Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/06 էջ 10–12
  • Ունդ, որը շրջել է աշխարհով մեկ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ունդ, որը շրջել է աշխարհով մեկ
  • 2006 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • «Կոնա». սրճի սիրահարների ուրախություն
    2005 Արթնացե՛ք
  • Էսպրեսսո պատրաստելու արվեստը
    2009 Արթնացե՛ք
2006 Արթնացե՛ք
g 4/06 էջ 10–12

Ունդ, որը շրջել է աշխարհով մեկ

Նա այնպիսի նվիրվածությամբ խնամեց սրճենու տնկին, որ դրանով նոր էջ բացեց պատմության մեջ, և ոմանց խոսքերով՝ այն դարձավ «սրճի տարածման պատմության ամենագեղեցիկ էջը» («All About Coffee»)։ Նրա խնամած փոքրիկ բույսը մեծապես խթանեց սրճի արդյունաբերությունը, որն այսօր տարեկան 70 միլիարդ դոլարի եկամուտ է բերում, և որին դոլարի շրջանառության առումով գերազանցում է միայն բենզինի արդյունաբերությունը («Scientific American»)։

ՍՐՃԻ տարածման զարմանալի պատմությունը սկսվեց Եթովպիայի բարձրադիր գոտիներում, որը սրճենու հայրենիքն է։ Եթովպական սրճենու «սերունդները»՝ արաբական սրճենիները, այսօր աշխարհին տալիս են սրճի համախառն արտադրանքի երկու երրորդը։ Թեպետ ճշգրտորեն հայտնի չէ, թե երբ բացահայտվեցին բոված սրճի հրաշալի հատկությունները, սակայն գիտենք, որ մ.թ. 15–րդ դարում այդ սրճենին մշակվում էր Արաբական թերակղզում։ Չնայած որ ծլունակ սերմերն արգելված էր արտահանել երկրից, այնուամենայնիվ 1616 թ.–ին հոլանդացիներին հաջողվեց ձեռք բերել այդ բույսի տնկիները (կամ էլ սերմերը)։ Եվ նրանք չհապաղեցին սրճենու պլանտացիաներ բացել Ցեյլոնում (ներկայումս՝ Շրի Լանկա) ու Ճավայում (Ինդոնեզիա)։

1706 թ.–ին հոլանդացիները Ճավայի իրենց գաղութից սրճենու մի տնկի տեղափոխեցին Ամստերդամի (Նիդեռլանդներ) բուսաբանական այգիներից մեկը։ Ծառը հարմարվեց նոր պայմաններին։ Իսկ նրա սերմերից աճած տնկիները հետագայում ուղարկվեցին Սուրինամի և Կարիբյան ծովի մերձափնյա շրջանների հոլանդական գաղութները։ 1714 թ.–ին Ամստերդամի քաղաքապետը Ֆրանսիայի թագավոր Լուի XIV–ին սրճենու տնկի նվիրեց, որը սկսեցին աճեցնել Փարիզի թագավորական այգու ջերմոցում։

Ֆրանսիան փափագում էր զբաղվել սրճի առևտրով։ Ուստի ձեռք բերեց սերմեր ու տնկիներ, որոնք ուղարկվեցին Ռեյունիոն կղզի։ Սակայն սերմերը չաճեցին, և բոլոր տնկիները, ինչպես նշում են որոշ մասնագետներ, չորացան։ Պահպանվեց միայն մեկը։ Սակայն ֆրանսիացիները չհանձնվեցին և 1720 թ.–ին տնկեցին այդ սրճենու 15 000 սերմերը, որոնք այս անգամ պտուղ տվեցին։ Ի վերջո ֆրանսիացիներին հաջողվեց ստեղծել սրճի պլանտացիա։ Ծառերն այնքան բարձր էին գնահատվում, որ եթե որևէ մեկը հանդգներ վնաս հասցնել դրանց, ապա, ըստ օրենքի, կդատապարտվեր մահվան։ Ֆրանսիացիները երկու անգամ փորձեցին պլանտացիաներ ստեղծել նաև Կարիբյան ծովի մերձափնյա շրջաններում, սակայն որևէ արդյունքի չհասան։

Սրճենու տարածման գործում մեծ դեր խաղաց Գաբրիել դե Կլիյո անունով ֆրանսիացի մի նավապետ։ Փարիզում իր արձակուրդն անցկացնելիս նա նպատակ դրեց սրճենին տանել Մարտինիկում գտնվող իր կալվածքը։ Դե Կլիյոն Ֆրանսիայից նավով մեկնեց 1723 թ.–ի մայիսին՝ իր հետ վերցնելով փարիզյան ծառի տնկիներից մեկը։

Համաձայն մի գրքի՝ նա իր թանկագին բույսը տեղավորեց արկղի մեջ, որի մի մասը պատրաստված էր ապակուց։ Դրա շնորհիվ ծառը կկլաներ արևի լույսն ու ջերմությունը և չէր ցրտահարվի ամպամած եղանակին։ Դե Կլիյոյի ճանապարհակիցներից մեկը, որն ըստ երևույթին նախանձում էր նրան և չէր ուզում, որ նավապետը հաջողության հասներ ու փառքի արժանանար, փորձեց խլել ծառը, սակայն նրա ջանքերը ձախողվեցին։ Տնկին չվնասվեց նույնիսկ այն ժամանակ, երբ նավի վրա հարձակում գործեցին թունիսցի ծովահենները, երբ սաստիկ փոթորիկ սկսվեց, և երբ թարմ ջրի պաշարները գրեթե սպառվեցին, քանի որ հասարակածի մոտ քամու բացակայության պատճառով նավը երկար ժամանակ չկարողացավ շարժվել («All About Coffee»)։ «Ջուրն այնքան քիչ էր,— գրում է Դե Կլիյոն,— որ ես ավելի քան մեկ ամիս ստիպված էի ինձ հասանելիք սակավաթիվ ջուրը կիսել ծառիս հետ, որն իմ ամենավառ հույսերի և ուրախության աղբյուրն էր»։

Նավապետի նվիրվածությունը պարգևատրվեց։ Նրա թանկագին «բեռը» Մարտինիկ հասավ բարվոք վիճակում և, հայտնվելով արևադարձային գոտում, բարգավաճեց ու բազմացավ։ «Այդ մի տնկիի շնորհիվ սրճի սերմերը Մարտինիկից, ուղղակիորեն թե անուղղակի կերպով, տարածվեցին ամերիկյան ողջ մայրցամաքում, բացառությամբ Բրազիլիայի, Ֆրանսիական Գվիանայի և Սուրինամի» (Գորդոն Ռիգլի, «Coffee»)։

Բրազիլիան և Ֆրանսիական Գվիանան նույնպես ցանկանում էին սրճենիներ ձեռք բերել։ Ինչ վերաբերում է Սուրինամին, ապա այնտեղ հոլանդացիները շարունակում էին զբաղվել սրճենիների մշակմամբ, որ ժամանակին բերվել էին Ամստերդամից։ Բայց նրանք խստիվ արգելում էին երկրից արտահանել տնկիներն ու սերմերը։ Այնուամենայնիվ, 1722 թ.–ին Ֆրանսիական Գվիանային հաջողվեց ձեռք բերել սրճի սերմեր Սուրինամ փախած մի հանցագործի օգնությամբ։ Վերջինս Սուրինամում եղած ժամանակ գողացել էր դրանք։ Սերմերը ստանալու դիմաց Ֆրանսիական Գվիանայի իշխանությունները խոստացան չձերբակալել այդ հանցագործին, երբ նա վերադառնա հայրենիք։

Բրազիլիան նույնպես գաղտնաբար քայլեր ձեռնարկեց ծլունակ սերմեր ձեռք բերելու, սակայն ապարդյուն։ Հետագայում Սուրինամի և Ֆրանսիական Գվիանայի միջև սահմանի հետ կապված վեճ ծագեց, և վերջիններս խնդրեցին Բրազիլիային լինել իրենց միջնորդը։ Բրազիլիան Ֆրանսիական Գվիանա ուղարկեց կապիտան Ֆրանսիշկու դե Մելու Պալետային՝ հանձնարարելով կարգավորել խնդիրը և իր հետ սրճենիներ բերել։

Ամեն բան հաջող անցավ, և նախքան Պալետան կմեկներ երկրից, տեղի կառավարիչներից մեկը նրան հրավիրեց խնջույքի։ Ի նշան երախտագիտության՝ կառավարչի կինը իրենց պատվավոր հյուրին նվիրեց մի գեղեցիկ ծաղկեփունջ, որի մեջ թաքցված էին սրճի սերմերը։ Փաստորեն, Բրազիլիայի սրճի արդյունաբերությունը, որն այսօր միլիարդավոր դոլարների շահույթ է բերում, ծնվել է ծաղկեփնջի մեջ 1727 թ.–ին։

Այսպիսով՝ 1706 թ.–ին Ճավայից Ամստերդամ «ճամփորդած» տնկին և նրա փարիզեցի «սերունդը» սրճենիներ պարգևեցին Կենտրոնական ու Հարավային Ամերիկային։ «Այդ պատճառով արաբական սրճենու գենոֆոնդը խիստ սահմանափակ է»,— նշում է Ռիգլին իր գրքում։

Այսօր սրճենիների մշակմամբ զբաղվում են ավելի քան 25 միլիոն ֆերմաներում՝ մոտ 80 երկրում։ Ծառերի թիվը ողջ աշխարհում հասնում է 15 միլիարդի։ Նրանց տված բերքը արդյունքում վերածվում է հրաշալի ըմպելիքի։ Հաշվարկվել է, որ յուրաքանչյուր օր մարդիկ խմում են 2 միլիարդ 25 միլիոն բաժակ սուրճ։

Ներկայումս, սակայն, խնդիրը ոչ թե սուրճ ձեռք բերելու մեջ է, այլ սպառելու, քանի որ արտադրվող սուրճը գերազանցում է պահանջարկը։ Բացի այդ, քաղաքականության, տնտեսավարման և արդյունաբերական խոշոր միավորումների գործունեության պատճառով բազմաթիվ երկրներում սրճի մշակմամբ զբաղվող մարդիկ աղքատ են, նույնիսկ գտնվում են խիստ կարիքի մեջ։ Մինչդեռ մոտավորապես 300 տարի առաջ Դե Կլիյոն այնպիսի՜ գորովանքով էր կիսում իրեն հասանելի սակավաթիվ ջուրը փոքրիկ սրճենու հետ։

[Շրջանակ/նկար 12–րդ էջի վրա]

ԵՐԿՈՒ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԸ

«Սրճի անմշակ հատիկները իրականում սրճենու սերմերն են։ Ավելի քան 66 տեսակներ ունեցող այդ բույսը պատկանում է տորոնազգիների ընտանիքին։ Կոմերցիոն նպատակներով լայնորեն մշակվում են երկուսը՝ արաբական սրճենին, որից ստանում են սրճի համախառն արտադրանքի երկու երրորդը, և կոնգոյական սրճենին, որի բերքը կազմում է համախառն արտադրանքի մեկ երրորդը» («Scientific American»)։

Կոնգոյական սրճենուց ստացվող «ռոբուստա» սուրճն ունի ուժեղ և մի փոքր սուր բուրմունք։ Սովորաբար այն գործածում են լուծվող սուրճեր պատրաստելու համար։ Իսկ ծառը շատ բերքատու է և հիվանդությունների նկատմամբ դիմացկուն։ Այն կարող է հասնել 12 մետրի՝ կրկնակի անգամ գերազանցելով արաբական սրճենուն, որն ավելի նուրբ է և նվազ բերքատու։ «Ռոբուստայի» հատիկում կոֆեինի պարունակությունը կարող է կազմել 2,8%, մինչդեռ «արաբիկայի» ունդում՝ 1,5%–ից ոչ ավել։ Թեև արաբական սրճենին ունի 44 քրոմոսոմ, իսկ կոնգոյական ու վայրի սրճենիները՝ 22, դրանցից մի քանիսը խաչասերել են հիբրիդային տեսակներ ստանալու համար։

[Շրջանակ/նկար 12–րդ էջի վրա]

ՍՐՃԻ «ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

17–րդ դարում, երբ սուրճը մուտք գործեց Եվրոպա, կաթոլիկ քահանաներից ոմանք այն անվանեցին սատանայական ըմպելիք։ Նրանք պնդում էին, թե այդ ըմպելիքը փոխարինելու էր գինուն, որն, իրենց խոսքերով, սրբացրել էր ինքը Քրիստոսը։ Սակայն, ինչպես նշվում է մի գրքում, Հռոմի պապ Կղեմես VIII–ը սուրճը փորձելուց հետո փոխեց իր կարծիքը («Coffee»)։ Եվ առաջացած խնդիրը լուծելու համար նա խորհրդանշական կերպով մկրտեց ըմպելիքը, որից հետո այն ընդունելի դարձավ կաթոլիկների համար։

[Աղյուսակ/քարտեզ 10–րդ և 11–րդ էջերի վրա]

(ամբողջությամբ տե՛ս պարբերագրում)

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԱԾՎԵՑ ՍՈՒՐՃԸ

1.  XV դ. «Արաբիկա» սուրճը մշակվում է Արաբական թերակղզում

2.  1616 թ. Հոլանդացիները ձեռք են բերում սրճենու տնկիներ (կամ սերմեր)

3.  1699 թ. Հոլանդացիները սկսում են սրճենին աճեցնել Ճավայում և Օստ Ինդիայի մյուս կղզիներում

4.  XVIII դ. Սուրճը մշակվում է Կենտրոնական Ամերիկայում և Կարիբյան ծովի մերձափնյա շրջաններում

5.  1718 թ. Ֆրանսիացիները սուրճը տանում են Ռեյունիոն

6.  1723 թ. Դե Կլիյոն սրճենին Ֆրանսիայից տանում է Մարտինիկ

7.  XIX դ. Սրճի մշակմամբ սկսում են զբաղվել Հավայիում

[Թույլտվությամբ]

Source։ From the book “Uncommon Grounds”

[Նկար 10–րդ և 11–րդ էջերի վրա]

1723 թ.–ին Մարտինիկ վերադառնալիս Գաբրիել դե Կլիյոն իր խմելու ջուրը օգտագործում էր փոքրիկ սրճենին ջրելու համար

[Թույլտվությամբ 11–րդ էջի վրա]

Map: © 1996 Visual Language; De Clieu: Tea & Coffee Trade Journal

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը