Հնարավո՞ր է վստահել որևէ մեկին
Իր գործում նա համարվում էր առաջադեմ մասնագետ։ Այնուամենայնիվ, ավելի քան տասը տարի՝ սկսած 1996թ.-ից, այս ականավոր անեսթեզիոլոգը կեղծում էր ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվում էին հեղինակավոր բժշկական պարբերաթերթերում։
«ՉԵՄ կարող հասկանալ, թե ինչու է անհատը այսպիսի ուղի բռնում»,— ասում է դոկտոր Ստիվեն Շաֆերը, որի խոսքերը մեջբերվել էին «Անեսթեզիոլոջի նյուզ» ամսագրում։
Ի՞նչը դրդեց հարգված մասնագետին խաբելու ուրիշներին։ Նկատի առեք չորս հնարավոր պատճառ։
● Ագահություն։ «Նյու Յորք Թայմս» թերթում նշվում էին բժշկական մի ամսագրի նախկին խմբագիր դոկտոր Ջերոմ Կասիրերի խոսքերը. «Երբ հետազոտողները իրենց եկամուտի մեծ մասը ստանում են [դեղագործական] ընկերություններից, մեծապես հակված են լինում այնպիսի արդյունքներ ներկայացնելու, որոնք ձեռնտու կլինեն այդ ընկերությանը» (The New England Journal of Medicine)։
● Հաջողության հասնել ամեն գնով։ Գերմանիայում ուսանողները հազարավոր եվրոներ են տալիս դասախոսներին որպես կաշառք, որպեսզի «վաստակեն» դոկտորի կոչում, ինչը այդ երկրում հաջողության գրավականն է։ Մի ուսումնասիրություն, որի մասին գրված էր «Նյու Յորք Թայմսում», բացահայտեց, որ շատ ուսանողներ, որոնք ոտնահարել են էթիկայի կանոնները, ասել են, որ հաջողության հասնելուց հետո «մտադիր են լրջորեն հետևել բարոյական արժեքներին»։
● Չկա մեկը, ում կարելի է ընդօրինակել։ «Նյու Յորք Թայմսում» մեջ են բերվում բարձր դասարանների աշակերտների վերաբերյալ մի պրոֆեսորի խոսքերը. «Կարող ենք ասել, որ նրանք կորցրել են բարոյականության «կողմնացույցը».... Միգուցե ավելի ճիշտ կլինի ասել, որ նրանց ուսուցիչները, դաստիարակներն ու հասարակության մյուս անդամները երբեք չեն օգնել նրանց ստեղծելու բարոյականության «կողմնացույց» և առաջնորդվելու դրանով»։
● Արժեքներ և անհամատեղելի արարքներ։ Մի հետազոտություն, որն անցկացվեց բարձր դասարաններում սովորող մոտ 30000 աշակերտների շրջանում, ցույց տվեց, որ նրանց 98 տոկոսը այն կարծիքին է, թե ազնվությունը կարևոր է անձնական փոխհարաբերությունների մեջ։ Սակայն ամեն 10 աշակերտից 8-ը ընդունեց, որ ստել է իր ծնողներին, իսկ 64 տոկոսը խոստովանեց, որ նախորդ տարվա ընթացքում անազնվորեն է վարվել քննության ժամանակ։
Լավագույն բարոյական սկզբունքները
Ինչպես նշված է այս էջում գտնվող շրջանակում, մարդիկ ստեղծված են վստահելու հակումով։ Այնուհանդերձ, Աստվածաշունչը իրատեսորեն ասում է, որ «մարդու սիրտն իր մանկությունից հակված է դեպի չարը» (Ծննդոց 8։21)։ Ինչպե՞ս կարող եք պայքարել այդ հակման դեմ և դիմադրել անազնվությանը, որն այսօր այդքան տարածված է։ Աստվածաշնչյան հետևյալ սկզբունքները կարող են օգնել.
● «Մերձավորիդ դեմ ոչ մի չար բան մի՛ ծրագրիր, քանի դեռ նա առանց վախի ապրում է քեզ հետ» (Առակներ 3։29)։
Մերձավորի հանդեպ սերը մղում է մեզ մտածելու նրա բարօրության մասին և չչարաշահելու նրա վստահությունը։ Եթե կիրառվի այս սկզբունքը, վերջ կդրվի մարդկանց շահագործելու բազմաթիվ ձևերին, որոնց հիմքում ընկած է ագահությունը, օրինակ՝ կեղծ դեղամիջոցների առք ու վաճառքին, ինչի մասին խոսվեց այս հոդվածաշարի նախաբանում։
● «Ճշմարտության շուրթերը հավիտյան կհաստատվեն, բայց ստության լեզուն միայն մի ակնթարթ կմնա» (Առակներ 12։19)։
Այսօր շատերը կարծում են, թե ազնիվ մարդիկ միշտ տուժում են։ Սակայն հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչն է ավելի արժեքավոր՝ անմիջապես վարձատրություն ստանալը, թե՞ երկարատև օգուտներ, այդ թվում նաև ինքնահարգանք ունենալը»։ Ուսանողը քննության ժամանակ կարող է խաբել ուրիշներին, թե լավ գիտելիքներ կամ ունակություններ ունի, բայց ի՞նչ կանի աշխատավայրում։
● «Արդարն իր անարատությամբ է քայլում։ Երջանիկ են նրանից հետո եկող նրա որդիները» (Առակներ 20։7)։
Եթե ծնող եք, լավ օրինակ եղեք ձեր երեխաների համար՝ «անարատությամբ քայլելով»։ Բացատրեք նրանց, թե արդար ընթացք բռնելը ինչ օգուտներ է տվել ձեզ։ Երբ երեխաները տեսնում են, որ ծնողը անարատությամբ է քայլում, հավանականությունն ավելի է մեծանում, որ իրենք էլ կընթանան վստահարժան ուղիով (Առակներ 22։6)։
Օգտակա՞ր են արդյոք վերը նշված սկզբունքները։ Կա՞ն այսօր վստահարժան մարդիկ։
[մեջբերում 4-րդ էջի վրա]
Ըստ «Ֆիգարո» թերթի՝ ավելի ու ավելի շատ ֆրանսիացիներ «մտածում են, որ հասարակության առաջադեմ մարդիկ քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտներում առաքինի չեն, և նրանք չեն էլ հասկանում, թե ինչու պետք է այդպիսին լինեն»։
[շրջանակ 5-րդ էջի վրա]
ՍՏԵՂԾՎԵ՞Լ ԵՆՔ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՀԱԿՈՒՄՈՎ
Ֆրանկֆուրտի համալսարանի (Գերմանիա) բիզնեսի կազմակերպման պրոֆեսոր Մայքլ Քոսֆելդի կատարած փորձերը հանգեցրին նրան այն եզրակացության, որ վստահությունը «մարդկային էության կենսաբանական հիմք ունեցող մաս է»։ Քոսֆելդը հայտնաբերեց, որ երբ երկու մարդիկ սկսում են փոխհարաբերվել, ուղեղը օքսիտոցին հորմոն է արտադրում, որի արդյունքում առաջանում է վստահություն։ «Իրականում, դա մարդուն բնորոշ առանձնահատկություններից մեկն է,— ասում է պրոֆեսորը։— Երբ չկա վստահություն, մենք ինչ-որ իմաստով կորցնում ենք մեր էության մի մասը»։