Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 5/1 էջ 18–22
  • Միմյանց զորավիգ լինենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Միմյանց զորավիգ լինենք
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նրանք զորավիգ եղան
  • Ինչու Պողոսը կարիք ուներ, որ իրեն զորավիգ լինեին
  • Ինչպե՞ս կարող ենք զորավիգ լինել
  • Ինչպես ժողովը կարող է օգնել
  • Եհովան զորության գլխավոր Աղբյուրն է
  • Օգնեք ուրիշներին՝ քայլելու Եհովային արժանի կերպով
    2000 Դիտարան
  • Եհովան հոգնածին ուժ է տալիս
    2000 Դիտարան
  • Քրիստոնյաները մեկը մյուսի կարիքն ունեն
    2002 Դիտարան
  • Շարունակեք «կերտել միմյանց»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2004 Դիտարան
w04 5/1 էջ 18–22

Միմյանց զորավիգ լինենք

«Դորանք են.... որ ինձ համար.... մխիթարութիւն [«զորավիգ», ՆԱ] եղան» (Կողոսացիս 4։11)։

1, 2. ա) Չնայած վտանգներին՝ ինչո՞ւ Պողոսի ընկերները այցելեցին նրան բանտում։

ՎՏԱՆԳԱՎՈՐ է լինել մեկի ընկերը, որը գտնվում է բանտում, նույնիսկ եթե նրան անարդարացիորեն են բանտարկել։ Բանտի աշխատողները գուցե կասկածանքով նայեն քեզ՝ հետևելով քո յուրաքանչյուր շարժմանը՝ հավաստիանալու համար, որ դու ոչ մի վատ բան չես անի։ Ուստի քաջություն է պահանջվում քեզնից, որ ընկերոջդ հետ կապ պահպանես ու այցելես նրան։

2 Մոտ 1 900 տարի առաջ Պողոս առաքյալի մի քանի ընկերներ հենց այսպես վարվեցին։ Նրանք մի պահ անգամ չտատանվեցին այցելել բանտում գտնվող Պողոսին՝ մխիթարելու, քաջալերելու և հոգևորապես զորացնելու նրան։ Ովքե՞ր էին այս հավատարիմ ընկերները։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանց քաջությունից, նվիրվածությունից և ընկերասիրությունից (Առակաց 17։17)։

Նրանք զորավիգ եղան

3, 4. ա) Ովքե՞ր էին Պողոսի հինգ ընկերները, և ի՞նչ եղան նրանք նրա համար։ բ) Ի՞նչ է նշանակում «զորավիգ» թարգմանված հունարեն բառը։

3 Եկեք վերադառնանք մ.թ. մոտավորապես 60 թվականը։ Պողոս առաքյալը Հռոմի բանտում է գտնվում կեղծ մեղադրանքի պատճառով, իբր թե նա խռովության կոչեր է արել (Գործք 24։5; 25։11, 12)։ Պողոսը հիշատակում է հինգ քրիստոնյաների անուններ, որոնք իր կողքին են եղել՝ Տյուքիկոսը՝ Պողոսի պատվիրակը Ասիա պրովինցիայից և «ծառայակիցը Տէրումը», կողոսացի Ոնեսիմոսը՝ ‘հավատարիմ և սիրելի եղբայրը’, Արիստարքոսը, որ Մակեդոնիայի Թեսաղոնիկե քաղաքից էր ու մի ժամանակ Պողոսի ‘գերության ընկերն’ էր, Մարկոսը՝ Պողոսի միսիոներական ընկեր Բառնաբասի զարմիկը և նրա իսկ անունով կոչվող Ավետարանը գրողը, Հուստոսը՝ առաքյալի գործակիցներից մեկը «Աստուծոյ արքայութիւնումն»։ Պողոսը այս հինգի մասին ասում է. «Դորանք են.... որ ինձ համար.... մխիթարութիւն [«զորավիգ», ՆԱ] եղան» (Կողոսացիս 4։7–11)։

4 Պողոսը, փաստորեն, շատ կարևոր խոսքեր ասաց իր նվիրված ընկերների ցուցաբերած օգնության մասին։ Նա օգտագործեց մի հունարեն բառ (պարեգորիա)՝ թարգմանված «զորավիգ», որը Աստվածաշնչում միայն այս համարում է հանդիպում։ Այս բառը մի քանի իմաստներ ունի ու հատկապես կիրառվում էր բժշկական համատեքստերում։a Այն կարելի է թարգմանել «սփոփանք, թեթևացում, մխիթարություն, մեղմացում»։ Պողոսն այսպիսի զորացման կարիք ուներ, ու նրա հինգ ընկերները բավարարեցին այդ կարիքը։

Ինչու Պողոսը կարիք ուներ, որ իրեն զորավիգ լինեին

5. Թեև Պողոսը առաքյալ էր, ինչի՞ կարիք նա ուներ, և ինչի՞ կարիք ենք ունենում բոլորս ժամանակ առ ժամանակ։

5 Գուցե ոմանք զարմանան, որ Պողոսը՝ ինքը առաքյալը, զորացման կարիք ուներ։ Փաստն այն է, որ դա այդպես էր։ Ճիշտ է, Պողոսն ամուր հավատ ուներ, շատ չարչարանքներ էր կրել՝ ‘ծեծեր’, ‘մահվան վտանգներ’ (ԱԱ) և այլ ցավեր (Բ Կորնթացիս 11։23–27)։ Սակայն նա մարդ էր, իսկ բոլոր մարդիկ էլ ժամանակ առ ժամանակ մխիթարության, ինչպես նաև հավատի ամրացման կարիք են զգում։ Այս միտքը ճիշտ էր նույնիսկ Հիսուսի դեպքում։ Նրա կյանքի վերջին գիշերը հրեշտակը եկավ ու «զօրացնում էր նորան» Գեթսեմանիում (Ղուկաս 22։43)։

6, 7. ա) Ովքե՞ր Հռոմում Պողոսին հիասթափեցրին, և ովքե՞ր քաջալերեցին։ բ) Պողոսի քրիստոնյա եղբայրներն ինչպիսի՞ ծառայություններ մատուցեցին նրան Հռոմում, ինչով և զորավիգ եղան նրան։

6 Այո՛, Պողոսը զորացման կարիք ուներ։ Երբ նա՝ որպես բանտարկյալ, եկավ Հռոմ, նրա ազգակիցները՝ հրեաները, իրեն ուրախությամբ չընդունեցին։ Նրանք հիմնականում անտարբեր էին Թագավորության լուրի հանդեպ։ Համաձայն «Գործք» գրքի՝ նրա մոտ՝ բանտ եկան հրեաների գլխավորները, և նրանցից «ոմանք խօսքերին համոզվում էին, իսկ ոմանք չէին հաւատում։ Եւ իրար հետ չ’միաբանուած արձակուեցան» (Գործք 28։17, 24, 25)։ Ի՜նչ մեծ ցավ էր զգում Պողոսը՝ տեսնելով, որ նրանք չէին գնահատում Եհովայի շնորհը։ Նա խոր ապրումներ ունեցավ այս առումով, և դրանք արտացոլված էին այն նամակում, որը նա գրել էր Հռոմի ժողովին մի քանի տարի առաջ։ Պողոսն ասում էր. «Մեծ տրտմութիւն է ինձ եւ անպակաս ցաւ իմ սրտին. որ կ’խնդրէի՝ ես ինքս նզովուած լինիլ Քրիստոսիցն իմ եղբայրների [հրեաների] եւ մարմնաւոր ազգականների համար» (Հռովմայեցիս 9։2, 3)։ Սակայն նա Հռոմում գտավ նվիրված, ճշմարիտ ընկերներ, որոնք իրենց քաջությամբ ու ցուցաբերած սիրով հանգստացրին նրա սիրտը։ Նրանք Պողոսի իսկական, հոգևոր եղբայրներն էին։

7 Ինչպե՞ս այդ հինգ եղբայրները զորավիգ եղան բանտում գտնվող Պողոսին։ Պողոսի կապանքները ետ չպահեցին նրանց օգնություն ցույց տալուց առաքյալին։ Նրանք պատրաստակամորեն ու սիրով ծառայություններ կատարեցին Պողոսի համար՝ անելով Պողոսի այն գործերը, որոնք նա բանտարկության պատճառով հնարավորություն չուներ անձամբ կատարելու։ Օրինակ՝ Պողոսը նրանց միջոցով տարբեր ժողովներ նամակներ էր ուղարկում ու բանավոր հրահանգներ տալիս, ինչպես նաև քաջալերական լուրեր էր ստանում Հռոմի ու այլ վայրերի եղբայրների վերաբերյալ։ Հավանաբար, նրանք Պողոսի համար ձեռք բերեցին անհրաժեշտ իրեր, ինչպես՝ ձմեռային հագուստ, գրքեր ու գրենական պիտույքներ (Եփեսացիս 6։21, 22; Բ Տիմոթէոս 4։11–13)։ Բոլոր այս օգտակար գործերը զորացրին ու քաջալերեցին բանտարկված առաքյալին, և նա իր հերթին կարող էր զորավիգ լինել ինչպես առանձին անհատների, այնպես էլ ամբողջ ժողովների (Հռովմայեցիս 1։11, 12)։

Ինչպե՞ս կարող ենք զորավիգ լինել

8. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, որ Պողոսը խոնարհաբար ընդունեց, որ ինքը զորացման կարիք ունի։

8 Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսի ու նրա հինգ ծառայակիցների մասին այս պատմությունից։ Առաջին դասը հետևյալն է. քաջություն և անձնազոհություն է պահանջվում օգնության հասնելու մարդկանց, երբ նրանք նեղությունների մեջ են։ Երկրորդ՝ խոնարհություն է պահանջվում ընդունելու, որ մենք ինքներս գուցե օգնության կարիք զգանք։ Պողոսը ոչ միայն ընդունեց, որ օգնության կարիք ուներ, այլև նա այդ օգնությունը ընդունեց սիրով ու գովեց օգնության ձեռք մեկնածներին։ Նա չէր կարծում, թե ուրիշներից օգնություն ստանալը թուլության նշան է կամ ստորացում է նշանակում, և նույն տեսակետը պետք է մենք ունենանք։ Եթե ասեինք, թե երբեք զորացման կարիք չենք զգում, դա նույնը կլիներ, թե ասեինք՝ ես գերմարդ եմ։ Հիշենք՝ Հիսուսի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ կատարյալ մարդը երբեմն կարիք է զգում «աղաղակով» օգնություն խնդրելու (Եբրայեցիս 5։7)։

9, 10. Ի՞նչ դրական արդյունքներ կարող են լինել, երբ անհատն ընդունում է, որ օգնության կարիք ունի, և այս հանգամանքն ինչպե՞ս կարող է ազդել ընտանիքի ու ժողովի անդամների վրա։

9 Պատասխանատվություն ունեցող անձինք դրական արդյունքների կարող են հասնել, եթե ընդունեն, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են և որ իրենք ուրիշների աջակցության կարիքն ունեն (Յակոբոս 3։2)։ Նման մոտեցումը ամրացնում է կապը իշխանություն ունեցողների և իշխանության տակ գտնվողների միջև ու նպաստում է ջերմ ու ազատ հաղորդակցությանը։ Այդ մարդկանց խոնարհությունը, որոնք պատրաստ են օգնություն ընդունելու, ծառայում է որպես ակնառու օրինակ նման իրավիճակում գտնվողների համար։ Դա վկայում է, որ նրանք սովորական ու մատչելի անձնավորություններ են (Ժողովող 7։20)։

10 Օրինակ՝ երեխաները գուցե տեսնեն, որ ավելի հեշտ է ընդունել ծնողների օգնությունը՝ լուծելու ինչ–​ինչ խնդիրներ, երբ գիտեն, որ իրենց ծնողները երեխա ժամանակ նույնպես նման դժվարություններ են կրել (Կողոսացիս 3։21)։ Դա կարող է ազատ հաղորդակցության ճանապարհ բացել ծնողի ու երեխայի միջև։ Ծնողը կկարողանա ավելի արդյունավետ կերպով սուրբգրային կրթություն տալ իր երեխային, իսկ երեխան ավելի պատրաստակամորեն կընդունի օգնությունը (Եփեսացիս 6։4)։ Նման ձևով, ժողովի անդամները ավելի հակված կլինեն ընդունելու երեցների կողմից տրված օգնությունը, երբ տեսնում են, որ նրանք նույնպես ունեն խնդիրներ, վախեր, շփոթություններ (Հռովմայեցիս 12։3; Ա Պետրոս 5։3)։ Այս դեպքում նույնպես լավ հաղորդակցություն կլինի, երեցները կկարողանան արդյունավետ ձևով սուրբգրային խորհուրդ տալ անհատին, և արդյունքում նրա հավատն ավելի կամրանա։ Միշտ հիշենք, որ մեր եղբայրներն ու քույրերը այժմ ավելի մեծ կարիք ունեն զորանալու, քան երբևէ (Բ Տիմոթէոս 3։1)։

11. Ինչո՞ւ այսօր զորացման կարիք ունեն շատ մարդիկ։

11 Անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում, ով ենք, ինչ տարիքի ենք՝ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ լարված օրեր կունենանք կյանքում։ Այսօրվա աշխարհում դա կարելի է սպասել (Յայտնութիւն 12։12)։ Ֆիզիկական կամ էմոցիոնալ ծանր իրավիճակները փորձում են մեր հավատի որակը։ Հավատը կարող է փորձվել աշխատավայրում, դպրոցում, ընտանիքում, ժողովում։ Ծանր հիվանդությունը կամ անցյալում ստացած էմոցիոնալ հարվածը կարող են սթրեսի պատճառ լինել։ Որքա՜ն է հանգստանում մարդու սիրտը, երբ կողակիցը, երեցը կամ ընկերը քաջալերում է՝ իմաստալից մտքեր արտահայտելով ու օգտակար գործեր անելով։ Դրանք կարծես թե բալասան լինեն։ Ուրեմն երբ տեսնում ես, որ եղբայրներիցդ մեկը նման վիճակում է, զորավիգ եղիր նրան։ Իսկ եթե մի առանձնահատուկ խնդիր ճնշում է քեզ, դիմիր հոգևորապես հասուն եղբայրներին (Յակոբոս 5։14, 15)։

Ինչպես ժողովը կարող է օգնել

12. Ի՞նչ կարող է ժողովում անել յուրաքանչյուր ոք՝ զորավիգ լինելու համար իր եղբայրներին։

12 Ժողովի բոլոր անդամները, ներառյալ պատանիները, կարող են ինչ–​որ ձևով զորավիգ լինել մյուսներին։ Օրինակ՝ կանոնավորաբար մասնակցելով հանդիպումներին ու քարոզչական ծառայությանը՝ դու շատ բան կանես, որ մյուսների հավատն ամրանա (Եբրայեցիս 10։24, 25)։ Սուրբ ծառայության մեջ քո հետևողականությունը վկայում է Եհովայի հանդեպ քո նվիրվածության մասին և ցույց է տալիս, որ դու հոգևորապես արթուն ես մնում՝ չնայած դժվարություններին (Եփեսացիս 6։18)։ Այդ հետևողականությունը կարող է զորացնել մյուսներին (Յակոբոս 2։18)։

13. Ինչո՞ւ են ոմանք ոչ ակտիվ դառնում, և ի՞նչ կարելի է անել նրանց օգնելու նպատակով։

13 Ժամանակ առ ժամանակ կյանքի ճնշումները կամ այլ դժվարություններ կարող են ինչ–​որ մեկին ստիպել դանդաղեցնել ընթացքը քարոզչական ծառայության մեջ կամ ընդհանրապես ոչ ակտիվ դառնալ (Մարկոս 4։18, 19)։ Մենք գուցե չենք տեսնում ոչ ակտիվ քարոզիչներին ժողովի հանդիպումներին։ Սակայն նրանք հավանաբար շարունակում են իրենց սրտում սիրել Աստծուն։ Ի՞նչ կարելի է անել նրանց հավատն ամրացնելու համար։ Երեցները կարող են սիրալիր աջակցություն տալ՝ այցելելով նրանց (Գործք 20։35)։ Հնարավոր է, պատասխանատու եղբայրները դիմեն ժողովի մյուս անդամներին, որ նույնպես օգնեն նրանց։ Նման սիրառատ այցերը կարող են լինել ինչպես սպեղանի, որը կսթափեցնի հավատի մեջ թույլերին։

14, 15. Ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոսը ուրիշներին զորացնելու վերաբերյալ։ Օրինակով ցույց տվեք, թե ինչպես մի ժողով կիրառեց նրա խորհուրդը։

14 Աստվածաշունչը մեզ հորդորում է «մխիթարե[լ] փոքրասիրտներին [«վհատվածներին», ԱՆԹ], օգնական [լինել] տկարներին» (Ա Թեսաղոնիկեցիս 5։14)։ Հնարավոր է, այդ ‘վհատվածները’ զգում են, որ իրենց քաջությունը գնալով պակասում է, ու իրենք չեն կարող առանց օգնության հաղթահարել խոչընդոտները։ Կարո՞ղ ես օգնության ձեռք մեկնել։ «Օգնական եղէք տկարներին» արտահայտությունը կարելի է թարգմանել նաև՝ «պինդ բռնել» կամ «կպչել» տկարներին։ Եհովան փայփայում և սիրում է իր բոլոր ծառաներին։ Նա նրանց փոքրարժեք չի համարում ու չի ցանկանում, որ որևէ մեկը ‘տարվի’՝ հեռանա իրենից։ Կարո՞ղ ես ժողովին օգնել «պինդ բռնելու» հոգևորապես թույլերին, մինչև որ նրանք ուժեղանան (Եբրայեցիս 2։1, ԷԹ)։

15 Մի երեց այցելեց ամուսինների, որոնք արդեն վեց տարի էր, ինչ ոչ ակտիվ են դարձել։ Երեցը գրում է. «Ամբողջ ժողովի կողմից նրանց հանդեպ ցուցաբերված հոգատարությունն այնպես էր տպավորել նրանց, որ այդ ամուսինները ցանկացան վերադառնալ ժողով»։ Ի՞նչ կարծիքի էր մի ժամանակ ոչ ակտիվ եղած այդ քույրը ժողովի անդամների՝ իրենց կատարած այցերի վերաբերյալ։ Նա ասում է. «Մեզ օգնեց կրկին ակտիվ դառնալ այն հանգամանքը, որ ո՛չ մեզ այցելած եղբայրները, ո՛չ նրանց ուղեկցող քույրերը երբեք մեղադրական կամ քննադատական վերաբերմունք չդրսևորեցին մեր հանդեպ։ Նրանք կարեկցություն էին դրսևորում ու քաջալերում էին մեզ Աստվածաշնչի միջոցով»։

16. Ո՞վ է միշտ պատրաստ օգնելու զորության կարիք ունեցողներին։

16 Այո՛, ճշմարիտ քրիստոնյաները ուրախ են զորավիգ լինել մյուսներին, և երբ մեր կյանքում ինչ–​որ փոփոխություն է տեղի ունենում, մեր եղբայրների օգնության կարիքն ենք զգում։ Բայց փաստը մնում է փաստ, որ կլինեն ժամանակներ, երբ ոչ մի մարդ ի վիճակի չի լինի օգնություն առաջարկելու։ Սակայն գոյություն ունի զորության մի Աղբյուր, որը միշտ կարող է ու ցանկանում է օգնել մեզ։ Դա Եհովա Աստվածն է (Սաղմոս 27։10)։

Եհովան զորության գլխավոր Աղբյուրն է

17, 18. Ինչպե՞ս Եհովան զորացրեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։

17 Ցցի վրա գամված՝ Հիսուսը բացականչեց. «Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում» (Ղուկաս 23։46)։ Հետո նա մահացավ։ Ժամեր առաջ նա ձերբակալվել էր, իսկ նրա ամենամտերիմ ընկերները թողել էին նրան ու վախեցած փախել (Մատթէոս 26։56)։ Հիսուսը մնացել էր միայնակ զորության միակ Աղբյուրի՝ իր երկնային Հոր հետ։ Բայց նրա ապավինությունը Եհովային զուր չէր։ Հիսուսի նվիրվածությունն իր Հորը վարձատրվեց. Աստված ինքը, նվիրվածություն ցուցաբերելով, զորացրեց Հիսուսին (Սաղմոս 18։25, ՆԱ; Եբրայեցիս 7։26, ՆԱ)։

18 Իր երկրային ծառայության ամբողջ ընթացքում Հիսուսը Եհովայից ստացավ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր իրեն մինչև իր վերջին շունչը անարատ մնալու համար։ Օրինակ՝ Հիսուսը անմիջապես իր մկրտությունից հետո, որը նշանավորեց նրա ծառայության սկիզբը, լսեց իր Հոր ձայնը, որն արտահայտում էր հավանություն ու հաստատում էր Աստծո սերը իր հանդեպ։ Երբ Հիսուսը զորանալու կարիք ուներ, Եհովան նրա մոտ հրեշտակներ ուղարկեց։ Իսկ երբ Հիսուսը կյանքի վերջում դիմագրավում էր իր ամենածանր փորձությունը, Եհովան մեծ պատրաստակամությամբ լսեց նրա խնդրանքներն ու աղաչանքները։ Անտարակույս, այս ամենը զորացրեց Հիսուսին (Մարկոս 1։11, 13; Ղուկաս 22։43)։

19, 20. Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Եհովան կզորացնի մեզ նեղության պահին։

19 Եհովան ցանկանում է մեզ համար ևս լինել զորության գլխավոր Աղբյուր (Բ Մնացորդաց 16։9)։ ‘Մեծ իշխանության’ ու ‘սաստիկ զորության’ իսկական Աղբյուրը կարող է զորավիգ դառնալ մեզ նեղության ժամին (Եսայիա 40։26)։ Պատերազմները, աղքատությունը, հիվանդությունները, մահը կամ մեր իսկ անկատարությունը կարող են խիստ վհատեցնել մեզ։ Երբ կյանքի դժվարությունները ‘զորավոր թշնամու’ պես ճնշեն, Եհովան կարող է լինել մեր զորությունը (Սաղմոս 18։17; Ելից 15։2)։ Նա զորավոր միջոց ունի, որով կարող է մեզ օգնել. դա իր սուրբ ոգին է։ Իր ոգու միջոցով Եհովան կարող է «յոգնածին ոյժ» տալ, որպեսզի նա կարողանա «թեւերով վեր [սլանալ] արծիւների պէս» (Եսայիա 40։29, 31)։

20 Աստծո ոգին տիեզերքի հզորագույն ուժն է։ Պողոսն ասաց. «Ամէն բանի կարող եմ անով՝ որ զիս զօրացուց»։ Այո՛, մեր սիրառատ երկնային Հայրը կարող է մեր մեջ դնել «զօրութեան գերազանցութիւնը», որպեսզի մենք ի վիճակի լինենք տոկալու բոլոր դժվարություններին, մինչև որ նա «ամեն բան նոր» անի իր խոստացած Դրախտում, որն այնքա՜ն մոտ է (Փիլիպպեցիս 4։13, ԱԱ; Բ Կորնթացիս 4։7; Յայտնութիւն 21։4, 5)։

[ծանոթագրություններ]

a Վայնի «Հին և Նոր Կտակարանների բառերի լիակատար բացատրական բառարանում» ասվում է. «[Պարեգորիա] բառից կազմված բայը նշանակում է դեղորայք, որը թեթևացնում է բորբոքվածության պատճառած ցավը»։

Հիշո՞ւմ եք

• Ինչպե՞ս եղբայրները Հռոմում զորավիգ եղան Պողոսին։

• Ի՞նչ ձևերով կարող ենք զորավիգ լինել ժողովում։

• Ինչպե՞ս է Եհովան մեր զորության գլխավոր Աղբյուրը։

[նկար 18–րդ էջի վրա]

Եղբայրները զորավիգ եղան Պողոսին՝ նվիրվածորեն նրան նեցուկ կանգնելով, քաջալերելով ու նրա համար ծառայություններ անելով

[նկար 21–րդ էջի վրա]

Երեցները առաջնորդություն են վերցնում ժողովի անդամներին զորացնելու մեջ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը