«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՄԱՅԻՍԻ 2–8
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 27–29
«Դավթի ռազմավարությունը պատերազմի դաշտում»
it-1, էջ 41
Անքուս
Երկու անգամ, երբ Դավիթը փախավ Սավուղից, ապաստան գտավ Անքուս թագավորի մոտ։ Առաջին անգամ փղշտացիները կասկածեցին, թե նա թշնամի է, իսկ Դավիթը ձևացրեց, թե խելագար է, ուստի Անքուսը, անվնաս համարելով նրան, բաց թողեց (1Սմ 21։10–15; Սղ 34։ ենթախորագիր; 56։ ենթախորագիր)։ Երկրորդ անգամ Դավիթը իր 600 ռազմիկների ու նրանց ընտանիքների հետ եկավ, և այդ ժամանակ Անքուսը նրանց տվեց Սիկելակը՝ բնակվելու համար։ Նրանք այնտեղ մնացին մեկ տարի ու չորս ամիս։ Այդ ամբողջ ընթացքում Անքուսը մտածում էր, թե Դավիթն ու իր ռազմիկները թալանում էին Հուդայի քաղաքները, այնինչ նրանք արշավում էին գեսուրացիների, գազերացիների և ամաղեկացիների վրա (1Սմ 27։1–12)։ Անքուսը հավատաց Դավթին, և երբ փղշտացիները հարձակում էին կազմակերպում Սավուղ թագավորի դեմ, նրան իր թիկնապահը դարձրեց։ Միայն վերջին պահին «դաշնակից կառավարիչների» պահանջով Անքուսը Դավթին ու իր մարդկանց հետ ուղարկեց Սիկելակ (1Սմ 28։2; 29։1–11)։ Երբ Դավիթը թագավոր դարձավ ու պատերազմեց Գեթի դեմ, Անքուսին հավանաբար չսպանեցին։ Սողոմոնի օրոք նա դեռ կենդանի էր (1Թգ 2։39–41)։
Երիտասա՛րդ եղբայրներ, վաստակեք հավատակիցների հարգանքը
8 Քննենք մեկ այլ դժվարություն, որին բախվեց Դավիթը։ Թագավոր օծվելուց հետո նա պետք է երկար տարիներ սպասեր մինչև պաշտոնապես կդառնար Հուդայի թագավոր (1 Սամ. 16։13; 2 Սամ. 2։3, 4)։ Ի՞նչն օգնեց Դավթին համբերություն դրսևորել այդ ընթացքում։ Վհատության գիրկն ընկնելու փոխարեն՝ նա կենտրոնացավ այն բաների վրա, ինչ կարող էր անել։ Օրինակ՝ փղշտացիների երկրում որպես փախստական ապրելով՝ Դավիթն առիթը օգտագործեց, որ կռվի Իսրայելի թշնամիների դեմ։ Այդպես նա պաշտպանում էր Հուդայի սահմանները (1 Սամ. 27։1–12)։
it-2, էջ 245, պրբ. 6
Սուտ
Աստվածաշունչն, ինչ խոսք, դատապարտում է չարամիտ սուտը, բայց դա չի նշանակում, որ մարդը պարտավոր է հավաստի տեղեկություն հայտնել նրանց, ովքեր դա իմանալու իրավասություն չունեն։ Հիսուս Քրիստոսը այսպիսի խորհուրդ է տվել. «Սուրբ բաները շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որ չլինի թե դրանք տրորեն ոտքերի տակ և ապա հետ դառնան ու ձեզ պատառոտեն» (Մթ 7։6)։ Ահա թե ինչու Հիսուսն ինքն էլ երբեմն ամբողջական տեղեկություն չէր հայտնում կամ ուղիղ պատասխան չէր տալիս այն դեպքերում, երբ դա կարող էր իզուր վնաս պատճառել (Մթ 15։1–6; 21։23–27; Հվ 7։3–10)։ Անկասկած, այս նույն լույսի ներքո պետք է դիտել Աբրահամի, Իսահակի, Ռախաբի և Եղիսեի վարմունքը, երբ նրանք մոլորության մեջ գցեցին կամ բոլոր փաստերը չհայտնեցին Եհովային չերկրպագող մարդկանց (Ծն 12։10–19; գլ. 20; 26։1–10; Հս 2։1–6; Հկ 2։25; 2Թգ 6։11–23)։
Հոգևոր գանձեր
Կարո՞ղ են մահացածները օգնել մարդկանց
Մի պահ մտածիր. Աստվածաշունչն ասում է, որ մահից հետո մարդը «դէպի իր հողը կդառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները» (Սաղմոս 146։4)։ Ե՛վ Սավուղը, և՛ Սամուելը գիտեին, որ Աստված դատապարտում է ոգեհարցներին և պատվիրում է հեռու մնալ նրանցից։ Սավուղն ինքն էր որոշ ժամանակ առաջ Իսրայելից բնաջինջ արել ոգեհարցներին (Ղեւտացոց 19։31)։
Եկեք տրամաբանենք. եթե Աստծու հավատարիմ մարգարեն կենդանի լիներ որպես հոգի, մի՞թե նա կխախտեր Աստծու պատվերը և կարձագանքեր ոգեհարցի կանչին, որպեսզի հանդիպեր Սավուղին։ Եհովան մերժել էլ Սավուղին և չէր պատասխանում նրան։ Մի՞թե ոգեհարցը կարող էր Ամենակարող Աստծուն ստիպել, որ Սավուղին պատասխանի մահացած Սամուելի միջոցով։ Իհարկե ոչ։ Պարզ էր ուրեմն, որ այս «Սամուելը» Աստծու հավատարիմ մարգարեն չէր։ Նա չար ոգի էր, դև, որը ձևացնում էր, թե մահացած Սամուելն է։
ՄԱՅԻՍԻ 9–15
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ՍԱՄՈՒԵԼ 30–31
«Զորացիր քո Աստված Եհովայով»
Վախեցի՛ր Եհովայից և երջանիկ կլինես
12 Աստվածավախությունն օգնեց Դավթին ոչ միայն հեռու մնալ սխալ բաներ անելուց, այլ նաև նրան զորացրեց, որ դժվար հանգամանքներում գործի վճռականորեն և իմաստնորեն։ Փախչելով Սավուղից՝ Դավիթը իր մարդկանց հետ մեկ տարի և չորս ամիս ապաստան գտավ փղշտացիների Սիկելակ քաղաքում (Ա Թագաւորաց 27։5–7)։ Մի անգամ, երբ տղամարդիկ քաղաքում չէին, ամաղեկացի ասպատակիչներն այրեցին քաղաքը և իրենց հետ տարան կանանց, երեխաներին և անասունները։ Երբ Դավիթն ու իր մարդիկ վերադարձան և տեսան, թե ինչ է պատահել, սկսեցին լաց լինել։ Վիշտն արագորեն փոխվեց բարկության, և Դավթի մարդիկ ցանկացան նրան քարկոծել։ Բայց Դավիթն այդ ծանր իրավիճակում չհուսահատվեց (Առակաց 24։10)։ Աստծու հանդեպ վախը մղեց նրան դառնալ դեպի Եհովան, և նա «զօրացաւ իր Տէր Աստուծովը»։ Եհովայի օգնությամբ Դավիթն ու իր մարդիկ հասան ամաղեկացիներին և ամեն ինչ ետ բերեցին (Ա Թագաւորաց 30։1–20)։
Եհովան պահում է մեզ փրկության համար
14 Դավիթն իր կյանքում բազում դժվարին իրավիճակներում հայտնվեց (1 Սամ. 30։3–6)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան գիտեր նրա զգացմունքները (կարդա՛ Սաղմոս 34։18; 56։8)։ Աստված գիտի նաև մեր զգացմունքները։ Երբ «սրտով կոտրված» ենք և «ոգով փշրված», նա մոտ է մեզ։ Դա իմանալով՝ Դավթի պես մխիթարվում ենք։ Նա երգեց. «Քո սիրառատ բարությամբ եմ ուրախանալու ու ցնծալու, որովհետև դու տեսար իմ տառապանքը, իմացար հոգուս վիշտը» (Սաղ. 31։7)։ Եհովան ավելին է անում, քան պարզապես մեր դժվարությունը նկատելը։ Նա զորացնում է մեզ՝ տալով մխիթարություն ու քաջալերանք։ Եվ քրիստոնեական հանդիպումները դա անելու միջոցներից են։
Հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Ա Թագաւորաց» գրքից
30։23, 24. Այդ որոշումը՝ հիմնված Թուոց 31։27–ի վրա, ցույց է տալիս, որ Եհովան գնահատում է այն անձանց ծառայությունը, ովքեր ժողովում կատարում են օգնող դեր։ Եկեք ինչ էլ որ անենք, «սրտանց ա[նենք], ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց» (Կողոսացիս 3։23)։
ՄԱՅԻՍԻ 16–22
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 1–3
«Ի՞նչ ենք սովորում «Աղեղից»»
Հարգեք նրանց, ում իշխանություն է տրված ձեզ վրա
9 Իհա՛րկե, Դավիթին ընկճում էր իր հանդեպ դրսևորած այդ վատ վերաբերմունքը։ «Զօրաւորները խնդրում են իմ անձը»,— իր ձայնը դեպի Եհովան էր բարձրացրել Դավիթը (Սաղմոս 54։3)։ Նա իր սիրտը բացել էր Եհովայի առաջ. «Փրկիր ինձ իմ թշնամիներիցը, իմ Աստուած.... զօրեղները ժողովվում են ինձ վերայ առանց իմ անօրէնութեան եւ առանց իմ մեղքի, ով Տէր։ Առանց իմ անօրէնութեան վազում են եւ պատրաստվում. զարթնիր՝ որ առաջս գաս, եւ տես» (Սաղմոս 59։1–4)։ Երբևէ եղե՞լ է, որ դուք էլ ոչ մի սխալ բան արած չլինեք, բայց իշխանություն ունեցող մեկը թույլ չտա, որ շունչ քաշեք։ Դավիթը երբեք չէր թերացել Սավուղի հանդեպ հարգանք ցուցաբերելու հարցում։ Իսկ նրա մահվան լուրը ոչ մի դեպքում ուրախանալու առիթ չդարձավ իր համար։ Ընդհակառակը՝ նա վշտացավ ու սգո երգ գրեց. «Սաւուղն ու Յովնաթանը, շատ սիրելի եւ հաճելի իրանց կենդանութեան ժամանակին.... արծիւներից աւելի թեթեւաշարժ՝ եւ առիւծներից աւելի զօրաւոր։ Իսրայէլի աղջկերք, լացէք Սաւուղի համար» (Բ Թագաւորաց 1։23, 24)։ Ի՜նչ օրինակելի ու անկեղծ հարգանք Եհովայի օծյալի հանդեպ, չնայած նրա անարդարացի վերաբերմունքին։
Դավաճանություն. նշան, որ ապրում ենք վերջին օրերում
8 Աստվածաշունչը խոսում է նաև բազում հավատարիմ անձանց մասին։ Քննենք նրանցից երկուսի օրինակը ու տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։ Սկսենք մի մարդուց, որը փաստեց իր նվիրվածությունը Դավթի հանդեպ։ Հովնաթանը՝ Սավուղ թագավորի ավագ որդին, հավանաբար կլիներ Իսրայելի թագավորական գահի ժառանգը, եթե չլիներ մեկ հանգամանք. Եհովան Դավթին էր ընտրել որպես հաջորդ թագավոր։ Հովնաթանը հարգեց Աստծու որոշումը, նա չնախանձեց Դավթին ու նրան իր մրցակիցը չհամարեց։ Ընդհակառակը՝ «Հովնաթանի հոգին կապվեց Դավթի հոգու հետ», և նա երդվեց, որ նվիրված կլինի նրան։ Հովնաթանը նույնիսկ Դավթին տվեց իր հանդերձները, սուրը, աղեղն ու գոտին՝ այդպիսով արքայական պատվի արժանացնելով նրան (1 Սամ. 18։1–4)։ Հովնաթանն իր ձեռքից եկածն արեց, որ Դավթին «զորացնի», և նույնիսկ իր կյանքը վտանգի ենթարկեց, որ Սավուղի առաջ պաշտպանի նրան։ Հովնաթանը հավատարմորեն ասաց Դավթին. «Դու թագավոր կդառնաս Իսրայելի վրա, և ես քեզանից հետո երկրորդը կլինեմ» (1 Սամ. 20։30–34; 23։16, 17)։ Զարմանալի չէ, որ Հովնաթանի մահից հետո Դավիթը իր վիշտն ու սերը նրա հանդեպ արտահայտեց մի ողբերգում (2 Սամ. 1։17, 26)։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 369, պրբ. 2
Եղբայր
Եղբայրներ էին անվանվում նաև այն մարդիկ, որոնց միավորում էր նույն գործը, և որոնք միևնույն նպատակներն ունեին։ Օրինակ՝ Տյուրոսի Քիրամ թագավորը Սողոմոնին իր եղբայրն անվանեց ոչ միայն այն պատճառով, որ իրենք նույն դիրքն ունեին, այլև քանի որ համագործակցում էին. Քիրամը գերաններ և այլ նյութեր էր մատակարարում տաճարի շինարարության համար (1Թգ 9։13; 5։1–12)։ Դավիթը գրեց. «Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (Սղ 133։1)։ Ինչ խոսք, անգամ հարազատ եղբայրների միջև միասնությունը և խաղաղ փոխհարաբերությունները պայմանավորված չեն զուտ արյունակցական կապով։ Թեև արյունակցական կապ չկար Հովնաթանի ու Դավթի միջև, վերջինս նրան իր եղբայրը կոչեց, քանի որ նրանց միջև ջերմ կապվածություն կար, և նույն նպատակն ունեին (2Սմ 1։26)։ Ընկերները, որոնք նման են բնավորությամբ և մտածելակերպով, անգամ իրենց վատ հատկանիշներով, իրավացիորեն եղբայրներ են կոչվում (Առ 18։9)։
ՄԱՅԻՍԻ 23–29
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 4–6
«Առողջ վախ ունեցիր Եհովայի հանդեպ»
Ուշագրավ մտքեր «Բ Թագաւորաց» գրքից
6։1–7. Թեպետ Դավիթը բարի մտադրություններ ուներ, այնուամենայնիվ տապանակը սայլով տեղափոխելու նրա փորձը Աստծու օրենքի խախտում էր, ուստիև ձախողվեց (Ելից 25։13, 14; Թուոց 4։15, 19; 7։7–9)։ Այն, որ Ոզան ձեռքը մեկնեց Աստծու տապանակին, նույնպես ցույց է տալիս, որ բարի միտումները հիմք չեն Աստծու պահանջները խախտելու համար։
Եհովան միշտ արդար է վարվում
20 Հիշենք. Ոզան պետք է որ լավ իմանար Աստծու Օրենքը։ Տապանակը խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը, և Օրենքում նշվում էր, որ Աստծու կողմից չնշանակված ոչ մի մարդ չպետք է դիպչեր արկղին։ Այնտեղ նաև պարզ նախազգուշացվում էր, որ այդ օրենքը խախտող անհատը մահով կպատժվի (Թուոց 4։18–20; 7։89)։ Հետևաբար մարդիկ չպետք է թեթևամտորեն վերաբերվեին սուրբ արկղի տեղափոխությանը։ Ոզան, որ ամենայն հավանականությամբ ղևտացի էր (թեև քահանա չէր), գիտեր Օրենքը։ Բացի այդ, տարիներ շարունակ տապանակը պահվել էր նրա հոր տանը (Ա Թագաւորաց 6։20–7։1)։ Արկղը այնտեղ էր մնացել մոտ 70 տարի, մինչև որ Դավիթը որոշել էր տեղափոխել այն։ Ուստի մանուկ հասակից Ոզան հավանաբար գիտեր տապանակի հետ կապված օրենքները։
Եհովան միշտ արդար է վարվում
21 Ինչպես արդեն նշել ենք, Եհովան կարող է կարդալ սրտերը։ Քանի որ նրա խոսքում Ոզայի արարքը ‘հանցանք’ է անվանվում, ըստ երևույթին, Աստված տեսել էր, որ նրան այդ քայլին է մղել ինչ–որ եսասիրական դրդապատճառ։ Սակայն այդ մասին չի խոսվում արձանագրության մեջ։ Գուցե Ոզան հպարտ մարդ էր և հակված էր իր վրա դրված սահմաններն անցնելու (Առակաց 11։2)։ Գուցե իր ընտանիքի շրջանակներում պահված տապանակը հրապարակայնորեն տանելը ուռճացրել էր Ոզայի կարծիքը սեփական անձի մասին (Առակաց 8։13)։ Գուցե նա անհավատություն էր ցուցաբերել՝ չմտածելով, որ Եհովան ի զորու է պահպանել իր ներկայությունը խորհրդանշող սուրբ արկղը։ Բոլոր դեպքերում կարող ենք վստահ լինել, որ Աստված ճիշտ վարվեց։ Ամենայն հավանականությամբ, Եհովան այնպիսի բան տեսավ Ոզայի սրտում, որը մղեց նրան անհապաղ իրականացնելու իր դատավճիռը (Առակաց 21։2)։
Հոգևոր գանձեր
w96 4/1, էջ 29, պրբ. 1
Բեռդ միշտ Եհովայի վրա գցիր
Որպես թագավոր՝ Դավիթը պետք է որոշակի պատասխանատվություն կրեր դրա համար։ Նրա արձագանքից երևում է, որ նույնիսկ նրանք, ովքեր լավ փոխհարաբերություններ ունեն Եհովայի հետ, գուցե երբեմն սխալ արձագանքեն դժվար իրավիճակներում։ Սկզբում Դավիթը բարկացավ, հետո վախեցավ (2 Սամուել 6։8, 9)։ Նրա վստահությունը Եհովայի հանդեպ լուրջ փորձության ենթարկվեց։ Այս պարագայում նա թերևս իր բեռը Եհովայի վրա չգցեց և չհետևեց նրա պատվերներին։ Միգուցե մենք էլ ենք երբեմն այդպիսի իրավիճակներում հայտնվում։ Այդ ժամանակ Եհովայի՞ն ենք մեղադրում այն խնդիրների համար, որոնք առաջանում են նրա պատվերներին չհետևելու պատճառով (Առակներ 19։3)։
ՄԱՅԻՍԻ 30–ՀՈՒՆԻՍԻ 5
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 7–8
«Եհովան ուխտ է կապում Դավթի հետ»
«Քո աթոռը հաստատ պիտի մնա»
Ինչ խոսք, Եհովան շատ էր ուրախացել՝ իմանալով Դավթի ցանկության մասին։ Քանի որ Դավիթը նվիրված անձնավորություն էր, Աստված ուխտ կապեց նրա հետ, ըստ որի՝ նրա թագավորական շառավղից պիտի դուրս գար նա, ով իշխելու էր հավիտյան։ Այս խոստումը Նաթան մարգարեն փոխանցեց թագավորին՝ ասելով. «Քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան» (համար 16)։ Ո՞վ էր այս ուխտի Ժառանգը, որ պետք է իշխեր հավիտյան (Սաղմոս 89։20, 29, 34–36)։
«Քո աթոռը հաստատ պիտի մնա»
Նազովրեցի Հիսուսն էր Դավթի ժառանգը։ Հիսուսի ծնվելու մասին լուրը հայտնելիս հրեշտակն ասաց. «Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկաս 1։32, 33)։ Այո՛, Դավթին տրված խոստումը կատարվեց Հիսուս Քրիստոսի վրա։ Փաստորեն, նա իշխում է ոչ թե մարդ արարածի ընտրությամբ, այլ Աստծու որոշմամբ, հենց Նա էլ տալիս է Հիսուսին հավիտյան իշխելու իրավունքը։ Ուստի երբեք չմոռանանք, որ Աստծու խոստումները միշտ իրականանում են (Եսայիա 55։10, 11)։
Անսասան հավատ ունեցիր Թագավորության հանդեպ
14 Եհովան հին Իսրայելի Դավիթ թագավորին տվեց մի խոստում, որը կոչվում է Դավթի հետ կապած ուխտ (կարդա՛ 2 Սամուել 7։12, 16)։ Նա Դավթի հետ այս ուխտը կապեց, երբ վերջինս թագավոր էր Երուսաղեմում։ Աստված նրան խոստացավ, որ Մեսիան սերելու է նրանից (Ղուկ. 1։30–33)։ Այդպես Եհովան ավելի կոնկրետ տեղեկություն հայտնեց Մեսիայի շառավղի մասին։ Նա նաև ասաց, որ Դավթի այդ սերունդը «օրինական իրավունք» է ունենալու լինելու Մեսիական Թագավորության Թագավոր (Եզեկ. 21։25–27)։ Դավթի թագավորությունը «հավիտյան» է մնալու, որովհետև նրա «սերունդը հավիտյան պիտի լինի, և նրա գահը՝ ինչպես արեգակը» (Սաղ. 89։34–37)։ Մեսիայի իշխանությունը երբեք չի ապականվելու, և նրա իշխանության բերած օգուտները հավիտենական են լինելու։
Հոգևոր գանձեր
it-2, էջ 206, պրբ. 2
Վերջին օրեր
Բաղաամի մարգարեությունը։ Իսրայելացիների՝ Խոստացյալ երկիր մուտք գործելուց առաջ Բաղաամ մարգարեն հետևյալ խոսքերն ասաց Բաղակին. «Մո՛տ եկ, քեզ ասեմ, թե օրերի վերջում ինչ է այս ժողովուրդն [Իսրայելը] անելու քո ժողովրդին.... Հակոբից մի աստղ կհայտնվի, և Իսրայելից գավազան կբարձրանա։ Նա կկոտրի Մովաբի քունքերը և ռազմատենչ որդիների գանգերը» (Թվ 24։14–17)։ Այս մարգարեության առաջին կատարման ժամանակ պարզ եղավ, որ «աստղը» Դավիթ թագավորն է, ով հաղթանակ տարավ մովաբացիների դեմ (2Սմ 8։2)։ Ակներևաբար, ըստ այս մարգարեության, «օրերի վերջը» սկսվեց այն ժամանակ, երբ Դավիթը թագավոր դարձավ։ Քանի որ Դավիթը նախապատկերում է Հիսուսին՝ որպես Մեսիական թագավորի, այս մարգարեությունը կկատարվի նաև Հիսուսի առնչությամբ, երբ նա կհպատակեցնի իր թշնամիներին (Ես 9։7; Սղ 2։8, 9)։
ՀՈՒՆԻՍԻ 6–12
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 9–10
«Դավիթը նվիրված սեր դրսևորեց»
Այո՛, դու կարող ես գտնել երջանկություն
Դավիթը գրեց. «Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. նեղութեան օրումը Տէրը կ’փրկէ նորան։ Տէրը կ’փրկէ նորան եւ կ’ապրեցնէ նորան. նա երանելի կ’լինի» (Սաղմոս 41։1, 2)։ Այն սիրառատ հոգատարությունը, որ Դավիթը ցույց տվեց Մեմփիբոսթեի՝ իր սիրելի ընկեր Հովնաթանի կաղ որդու հանդեպ, օրինակ է այն բանի, թե ինչպես ճիշտ ձևով վարվել «աղքատի», կամ՝ խեղճի հետ (Բ Թագաւորաց 9։1–13)։
Ուշագրավ մտքեր «Բ Թագաւորաց» գրքից
9։1, 6, 7. Դավիթը պահեց իր խոստումը։ Մենք նույնպես պետք է ձգտենք պահել մեր տված խոստումը։
Նրանք պայքարեցին իրենց «մարմնի խայթի» դեմ
10 Տարիներ անց Դավիթ թագավորը, Հովնաթանի հանդեպ մեծ սիրուց մղված, բարերարություն արեց Մեմփիբոսթեին։ Դավիթը Սավուղի ողջ ունեցվածքը տվեց նրան, իսկ Սավուղի ծառա Սիբային վերակացու նշանակեց այդ ամենի վրա։ Նաև, Դավիթը Մեմփիբոսթեին ասաց. «Դու պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտես» (Բ Թագաւորաց 9։6–10)։ Անկասկած, Դավթի բարերարությունը մխիթարեց Մեմփիբոսթեին ու մեղմեց նրա հաշմանդամության պատճառած ցավերը։ Ինչպիսի՜ ակնառու դաս մեզ համար։ Մենք նույնպես պետք է բարություն ցուցաբերենք նրանց հանդեպ, ովքեր պայքարում են իրենց մարմնի խայթի դեմ։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 266
Մորուք
Արևելքի շատ հին ժողովուրդներ, այդ թվում՝ իսրայելացիները մորուքը համարում էին տղամարդկային արժանապատվության նշան։ Իսրայելին տրված Աստծու Օրենքը արգելում էր կտրել քունքերի՝ ականջի ու աչքի միջև եղած մազերը և մորուքի ծայրը (Ղև 19։27; 21։5)։ Դրա պատճառն անկասկած այն էր, որ որոշ հեթանոսների շրջանում դա կրոնական նշանակություն ուներ։
ՀՈՒՆԻՍԻ 13–19
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 11–12
«Թույլ մի՛ տուր՝ անպատշաճ ցանկություններդ իշխեն քեզ վրա»
Դու կարող ես ազատվել Սատանայի թակարդներից
10 Երախտագիտությամբ լցված՝ Դավիթն ասել էր, որ Աստծու տված պարգևները «այնքան շատ են, որ չի կարող հաշվել» (Սաղ. 40։5)։ Բայց այնպես եղավ, որ ագահության պատճառով նա մոռացավ այն ամենը, ինչ Եհովան տվել էր իրեն, այդ թվում՝ հարստություն, դիրք և բազում հաղթանակներ։ Դավիթն այլևս գոհ չէր իր ունեցածից. նա ցանկանում էր ավելին ունենալ։ Թեև նա մի քանի կին ուներ, բայց թույլ տվեց, որ իր սրտում անպատշաճ ցանկություններ զարգանան ուրիշի կնոջ հանդեպ։ Դավիթը եսասիրաբար վարվեց՝ սեռական հարաբերություն ունենալով քետացի Ուրիայի կնոջ՝ Բերսաբեի հետ։ Վերջինս հղիացավ։ Դավիթը ոչ միայն շնություն գործեց, այլ նաև կազմակերպեց Ուրիայի սպանությունը (2 Սամ. 11։2–15)։ Ի՞նչ էր նա մտածում։ Մի՞թե կարծում էր, թե Եհովան չի տեսնում։ Եհովայի այդ հավատարիմ ծառան եսասիրաբար տրվեց ագահությանը և շատ թանկ վճարեց դրա համար։ Սակայն ժամանակի ընթացքում ընդունեց իր սխալը և զղջաց։ Եհովան էլ ներեց նրան։ Դավիթն անչափ երախտապարտ էր դրա համար (2 Սամ. 12։7–13)։
Սրտանց հպատակվենք Եհովային
15 Դավիթը ոչ միայն իր ընտանիքի գլուխն էր, այլև Աստծու կողմից նշանակվել էր ողջ Իսրայելի ղեկավար։ Լինելով թագավոր՝ նա մեծ իշխանություն ուներ։ Եղան դեպքեր, երբ Դավիթը սխալ օգտագործեց իր իշխանությունը և լուրջ մեղքեր գործեց (2 Սամ. 11։14, 15)։ Բայց հետո, ընդունելով իրեն տրված խրատը, հպատակվեց Եհովային։ Նա թախանձագին աղոթեց Աստծուն և իր սիրտը դատարկեց նրա առաջ։ Նաև ամեն ջանք գործադրեց՝ վարվելու նրա տված խորհրդի համաձայն (Սաղ. 51։1–4)։ Դավիթը իսկապես խոնարհ էր. նա խորհուրդ էր ընդունում ոչ միայն տղամարդկանցից, այլև կանանցից (1 Սամ. 19։11, 12; 25։32, 33)։ Նա դասեր քաղեց իր սխալներից ու կենտրոնացավ Եհովային ծառայելու վրա։
Խիղճդ մարզիր Աստծու օրենքների և սկզբունքների համաձայն
7 Կարիք չկա սխալվելու, որ սովորենք, թե ինչ ցավալի հետևանքներ է բերում Աստծու օրենքները խախտելը։ Դրա փոխարեն՝ կարող ենք Աստվածաշնչում հիշատակված մարդկանց սխալներից սովորել։ Առակներ 1։5-ում ասվում է. «Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը»։ Այո՛, Աստված մեզ լավագույն ձևով է կրթում։ Երբ Սուրբ Գրքում իրական մարդկանց պատմություններ ենք կարդում ու մտածում դրանց շուրջ, արժեքավոր դասեր ենք քաղում։ Օրինակ՝ մտածիր, թե Դավիթ թագավորն ինչ մեծ ցավ բերեց իր գլխին, երբ խախտեց Եհովայի օրենքը և շնություն գործեց Բերսաբեի հետ (2 Սամ. 12։7–14)։ Երբ կարդում ես այս հատվածն ու խորհում դրա շուրջ, ինքդ քեզ հարցրու. «Դավիթն ինչպե՞ս կարող էր խուսափել այդ մեղքից ու դրա բերած ցավից։ Եթե այդպիսի գայթակղության առաջ կանգնեմ, դիմադրելու ուժ կգտնե՞մ իմ մեջ։ Հովսեփի պես կփախչե՞մ, թե՞ Դավթի պես կտրվեմ գայթակղությանը» (Ծննդ. 39։11–15)։ Մեղքի բերած վատ հետևանքների մասին մտածելով՝ ավելի մեծ վճռականությամբ կլցվենք «ատելու չարը»։
Հոգևոր գանձեր
it-1, էջ 590, պրբ. 1
Դավիթ
Եհովան տեսնում էր և բացահայտեց այդ դատապարտելի արարքը։ Եթե Եհովան թույլ տար, որ դատավորները քննեին Դավթի ու Բերսաբե գործը ըստ Մովսիսական օրենքի, երկուսն էլ մահվան կդատապարտվեին, և նրանց չծնված երեխան, որն անբարոյության պտուղ էր, մոր հետ կմահանար (2Օր 5։18; 22։22)։ Սակայն Եհովան որոշեց՝ ինքը քննի այդ գործը, և գթասրտություն դրսևորեց Դավթի հանդեպ՝ հաշվի առնելով նրա հետ կապած ուխտը (2Սմ 7։11–16)։ Անկասկած դրա պատճառը նաև այն էր, որ Դավիթն ինքն էլ գթասիրտ էր եղել ուրիշների հանդեպ (1Սմ 24։4–7; համեմատիր Հկ 2։13), ինչպես նաև Եհովան տեսել էր մեղավորների զղջումը (Սղ 51։1–4)։ Սակայն նրանք չմնացին անպատիժ։ Նաթան մարգարեի միջոցով Եհովան ասաց. «Ահա քո տնից չարիք պիտի հանեմ քո դեմ» (2Սմ 12։1–12)։
ՀՈՒՆԻՍԻ 20–26
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 13–14
«Ամնոնի եսասիրությունը ողբերգության հանգեցրեց»
it-1, էջ 32
Աբիսողոմ
Ամնոնի սպանությունը։ Աբիսողոմի քույրը՝ Թամարը, շատ գեղեցիկ էր, և Դավթի որդի Ամնոնը հրապուրվեց նրանով։ Հիվանդ ձևանալով՝ Ամնոնը խնդրեց, որ իր մոտ ուղարկեն Թամարին, որպեսզի իր համար կերակուր պատրաստի։ Այդ ժամանակ Ամնոնը ուժով տիրացավ նրան։ Սակայն Ամնոնի աչքում Թամարը նվաստացավ, և նրա կիրքը վերածվեց ատելության։ Ամնոնը պատվիրեց վռնդել Թամարին։ Վերջինս պատռեց իր հագի գծավոր պատմուճանը, որը թագավորի աղջիկների կուսության նշանն էր, և մոխիր լցրեց իր գլխին։ Դա տեսնելով՝ Աբիսողոմը միանգամից գլխի ընկավ, թե ինչ է տեղի ունեցել, և հայտնեց իր կասկածների մասին, ինչը մատնանշում է, որ նա մինչ այդ արդեն նկատել էր իր եղբոր զգացմունքները։ Այդուհանդերձ, Աբիսողոմը քրոջը պատվիրեց լուռ մնալ և նրան իր տուն տարավ (2Սմ 13։1–20)։
Ինքնատիրապետում զարգացրու
11 Աստվածաշնչում կարդում ենք նաև այնպիսի մարդկանց մասին, ովքեր, ինքնատիրապետում չդրսևորելով, սեռական անբարոյություն գործեցին։ Այնտեղ ասվում է, թե ինչ վատ հետևանքներ բերեց նրանց սանձարձակ վարքը։ Այդ օրինակները որպես նախազգուշացում են ծառայում մեզ համար։ Եթե Քիմի իրավիճակում հայտնվես, մտածիր «Առակներ» գրքի 7-րդ գլխում նկարագրված անխոհեմ երիտասարդի մասին։ Նաև խորհրդածիր Ամնոնի արարքի ու դրա աղետալի հետևանքների շուրջ (2 Սամ. 13։1, 2, 10–15, 28–32)։ Ծնողները կարող են նշված աստվածաշնչյան օրինակները քննարկել ընտանեկան երկրպագության ժամանակ, որպեսզի իրենց երեխաներին օգնեն կյանքի այս ոլորտում լինել իմաստուն և ինքնատիրապետում զարգացնել։
it-1, էջ 33, պրբ. 1
Աբիսողոմ
Անցավ երկու տարի։ Ոչխարներին խուզելու ժամանակը եկավ, և Աբիսողոմը խնջույք կազմակերպեց Բաալ-Հասորում, որը ընկած էր Երուսաղեմից մոտ 22 կմ (14 մղոն) հյուսիս-արևելք։ Նա այդ խնջույքին հրավիրեց նաև Դավթին ու նրա որդիներին։ Թագավորը հրաժարվեց գալ, իսկ Աբիսողոմը համոզեց նրան, որ գոնե իր առաջնեկին՝ Ամնոնին, ուղարկի (Առ 10։18)։ Խնջույքի ժամանակ, երբ Ամնոնի «սիրտը զվարթացել էր գինով», Աբիսողոմը իր ծառաներին պատվիրեց սպանել նրան։ Դավթի մյուս որդիները վերադարձան Երուսաղեմ, իսկ Աբիսողոմը փախավ Գալիլեայի ծովից արևելք գտնվող Գեսուրի թագավորություն՝ իր ասորի պապիկի մոտ (2Սմ 13։23–38)։ Նաթանի մարգարեացած «սուրը» մտել էր Դավթի «տուն» ու չէր հեռանալու այնտեղից մինչև նրա կյանքի վերջ (2Սմ 12։10)։
Հոգևոր գանձեր
g04 12/22, էջ 8–9
Ամենակարևոր գեղեցկությունը
Քննենք Դավթի որդիներից մեկի՝ Աբիսողոմի օրինակը։ Չնայած տպավորիչ գեղեցկությանը՝ նա անպիտան մարդ էր։ Նրա մասին Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ Իսրայելում չկար Աբիսողոմի նման մեկը, որն այդքան շատ գովաբանվեր իր գեղեցկության համար։ Ոտքի թաթից մինչև գլխի ծայրը նա ոչ մի արատ չուներ» (2 Սամուել 14։25)։ Փառասիրության պատճառով Աբիսողոմը ըմբոստացավ իր հոր դեմ ու զավթեց գահը։ Նա նույնիսկ տիրացավ հոր հարճերին։ Արդյունքում Աբիսողոմը բորբոքեց Աստծու զայրույթը և դաժան մահով մահացավ (2 Սամուել 15։10–14; 16։13–22; 17։14; 18։9, 15)։
Կհավանեի՞ր Աբիսողոմին։ Դժվար թե։ Նա տհաճ մարդ էր։ Աբիսողոմի բացառիկ գեղեցկությունը ո՛չ ծածկեց նրա գոռոզ ու անհավատարիմ էությունը, ո՛չ էլ կանխեց նրա կործանումը։ Սակայն Աստվածաշնչում գրավիչ էությամբ իմաստուն մարդկանց բազմաթիվ օրինակներ կան, որոնց արտաքինի մասին ոչինչ չի ասվում։ Ակնհայտ է, որ ամենակարևորը նրանց ներքին էությունն էր։
ՀՈՒՆԻՍԻ 27–ՀՈՒԼԻՍԻ 3
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ՍԱՄՈՒԵԼ 15–17
«Աբիսողոմը հպարտության պատճառով ըմբոստացավ»
it-1, էջ 860
Նախակարապետ
Արևելքում սովորություն կար, որ արքունական կառքի առջևից մարդիկ էին վազում, որպեսզի հայտարարեին թագավորի գալստի մասին և հոգային նրա կարիքները (1Սմ 8։11)։ Աբիսողոմն ու Ադոնիան 50 հոգու պատվիրեցին վազել իրենց կառքերի առջևից, որ հեղինակություն ձեռք բերեն, ու իրենց ըմբոստ արարքը օրինական բնույթ ստանա (2Սմ 15։1; 1Թգ 1։5)։
Ծառայիր ազատություն տվող Աստծուն
5 Աստվածաշունչը բազմաթիվ մարդկանց օրինակներ է պարունակում, ովքեր վատ ազդեցություն են ունեցել ուրիշների վրա։ Նրանցից մեկը Աբիսողոմն է՝ Դավիթ թագավորի որդին։ Աբիսողոմը առանձնահատուկ գեղեցիկ արտաքին ուներ։ Սակայն ժամանակի ընթացքում, Սատանայի նման, նա թույլ տվեց, որ փառասիրական ու ագահությամբ լի ցանկությունները լցնեն իր սիրտը, քանի որ սկսեց բաղձալ իր հոր գահին, ինչը ժառանգելու իրավունքը չուներ։ Նենգաբար փորձելով զավթել գահը՝ Աբիսողոմը ձևացրեց, թե խորապես մտահոգված է իր հայրենակիցների կարիքներով, ու խորամանկորեն զրպարտեց թագավորական արքունիքին, թե վերջինս չի հետաքրքրվում նրանցով։ Այո՛, ինչպես որ Եդեմի պարտեզում Բանսարկուն, այնպես էլ Աբիսողոմը ներկայացրեց իրեն որպես բարերար և միևնույն ժամանակ դաժանաբար չարախոսեց իր սեփական հորը (2 Սամ. 15։1–5)։
it-1, էջ 1083–1084
Քեբրոն
Մի քանի տարի անց Դավթի որդի Աբիսողոմը վերադարձավ Քեբրոն և փորձեց նորից զավթել իր հոր գահը, սակայն ապարդյուն (2Սմ 15։7–10)։ Իր ծրագիրը իրագործելու համար Աբիսողոմը ընտրեց այս քաղաքը հավանաբար այն պատճառով, որ այն պատմական նշանակություն ուներ՝ լինելով Հուդայի երբեմնի մայրաքաղաքը։ Բացի այդ՝ այն նաև նրա ծննդավայրն էր։ Հետագայում Դավթի թոռը՝ Ռոբովամ թագավորը վերակառուցեց Քեբրոնը (2Տգ 11։5–10)։ Երբ հրեա աքսորյալները վերադարձան Բաբելոնի գերությունից, նրանցից ոմանք բնակություն հաստատեցին Քեբրոնում (Կարիաթ-Արբա) (Նեմ 11։25)։
Հոգևոր գանձեր
Ունեցածդ տեղեկությունները փա՞ստ են
11 Մեզնից յուրաքանչյուրը կարող է անարդարության զոհ դառնալ, եթե իր մասին կիսով չափ ճշմարիտ կամ թերի տեղեկություններ տարածվեն։ Նկատի առ Դավիթ թագավորի և Մեմփիբոսթեի օրինակը։ Դավիթը վերջինիս հանդեպ բարի և առատաձեռն եղավ՝ վերադարձնելով նրա պապ Սավուղի բոլոր հողերը (2 Սամ. 9։6, 7)։ Սակայն հետագայում նա վատ բան լսեց Մեմփիբոսթեի մասին։ Առանց ստուգելու այդ տեղեկությունը՝ Դավիթը որոշեց զրկել նրան ամբողջ ունեցվածքից (2 Սամ. 16։1–4)։ Երբ Դավիթն ի վերջո խոսեց Մեմփիբոսթեի հետ, հասկացավ, որ սխալ է վարվել, և ունեցվածքի մի մասը նրան վերադարձրեց (2 Սամ. 19։24–29)։ Սակայն Դավիթը կարող էր հենց սկզբից անարդարացի որոշում չկայացնել, եթե չգործեր թերի տեղեկությունների համաձայն, այլ ժամանակ հատկացներ ու ծանոթանար բոլոր փաստերին։