Մոտեցեք Աստծուն
«Ո՜վ իմ Աստված, հիշիր ինձ ի բարին»
«ԵՍ ԿԱՐԾՈՒՄ էի, թե Եհովան, որը ինձ շատ լավ է ճանաչում, երբեք չի կարող սիրել ինձ, և ես երբեք չեմ կարողանա արժանանալ նրա հավանությանը»։ Այսպիսի խոսքեր գրեց մի հավատարիմ քրիստոնյա կին, որը պայքարում էր թերարժեքության զգացումի դեմ։ Քեզ երբևէ տանջե՞լ են այսպիսի զգացումները, մտածե՞լ ես, որ չես կարող արժանանալ Աստծու ուշադրությանը, էլ ուր մնաց՝ հավանությանը։ Եթե այդպես է, Նեեմիա 13։31 համարը կարող է քաջալերական լինել քեզ համար։
Նեեմիան՝ հրեաների կառավարիչը, որն ապրել է մ.թ.ա. հինգերորդ դարում, իր լավագույնն արեց Աստծուն հաճեցնելու համար։ Նա նախաձեռնեց Երուսաղեմի պարիսպների վերակառուցման աշխատանքները՝ չնայած թշնամիների հակառակությանը։ Ստիպեց, որ ժողովուրդը պահի Աստծու Օրենքը, հոգ տարավ հարստահարվածների մասին և ձգտեց կերտել իր ազգակիցների հավատը։ Արդյոք Աստված նկատե՞ց այս հավատարիմ ծառայի կատարած բարի գործերը։ Նեեմիան ունե՞ր Եհովայի հավանությունը։ Մենք կարող ենք ստանալ այս հարցերի պատասխանները այդ ծառայի անունը կրող գրքի եզրափակիչ խոսքերից։
Նեեմիան աղոթում է. «Ո՜վ իմ Աստված, հիշիր ինձ ի բարին»a։ Արդյոք Նեեմիան անհանգստանո՞ւմ է, թե իր բարի գործերն Աստված չի նկատի կամ կմոռանա իր մասին։ Ո՛չ։ Անկասկած, նա գիտի՝ Աստվածաշնչի վաղ գրողները ասել են, որ Եհովան խորապես հետաքրքրված է իր հավատարիմ երկրպագուներով և նրանց բարի գործերով (Ելք 32։32, 33; Սաղմոս 56։8)։ Ուրեմն ի՞նչ է նա խնդրում Աստծուց։ Մի աշխատության մեջ նշվում է, որ «հիշիր» թարգմանված եբրայերեն բառը ունի «սիրելու իմաստ և ենթադրում է հիշելուն զուգահեռ ինչ-որ գործողության կատարում»։ Լիովին վստահելով աղոթքի զորությանը՝ Նեեմիան խնդրում է Աստծուն սիրով հիշել իրեն և օրհնել (Նեեմիա 2։4)։
Կպատասխանի՞ Եհովան Նեեմիայի խնդրանքին։ Ինչ-որ իմաստով նա արդեն պատասխանել է։ Այն հանգամանքը, որ Եհովան տեղին համարեց, որ նրա աղոթքն արձանագրվի՝ դառնալով ներշնչված Սուրբ Գրքի մի մասը, վստահեցնում է մեզ, որ նա սիրով է հիշում Նեեմիային։ Սակայն «աղոթքներ Լսողը» ավելին է անելու, որ պատասխանի իր ծառայի սրտաբուխ խնդրանքին (Սաղմոս 65։2)։
Աստված դեռ վարձատրելու է Նեեմիային այն բոլոր բարի գործերի համար, որ նա արել է հանուն մաքուր երկրպագության (Եբրայեցիներ 11։6)։ Մոտալուտ արդար նոր աշխարհում, որը խոստացել է Եհովան, նա կօրհնի Նեեմիային՝ հարություն տալով նրանb (2 Պետրոս 3։13; Հայտնություն 21։3, 4)։ Դրախտային երկրում հավիտենական կյանքի հեռանկարն ունենալով՝ Նեեմիան կտեսնի, որ Եհովան իսկապես հիշել է իրեն ի բարին։
Նեեմիայի աղոթքը ապացուցում է Դավիթ թագավորի խոսքերի ճշմարտացիությունը. «Դու կօրհնես արդարին, ո՛վ Եհովա, քո հավանությամբ դու կպատես նրանց, ինչպես մեծ վահանով» (Սաղմոս 5։12)։ Այո՛, Աստված նկատում և գնահատում է իրեն հաճեցնելու համար ներդրած մեր անկեղծ ջանքերը։ Քանի դեռ քո լավագույնն ես անում Եհովային ծառայելու համար, կարող ես վստահ լինել, որ նա կհիշի քեզ ի բարին և առատապես կօրհնի։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ
[ծանոթագրություններ]
a Սա Աստվածաշնչի այս գրքի չորս հիշատակումներից վերջինն է, որոնցում Նեեմիան աղոթում է Աստծուն, որ հավատարմորեն կատարված իր գործերը բարի, կամ՝ լավ արդյունք ունենան (Նեեմիա 5։19; 13։14, 22, 31)։
b Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այն մասին, թե ինչ նպատակ ունի Աստված հավատարիմ մարդկանց առնչությամբ, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ և 7-րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։