Մարդիկ, որոնց կարող եք վստահել
Արգենտինացի Սանտիագոն, որը տաքսու վարորդ է, երկար չմտածեց՝ ինչպես վարվել։ Երբ իր մեքենայում պայուսակ գտավ, նա այն վերադարձրեց տիրոջը։ Սանտիագոյի արարքը գուցե սովորական թվա, եթե հաշվի չառնենք, որ պայուսակում կար ավելի քան 32000 դոլար։
ԿԱՐՈ՞Ղ ԵՔ պատկերացնել մի աշխարհ, որտեղ ապրում են վստահելի մարդիկ։ Որքա՜ն կտարբերվեր կյանքը։ Դուք առանց վախենալու կկարողանայիք թողնել ձեր երեխային դայակի մոտ։ Ձեզ ո՛չ բանալիներ պետք կգային տան համար, ո՛չ էլ դռան կողպեքներ։ Արդյոք սա լոկ երազա՞նք է։
Բարոյական արժեքները պահելու օգուտները
Քրիստոնյա Պողոս առաքյալը իր և հավատակիցների մասին ասաց. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։ Հենց այսպես են ձգտում վարվել Եհովայի վկաները։ Նրանց նպատակն է դրսևորել այն հատկությունները, որոնց մասին գրված է Աստվածաշնչում, օրինակ՝ Եսայիա 33։15-ում. «Ով որ արդարությամբ է քայլում, ուղիղ բաներ է խոսում, մերժում է խաբեության անարդար շահը, հետ է պահում իր ձեռքը կաշառք վերցնելուց»։ Ինչպե՞ս են ոմանք վարվել այս խոսքերի համաձայն։
● «Ուղիղ բաներ խոսել»։ Դոմինգոն, որը Եհովայի վկա է, աշխատում է Ֆիլիպիններում՝ կոպրայի պլանտացիայում։ «Շատերը անազնվորեն են վարվում իրենց գործատերերի հետ,— ասում է նա։— Օրինակ՝ երբ կոպրա են հավաքում, չեն ասում իրենց գործատիրոջը, թե իրականում քանի պարկ են հավաքել։ Այդպես վարվելով՝ նրանք գաղտնի վաճառում են մի քանի պարկ»։
Դոմինգոյին ու իր ընտանիքին ուզում էին հեռացնել պլանտացիայից, քանի որ նրանք չէին ցանկանում կեղծ թիվ ներկայացնել այն մասին, թե իրականում քանի պարկ են հավաքել։ Չնայած դրան՝ Դոմինգոն ասում է. «Մենք ասացինք մեր գործատիրոջը, որ նույնիսկ եթե մեզ աշխատանքից հեռացնեն, չենք ստելու։ Ի վերջո, գործատերն ասաց, որ Եհովայի վկաները լավ մարդիկ են և նրանց կարելի է վստահել։ Նա մեզ մշակելու համար լրացուցիչ հողատարածք տվեց»։
● «Մերժել խաբեության անարդար շահը»։ Պիերը, որը Կամերունի շրջաններից մեկում հարկային տեսչության պետ է, հեշտ փող վաստակելու շատ առիթներ է ունեցել։ Երբ նրան առաջին անգամ հանձնարարեցին աշխատավարձ տալ ժամանակավոր աշխատողներին, նա մի տարօրինակ բան նկատեց։ «Աշխատավարձ տրվում էր նաև այն աշխատողներին, որոնց պայմանագրերի ժամկետներն արդեն լրացել էին կամ ովքեր մահացել էին,— բացատրում է նա։— Փոխարեն մտածելու, որ կարող եմ յուրացնել այդ գումարը՝ ես ֆինանսական մանրամասն հաշվետվություն կազմեցի, իսկ այդ փողերը պահեցի սեյֆի մեջ»։
Ի՞նչ եղավ արդյունքը։ «Երկու տարի անց,— պատմում է Պիերը,— աուդիտ կազմակերպվեց ստուգումներ անցկացնելու համար։ Ես իսկապես շատ հպարտ էի, որ կարողացա ներկայացնել ստույգ տվյալներ և փոխանցել փողերը, որոնք այդ ժամանակ բավականին մեծ գումար էին կազմում։ Աուդիտորները գովեցին ինձ իմ ազնվության համար»։
● Խուսափել «կաշառք վերցնելուց»։ Ռիկարդոյին, որը Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) աշխատում է որպես նոտար, հաճախ են կաշառք առաջարկել։ «Մի անգամ,— հիշում է նա,— իրավաբաններից մեկը փորձեց ինձ կաշառք տալ։ Առանց ինձ տեղյակ պահելու՝ նա մեր տուն լազերային սկավառակի նվագարկիչ ուղարկեց։ Այդ ժամանակ նվագարկիչը նորություն էր և ճոխություն»։
Ինչպե՞ս վարվեց Ռիկարդոն։ «Ես ու կինս որոշեցինք, որ նույնիսկ չենք էլ բացելու տուփը,— ասում է նա։— Երբ գնացի այդ իրավաբանի գրասենյակ, նա անակնկալի եկավ՝ տեսնելով ինձ։ Տուփը դրեցի սեղանին։ Սա շատ լավ առիթ էր՝ բացատրելու, թե ինչու եմ այն վերադարձնում։ Հատկապես նրա քարտուղարուհին տպավորվեց իմ արարքից»։
Թեև Եհովայի վկաները միակ մարդիկ չեն, ովքեր փորձում են ազնիվ լինել, սակայն որպես ժողովուրդ՝ նրանք վստահարժան մարդկանց համբավ են ձեռք բերել։ Դա է պատճառը, որ վերջերս Լեհաստանում հագուստի խանութների մի ցանց աշխատանք էր առաջարկում միայն Եհովայի վկաներին։ Կոմերցիոն տնօրենը նշում է. «Ազնիվ մարդիկ ամենուրեք կան, սակայն Եհովայի վկաները ունեն սկզբունքներ և կառչած են դրանցից»։
Վստահարժան՝ չնայած աղքատությանը
Բազմաթիվ մարդկանց կարծիքով՝ աղքատությունը արդարացնում է անազնվությունը։ Օրինակ՝ «Սի-Էն-Էն»-ի լուրերով խոսվում էր նիգերիացի մի 14-ամյա տղայի մասին, որը օրեր է անցկացնում Ինտերնետի առաջ՝ մարդկանց խաբելու նպատակով։ «Իսկ ի՞նչ էիք ուզում,— իրեն արդարացնելու համար ասում է նա։— Ես ընտանիքս եմ կերակրում՝ իմ քրոջը, մորը և իմ [հորը]։ Չէ՞ որ մարդ պետք է գոյատևի»։
Ինչ խոսք, Աստվածաշունչը հարստություն չի խոստանում նրանց, ովքեր շարունակում են մնալ ազնիվ, սակայն այն վստահեցնում է, որ նրանք կունենան կյանքի համար անհրաժեշտ բաները։ Եսայիա 33։16-ում ասվում է. «Նրա հացը կտրվի նրան, և ջրի պաշարը չի վերջանա»։
Սակայն ոմանք թերևս հարցնեն. «Ինչպե՞ս կարող է վստահելի լինելը օգնել նրանց, ովքեր ծայրահեղ վատ պայմաններում են գտնվում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր ամեն օր պայքարում են մի կտոր հաց հայթայթելու համար»։
Քննենք Բերտայի օրինակը, որն այրի է և ապրում է Կամերունում։ Բերտան վաճառում է հացարմատից պատրաստված համեմված ձողիկներ միանդոյի իր փոքրիկ տաղավարում։ «Սովորաբար յուրաքանչյուր տուփի մեջ լինում է 20 միանդոյի ձողիկ,— ասում է նա։— Սակայն խանութպանները հաճախ տուփի մեջ դնում են 17 կամ 18 ձողիկ, բայց ես չեմ ուզում փող վաստակել՝ ուրիշներին խաբելով»։
Արդյոք Բերտայի բիզնեսը բարգավաճո՞ւմ է։ Այդքան էլ չէ։ «Հաճախ է պատահում, որ ամբողջ օրվա ընթացքում ոչինչ չեմ կարողանում վաճառել,— ասում է նա։— Բայց երբ մի աման ճաշ եմ խնդրում սնունդ վաճառողներից և ասում, որ դեռևս ոչինչ չեմ վաճառել, նրանք տալիս են, քանի որ գիտեն՝ հենց որ փող ունենամ, կվճարեմ։ Դա վստահության հարց է, որին արժանանում ես ժամանակի ընթացքում»։
Վստահության արժանի Աստված
Մեր վստահությունն աճում է անհատի նկատմամբ, երբ տեսնում ենք, որ վարվում է իր խոսքերի համաձայն։ Հին Իսրայելի առաջնորդ Հեսուն Աստծու մասին ասաց. «Ոչ մի խոստում առանց կատարվելու չմնաց այն ամեն բարի խոստումներից, որ Եհովան տվել էր.... բոլորը կատարվեցին» (Հեսու 21։45)։ Իսկ մենք ունե՞նք հիմնավոր պատճառներ վստահելու Աստծուն։
Աստծու խոստումներն այնքան վստահելի են, որ նա համեմատում է իր խոսքը անձրևի հետ (Եսայիա 55։10, 11)։ Իսկապես, ի՞նչը կարող է խանգարել անձրևին, որ այն թափվի, ոռոգի հողը և նպաստի բույսերի աճին։ Ոչի՛նչ։ Նույն ձևով էլ, ոչինչ չի կարող խանգարել Աստծուն իրականացնելու իր խոստումները։
Այդ խոստումներից մեկը արձանագրված է 2 Պետրոս 3։13-ում, որտեղ ասվում է. «Նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու»։ Աստված նպատակադրել է վերացնել երկրի երեսից բոլոր նրանց, ովքեր շահագործում են իրենց մերձավորներին։ Կցանկանա՞ք ավելի շատ բան սովորել այն մասին, թե ինչպես է Աստված իրականացնելու իր նպատակը։ Կարող եք դիմել տեղի Եհովայի վկաներին կամ գրել այս պարբերագրի 5-րդ էջում նշված հասցեով։
[շրջանակ/նկար 8-րդ էջի վրա]
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ է
Լուչիոն, որն ապրում է Ֆիլիպիններում և Եհովայի վկա է, մի անգամ կանգնեց անազնիվ արարք գործելու գայթակղության առաջ։ Մի օր գրասենյակում, որը նրան խնդրել էին մաքրել, նա գտավ 27500 դոլար հին քարտարանի պահարանում։ Գումարը պատկանում էր գրասենյակի տնօրենին, որն այդ ժամանակ գործուղման էր մեկնել։ «Կյանքում առաջին անգամ էի դոլար տեսնում»,— ասում է Լուչիոն։
Երբ տնօրենը վերադարձավ, Լուչիոն տվեց նրան գումարը։ Ի՞նչ եղավ արդյունքը։ «Ինձ ավելի շատ բան վստահեցին,— պատմում է նա։— Տնօրենս ինձ մի սենյակ հատկացրեց, որտեղ կարող էր ապրել իմ ողջ ընտանիքը։ Չնայած որ կյանքը Ֆիլիպիններում շատ դժվար է, ես իսկապես զգում եմ, որ Եհովան հոգ է տանում մեր մասին, քանի որ կառչած ենք նրա օրենքներից»։
[շրջանակ/նկար 9-րդ էջի վրա]
ԱԶՆԻՎ ԿՇԵՌՔ
Մոյզեի կրպակը, որտեղ նա ձուկ է վաճառում, շատ հայտնի է Դուալայում (Կամերուն)։ «Իմ փոքրիկ խանութի անունը ես «Կշեռք» եմ դրել,— ասում է նա,— քանի որ ամբողջ շուկայում իմ կշեռքը այն մի քանի կշեռքներից է, որը չի խաբում։ Գիտեմ, որ մարդիկ հաճախ փորձում են ինձ։ Եթե նրանք ինձանից մի կիլոգրամ ձուկ են ուզում գնել, ես կշռում ու տալիս եմ նրանց։ Սակայն նրանք միշտ կշռում են այն մեկ այլ տեղ և տեսնում, որ նույնիսկ մեկ կիլոգրամից էլ ավել է։ Ուստի համոզվում են, որ ես չեմ խաբել իրենց։ Շատերն են ասում ինձ. «Մենք գալիս ենք քեզ մոտ, քանի որ դու ազնիվ ես»»։
[նկար 7-րդ էջի վրա]
«Մենք ասացինք գործատիրոջը, որ նույնիսկ եթե մեզ աշխատանքից հեռացնեն, չենք ստելու» (Դոմինգո, Ֆիլիպիններ)։
[նկար 7-րդ էջի վրա]
«Աուդիտորները գովեցին ինձ իմ ազնվության համար» (Պիեր, Կամերուն)։
[նկար 7-րդ էջի վրա]
«Իրավաբաններից մեկը փորձեց ինձ կաշառք տալ.... Ես ու կինս որոշեցինք, որ նույնիսկ չենք էլ բացելու տուփը» (Ռիկարդո, Բրազիլիա)։
[նկար 7-րդ էջի վրա]
Հաճախ է պատահում, որ Բերտան ամբողջ օրվա ընթացքում ոչինչ չի կարողանում վաճառել։ Բայց սնունդ վաճառողները կերակուր են տալիս նրան, քանի որ գիտեն՝ հենց որ փող ունենա, անպայման կվճարի։