Երիտասա՛րդ եղբայրներ, ձգտո՞ւմ եք առանձնաշնորհման
1. Ե՞րբ պետք է երիտասարդ եղբայրը սկսի կիրառել 1 Տիմոթեոս 3։1-ը։
1 «Եթե որևէ մեկը ձգտում է վերակացուի պարտականության, լավ գործի է ձգտում» (1 Տիմոթ. 3։1)։ Այս ներշնչյալ խոսքերը եղբայրներին հորդորում են ձգտել համապատասխանելու ժողովում առանձնաշնորհում ստանալու չափանիշներին։ Իսկ պե՞տք է արդյոք չափահաս լինես առանձնաշնորհում ստանալու համար։ Լավ կլինի, որ պատանեկան հասակից ձգտես առանձնաշնորհման։ Այդպես վարվելով՝ դու շատ բան կսովորես և ցույց կտաս, որ պատրաստ ես ծառայող օգնականի նշանակում ստանալու չափահաս տարիքում (1 Տիմոթ. 3։10)։ Եթե դու մկրտված երիտասարդ եղբայր ես, ինչպե՞ս կարող ես ձգտել առանձնաշնորհման։
2. Ինչպե՞ս կարող ես զարգացնել ու ցուցաբերել անձնազոհության ոգի։
2 Անձնազոհություն։ Հիշիր, որ դու ձգտում ես լավ գործի և ոչ թե տիտղոսի։ Հետևաբար քո եղբայրներին ու քույրերին օգնելու ցանկություն զարգացրու։ Այդպես վարվելու կերպերից մեկը Հիսուսի հիանալի օրինակի շուրջ խորհրդածելն է (Մատթ. 20։28; Հովհ. 4։6, 7; 13։4, 5)։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հետաքրքրվելու ուրիշներով (1 Կորնթ. 10։24)։ Կարո՞ղ ես գործնական օգնություն ցույց տալ ժողովի տարեց կամ տկար անդամներին, պատրաստակամություն հայտնել Թագավորության սրահի հետ կապված աշխատանքներ անելու՝ տարածքի խոտը կտրել, ձյունը մաքրել և այլն։ Պատրա՞ստ ես անհրաժեշտության դեպքում որևէ մեկի փոխարեն ուսումնական ելույթ ներկայացնելու Աստվածապետական ծառայության դպրոցում։ Դու կտեսնես, որ երբ քո անձը տալիս ես ուրիշներին, ուրախություն ես ստանում (Գործ. 20։35)։
3. Որքա՞ն կարևոր է լավ հոգևոր առողջությունը, և ինչպե՞ս կարող ենք այն ունենալ։
3 Հոգևոր առողջություն։ Աստծու ծառայի համար շատ ավելի կարևոր է ունենալ լավ հոգևոր առողջություն, քան ինչ-որ հմտություն կամ շնորհք։ Հոգևոր մարդը իրերին ջանում է նայել Եհովայի ու Հիսուսի աչքերով (1 Կորնթ. 2։15, 16)։ Նա դրսևորում է «ոգու պտուղը» (Գաղ. 5։22, 23)։ Նա եռանդուն քարոզիչ է և Թագավորության շահերն առաջին տեղում է դնում (Մատթ. 6։33)։ Դու կարող ես հոգևոր հատկություններ զարգացնել՝ ներկա լինելով ժողովի հանդիպումներին և կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն անելով։ Անձնական ուսումնասիրության մեջ մտնում են Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը, «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի յուրաքանչյուր համարի ընթերցանությունը, ժողովի հանդիպումներին պատրաստվելը (Սաղ. 1։1, 2; Եբր. 10։24, 25)։ Երիտասարդ Տիմոթեոսին հորդորելով հոգևորապես առաջադիմել՝ Պողոսը գրեց. «Շարունակ ուշադրություն դարձրու.... քո ուսուցանելուն» (1 Տիմոթ. 4։15, 16)։ Լավ պատրաստիր Աստվածապետական ծառայության դպրոցի ուսումնական ելույթներդ։ Նախապատրաստվիր ծառայությանը ու կանոնավորաբար մասնակցիր։ Դիր հոգևոր նպատակներ ու ձգտիր հասնելու դրանց, օրինակ՝ ռահվիրայություն, Բեթելի ծառայություն, Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար։ Լավ հոգևոր առողջությունը կօգնի քեզ «փախչելու երիտասարդական ցանկություններից» (2 Տիմոթ. 2։22)։
4. Որքանո՞վ է կարևոր լինել հուսալի և հավատարիմ։
4 Հուսալիություն և հավատարմություն։ Առաջին դարում այն եղբայրները, որոնք նշանակվեցին կարիքավոր քրիստոնյաներին մթերք բաժանելու գործի վրա, «բարի համբավ» ունեին, այսինքն՝ կարող ենք ասել, որ նրանք հուսալի և հավատարիմ մարդիկ էին։ Ուստի առաքյալները այդ գործի կատարման հետ կապված անհանգստանալու ոչ մի պատճառ չունեին։ Այդպես հնարավորություն ստեղծվեց, որ նրանք կենտրոնանան մյուս կարևոր գործերի վրա (Գործ. 6։1–4)։ Ուստի, երբ ժողովում հանձնարարություն ես ստանում, քո կարողության սահմանում այն կատարիր լավագույն ձևով։ Ընդօրինակիր Նոյին, որը ամենայն մանրամասնությամբ հետևեց տապանը կառուցելու համար իրեն տրված հրահանգներին (Ծննդ. 6։22)։ Եհովան բարձր է գնահատում հավատարմությունը։ Այդ հատկությունը հոգևոր հասունության նշան է (1 Կորնթ. 4։2) (տե՛ս «Ուսուցանվելու արդյունքը» շրջանակը)։
5. Ինչո՞ւ պետք է երիտասարդ եղբայրները ձգտեն առանձնաշնորհման։
5 Ինչպես կանխագուշակված էր, Եհովան արագացնում է հավաքման գործը (Ես. 60։22)։ Ամեն տարի միջին հաշվով մկրտվում է 250000 մարդ։ Քանի որ այսքան շատ մարդ է բռնում ճշմարտության ճանապարհը, ժողովում հոգևորապես հասուն տղամարդկանց կարիք կա։ Հիմա առավել քան երբևէ շատ բան ունենք անելու Եհովայի ծառայության մեջ (1 Կորնթ. 15։58)։ Երիտասա՛րդ եղբայրներ, ձգտո՞ւմ եք առանձնաշնորհման։ Եթե այո, ապա, անկասկած, լավ գործի եք ձգտում։
[մեջբերում 2-րդ էջի վրա]
Ամեն տարի հազարավոր մարդիկ են բռնում ճշմարտության ճանապարհը, ուստի ժողովում հոգևորապես հասուն տղամարդկանց կարիք կա
[շրջանակ 3-րդ էջի վրա]
Ուսուցանվելու արդյունքը
Օրինակելի երիտասարդ եղբայրները շատ օգուտներ են ստանում, երբ երեցները նրանց հանձնարարություններ են տալիս և ուսուցանում են։ Ժողովի հանդիպումից հետո շրջանային վերակացուն բեմում քաջալերում էր քարոզիչներից մեկին։ Նա նկատեց մի տղայի, որը կանգնած էր բեմի մոտ, ուստի նրան հարցրեց, թե արդյոք ցանկանում է խոսել իր հետ։ Փոքրիկ եղբայրը պատասխանեց, որ իր հանձնարարությունն է յուրաքանչյուր հանդիպումից հետո փոշեկուլով մաքրել բեմը։ Նրա ծնողներն արդեն պատրաստ էին, որ միասին տուն գնան, բայց նա չէր ցանկանում գնալ՝ առանց իր հանձնարարությունը կատարելու։ Շրջանային վերակացուն իջավ բեմից, որ եղբայրը կատարի իր հանձնարարությունը։ Նա ասում է. «Այդ ժողովի երեցները կանոնավորաբար ուսուցանում էին օրինակելի երիտասարդ եղբայրներին՝ տալով նրանց հանձնարարություններ։ Ուստի զարմանալի չէր, որ նրանք պարբերաբար երիտասարդ եղբոր թեկնածություն էին առաջադրում որպես ծառայող օգնականի»։