Մոտեցեք Աստծուն
«Քո աթոռը հաստատ պիտի մնա»
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ընթացքում շատ կառավարիչներ են կորցրել իրենց դիրքը։ Ոմանք պաշտոնազրկվել են, քանի որ բավարար չափով ձայներ չեն հավաքել, ուրիշներին էլ ստիպել են թողնել իրենց դիրքը։ Ի՞նչ կարելի է ասել Հիսուս Քրիստոսի՝ Աստծու երկնային Թագավորության Թագավորի մասին։ Կարո՞ղ է ինչ–որ բան խանգարել նրան իշխելու որպես Աստծու նշանակված Թագավոր։ Պատասխանը գտնում ենք հին Իսրայելի Դավիթ թագավորին ուղղված Եհովայի խոսքերում, որոնք արձանագրված են Բ Թագաւորաց 7–րդ գլխում։
Այս գլխի առաջին համարները ցույց են տալիս, որ Դավիթը անհանգստացած է, քանի որ լինելով մարդ արարած՝ ապրում է շքեղ պալատում, իսկ Աստծու տապանակը հասարակ վրանի մեջ էa։ Դավիթը ուզում է տաճար կառուցել Եհովայի համար (համար 2)։ Սակայն նա չէ, որ իրականացնելու է այս նախագիծը։ Նաթան մարգարեի միջոցով Եհովան Դավթին տեղեկացնում է, որ տաճարը կառուցելու է նրա որդիներից մեկը (համարներ 4, 5, 12, 13)։
Ինչ խոսք, Եհովան շատ էր ուրախացել՝ իմանալով Դավթի ցանկության մասին։ Քանի որ Դավիթը նվիրված անձնավորություն էր, Աստված ուխտ կապեց նրա հետ, ըստ որի՝ նրա թագավորական շառավղից պիտի դուրս գար նա, ով իշխելու էր հավիտյան։ Այս խոստումը Նաթան մարգարեն փոխանցեց թագավորին՝ ասելով. «Քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան» (համար 16)։ Ո՞վ էր այս ուխտի Ժառանգը, որ պետք է իշխեր հավիտյան (Սաղմոս 89։20, 29, 34–36)։
Նազովրեցի Հիսուսն էր Դավթի ժառանգը։ Հիսուսի ծնվելու մասին լուրը հայտնելիս հրեշտակն ասաց. «Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկաս 1։32, 33)։ Այո՛, Դավթին տրված խոստումը կատարվեց Հիսուս Քրիստոսի վրա։ Փաստորեն, նա իշխում է ոչ թե մարդ արարածի ընտրությամբ, այլ Աստծու որոշմամբ, հենց Նա էլ տալիս է Հիսուսին հավիտյան իշխելու իրավունքը։ Ուստի երբեք չմոռանանք, որ Աստծու խոստումները միշտ իրականանում են (Եսայիա 55։10, 11)։
Բ Թագաւորաց 7–րդ գլխից երկու կարևոր դաս ենք սովորում։ Առաջին՝ կարող ենք վստահ լինել, որ ոչ մի բան և ոչ ոք չի կարող խանգարել, որ Հիսուս Քրիստոսը իշխի։ Նա կիրականացնի այն ամենը, ինչի համար էլ պետք է իշխի, օրինակ՝ կկատարի Աստծու կամքը երկրի վրա, ինչպես որ երկնքում է (Մատթեոս 6։9, 10)։
Երկրորդ՝ կարևոր բան ենք սովորում Եհովայի մասին։ Նա տեսավ Դավթի սիրտը ու գնահատեց նրա սրտի ցանկությունը։ Մխիթարական է իմանալ, որ Եհովան տեսնում է մեր սիրտը և գնահատում է մեր նվիրվածությունը։ Երբեմն ամեն բան չէ, որ մեր հսկողության տակ է։ Օրինակ՝ վատառողջության կամ տարիքի պատճառով գուցե չկարողանանք անել այն, ինչ մեր սիրտը ուզում է անել ծառայության մեջ։ Այդ դեպքում կարող ենք քաջալերվել՝ իմանալով, որ Եհովան գիտի մեր սրտի ցանկությունը և տեսնում է իր երկրպագության հանդեպ նվիրվածությամբ լի մեր սիրտը։
[Ծանոթագրություն]
a Ուխտի տապանակը սուրբ համարվող մի արկղ էր, որը շինվել էր Եհովայի կարգադրությամբ և նախագծած ձևով։ Այն խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը Իսրայելում (Ելից 25։22)։