները։ Իրենց ժամանակակիցների համեմատ՝ իսրայելացիները բարձր բարոյական չափանիշներ ունեին, և նրանց գրականությունը զարգացած էր, ինչը երևում է Եբրայերեն Գրվածքների չափածո և արձակ տեքստերից։ Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ հին Իսրայելի երաժշտությունը մյուս ազգերի երաժշտությունից ավելի բարձրակարգ էր։ Ինչ խոսք, իսրայելացիների երաժշտության ներշնչանքի աղբյուրը շատ ավելի վեհ էր, քան հարևան ազգերինը։ Ուշադրության է արժանի մի ասուրական խորաքանդակ, որի վրա պատկերված է Սենեքերիմ թագավորը, ով Եզեկիա թագավորից որպես հարկ պահանջում է և՛ տղամարդ, և՛ կին երաժիշտներ (Ancient Near Eastern Texts, խմբ.՝ J. Pritchard, 1974, էջ 288)։

Երկար ժամանակ կարծիք կար, թե եբրայական երաժշտությունը եղել է պարզապես մեղեդի՝ զերծ հարմոնիայից։ Սակայն միայն այն փաստը, որ Իսրայելում լայն տարածում ունեին քնարը և լարային այլ գործիքներ, հերքում է այդ ենթադրությունը։ Գրեթե անհավատալի է, որ երաժիշտը բազմալար գործիք նվագի ու չնկատի, որ որոշ հնչյունների հարաբերակցումը շատ բարեհունչ է, կամ որ նոտաների որոշակի հաջորդականությունը, ինչպես, օրինակ, արպեջոն, հաճելի հնչողություն ունի։ Քուրտ Զակսը, ով երաժշտության պատմության գիտակ է, նշում է. «Այն խոր արմատացած կանխակալ կարծիքը, թե հարմոնիան ու պոլիֆոնիան [բազմաձայնության տեսակ, որում միաժամանակ հնչող ձայները ունեն համահավասար նշանակություն] հատուկ են միայն միջնադարյան և ժամանակակից Արևմուտքին, միանգամայն անհիմն է»։ Նա նաև ասում է, որ նույնիսկ պարզ մշակույթներում երաժշտությունը հաճախ կատարվում է ինտերվալներով, օրինակ՝ կվինտաներով, կվարտաներով, տերցիաներով և օկտավաներով։ Զակսը ավելացնում է, որ այդ ժողովուրդների, օրինակ՝ պիգմեյների (գաճաճներ) որոշ ցեղերի մեջ անտիֆոնային երգեցողության (երգիչների երկու խմբի փոխնիփոխ կատարում) եղանակներից մեկը, երբ երկու խումբը երբեմն միաժամանակ է երգում, աստիճանաբար վերածվեց կանոնի (երգեցողության տեսակ)։

Հիմնվելով համաշխարհային մասշտաբով կատարված ուսումնասիրությունների վրա՝ Զակսը եզրակացնում է, որ «Երուսաղեմի տաճարում երգչախմբերի ու նվագախմբերի առկայությունը վկայում է նրանց երաժշտական կրթության, վարպետության և գիտելիքների բարձր մակարդակի մասին»։ Նա շարունակում է. «Կարևոր է հասկանալ, որ հին Մերձավոր Արևելքում տարածված երաժշտությունը ընդհանրապես այնպիսին չէր, ինչպիսին կարծում էին 19-րդ դարի պատմաբանները.... Թեև մենք չգիտենք, թե ինչպես է հնչել այդ հին երաժշտությունը, սակայն ունենք բավարար փաստեր, որ այն եղել է հզոր, վսեմ և կատարվել է մեծ վարպետությամբ» (The Rise of Music in the Ancient World։ East and West, 1943, էջ 48, 101, 102)։

Աստվածաշունչը նույնպես հիմք է տալիս նման եզրակացություն անելու։ Օրինակ՝ սաղմոսների խորագրերում ավելի քան 30 անգամ նշված է՝ «Նվագավարին» (Սղ 11 և այլն)։ Այլ թարգմանություններում գրված է՝ «Երգողների գլխաւորին» (ԱԹ), «Գլխաւոր երաժշտին» (ԱԱ), «Երաժշտապետին» (ԱՆԹ)։ Եբրայերեն բառը հավանաբար մատնանշում է նրան, ով գործիքավորում էր երգը, սովորեցնում էր ղևտացիներին, փորձեր էր անում նրանց հետ կամ պաշտոնական կատարման ընթացքում ղեկավարում էր երգեցողությունը։ Հնարավոր է՝ խորագրերի բառերը կամ արտահայտությունները հասցեագրված են սրբարանում ծառայող երաժիշտների 24 խմբերի ղեկավարներից յուրաքանչյուրին կամ փորձառու երաժիշտներից մեկ ուրիշի, քանի որ արձանագրությունն ասում է, որ նրանք պետք է «ղեկավարեն երաժշտությունը» (1Տգ 15։21; 25։1, 7-31)։ Մոտ 20 այլ սաղմոսների խորագրերում լրացուցիչ նշվում է՝ «Նվագավարին. կատարումը՝ լարային գործիքների նվագակցությամբ», «Նվագավարին. լարվածքը՝ ըստ շեմինիթի» և այլն (Սղ 4; 12 և այլն; տես ՇԵՄԻՆԻԹ)։ Բացի այդ՝ Աստվածաշնչում հիշատակվում է «երգիչներին գլխավորելու» նշանակված մարդկանց, «փորձառուների» և «աշակերտների» մասին։ Այս ամենը վկայում է, որ իսրայելացիների երաժշտությունը բարձրակարգ էր (Նեմ 12։46; 1Տգ 25։7, 8)։

Ակներևաբար, միասնական երգեցողությունը Իսրայելում մեծ մասամբ անտիֆոնային էր, այսինքն՝ կա՛մ երգչախմբի երկու կեսը փոխնիփոխ երգում էր զուգահեռ տողերը, կա՛մ փոխնիփոխ երգում էին մեներգիչը և երգչախումբը։ Աստվածաշունչը, ըստ երևույթին, սա նկատի ունի, երբ ասում է, որ որոշ անհատներ երգում էին «ի պատասխան» կամ «հաջորդաբար» (Ելք 15։21; Եզր 3։11)։ Երգեցողության այս տեսակի մասին է վկայում նաև որոշ սաղմոսների, օրինակ՝ 136-րդ սաղմոսի կառուցվածքը։ Նեեմիայի օրերում շնորհակալական երգեր կատարող երկու մեծ երգչախմբերի նկարագրությունից և Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացմանը նրանց մասնակցությունից կարելի է ենթադրել, որ նրանք հենց այդ ձևով էին երգում (Նեմ 12։31, 38, 40-42; տես ԵՐԳ)։

Աստվածաշնչում գործածված «ողբերգ երգել», «ողբերգով սգալ» արտահայտությունները և «ողբերգել» բառը արտասանական ոճի երգեցողություն (ասերգ) են մատնանշում։ Այն ոչ այնքան մեղեդային է, որքան միատոն, կրկնվող ու ռիթմիկ։ Մի շարք առաջատար կրոններում երգի այդ տեսակը մինչ օրս մեծ տարածում ունի, սակայն Աստվածաշնչում հանդիպում է միայն ողբերգերին առնչվող համատեքստերում։ Օրինակ՝ այդպիսի երգ երգեց Դավիթը, երբ սգում էր իր ընկեր Հովնաթանի, նաև Սավուղի մահը (2Սմ 1։17; 2Տգ 35։25; Եզկ 27։32; 32։16)։ Միայն ողբերգերի ու ողբի ժամանակ էր, որ նախընտրելի էր արտասանական ոճով երգեցողությունը, ոչ թե մեղեդային երգեցողությունը կամ սովորական խոսքը, որին հատուկ է ձայնի տոնի, հնչերանգի փոփոխությունը և տրամաբանական շեշտը (տես ՈՂԲԵՐԳ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը