Այո՛, դու կարող ես գտնել երջանկություն
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ։ Իսկական, հարատև երջանկություն։ Երբեմն այն հեշտ չէ գտնել։ Ինչո՞ւ։ Հիմնականում այն պատճառով, որ մարդիկ երջանկությունը փնտրում են այնտեղ, որտեղ այն չկա։ Եթե միայն նրանք ունենայի՜ն վստահելի ու բանիմաց ընկեր, որն ի վիճակի լիներ նրանց ճիշտ ուղղություն ցույց տալու...
Աստվածաշունչը ցույց է տալիս այդ ճիշտ ուղղությունը։ Դիտարկենք նրա գրքերից ընդամենը մեկը՝ «Սաղմոսները»։ Այս գիրքը Եհովա Աստծուն փառաբանող 150 սուրբ երգերի ժողովածու է, որոնցից մոտավորապես կեսը գրել է հին Իսրայելի թագավոր Դավիթը։ Ճիշտ է, կարևոր է իմանալ, թե ովքեր են գրել «Սաղմոսները», բայց շատ ավելի կարևոր է իմանալ, որ այդ գիրքը գրվել է մարդկության մեծագույն Բարեկամի՝ Եհովայի ներշնչանքով։ Հետևաբար մենք կարող ենք վստահ լինել, որ «Սաղմոսներում» կգտնենք Աստծու առաջնորդությունը և երջանկության հասնելու ուղիները։
Այդ գիրքը գրողները համոզված էին, որ մարդը հասնո՛ւմ է երջանկության, եթե մտերիմ հարաբերությունների մեջ է Աստծու հետ։ «Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է»,— գրեց սաղմոսերգուն (Սաղմոս 112։1)։ Մարդկային և ոչ մի փոխհարաբերություն, ոչ մի նյութական բան, ոչ մի անձնական հաջողություն չի կարող անհատին տալ այն երջանկությունը, որը բխում է Աստծու ժողովրդին պատկանելուց, ժողովուրդ, որի «Աստուածը Եհովան է» (Սաղմոս 144։15)։ Այսօր Եհովայի բազմաթիվ ծառաներ հաստատում են այս խոսքերի ճշմարտացիությունը։
Օրինակ՝ Զուզանըa, որը 40–ն անց կին է, ասում է. «Այսօր շատերը որոշակի խմբեր են կազմավորում, որպեսզի հասնեն իրենց ընդհանուր նպատակին, կամ էլ նրանց միավորում է ընդհանուր հետաքրքրությունը։ Սակայն նրանք հազվադեպ են միմյանց դիտում որպես ընկերների։ Այնինչ Եհովայի ժողովրդի մեջ այդպես չէ։ Սիրելով Աստծուն՝ մենք սկսում ենք սիրել միմյանց։ Եհովայի ժողովրդի մեջ մենք մեզ տանն ենք զգում՝ անկախ նրանից, թե տվյալ պահին որտեղ ենք։ Այս միասնությունը մեծապես հարստացնում է մեր կյանքը։ Ուրիշ ո՞վ կարող է ասել, որ ունի ընկերներ՝ բոլորովին տարբեր սոցիալական խմբերից, մշակույթներից և ազգերից։ Ես կարող եմ լիովին համոզված ասել, որ Եհովայի ժողովրդին պատկանելն է երջանկություն բերում»։
Մարին, որ ծնվել է Շոտլանդիայում, նույնպես համոզվել է, որ Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունենալը անչափ կարևոր է երջանկության հասնելու համար։ Նա պատմում է. «Նախքան աստվածաշնչյան ճշմարտությունն իմանալը ես հաճույքով սարսափ–ֆիլմեր էի դիտում։ Սակայն գիշերները չէի կարողանում քնել, եթե խաչը չէի պահում ձեռքումս՝ ուրվականներին ու վամպիրներին քշելու համար, որոնք այդ ֆիլմերի գլխավոր հերոսներն էին։ Ճշմարտությունն իմանալուն պես դադարեցի նման ֆիլմեր դիտել։ Եհովայի հետ փոխհարաբերություններ հաստատելու շնորհիվ կարողանում էի անկողին մտնել առանց վախի։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ ծառայել Աստծուն, որն ավելի հզոր է, քան այդ դևերն ու երևակայական վամպիրները»։
Եհովային վստահելը երջանկություն է բերում
Մենք ոչ մի հիմք չունենք կասկածելու, որ Արարիչն ամենակարող է և անհատակ իմաստություն ունի։ Դավիթը, գիտենալով, որ կարող է լիովին վստահել Եհովային, ասաց. «Երանի այն մարդին որ նա իր յոյսը Տէրն է շինում» (Սաղմոս 40։4)։
Մարիան ասում է. «Ես ծառայել եմ Իսպանիայում և այլուր ու հասկացել եմ, որ երբ ամեն բան անում ենք Եհովայի ասած ձևով, ապա միշտ լավագույն արդյունքների ենք հասնում, թեև մեր զգացմունքներն ու հույզերը գուցե մեզ մղեն այլ կերպ վարվելու։ Դա երջանկություն է բերում, որովհետև Եհովայի ցույց տված ձևը միշտ լավագույնն է»։
Անդրեասը՝ քրիստոնյա երեց, որը ծառայել է եվրոպական մի շարք երկրներում, անձնական փորձով նույնպես համոզվել է, որ Եհովային վստահելը իզուր չէ։ Նա ասում է. «Ավագ եղբայրս, որը չի կիսում իմ հավատը, պատանեկությանս շրջանում մեծ ազդեցություն ուներ ինձ վրա և խրախուսում էր նյութական տեսակետից խոստումնալից կարիերայի ձգտել։ Նա մեծ հիասթափություն ապրեց, երբ ես լիաժամ ծառայություն սկսեցի և հույսս չդրեցի այն «ապահովության» վրա, որ տալիս էին կենսաթոշակային ծրագրերը։ Լիաժամ ծառայության ընթացքում երբեք կարիքի մեջ չեմ եղել և ունեցել եմ այնպիսի օրհնություններ, որոնց մասին ուրիշները կարող են միայն երազել»։
1993 թ.–ին Ֆելիքսը հրավիրվեց մասնակցելու Եհովայի վկաների՝ Զելտերսի մասնաճյուղի ընդլայնմանը (Գերմանիա)։ Երբ աշխատանքներն ավարտվեցին, նրան առաջարկեցին դառնալ մասնաճյուղի՝ Բեթելի ընտանիքի մշտական անդամ։ Ինչպե՞ս Ֆելիքսն արձագանքեց։ «Առաջարկն ընդունեցի որոշակի երկմտությամբ։ Այժմ արդեն գրեթե տասը տարի է, որ այստեղ եմ, և համոզված եմ, որ Եհովան պատասխանել է իմ աղոթքներին։ Նա գիտի, թե ինչն է ինձ համար ամենալավը։ Լիովին վստահելով Եհովային և թույլ տալով, որ ինձ առաջնորդի՝ ես նրան հնարավորություն եմ ընձեռում ցույց տալու ինձ, թե որն է իր կամքը ինձ համար»։
Զուզանը, որի մասին խոսվեց վերևում, ցանկացավ ռահվիրայական ծառայություն սկսել, սակայն չէր կարողանում կես օրով աշխատանք գտնել։ Մեկ տարի հարմար աշխատանք փնտրելուց հետո նա, ապավինելով Եհովային, սկսեց իր լիաժամ ծառայությունը։ Զուզանը պատմում է. «Ես ընդհանուր ռահվիրայության դիմում լրացրեցի։ Առօրյա ծախսերիս համար իմ ունեցած գումարը հերիքելու էր մեկ ամիս։ Ի՜նչ յուրօրինակ ամիս էր դա իմ կյանքում։ Ծառայությունիցս մեծ ուրախություն էի ստանում, չնայած որ գործատերերի հետ հարցազրույցները մեկը մյուսի ետևից ձախողվում էին։ Եհովան չթողեց ինձ, ինչպեսև խոստացել էր։ Ամսվա վերջին օրը աշխատանքային պայմանագիր ստորագրեցի։ Պարզ տեսա, որ իմ վստահությունը Եհովայի հանդեպ զուր չէր։ Իմ լիաժամ ծառայության մեջ տեղի ունեցած այս առաջին դեպքը նպաստեց, որ ապրեմ ուրախ և գոհացուցիչ կյանքով»։
Աստծու խորհուրդն ընդունելը նպաստում է երջանկությանը
Դավիթ թագավորը մի քանի լուրջ սխալներ գործեց։ Երբեմն նա իմաստուն խորհրդի կարիք ուներ։ Արդյոք պատրա՞ստ ենք Դավթի պես խորհուրդներ ընդունելու։
Աիդան (Ֆրանսիա) հասկացավ, որ լուրջ սխալ է գործել։ Նա պատմում է. «Իմ գլխավոր մտահոգությունը Եհովայի հետ փոխհարաբերություններս վերականգնելն էր։ Ուրիշ ոչ մի բան ինձ չէր հետաքրքրում»։ Նա օգնության համար դիմեց քրիստոնյա երեցներին։ Այժմ Աիդան, երբ արդեն 14 տարի ծառայել է որպես ընդհանուր ռահվիրա, ասում է. «Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան ներել է ինձ»։
Աստծու խորհուրդներն ընդունելը կարող է օգնել մեզ, որ ընդհանրապես մեղք չգործենք։ Ահա թե ինչ է ասում Յուդիթը. «20 տարեկանում մինչև ականջներս սիրահարվել էի գերմանացի գործընկերոջս, որն ամեն ինչ անում էր ինձ տպավորելու համար։ Նա հարգված անձնավորություն էր, փայլուն կարիերա ուներ և... արդեն ամուսնացած էր։ Ես գիտակցում էի, որ կանգնած եմ ընտրության առաջ՝ կա՛մ հնազանդվել Եհովայի օրենքներին, կամ լիովին մերժել նրան։ Սիրտս բացեցի ծնողներիս։ Հայրս շատ կոնկրետ բացատրեց, թե ինչ է Եհովան ակնկալում ինձնից։ Նա ինձ չասաց անորոշ բառեր, և ես հենց դրա կարիքն ունեի։ Այդուհանդերձ, սիրտս արդարացումներ էր փնտրում։ Շաբաթներ շարունակ մայրս երեկոներին զրուցում էր հետս՝ շեշտելով Աստծու օրենքների կարևորությունը և դրանց փրկարար դերը։ Այնքա՜ն ուրախ եմ, որ սիրտս աստիճանաբար թեքվեց Եհովայի կողմը։ Նրանից խրատ ստանալը և կրթվելը ինձ մեծ երջանկություն բերեց. արդեն քանի տարի է, որ լիաժամ ծառայության մեջ եմ, և ունեմ հրաշալի քրիստոնյա ամուսին, որը սրտանց սիրում է ինձ ու Եհովային»։
Այս օրինակները պարզ ցույց են տալիս Դավթի խոսքերի ճշմարտացիությունը. «Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։ Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան» (Սաղմոս 32։1, 2)։
Երջանկություն՝ հոգատարություն դրսևորելուց
Դավիթը գրեց. «Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. նեղութեան օրումը Տէրը կ’փրկէ նորան։ Տէրը կ’փրկէ նորան եւ կ’ապրեցնէ նորան. նա երանելի կ’լինի» (Սաղմոս 41։1, 2)։ Այն սիրառատ հոգատարությունը, որ Դավիթը ցույց տվեց Մեմփիբոսթեի՝ իր սիրելի ընկեր Հովնաթանի կաղ որդու հանդեպ, օրինակ է այն բանի, թե ինչպես ճիշտ ձևով վարվել «աղքատի», կամ՝ խեղճի հետ (Բ Թագաւորաց 9։1–13)։
Մարլիսը, որն արդեն 47 տարի ծառայել է որպես միսիոներ, հատուկ հնարավորություն ստացավ բարի լուրը քարոզելու մարդկանց, որոնք փախել էին Աֆրիկայի, Ասիայի ու Եվրոպայի վտանգավոր գոտիներից։ Նա պատմում է. «Նրանք ամենատարբեր պրոբլեմներն ունեն և զգում են, որ հասարակությունը իրենց չի ընդունում, որ, փաստորեն, իրենց հանդեպ խտրականություն կա։ Այդ մարդկանց օգնելը միշտ երջանկություն է բերում»։
40 տարեկան Մարինան գրում է. «Լինելով չամուսնացած՝ ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ ընկերներդ քո կողքին են։ Դա մղում է ինձ քաջալերել մարդկանց հեռախոսով կամ նամակներով։ Շատերը երախտագիտություն են հայտնել դրա համար։ Ուրիշներին օգնելը ուրախություն է բերում ինձ»։
Դիմիտարը, որ մոտ 25 տարեկան է, ասում է. «Մայրս ինձ միայնակ է մեծացրել։ Երբ երեխա էի, ուրախ էի, որ ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուն ամեն շաբաթ ինձ իր հետ տանում էր ծառայության և սովորեցնում քարոզել։ Մինչև օրս սիրտս նրա հանդեպ երախտագիտությամբ է լցված, որ այդպես հաստատակամորեն ինձ օգնում էր։ Գիտեմ, որ նրա համար հեշտ չէր ինձ մղել ինչ–որ բանի»։ Շնորհակալ լինելով ստացած օգնության համար՝ Դիմիտարն այժմ ինքն է օգնում ուրիշներին. «Ես ջանում եմ ամսական գոնե մեկ անգամ ինձ հետ ծառայության տանել պատանի կամ տարեց հավատակցի»։
«Սաղմոսներ» գիրքը հիշատակում է նաև ուրիշ բաներ, որոնք մարդուն երջանիկ են դարձնում։ Դրանցից մեկն այն է, որ անհատը պետք է ապավինի Եհովայի զորությանը և ոչ թե՝ իր։ Կարդում ենք. «Երանի այն մարդկանց որ նորանց զօրութիւնը [Եհովայից] է» (Սաղմոս 84։5)։
Կորինան կարող է դա հաստատել։ Նա տեղափոխվեց մի երկիր, որտեղ քարոզիչների մեծ պահանջ կար։ «Ինձ համար ամեն ինչ նոր էր՝ նոր լեզու, նոր մշակույթ, նոր մտածելակերպ։ Կարծես ուրիշ մոլորակում էի հայտնվել։ Օտար միջավայրում քարոզելու մտքից գլուխս ուղղակի պտտվում էր։ Ես Եհովային խնդրեցի օգնել ինձ, և նրանից ստացած զորությամբ է, որ կարողացա քարոզել մի ամբողջ օր հեռավոր տարածքում։ Ժամանակի ընթացքում արդեն թվում էր, թե այդտեղ քարոզելը ամենասովորական բանն է ինձ համար։ Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ սկսեցի։ Իմ ստացած փորձը մինչև օրս օգնում է ինձ։ Ես սովորեցի, որ Եհովայի տված ուժով մենք կարող ենք անցնել նույնիսկ անհաղթահարելի թվացող խոչընդոտների վրայով»։
Այո՛, շատ բաներ կան, որ նպաստում են երջանկությանը, օրինակ՝ Աստծու և նրա ժողովրդի հետ մտերմանալը, Եհովային լիովին վստահելը, նրա տված խորհուրդն ընդունելը և ուրիշների հանդեպ հոգատար լինելը։ Եհովայի ճանապարհներով քայլելով և նրա օրենքներին հնազանդվելով՝ մենք կարող ենք ըմբոշխնել նրա ջերմ բարեհաճությունը (Սաղմոս 89։15; 106։3; 112։1; 128։1, 2)։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[նկար 12-րդ էջի վրա]
Մարիա
[նկար 13-րդ էջի վրա]
Մարի
[նկար 13-րդ էջի վրա]
Զուզան և Անդրեաս
[նկար 15-րդ էջի վրա]
Կորինա
[նկար 15-րդ էջի վրա]
Դիմիտար