Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 45 էջ 204–էջ 207
  • «Ես մեղավոր մարդ եմ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ես մեղավոր մարդ եմ»
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Նա դարձավ ամուր ժայռ
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Որդեգրիր Եհովայի ու Հիսուսի մտածելակերպը
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
    2010 Դիտարան
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 45 էջ 204–էջ 207

45 ՊԵՏՐՈՍ

«Ես մեղավոր մարդ եմ»

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՊԵՏՐՈՍԸ աշխատասեր մարդ էր և իր հարազատների հետ զբաղվում էր ձկնորսական գործով։ Նա աչքի էր ընկնում իր համարձակությամբ, հաճախ միանգամից ասում էր մտքին եկածը և երբ զգում էր, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել, իսկույն գործի էր անցնում։ Մի օր նրա եղբայր Անդրեասը վազելով եկավ նրա մոտ ու ոգևորված ասաց. «Գտա՛նք Մեսիային»։ Պետրոսն անմիջապես գնաց անձամբ տեսնելու Հիսուսին և շուտով դարձավ նրա հետևորդը։

Մի քանի ամիս հետո Հիսուսը եկավ Կափառնայում, որտեղ ապրում էր Պետրոսը։ Այդ գիշեր Պետրոսը աչք չէր փակել. նրանք երկար ժամանակ ծանր աշխատել էին, բայց ապարդյուն։ Հիսուսը նրան ասաց, որ նավակը լճի խորքերը տանեն ու ցանցերը կրկին ջուրը գցեն։ Պետրոսը առարկեց. «Ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել»։ Նա թերահավատորեն էր տրամադրված, քանի որ գիտեր, որ սովորաբար ցերեկը ձուկ բռնելու լավ ժամանակ չէ։ Այնուամենայնիվ արեց Հիսուսի ասածը։ Եվ շուտով ցանցերի մեջ մեծ քանակությամբ ձուկ լցվեց, այնպես որ նրանք օգնության կանչեցին ևս մեկ նավակի։ Ի վերջո երկու նավակներն էլ այնքան լցվեցին ձկներով, որ սկսեցին սուզվել։ Պետրոսին ահ ու զարմանք էր պատել։ Նա ծնկի եկավ Հիսուսի առաջ ու ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ ինձ մոտ լինես, ես մեղավոր մարդ եմ»։ Նա իրեն չափազանց մեղավոր ու անարժան էր համարում և մտածում էր, որ չի կարող ընկերակցել այդպիսի զորավոր հրաշքներ անող մարդու՝ Աստծու Որդու հետ։ Բայց Հիսուսը հանգստացրեց նրան՝ ասելով. «Մի՛ վախեցիր։ Այսուհետ դու մարդկանց ես որսալու»։

Պետրոսը ծնկի է եկել Հիսուսի առաջ, ով նստած է նավակի առջևի մասում։ Ձկնորսները փորձում են ցանցերը դուրս քաշել, իսկ ողջ նավակը լիքն է ձկներով

Հիսուսը տեսնում էր Պետրոսի հիանալի հատկությունները և որոշ ժամանակ հետո նրան էլ ընտրեց որպես իր 12 առաքյալներից մեկը։ Պետրոսի համարձակությունը տարբեր ձևերով էր դրսևորվում։ Օրինակ՝ երբ Հիսուսի ասածը տարակուսանքի մեջ էր գցում աշակերտներին, Պետրոսը շատ հաճախ համարձակորեն բարձրաձայնում էր այն, ինչ մյուսները վարանում էին ասել, և հավելյալ բացատրություն էր խնդրում։ Իսկ մեկ ուրիշ անգամ, երբ Հիսուսը, ջրի վրա քայլելով, նրանց էր մոտենում, Պետրոսն էր, որ համարձակորեն խնդրեց Հիսուսին իրեն էլ մասնակից դարձնել այդ հրաշքին։

Պետրոսը հաճախ հապճեպ ասում էր մտքին եկածը և դրա համար խորհուրդ ստանում, ուստի նրան քաջություն էր պետք, որ ընդունի իր սխալն ու փոփոխություններ անի

Պետրոսի քաջությունը մեկ այլ կերպով էլ դրսևորվեց։ Երբ մարդուն խորհուրդ են տալիս, քաջություն է պետք, որ նա ազնվորեն քննի ինքն իրեն, խոնարհաբար ընդունի իր սխալները և անի հարկ եղած փոփոխությունները։ Իսկ Պետրոսը բազմիցս փաստեց, որ ունի այդ քաջությունը։ Օրինակ՝ երբ Հիսուսը խոսեց իրեն սպասող մահվան մասին, Պետրոսը ոչ տեղին կշտամբեց նրան՝ ասելով. «Տե՛ր, այդպիսի բաներ մի՛ ասա։ Թող նման բան չպատահի քեզ»։ Հիսուսը խստորեն ուղղեց նրան, քանի որ նա այնպիսի մտքեր ասաց, որ Սատանան կասեր, բաներ, որոնք հակառակ էին Աստծու կամքին։ Պետրոսը խոնարհաբար թույլ տվեց, որ Հիսուսն ուղղի իր մտածելակերպը։

Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը ցանկացավ խոնարհություն սովորեցնել իր առաքյալներին, ուստի սկսեց լվանալ նրանց ոտքերը, մի գործ, որը սովորաբար տան ամենացածր ծառան էր անում։ Պետրոսը միանգամից առարկեց. «Ես երբեք թույլ չեմ տա, որ լվանաս ոտքերս»։ Հիսուսը հստակ բացատրեց նրան, թե ինչու է այդպես անում, և այդ ժամանակ Պետրոսը ընկավ մյուս ծայրահեղության մեջ ու ասաց, որ Հիսուսը ոչ միայն իր ոտքերը լվանա, այլև ձեռքերն ու գլուխը։ Հիսուսը դարձյալ ուղղեց նրան՝ բացատրելով, որ դրա կարիքը չկա։ Իսկ ավելի ուշ Հիսուսը մարգարեացավ, որ իր բոլոր առաքյալները լքելու են իրեն։ Այդ ժամանակ Պետրոսը պնդեց, որ եթե անգամ բոլորն էլ թողնեն Հիսուսին, ինքը երբեք չի թողնի։ Ի պատասխան՝ Հիսուսն ասաց, որ Պետրոսը այդ գիշեր երեք անգամ ուրանալու է իրեն։

Ընդամենը ժամեր անց Հիսուսին ձերբակալեցին և տարան։ Պետրոսը, հեռավորություն պահելով, քաջաբար գնաց նրա հետևից։ Նա մտավ քահանայապետի տան բակ ու այնտեղ սպասում էր, մինչ ներսում Հիսուսին ծաղրում էին, վիրավորանքներ հասցնում և ապօրինի, խայտառակ դատ վարում։ Բակում կանգնածներից ոմանք ճանաչեցին Պետրոսին՝ մտաբերելով, որ նա Հիսուսի հետևորդներից էր։ Պետրոսը երեք անգամ ժխտեց, որ ճանաչում է Հիսուսին, ճիշտ ինչպես վերջինս մարգարեացել էր։

Հենց այդ պահին Հիսուսը, որ քիչ առաջ դուրս էր եկել տնից, շրջվեց ու նայեց նրան։ Պետրոսի ներսը տակնուվրա եղավ։ Նա անմիջապես բակից «դուրս գնաց ու դառնագին լաց եղավ»։ Եվ երբ ժամեր անց նրա Տերը, նրա սիրելի ընկերը դաժանորեն մահապատժի ենթարկվեց, Պետրոսը հավանաբար անասելի ծանր զգացումներ ունեցավ, որպիսիք երբևիցե չէր ունեցել իր կյանքում։ Բայց նա թույլ չտվեց, որ իր կատարած մեծ սխալը լիովին թևաթափ անի իրեն։ Նա տրամադրված էր ոչ մի դեպքում չհանձնվել։ Ի՞նչ արեց Պետրոսը։ Մեկուսանալու փոխարեն նա հանդիպեց մյուս առաքյալների հետ։ Իսկ ավելի ուշ մի ապշեցուցիչ բան պատմեց նրանց. հարություն առած Հիսուսը հայտնվել էր իրեն։ Աստվածաշնչում չի ասվում, թե այդ հանդիպման ժամանակ Քրիստոսն ինչ էր ասել Պետրոսին, բայց ակնհայտ էր, որ Պետրոսը սփոփված ու զորացած էր։

Իսկ շաբաթներ հետո, երբ Հիսուսը Գալիլեայի ծովի մոտ հանդիպեց իր առաքյալներին, Պետրոսի համար մի առանձնահատուկ բան արեց։ Քանի որ Պետրոսը երեք անգամ էր ուրացել, Հիսուսը նրան երեք անգամ հնարավորություն տվեց հավաստիացնելու, որ սիրում է իրեն։ Ապա Հիսուսը Պետրոսին մի շատ կարևոր հանձնարարություն տվեց՝ ասելով. «Կերակրի՛ր իմ գառնուկներին»։ Ինչպես կտեսնենք 49-րդ գլխում, Պետրոսը հենց այդպես էլ արեց և ավելի ու ավելի մեծ քաջություն դրսևորեց մինչև կյանքի վերջ։

Կարդա Աստվածաշնչից

  • Մատթեոս 14։23-29; 15։15; 16։21-23; 18։21; 19։27-29; 26։69-75

  • Մարկոս 14։27-31, 53, 54; 16։7

  • Ղուկաս 5։1-11; 12։41; 22։61, 62; 24։33, 34

  • Հովհաննես 1։40-42; 13։3-9, 36-38; 21։15-17

Քննարկման համար

Իր կյանքի այս շրջանում Պետրոսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ի՞նչ էր ներառում Պետրոսի արհեստը՝ ձկնորսական գործը (it, «Որսորդություն և ձկնորսություն», պրբ. 6-7)։ Ա

    Առաջին դարի ձկնորս, որը նորոգում է իր ձկնորսական ցանցը

    նկար Ա

  2. 2. Հիսուսը ինչո՞ւ Սիմոնին Կեփաս (Պետրոս) անունը տվեց (Հովհ. 1։42-ի «Դու Սիմոնն ես» արտահայտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը, nwtsty)։

  3. 3. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ Պետրոսին ու Անդրեասին ասաց, որ նրանց «մարդկանց որսորդներ» կդարձնի (Մատթ. 4։18-20; w16.05, էջ 9, պրբ. 3-4)։ Բ

    Առաջին դարի չորս ձկնորսներ ճիգ գործադրելով քաշում են ձկներով լի ցանցը նավակի մեջ

    նկար Բ

  4. 4. Երկինք համբարձվելուց կարճ ժամանակ առաջ Հիսուսը Պետրոսին հարցրեց. «Սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել»։ Հավանաբար ի՞նչ նկատի ուներ նա (Հովհ. 21։15-ի «սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել» արտահայտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը, nwtsty)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Պետրոսի օրինակից ի՞նչ ես սովորում այն մասին, թե ինչպես է հնարավոր շարունակել ծառայել Եհովային՝ չնայած թուլություններին ու հաճախակի սայթաքումներին։ Գ

    Համակցված նկարներ։ Երիտասարդ եղբայրը պայքարում է իր թուլությունների դեմ։ Այս իրավիճակը նկարագրող նկարները հաջորդիվ հանդիպում են առանձին-առանձին Երիտասարդ եղբայրը, իր թուլությունների մասին մտորելով, տխուր նայում է հայելու մեջ Երկու եղբայրներ հովվական այցի են եկել այդ եղբոր մոտ և Աստվածաշնչի միջոցով քաջալերում են նրան Երիտասարդ եղբայրը ժողովի հանդիպման ժամանակ բեմից Աստվածաշունչ է կարդում

    նկար Գ

  • Ի՞նչ օգուտ կքաղես, եթե մտածես այն մասին, թե ինչպես Եհովան ու Հիսուսը սրտանց ներեցին Պետրոսին։

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Պետրոսի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Այս գլխի տեղեկություններն ուսումնասիրելուց հետո ինչո՞ւ ես ուրախ, որ Պետրոսն ընտրվել է Հիսուսի հետ երկնքում իշխելու համար։

Բացահայտիր ավելին

Ծնողները ինչպե՞ս կարող են Պետրոսի օրինակով երեխաներին սովորեցնել Եհովայի ներողամտության մասին։

«Եհովան ներում է» (9։40)

Իմացիր՝ ինչպես Պետրոսը նվիրված մնաց Հիսուսին, անգամ երբ շատերը լքեցին նրան։

«Նա մնաց նվիրված» (ia, էջ 188-195)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը