Որո՞նք են պատճառները
ԱՆԻՐԱԿԱՆ է ակնկալել, որ ամուսնության մեջ խնդիր չլինի։ Նույնիսկ իրար համապատասխանող զույգերի միջև չի կարող կատարյալ ներդաշնակություն լինել։ Հետևաբար, ինչ–ինչ դժվարություններ անխուսափելի են։ Ինչպես ժանգն է մետաղը քայքայում ներկի տակից, այնպես էլ կան մի շարք գործոններ, որոնք աստիճանաբար թուլացնում են ամուսնական կապը։ Որպեսզի պարզենք, թե ինչպես կարելի է ամրացնել այդ կապը, նախ քննենք, թե ինչը կարող է թուլացնել այն։
Ծանր ժամանակներ
Աստվածաշունչը կանխագուշակել է, որ մեր ժամանակներում շատ մարդիկ կլինեն «անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ.... անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, բարեգործություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ» (2 Տիմոթեոս 3։2–4)։ Նման հատկությունները կարող են խորացնել տարաձայնությունները և ավելի «գունեղ» դարձնել վիրավորական խոսքերը, որոնք ասելը անկատար մարդու համար առանձնապես մեծ դժվարություն չի ներկայացնում։
«Ամուսնության պատմությունը թևակոխել է մի անհասկանալի փուլ,— նշում է մի մասնագետ։— Մի կողմից՝ .... ձեռքի տակ ունենք, կարելի է ասել, անսահման քանակությամբ տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարող են ամուսինները ամրացնել իրենց միությունը.... մյուս կողմից՝ բախվում ենք սոցիալական ու տնտեսական անթիվ դժվարությունների, որոնք կապկպում են մեր ձեռքերը և թույլ չեն տալիս երջանիկ լինել ամուսնության մեջ»։
Անիրական ակնկալիքներ
Ամուսնական և ընտանեկան հարցերով մի մասնագետ բացատրում է. «Անիրական ակնկալիքները ամուսնական կյանքից դժգոհ լինելու հիմնական պատճառներից մեկն է»։ Շատերի պատրանքները հօդս են ցնդում, երբ նրանք հայտնաբերում են, որ ամուսնությունը ամենևին էլ այն չէ, ինչ իրենք ակնկալում էին, իսկ կողակիցը ամենևին էլ իրենց պատկերացրածը չէ։ Նրանք իրենց զգում են հիասթափության ճահճի մեջ՝ տեսնելով կողակցի՝ նախկինում անտեսանելի թերությունները կամ հասկանալով, որ նրա որոշ թերություններ իրականում տանելի չեն։
Աստվածաշունչը պարզ ասում է, որ ամուսնացածները «նեղություն [այսինքն՝ զանազան դժվարություններ] կունենան» (1 Կորնթացիներ 7։28)։ Ինչո՞ւ է այդպես։ Պատճառներից մեկն այն է, որ երկու անկատար մարդկանց փոխհարաբերությունը ուշ թե շուտ բացահայտում է նրանց թերությունները։
Բացի դրանից, շատերը անիրատեսորեն ակնկալում են երջանիկ ամուսնական կյանք, մինչդեռ ջանք չեն գործադրում դրան հասնելու համար։ Կուրացած լինելով այն մտքից, որ ամուսնանալուն պես երանության մեջ կհայտնվեն՝ նրանք չեն էլ մտածում, որ ամուսնական կապը նշանակում է պատասխանատվություններ ու մեծ ջանքեր։ Իրականության հետ բախումը շատ ցավալի է լինում, և նրանք, ըստ ամենայնի, հիասթափվում ու անելանելի դրության մեջ են ընկնում։ Հաճախ ինչքան ավելի մեծ են լինում մոլորությունները ամուսնության վերաբերյալ, այնքան ավելի մեծ են լինում վհատությունն ու տառապանքը։
Հաղորդակցության ճգնաժամ
Ո՞ր խնդիրներն են խոչընդոտում ամուսինների լավ հաղորդակցությանը։ Սա իմանալը նրանց կօգնի ամրացնել ամուսնական կապը։ Օրինակ՝ ոմանք լսում և հաղորդակցվում են առանց լսելու և հաղորդակցվելու։ Մտերմիկ և քաղցր զրույցները փոխարինվում են ատամների արանքից դուրս շպրտված սառը խոսքերով։ Իմաստալից խոսակցություններին փոխարինում են անդադար վեճերը անգամ ամենաչնչին բաների վերաբերյալ։ Փոխըմբռնման պակասը ծնում է գժտություն, վիրավորական խոսքերը դեմ են առնում գերեզմանային լռությանը։
Ցավոք, շատ զույգեր կա՛մ չեն նկատում իրենց կողակցի լավ գծերը, կա՛մ էլ նկատում են, բայց չեն արտահայտում իրենց գնահատանքը։ Բացի այդ, աշխատող շատ կանայք նյարդայնանում են այն բանից, որ գործից հետո պետք է շարունակեն «աշխատել» նաև տանը։ Այսօր կանանց ցավ է պատճառում նաև այն, որ իրենց զգացմունքները ամուսիններին չեն հետաքրքրում։
Ի՞նչ կարող եք անել, որ ձեր ամուսնությունը երջանիկ լինի։ Հաջորդ հոդվածում կարդացեք Աստվածաշնչի վրա հիմնված գործնական խորհուրդներ։
[Մեջբերում 4–րդ էջի վրա]
Ոմանք լսում և հաղորդակցվում են առանց լսելու և հաղորդակցվելու
[Մեջբերում 5–րդ էջի վրա]
Շատերը ակնկալում են երջանիկ ամուսնական կյանք, մինչդեռ ջանք չեն գործադրում դրա համար