Դիտում ենք աշխարհը
◼ «Այս տարի [2007 թ. Արկտիկայի] հսկայական սառույցների անհետացումը ապշեցրել է մեզ, քանի որ համեմատած նախորդ տարվա հետ՝ այդ երևույթը ոչ միայն ավելի է շատացել, այլև գերազանցում է մեր սպասելիքները» (ՄԱՐԿ ՍԵՌԱ, ԿՈԼՈՐԱԴՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏՆԱԿԱՆ (NATIONAL SNOW AND ICE DATA CENTER, ԱՄՆ))
◼ «Մի խումբ տնտեսագետներ այն կարծիքին են, որ «եթե յուրաքանչյուր մարդ սպառի այնքան ռեսուրս, որքան Միացյալ Նահանգներն է սպառում, ապա միայն ԱՄՆ–ի համար 5,3 Երկիր մոլորակ է պետք, որպեսզի նորից ռեսուրսներ ունենա... Իսկ Ֆրանսիայի ու Բրիտանիայի համար անհրաժեշտ է 3,1 Երկիր մոլորակ, Իսպանիայի համար՝ 3,0, Գերմանիայի համար՝ 2,5, Ճապոնիայի համար՝ 2,4» (REUTERS NEWS SERVICE, ԲՐԻՏԱՆԻԱ)
Ավելի շատ վնաս, քան օգուտ
«Պահածոյացված արյան փոխներարկումը հիվանդների մեծամասնությանը ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ է բերում»,— ասվում է Դյուքի համալսարանի բժշկական կենտրոնի հաշվետվության մեջ (Դուրհամ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)։ Հետազոտությունների համաձայն՝ «հավանականությունը մեծ է, որ [այն հիվանդները, որոնց արյուն է ներարկվել] կունենան սրտամկանի ինֆարկտ, սրտի անբավարարվածություն, կաթված և նույնիսկ կարող են կանգնել մահվան վտանգի առաջ»՝ ի տարբերություն անարյուն վիրաբուժություն ընտրած հիվանդների։ Ինչո՞ւ։ «Արյան կարմիր գնդիկներում (էրիթրոցիտներում) եղող ազոտի օքսիդը քայքայվում է անմիջապես այն բանից հետո, երբ արյունը դուրս է գալիս մարմնից»։ Ազոտի օքսիդը նպաստում է, որ արյան անոթները չխցանվեն, և այդպիսով արյան կարմիր գնդիկները թթվածինը հասցնեն մարմնի հյուսվածքներին։ «Ըստ երևույթին, արյունը, որը ներարկվում է միլիոնավոր հիվանդների, չի կարողանում թթվածին մատակարարել»,— նշվում է հաշվետվության մեջ։
Հեռուստացույցի զոհերը
Տասնամյակներ շարունակ Բութանի փոքրիկ թագավորությունը դեմ է եղել, որ երկրում հեռուստացույց ներմուծվի։ Սակայն այն բանից հետո, երբ շատ բնակիչներ բողոքեցին, որ չկարողացան տեսնել 1998 թ. ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնությունը, կառավարությունը 1999 թ.–ին դրական լուծում տվեց այդ խնդրին։ Այսօր բնակիչները հեռուստացույցով կարող են դիտել 40 ալիք։ Մի զեկույցի համաձայն՝ նրանք արդեն տարվել են հոլիվուդյան ֆիլմերով և հնդկական հեռուստասերիալներով։ Մարդիկ այլևս չեն հավաքվում միասին երգելու և զրուցելու, ինչպես որ սովոր էին անել։ Փոխարենը՝ ընտանիքներով հավաքվում են հեռուստացույցի առջև։ Թերթերից մեկում գրվել էր, որ մի կին դժգոհելով ասել էր, որ էլ ոչ մի բանի ժամանակ չունի, այդ թվում նաև աղոթելու։ Նա նաև նշել էր. «Չնայած պտտում եմ գրավոր աղոթքներիս գլանակը, բայց ուշք ու միտքս միայն հեռուստացույցն է»։ Նույն աղբյուրը տեղեկացնում է. «Սակայն Բութանի բնակիչներին ամենից շատ անհանգստացնում է այն, որ իրենք սկսել են գնել այնպիսի իրեր, որոնց կարիքը չունեն. երևույթ, որ տարածված է նաև աշխարհի մյուս մասերում։ Հեռուստացույցը և գովազդները ցանկություն են առաջացնում գնելու իրեր, որոնց համար մարդիկ միջոցներ չունեն» («Qatar daily The Peninsula»)։
Խելակորույս աշխատողը
«Հաճախ թվում է, թե օֆիսում աշխատողը պիտի միայն անդադար զանգերի պատասխանի և իր աշխատանքն ընդհատող մարդկանց հարցերին արձագանքի»,— ասվում է «Նյու սայենթիստ» հանդեսում։ Հետազոտողները պարզել են, որ ինֆորմացիոն բնագավառում միջին հաշվով երեք րոպեն մեկ ընդհատում են օֆիսային աշխատողներին։ Քանի որ այդ ընդհատումները յուրաքանչյուր աշխատանքային օրվա մեջ կարող են երկու ժամ խլել, որոշ զբաղված աշխատողներ այնպիսի համակարգիչներ են օգտագործում, որպեսզի կարողանան զատորոշել, թե որ զանգերն են հրատապ։ Կան մի քանի առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել բոլորին, օրինակ՝ «անկեղծ եղիր մարդկանց հետ.... ասա նրանց, որ դու իրոք մեկ րոպե անգամ չունես, եթե իհարկե այդպես է», վերջապես, դու կարող ես «անջատել քո էլեկտրոնային փոստը, հեռախոսը և փեյջերը, մինչև որ ավարտես աշխատանքը»։