Ինչպե՞ս է լուսանկարչությունը սկիզբ առել
Մեր թղթակիցը՝ ՇՎԵԴԻԱՅԻՑ
Պատմությունը սկսվում է այսպես. Իտալացի ֆիզիկոս Ժանբատիստա Դելլա Պորտայի (1535–1615 թթ.) հյուրերը ցնցված էին։ Նրանց առջև՝ պատի վրա, մարդկանց գլխիվայր պատկերներ կային, որոնք շարժվում էին։ Վախեցած այցելուները դուրս փախան սենյակից։ Դելլա Պորտան մեղադրվեց կախարդության մեջ։
ՈՐՔԱ՜Ն թանկ վճարեց նա այն բանի համար, որ փորձեց զվարճացնել իր հյուրերին՝ ներկայացնելով նրանց իր օբսկուր–խուցը, որը լատիներենով բառացի նշանակում է «մութ սենյակ»։ Ապարատի գործելու սկզբունքը պարզ է, սակայն արդյունքներն ապշեցուցիչ են։ Ինչպե՞ս է այն աշխատում։
Երբ լույսը մտնում է անլուսանցիկ խցիկ կամ տուփ փոքրիկ անցքի միջով, դրսի պատկերը արտացոլվում է դիմացի պատի վրա։ Այն, ինչ տեսան դելլա Պորտայի հյուրերը, ոչ այլ ոք էին, քան դրսում շարժումներ կատարող դերասաններ։ Օբսկուր–խուցը ժամանակակից լուսանկարչական ապարատի նախատիպն է եղել։ Այսօր դու գուցե այն միլիոնավոր մարդկանցից մեկն ես, որն ունի լուսանկարչական լավ ապարատ կամ առնվազն ամենատարածված, ոչ թանկ ապարատներից։
Սակայն դելլա Պորտայի օրերում օբսկուր–խուցը նոր բան չէր։ Արիստոտելը (մ. թ. ա. 384–322 թթ.) գտել էր օբսկուր–խցի աշխատելու սկզբունքը, որի հիման վրա հետագայում այն ստեղծվեց։ 10–րդ դարի արաբ գիտնական Իբն ալ–Խայսամը վառ կերպով նկարագրեց օբսկուր–խցի աշխատելու սկզբունքը, իսկ 15–րդ դարի նկարիչ Լեոնարդո դա Վինչին այդ մասին գրել է իր հուշատետրերում։ 16–րդ դարում ոսպնյակների ներմուծումը նպաստեց լուսանկարչական ապարատի ճիշտ ձևով աշխատելուն, և շատ նկարիչներ օգտագործեցին դա՝ պատկերները ճիշտ և համաչափ վերարտադրելու համար։ Սակայն չնայած բազմաթիվ փորձերին՝ լուսանկարներ տպելը երազանք մնաց մինչև 19–րդ դարը։
Աշխարհի առաջին լուսանկարչական ապարատը
Ֆրանսիացի ֆիզիկոս Ժոզեֆ Նիսեֆոր Նիեպսը սկսեց փորձեր կատարել նկարներ տպելու համար դեռ 1816 թ.–ին։ Նա իսկական հաջողության հասավ վիմագրության միջոցով՝ օգտագործելով գերզգայուն նյութ, որը կոչվում է ասֆալտային լաք։ 1820–ականների կեսերին նա օբսկուր–խցում տեղադրեց անագե ափսե, որը պատված էր ասֆալտային լաքով և թողեց, որ այն ութ ժամ լուսակայվի։ Այսօրվա նույնիսկ անփորձ լուսանկարիչը չէր հպարտանա շենքի, ծառի և ամբարի այն աղոտ նկարով, որը ստացվեց Նիեպսի փորձերի արդյունքում, սակայն Նիեպսը հպարտանալու պատճառներ ուներ։ Շատ հավանաբար, նրա նկարը առաջին լուսանկարն էր։
Իր ստեղծած մեթոդը կատարելագործելու համար 1829 թ.–ին Նիեպսը սկսեց համագործակցել խոշոր ձեռնարկատեր Լուի Դագերի հետ։ 1833 թ.–ին՝ Նիեպսի մահից տարիներ անց, Դագերը հասավ որոշ կարևոր նվաճումների։ Նա օգտագործեց արծաթի յոդիդը, որպեսզի դրանով պատեր պղնձե ափսեները, որոնք ավելի լուսազգայուն էին, քան անագե ափսեները։ Պատահաբար նա հայտնագործեց, որ երբ լուսակայումից հետո ափսեն սնդիկի գոլորշու վրա էր պահում, լուսանկարը ավելի պարզ էր դառնում։ Սա զգալիորեն նվազեցրեց լուսակայման ժամանակը։ Երբ ավելի ուշ Դագերը հայտնագործեց, որ աղի լուծույթով այդ ափսեն լվանալու արդյունքում նկարը ժամանակի ընթացքում չէր մգանում, լուսանկարչությունը գրավեց աշխարհի ուշադրությունը։
Ներկայացվում է աշխարհին
Երբ Դագերի հայտնագործությունը, որը կոչվում է դագերոտիպիա, 1836 թ.–ին ներկայացվեց հանրությանը, այն մեծ արձագանք գտավ։ Գիտնական Հելմուտ Գերնշիմը իր՝ «Լուսանկարչության պատմությունը» գրքում գրում է. «Հավանաբար ուրիշ ոչ մի հայտնագործություն այս աստիճան չի ցնցել մարդկանց և չի նվաճել աշխարհը այսպիսի կայծակնային արագությամբ, ինչպես որ դագերոտիպիան»։ Այդ միջոցառման ականատեսներից մեկը գրեց. «Մեկ ժամ հետո բոլոր օպտիկական խանութները լի էին մարդկանցով, սակայն բավականաչափ դագերոտիպային ապարատներ չկային բավարարելու այն մարդկանց պահանջը, ովքեր ուզում էին ունենալ դրանից. մի քանի օր անց Փարիզի բոլոր հրապարակներում կարելի էր տեսնել եռոտանի անլուսանցիկ տուփեր, որոնք մարդիկ տեղադրել էին եկեղեցիների և դղյակների առջև։ Բոլոր ֆիզիկոսները, քիմիկոսները և Փարիզի բանիմաց մարդիկ փայլեցնում էին արծաթե ափսեներ, և նույնիսկ ունևոր նպարավաճառները պատրաստակամորեն զոհաբերում էին իրենց ունեցվածքի մի մասը այդ առաջընթացի համար՝ վատնելով իրենց գումարները յոդինի և սնդիկի վրա»։ Փարիզի մամուլը դա անվանեց դագերոտիպոմանիա։
Դագերոտիպիայի ակնառու առանձնահատկություններից մեկը մղեց բրիտանացի գիտնական Ջոն Հերշելին գրել հետևյալը. «Չափազանցություն չի լինի, եթե այն անվանենք հրաշք»։ Ոմանք նույնիսկ այդ նորամուծությանը կախարդական ուժ էին վերագրում։
Սակայն ոչ բոլորը հավանություն տվեցին այդ հայտնագործությանը։ 1856 թ.–ին Նեապոլի թագավորը արգելեց լուսանկարչությունը հավանաբար այն պատճառով, որ մարդկանց կարծիքով՝ դա կապված էր «չար աչքի» հետ։ Տեսնելով դագերոտիպիա՝ ֆրանսիացի նկարիչ Պոլ Դելառոշը բացականչեց. «Այսօրվանից նկարչությունը մեռած է»։ Հայտնագործությունը մեծ անհանգստություն պատճառեց նկարիչներին, որոնք մտածում էին, թե իրենց ապրուստը այսուհետև վտանգի տակ է։ Մի մեկնաբան արտահայտեց ոմանց վախը հետևյալ խոսքերով. «Այն ճշգրտությունը, որով լուսանկարը պատկերում է իրականությունը, կարող է ազդել գեղեցիկի մասին անհատի պատկերացման վրա»։ Բացի այդ, լուսանկարները քննադատության էին արժանանում, քանի որ անողոքաբար ցույց էին տալիս իրականությունը և դրանով իսկ ի չիք դարձնում գեղեցկության և երիտասարդության մասին փայփայված պատկերացումները։
Դագերն ընդդեմ Թալբոտի
Անգլիացի ֆիզիկոս Վիլյամ Հենրի Ֆոքս Թալբոտը կարծում էր, որ ինքն է հայտնագործել լուսանկարչությունը, ուստի նա հանկարծակիի եկավ Դագերի հայտնագործությունից։ Թալբոտը օբսկուր–խցում տեղադրեց արծաթի քլորիդով պատված թղթե շերտեր։ Առաջ եկած նեգատիվը նա պատեց մեղրամոմով, որպեսզի թափանցիկ լիներ և դրեց մեկ ուրիշ մշակված թղթի վրա, այնուհետև այն դրեց արևի լույսի տակ ու այդպիսով ստացավ պոզիտիվ պատկեր։
Թեև սկզբում այն մեծ ճանաչում չգտավ և այնքան էլ բարձր որակ չուներ, հավանականություն կար, որ նրա ստեղծած երևույթը կկատարելագործվեր։ Այն թույլ էր տալիս մեկ նեգատիվից ստանալ բազմաթիվ նկարներ։ Բացի այդ, ֆոտոթուղթը ավելի էժան էր և ավելի հեշտ էր ձեռք բերել, քան դագերոտիպիան։ Ժամանակակից լուսանկարչությունը մինչև այժմ էլ հիմնված է Թալբոտի ստեղծած երևույթի վրա, մինչդեռ դագերոտիպիան, չնայած սկզբնական շրջանում ճանաչում գտավ, շուտով վերացավ։
Նիեպսը, Դագերը և Թալբոտը միակ մարդիկ չէին, որ ցանկանում էին ձեռք բերել լուսանկարչությունը հայտնագործողի անուն։ 1839 թ.–ին Դագերի կատարած հայտարարությունից հետո առնվազն 24 մարդ՝ (հյուսիսային կիսագնդում գտնվող Նորվեգիայից մինչև հարավային կիսագնդում գտնվող Բրազիլիա) պնդում էին, որ իրենք են հայտնագործել լուսանկարչությունը։
Կտրուկ փոփոխություններ, որ առաջ բերեց լուսանկարչությունը
Հակոբ Օգոստոս Ռիիսը՝ մի հեղափոխական գործիչ, լուսանկարչությունը համարեց հիանալի հնարավորություն, որով կարելի էր հասարակության ուշադրությանը ներկայացնել աշխարհում տիրող աղքատությունն ու տառապանքը։ 1880 թ.–ին նա սկսեց լուսանկարել Նյու Յորքի աղքատ թաղամասերը՝ որպես լուսաբռնկիչ օգտագործելով մագնեզիումի փոշին, որը նա այրում էր տապակի մեջ. դա շատ վտանգավոր էր։ Երկու անգամ հրդեհ բռնկվեց այն տանը, որտեղ նա աշխատում էր, իսկ մի անգամ նրա հագուստը այրվեց։ Ասում են՝ պատճառներից մեկը, որ մղեց Թեոդոր Ռուզվելտին կատարել մի շարք սոցիալական բարեփոխումներ, երբ նա տեղափոխվեց Սպիտակ տուն, Ռիիսի նկարներն էին։ Վիլյամ Հենրի Ջեքսոնի ազդեցիկ նկարները 1872 թ.–ին մղեցին ԱՄՆ–ի Կոնգրեսին, որ այն «Էլոուսթսոնը» դարձնի աշխարհի առաջին ազգային պարկը։
Հասանելի է բոլորին
1880–ականների վերջին բազմաթիվ պոտենցիալ լուսանկարիչներ դեռ խուսափում էին լուսանկարելուց, քանի որ այն թանկ էր և դժվար։ Սակայն երբ 1888 թ.–ին Ջորջ Իսթմենը հայտնագործեց «Կոդակը»՝ դյուրակիր և օգտագործման պարզ եղանակ ունեցող մի ապարատ, որի մեջ դրված էր լուսաժապավեն, դրանով նա ճանապարհ հարթեց սիրողական լուսանկարչության համար։
Երբ ժապավենը վերջանում էր, գնորդը ապարատը ժապավենի հետ միասին ուղարկում էր գործարան։ Այնտեղ լուսաժապավենը երևակվում էր, ապարատի մեջ նոր լուսաժապավեն էր տեղադրվում և նկարների հետ միասին ուղարկվում տիրոջը. այդ ամենը համեմատաբար ցածր գին ուներ։ «Պարզապես սեղմիր կոճակը, իսկ մենք կանենք մնացածը» լոզունգը բոլորովին էլ չափազանցություն չէր։
Լուսանկարչությունը այսօր մատչելի է բոլորին, և այն փաստը, որ ամեն տարի միլիարդավոր լուսանկարներ են արվում, ցույց է տալիս, որ լուսանկարչությունը չի կորցրել իր հեղինակությունը։ Ընդհակառակը՝ այն ավելի մեծ ճանաչում է գտել թվային ֆոտոխցիկների շնորհիվ, որոնք մեգակետիկներով են պահում պատկերը։ Այս ապարատն ունի հիշողության փոքր չիփ, որը կարող է հարյուրավոր նկարներ պահել իր մեջ։ Բարձրորակ նկարներ կարելի է տպել նույնիսկ տանը՝ համակարգչի և տպիչ սարքի միջոցով։ Իսկապես, լուսանկարչությունը երկար ճանապարհ է անցել մինչև մեզ հասնելը։
[Նկար 14–րդ էջի վրա]
Փարիզի համայնապատկերը՝ արված դագերոտիպիայի եղանակով, 1845 թ.
[Նկար 14–րդ էջի վրա]
Առաջին լուսանկարի մոտավոր կրկնօրինակը, 1826 թ.
[Նկար 14–րդ էջի վրա]
Օբսկուր–խուց, որն օգտագործել են շատ նկարիչներ
[Նկար 15–րդ էջի վրա]
Նիեպսը
[Նկար 17–րդ էջի վրա]
Լուի Դագերի ապարատը և 1844 թ. դագերոտիպիան
[Նկար 17–րդ էջի վրա]
Վիլյամ Թալբոտի ստուդիան 1845 թ.–ին և նրա ապարատները
[Նկար 17–րդ էջի վրա]
Ջորջ Իսթմենի նկարը, որտեղ նա իր ձեռքին ունի «Կոդակ» №2 ապարատը և փոկանիվ ունեցող №1 ապարատը (1890 թ.)
[Նկար 17–րդ էջի վրա]
Տեսարան այն վայրից, որն այժմ հայտնի է որպես «Էլոուսթսոն» ազգային պարկ (1871 թ. Վ. Հ. Ջեքսոն)
[Նկար 17–րդ էջի վրա]
Ժամանակակից թվային ֆոտոխցիկները նկարում են մեգակետիկներով
[Նկար/թույլտվությամբ 14–րդ էջի վրա]
Panoramic of Paris։ Photo by Bernard Hoffman/Time Life Pictures/Getty Images; Niepce’s photograph։ Photo by Joseph Niepce/Getty Images; camera obscura։ Culver Pictures
[Նկար/թույլտվությամբ 16–րդ էջի վրա]
Page 17։ Talbot’s studio։ Photo by William Henry Fox Talbot & Nicholaas Henneman/Getty Images; Talbot’s camera։ Photo by Spencer Arnold/Getty Images; Kodak photo, Kodak camera, and Daguerre camera։ Courtesy George Eastman House; Yellowstone։ Library of Congress, Prints & Photographs Division, LC-USZ62-52482