-
Գաղտնիք 1 Ճիշտ առաջնահերթություններ2010 Արթնացե՛ք | հունվար
-
-
Գաղտնիք 1 Ճիշտ առաջնահերթություններ
«Հավաստիացեք, թե որ բաներն են ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)
Ի՞նչ է դա նշանակում։ Հաջող ամուսնության մեջ կողակիցներից յուրաքանչյուրը մյուսի շահերը վեր է դասում անձնական շահերից, ինչպես նաև իր աշխատանքից, ունեցվածքից, ընկերներից, անգամ հարազատներից։ Երջանիկ ընտանիքում ամուսինն ու կինը շատ ժամանակ են անցկացնում միասին և երեխաների հետ։ Հանուն իրենց ընտանիքի բարօրության նրանք պատրաստ են գնալու ցանկացած զոհողության (Փիլիպպեցիներ 2։4)։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Աստվածաշունչը մեծ շեշտ է դնում ընտանիքի վրա։ Պողոս առաքյալն անգամ գրեց, որ այն անձնավորությունը, որը հոգ չի տանում իր ընտանիքի մասին, «անհավատից էլ վատն» է (1 Տիմոթեոս 5։8)։ Սակայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում առաջնահերթությունները փոխվեն։ Օրինակ՝ ընտանեկան մի խորհրդատու նկատել է, որ մարդկանցից շատերը ավելի կենտրոնացած են աշխատանքի և կարիերա ստեղծելու վրա, քան իրենց ընտանիքի։ Նա ասում է, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այդ մարդիկ ուզում են հապճեպ լուծել իրենց ընտանիքի խնդիրները ու «կարևոր գործերի ցուցակից հանել ընտանիքը, որպեսզի այլևս չմտածեն ընտանիքի մասին և նորից կենտրոնանան իրենց աշխատանքի վրա»։ Փաստորեն, ավելի հեշտ է ասել, որ մեր կյանքում ընտանիքը առաջին տեղում է, քան ամեն ինչ անել, որ այդպես լինի։
Փորձիր հետևյալը։ Ստորև բերված հարցերի միջոցով ստուգիր, թե որքան կարևոր է քեզ համար քո ընտանիքը։
◼ Հնարավորության դեպքում անմիջապես արձագանքո՞ւմ եմ, երբ կողակիցս կամ երեխաս ուզում է ինձ հետ զրուցել։
◼ Իմ զբաղմունքների մասին ուրիշներին պատմելիս հաճա՞խ եմ խոսում ընտանիքիս մասին։
◼ Երբ ընտանիքս իմ կարիքն ունենում է, պատրա՞ստ եմ հրաժարվելու որոշ պարտականություններից (աշխատանքի կամ այլ գործերի հետ կապված)։
Եթե դրական պատասխան տվեցիր այս հարցերին, ուրեմն կարելի է ասել, որ ճիշտ առաջնահերթություններ ես դնում։ Իսկ ինչպե՞ս կպատասխանեին այս հարցերին կողակիցդ և երեխաներդ։ Միայն քո կարծիքը բավարար չէ որոշելու համար, թե արդյոք ճիշտ առաջնահերթություններ ես դնում կյանքում։ Այս մոտեցումը կիրառելի է նաև ընտանիքում հաջողության հասնելու հետ կապված այլ հարցերում, որոնք կքննարկվեն հաջորդ հոդվածներում։
Լուրջ որոշում կայացրու։ Մտածիր, թե ինչ կարող ես անել, որ ընտանիքդ քո կյանքում առաջին տեղում լինի։ Օրինակ՝ ո՞ր գործերն են քեզնից խլում այն ժամանակը, որը կարող էիր տրամադրել կողակցիդ և երեխաներիդ։
Քո կայացրած որոշման մասին տեղյակ պահիր ընտանիքիդ։ Երբ տան անդամներից մեկը պատրաստ է փոփոխություն անելու, հավանականությունը ավելի մեծ է, որ մյուսներն էլ այդպես կանեն։
[նկար 3-րդ էջի վրա]
Հաղթում է նա, ում համար առաջին տեղում ընտանիքն է
-
-
Գաղտնիք 2 Նվիրվածություն2010 Արթնացե՛ք | հունվար
-
-
Գաղտնիք 2 Նվիրվածություն
«Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6)
Ի՞նչ է դա նշանակում։ Երջանիկ են այն կողակիցները, ովքեր իրենց ամուսնությունը հարատև միություն են համարում։ Այդ պատճառով, երբ խնդիրներ են ծագում, նրանք ոչ թե ամուսնալուծվում են, այլ ձգտում են հարթել դրանք։ Նվիրված ամուսինները ապահով են զգում, քանի որ վստահ են, որ իրենցից յուրաքանչյուրը ամուր կպահի այդ միությունը։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Երջանիկ ամուսնության հիմքում ընկած է նաև նվիրվածությունը։ Բայց ամուսնությունը կարող է դառնալ կողակիցների կողմից ստիպողաբար կնքված մի պայմանագիր, եթե ընտանիքում անընդհատ խնդիրներ ծագեն և չլուծվեն։ Այդ ժամանակ «միայն մահը մեզ կբաժանի» խոստումը դառնում է սառը պայմանագիր, և կողակիցները ձգտում են միջոցներ փնտրել օրինական ճանապարհով շրջանցելու իրենց պարտականությունները։ Գուցե նրանք բառացիորեն վերջ չդնեն իրենց ամուսնությանը, սակայն փոխաբերական առումով հեռանան իրարից, օրինակ՝ անտարբեր լինեն ու լռեն այն դեպքում, երբ ընտանիքում լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է քննարկել ու լուծել։
Փորձիր հետևյալը։ Ստորև բերված հարցերի միջոցով ստուգիր, թե որքան նվիրված ես կողակցիդ։
◼ Երբ վիճաբանություններ են լինում մեր միջև, արդյոք զղջո՞ւմ եմ, որ ամուսնացել եմ նրա հետ։
◼ Հաճա՞խ եմ երազում մեկ ուրիշի մասին և պատկերացնում, թե ինչպիսին կլիներ կյանքս նրա հետ։
◼ Հաճա՞խ եմ կողակցիս ասում՝ ես կհեռանամ քեզնից կամ ես կգտնեմ մեկին, ով կգնահատի ինձ։
Լուրջ որոշում կայացրու։ Մտածիր, թե ինչ կարող ես անել, որպեսզի ամրացնես ձեր ամուսնական միությունը։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ մի երկտող գրիր կողակցիդ, աշխատավայրում ունեցիր նրա նկարը, ամեն օր աշխատավայրից զանգահարիր նրան։
Կարող ես մի քանի տարբերակ մտածել և հարցնել կողակցիդ, թե դրանցից որը կնախընտրեր։
[նկար 4-րդ էջի վրա]
Ճաղաշարի շնորհիվ մեքենան դուրս չի գալիս ճանապարհից. նվիրվածության շնորհիվ էլ ամուսնությունը չի շեղվում իր ուղուց
[թուլյտվությամբ]
© Corbis/age fotostock
-
-
Գաղտնիք 3 Համագործակցություն2010 Արթնացե՛ք | հունվար
-
-
Գաղտնիք 3 Համագործակցություն
«Երկուսը լաւ է քան թէ մէկը.... եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ» (Ժողովող 4։9, 10)
Ի՞նչ է դա նշանակում։ Երջանիկ են այն ամուսինները, ովքեր ընդունում եմ Աստծու սահմանած գլխավորության սկզբունքը, որի մասին գրված է Աստվածաշնչում (Եփեսացիներ 5։22–24)։ Թեև ամուսինն է տան գլուխը, այդուհանդերձ, թե՛ նա, թե՛ կինը պետք է համագործակցեն իրար հետ։ Նրանք պիտի հիշեն, որ այլևս ամուրի չեն, որ «ես»–ն ու «իմ»–ը դարձել է «մենք» ու «մեր»։ Աստվածաշունչը ամուսինների վերաբերյալ ասում է, որ նրանք «մեկ մարմին» են, իսկ դա նշանակում է, որ վերջիններս ոչ միայն պետք է անբաժանելի լինեն, այլև մտերիմ (Ծննդոց 2։24)։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Երբ կողակիցները չեն համագործակցում, փոքր խնդիրները վերածվում են մեծ խնդիրների. այդ դեպքում յուրաքանչյուրը սկսում է կենտրոնանալ մյուսի սխալների վրա և ոչ թե պրոբլեմի։ Համագործակցող ամուսինները պիտի լինեն օդաչուների նման, որոնք լավ համագործակցության շնորհիվ կարողանում են միասին վարել ինքնաթիռը, և ոչ թե լինեն տարբեր ինքնաթիռների օդաչուների պես, որոնք ուր որ է իրար կբախվեն։ Իսկ եթե ինչ–որ հարցում էլ համաձայն չեն, իրար մեղադրելու փոխարեն՝ պիտի գործնական առաջարկներ անեն։
Փորձիր հետևյալը։ Ստորև բերված հարցերի միջոցով ստուգիր, թե արդյոք համագործակցում ես կողակցիդ հետ։
◼ Արդյոք աշխատած փողը «ի՞մն» եմ համարում այն պատճառով, որ ես եմ վաստակել այն։
◼ Խուսափո՞ւմ եմ կողակցիս հարազատներից։
◼ Լիարժեքորեն հանգստանալու համար արդյոք ուզո՞ւմ եմ հեռու լինել իմ կողակցից։
Լուրջ որոշում կայացրու։ Մտածիր, թե ինչ կարող ես անել, որպեսզի ավելի լավ համագործակցես կողակցիդ հետ։
Հարցրու կողակցիդ, թե ինչ կարող է առաջարկել։
[նկար 5-րդ էջի վրա]
Օդաչուների նման՝ ամուսինները համագործակցում են իրար հետ
-
-
Գաղտնիք 4 Հարգանք2010 Արթնացե՛ք | հունվար
-
-
Գաղտնիք 4 Հարգանք
«Ամեն.... գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից» (Եփեսացիներ 4։31)
Ի՞նչ է դա նշանակում։ Բոլոր ընտանիքներում էլ լինում են տարաձայնություններ։ Սակայն լավ ամուսինները քննարկում են հարցերը առանց իրար ծաղրելու և վիրավորական խոսքեր ասելու։ Ընտանիքի անդամները իրար վերաբերվում են այնպես, ինչպես ուզում են, որ իրե՛նց վերաբերվեն (Մատթեոս 7։12)։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Մեր խոսքերը կարող են սրի պես խոցել դիմացինին։ Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Լաւ է բնակուիլ ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացոտ կնոջ հետ» (Առակաց 21։19)։ Այս խոսքերը վերաբերում են նաև կռվարար տղամարդուն։ Իսկ երեխաներին դաստիարակելու առնչությամբ Աստվածաշնչում գրված է. «Մի՛ բարկացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կողոսացիներ 3։21)։ Եթե ծնողները անընդհատ քննադատեն երեխաներին, ապա վերջիններիս կթվա, թե անհնար է հաճեցնել նրանց։ Դա կարող է ընկճել երեխաներին։
Փորձիր հետևյալը։ Ստորև բերված հարցերի միջոցով ստուգիր, թե արդյոք հարգանքո՞վ ես վերաբերվում ընտանիքիդ անդամներին։
◼ Երբ տարաձայնություններ են լինում, ընտանիքի անդամներից մեկը զայրացած հեռանո՞ւմ է սենյակից։
◼ Երբ խոսում եմ կողակցիս կամ երեխաներիս հետ, օգտագործո՞ւմ եմ վիրավորական խոսքեր, օրինակ՝ «հիմար», «ապուշ» կամ նման բառեր։
◼ Մեծացել եմ այնպիսի շրջապատում, որտեղ մարդիկ հաճա՞խ են վիրավորական խոսքեր օգտագործել։
Լուրջ որոշում կայացրու։ Մտածիր, թե ինչպես կարող ես խոսքերով հարգանք դրսևորել ընտանիքիդ անդամների նկատմամբ։ Առաջարկ. տարաձայնությունների ժամանակ օգտագործիր «ես» և ոչ թե «դու» բառը։ Օրինակ՝ «դու միշտ....» արտահայտության փոխարեն՝ ասա «ես ինձ վիրավորված եմ զգում, երբ դու....»։
Քո որոշման մասին հայտնիր կողակցիդ։ Երեք ամիս հետո հարցրու նրան, թե արդյոք առաջադիմություն նկատո՞ւմ է։
Վճռիր երեխաներիդ հետ խոսելիս չվիրավորել նրանց։
Եթե երեխաներիդ հետ կոպտորեն կամ ծաղրանքով ես խոսել, ներողություն խնդրիր նրանցից։
[նկար 6-րդ էջի վրա]
Ինչպես օվկիանոսի ալիքներն են քայքայում ժայռը, այնպես էլ վիրավորական խոսքերն են թուլացնում ձեր ընտանեկան կապերը
-
-
Գաղտնիք 5 Խոհեմություն2010 Արթնացե՛ք | հունվար
-
-
Գաղտնիք 5 Խոհեմություն
«Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի» (Փիլիպպեցիներ 4։5)
Ի՞նչ է դա նշանակում։ Երջանիկ ընտանիքում ամուսինները հաճախ են ներում իրար (Հռոմեացիներ 3։23)։ Նրանք նաև չափազանց խիստ չեն վարվում երեխաների հետ, ոչ էլ թույլ են տալիս նրանց անելու ինչ որ ուզեն։ Ուստի ծնողները մի շարք խոհեմ կանոններ են հաստատում ընտանիքում։ Իսկ երբ հարկ է լինում խրատելու երեխաներին, «չափավորությամբ» են անում դա (Երեմիա 30։11, ԱԱ)։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Աստվածաշունչն ասում է, որ «վերին իմաստությունը.... խոհեմ» է (Հակոբոս 3։17)։ Եթե Աստված մարդկանցից կատարելություն չի ակնկալում, ապա ինչո՞ւ ամուսինները պիտի նման բան ակնկալեն իրարից։ Իրականում, երբ ամուսինները քննադատաբար են վերաբերվում միմյանց, խնդիրները լուծելու փոխարեն՝ միայն վիրավորում են իրար։ Ավելի լավ է ընդունել այն փաստը, որ «բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2)։
Երջանիկ են այն ծնողները, ովքեր խոհեմություն են դրսևորում իրենց երեխաներին դաստիարակելիս։ Նրանք չափից շատ չեն խրատում նրանց, ուստի երեխաներին «դժվար չէ հաճեցնել» ծնողներին (1 Պետրոս 2։18)։ Եթե երեխաներն արդեն որոշ հարցերի պատասխանատվության զգացումով են վերաբերվել, ապա ծնողները կարող են որոշակի ազատություն տալ նրանց։ Նրանք չպետք է փորձեն ամեն ինչում հսկել երեխաներին։ Մի աշխատության մեջ նշվում է, որ երբ ծնողները ամեն հարցում փորձում են պատանիներին վերահսկել, դա նման է «այն ծիսական ակտիվ պարերին, որոնց նպատակն է աստվածներից անձրև խնդրել։ Թեև այդպես էլ անձրև չի գալիս, բայց արդյունքում պարողները հոգնում են և ուժասպառ լինում»։
Փորձիր հետևյալը։ Ստորև բերված հարցերի միջոցով ստուգիր, թե արդյոք խոհեմ ես։
◼ Ե՞րբ եմ վերջին անգամ գովել կողակցիս։
◼ Ե՞րբ եմ վերջին անգամ քննադատել կողակցիս։
Լուրջ որոշում կայացրու։ Եթե դժվարանում ես պատասխանել շրջանակում գտնվող առաջին հարցին, բայց հեշտությամբ պատասխանում ես երկրորդին, ապա մտածիր, թե ինչ նպատակ կարող ես դնել։
Կողակցիդ հետ քննարկիր, թե ինչ փոփոխություններ պետք է անեք ընտանիքում։
Մտածեք, թե որ հարցերում կարող եք որոշակի ազատություն տալ ձեր պատանի երեխային, որն արդեն փաստել է, որ պատասխանատվության զգացում ունի։
Երեխաներիդ հետ քննարկիր որոշ հարցեր, ինչպես օրինակ՝ որ ժամին նրանք պետք է տանը լինեն։
[նկար 7-րդ էջի վրա]
Զգուշավոր վարորդի նման՝ ընտանիքի խոհեմ անդամները պատրաստ են զիջելու իրար
-
-
Գաղտնիք 6 Ներողամտություն2010 Արթնացե՛ք | հունվար
-
-
Գաղտնիք 6 Ներողամտություն
«Շարունակե՛ք համբերել մեկդ մյուսիդ և մեծահոգաբար ներել իրար» (Կողոսացիներ 3։13)
Ի՞նչ է դա նշանակում։ Երջանիկ են այն ամուսինները, ովքեր սովորում են իրենց սխալներից։ Նրանք չեն մտապահում հին վիրավորանքները և անընդհատ չեն ասում՝ «դու միշտ ուշանում ես» կամ «դու երբեք չես լսում ինձ»։ Թե՛ ամուսինը, թե՛ կինը հասկանում են, որ «մարդիս.... փառքը յանցանք ներելն է» (Առակաց 19։11)։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Աստված պատրաստ է ներելու։ Ցավոք, մարդիկ երբեմն թերանում են այս հարցում (Սաղմոս 86։5)։ Երբ խնդիրները մնում են անլուծելի, վիրավորանքի զգացումն այնքան է խորանում, որ կողակցին ներելն անհնար է դառնում։ Նման դեպքերում ամուսինները չեն ցանկանում հաղորդակցվել իրար հետ և անտարբեր են դառնում կողակցի զգացմունքների հանդեպ։ Ու թեև շարունակում են միասին ապրել, սակայն արդեն ապրում են առանց սիրո։
Փորձիր հետևյալը։ Ժամանակ առ ժամանակ աչքի անցկացրու ձեր հարսանիքի կամ մտերմության շրջանի նկարները։ Փորձիր կրկին բոցավառել սիրո այն կրակը, որ կար ձեր մեջ։ Հիշիր, թե առաջին անգամ կողակցիդ որ հատկությունները գրավեցին քեզ։
◼ Ամենից շատ կողակցիս ո՞ր հատկությունն է ինձ դուր գալիս։
◼ Մտածիր, թե ինչ դրական ազդեցություն կթողնես երեխաներիդ վրա, եթե ավելի շատ ներողամիտ լինես։
Լուրջ որոշում կայացրու։ Մտածիր, թե ինչ կարող ես անել, որպեսզի տարաձայնությունների ժամանակ չհիշեցնես հին խնդիրները։
Գովիր կողակցիդ ու նշիր, թե նրա որ հատկություններն են քեզ դուր գալիս (Առակաց 31։28, 29)։
Մտածիր, թե ինչպես կարող ես ներողամտություն դրսևորել երեխաներիդ հանդեպ։
Երեխաներիդ հետ խոսիր ներողամտության մասին և բացատրիր, թե ինչպես է այդ հատկությունը օգուտներ բերում ընտանիքի բոլոր անդամներին։
[նկար 8-րդ էջի վրա]
Երբ ներում ես ինչ–որ մեկի պարտքը, այն նորից հետ չես պահանջում
-
-
Գաղտնիք 7 Ամուր հիմք2010 Արթնացե՛ք | հունվար
-
-
Գաղտնիք 7 Ամուր հիմք
Ի՞նչ է դա նշանակում։ Տունը կարող է տասնամյակներ շարունակ կանգուն մնալ, եթե ամուր հիմք ունի, հակառակ դեպքում այն կփլվի։ Նմանապես, ընտանիքը ամուր կլինի, եթե այն կառուցված լինի վստահելի խորհուրդների հիման վրա։
Ինչո՞ւ է դա կարևոր։ Ընտանեկան կյանքի մասին բազում խորհուրդներ կարելի է գտնել գրքերում, պարբերագրերում, հեռուստատեսային ծրագրերում։ Որոշ մասնագետներ անհաշտ ամուսիններին հորդորում են շարունակել ապրել միասին, իսկ ոմանք էլ այդ նույն զույգին քաջալերում են ամուսնալուծվել։ Փաստորեն, անգամ մասնագետներն են երբեմն փոխում իրենց կարծիքը։ Օրինակ՝ մի հայտնի թերապևտ, որը մասնագիտացել է պատանեկան խնդիրներին առնչվող հարցերում, 1994 թ.–ին գրեց. «Տարիներ առաջ այն կարծիքին եմ եղել, որ ավելի լավ է երեխաները ապրեն միայնակ ծնողի հետ, որը երջանիկ է, քան երկու ծնողների հետ, որոնք դժբախտ են։ Կարծում էի, թե ամուսնալուծությունը լավ տարբերակ է, քանի որ անիմաստ է պայքարել անհաջող ամուսնությունը պահպանելու համար»։ Սակայն քսան տարի հետո նա փոխեց իր տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Այդ կինը ասում է. «Ամուսնալուծությունը քայքայում է երեխաների կյանքը»։
Ամենալավ խորհուրդները, որ երբևէ կարելի է ստանալ, գրված են Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում։ Այս հոդվածներն ընթերցելիս թերևս նկատեցիք, որ 3–8-րդ էջերում տեղ գտած յուրաքանչյուր հոդվածի սկզբում աստվածաշնչյան համար է մեջբերված։ Այդ սկզբունքները շատերին են օգնել երջանիկ ընտանիք ունենալու։ Ճիշտ է, այդ ընտանիքներում էլ են լինում խնդիրներ, միակ տարբերությունն այն է, որ կողակիցները իրենց ընտանիքի ամուր հիմքը գցում են՝ առաջնորդվելով Աստվածաշնչի խորհուրդներով։ Իսկ Աստվածաշնչի Հեղինակը ընտանիքի Հիմնադիր Եհովա Աստված է (2 Տիմոթեոս 3։16, 17)։
Փորձիր հետևյալը։ 3–8-րդ էջերի հոդվածների սկզբում մեջբերված սուրբգրային համարները գրի առ թղթի վրա։ Ավելացրու աստվածաշնչյան այն համարները, որոնք օգնել են քեզ։ Նշումները ձեռքիդ տակ պահիր և հաճախ կարդա դրանք։
Լուրջ որոշում կայացրու։ Վճռիր կիրառել Աստվածաշնչի խորհուրդները քո ընտանիքում։
[նկար 8–րդ և 9-րդ էջերի վրա]
Եթե տունդ կառուցես Աստվածաշնչի հիմքի վրա, ապա ընտանիքդ կդիմանա փոթորիկներին
-