Ե՞րբ է սկիզբ առնում մարդկային կյանքը
«ՄԱՅՐՍ 17 տարեկանում հղիացավ։ Յոթուկես ամիս հետո նա որոշեց դիմել աղային աբորտիa,— պատմում է Ջիանան։— Ես այն անձնավորությունն եմ, որին մայրս աբորտ արեց, սակայն մահանալու փոխարեն՝ կենդանի մնացի»։
Այս վկայությունը 19–ամյա Ջիանան տվել է 1996 թ.–ին Միացյալ Նահանգներում աբորտի թեմայով դատալսման ժամանակ։ Յոթուկես ամսականում նրա մարմնի մասերը լիովին զարգացած են եղել։ Հավանաբար կհամաձայնվես, որ Ջիանան արդեն կազմավորված մարդ է եղել, քանի որ նրա կյանքը շարունակվել է նաև արգանդից դուրս։
Ուշագրավ է այն, որ հինգ շաբաթական սաղմը ունենում է 1 սանտիմետր երկարություն։ Թեև նրա մարմնի մասերը դեռևս ամբողջովին կազմավորված չեն, սակայն նյարդային համակարգը, այդ թվում նաև ուղեղը արդեն ձևավորված են։ Նրա սիրտը զարկում է րոպեում 80 անգամ, ինչի շնորհիվ կատարվում է արյան շրջանառությունը։
Բեղմնավորում. հրաշք պրոցես
Սաղմի բոլոր մասերի կազմավորումը սկսվում է բեղմնավորման պահից, երբ կնոջ ձվաբջիջը միանում է տղամարդու սերմնաբջջին։ Այսօր նոր սարքավորումների շնորհիվ գիտնականները կարողանում են հետևել այս զարմանահրաշ պրոցեսին, որը տեղի է ունենում բեղմնավորված մեկ բջջի միջուկում։ Հոր և մոր ԴՆԹ–ի (դեզօքսիռիբոնուկլեինային թթու) մոլեկուլները միանում են, և սկիզբ է առնում մի կյանք, որը մինչ այդ գոյություն չուներ։
Իսկապես, այս մեկ բջջից նոր օրգանիզմ է ձևավորվում։ Այս նախագծի «շինարարությունը» որոշվում է մեր գեներով, որոնք ԴՆԹ–ի սեգմենտներն են։ Նոր բջջի ԴՆԹ–ի մոլեկուլներն էլ որոշում են, թե ինչպիսին կլինի մարդու հասակը, դիմագծերը, աչքերի ու մազի գույնը և հազարավոր այլ առանձնահատկություններ։
Երբ այդ մեկ բջիջը բաժանվում է, ամեն մի նոր բջիջ իր մեջ ունենում է գենետիկական ծրագրի կրկնօրինակը։ Զարմանալի է, դրանցից յուրաքանչյուրն այնպես է ծրագրավորված, որ դառնա այն բջիջը, որն անհրաժեշտ է, օրինակ՝ սրտի հյուսվածքների, ուղեղի, ոսկորի, մաշկի և նույնիսկ մեր աչքերի թափանցիկ հյուսվածքների բջիջ։ Անհերքելի է այն փաստը, որ մարդու սկզբնական կազմավորումը «հրաշք» է։
«Հետաքրքիր է, մարդու կազմվածքը ամբողջովին ծրագրավորվում է, երբ դեռ ընդամենը մեկ բջիջ կա»,— ասում է հայտնի մոլեկուլային կենսաբան դոկտոր Դեյվիդ Ֆուչին։ Նա եկել է հետևյալ եզրահանգման. «Ոչ մի կասկած չի կարող լինել, որ յուրաքանչյուր մարդու գոյությունը իսկապես անզուգական է հենց բեղմնավորման պահից սկսած»։
Մարդ արգանդի ներսո՞ւմ
Բեղմնավորման պահից սկսած՝ երեխան ոչ թե մոր օրգանիզմի մի մասն է, այլ առանձին անձնավորություն։ Հետաքրքիր է, որ մոր օրգանիզմի համար երեխան օտար մարմին է։ Եթե արգանդում չլինի «պաշտպանական մթնոլորտ», ապա օրգանիզմը անմիջապես դուրս կմղի երեխային։ Հետևաբար եթե կա մարդկային նոր կյանք՝ առանձնացված պաշտպանական թաղանթով, ուրեմն գոյություն ունի անձնավորություն՝ իր անզուգական ԴՆԹ–ով։
Ոմանք տրամաբանում են, որ եթե կնոջ օրգանիզմը ինքնաբերաբար վիժում է բեղմնավորված ձվաբջիջը, ինչը որևէ հիվանդության ախտանշան է, ապա ինչո՞ւ բժիշկը չի կարող ընդհատել հղիությունը։ Պետք է նշել, սակայն, որ մեծ տարբերություն գոյություն ունի ինքնաբեր վիժման և կանխամտածված արհեստական վիժման միջև։ Օրինակ՝ Հարավային Ամերիկայի երկրներից մեկում 1 000 երեխայից 71–ը ծնվելուց հետո առաջին տարվա ընթացքում մահանում է։ Բայց արդյոք ճիշտ կլինի՞ սպանել մեկ տարեկան երեխային զուտ այն պատճառով, որ այդ տարիքի երեխաներից շատերը մահանում են վաղաժամ։ Իհա՛րկե ոչ։
Հետաքրքիր է, թե ինչպես է Աստվածաշնչում նկարագրվում մոր արգանդում գոյություն ունեցող երեխայի կյանքը։ Սաղմոսերգու Դավիթը գրել է. «Քո աչքերը տեսան իմ կերպարանքը [«սաղմը», ՆԱ]՝ դեռ անպատրաստ, եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը» (Սաղմոս 139։16)։ Սաղմոսերգուն չի խոսում պարզապես «սաղմի» մասին, նա ասում է «ի՛մ սաղմը»։ Հստակ է, որ Դավթի կյանքը սկիզբ է առել հենց բեղմնավորման պահից՝ ծնվելուց երկար ժամանակ առաջ։ Դեռ ավելին, Աստծու ներշնչանքով Դավիթը նաև ցույց է տալիս, որ իր մարմնի ձևավորումը մանրամասնորեն «գրված» կամ ծրագրված է եղել։
Ուշագրավ է նաև այն, որ Աստվածաշնչում չի ասվում, թե կնոջ արգանդում մսի գունդ է ձևավորվում։ Ընդհակառակը՝ «Յոբ» գրքում կարդում ենք. «Արու զաւակ գոյացաւ» (Յոբ 3։3)։ Այս համարը նույնպես ցույց է տալիս, որ, ըստ Աստվածաշնչի, մարդ արարածը արգանդում ձևավորվում է բեղմնավորման պահից սկսած։ Այո՛, հենց այդ ժամանակ է սկիզբ առնում մարդկային կյանքը։
[Ծանոթագրություն]
a Աղային աբորտի ժամանակ աղի թունավոր լուծույթ են ներարկում մոր արգանդ։ Պտուղը կուլ է տալիս այն և երկու ժամվա ընթացքում մահանում է։ 24 ժամից ցավեր են սկսվում, և կինը ծննդաբերում է մեռած երեխա։ Հազվադեպ է լինում, որ երեխան կենդանի է ծնվում։
[Նկար 6–րդ էջի վրա]
Հինգ շաբաթական սաղմը պարզապես մսի գունդ չէ. սաղմնային շրջանում արդեն ձևավորվում են օրգանները
(իսկական չափը)