Մեսիա՝ փրկության միջոց
«Ինչպես որ Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (1 ԿՈՐՆԹ. 15։22)։
1, 2. ա) Ի՞նչ ասացին Անդրեասն ու Փիլիպպոսը Հիսուսի մասին։ բ)Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մենք ավելի շատ փաստեր ունենք Մեսիայի մասին, քան Հիսուսի առաջին աշակերտները։
«ԳՏԱ՛ՆՔ Մեսիային»,— ասաց Անդրեասը իր եղբայր Պետրոսին։ Նա վստահ էր, որ նազարեթցի Հիսուսն է Աստծու Օծյալը։ Նույն համոզվածությունն արտահայտեց Փիլիպպոսը։ Գտնելով իր ընկեր Նաթանայելին՝ նա բացականչեց. «Գտա՛նք նրան, որի մասին Մովսեսը գրել է Օրենքում, և Մարգարեներն էլ են գրել՝ Հովսեփի որդի Հիսուսին՝ Նազարեթից» (Հովհ. 1։40, 41, 45)։
2 Իսկ դո՞ւ։ Լիովին համոզվա՞ծ ես, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան՝ «փրկության Գլխավոր Առաջնորդը» (Եբր. 2։10)։ Այսօր մենք ավելի շատ փաստեր ունենք Հիսուսի Մեսիա լինելու մասին, քան առաջին դարի նրա հետևորդները։ Բանն այն է, որ մեր ձեռքի տակ կան ամբողջական, ներշնչյալ Սուրբ Գրությունները, որտեղ նկարագրված է Աստծու Որդու երկրային կյանքը՝ նրա ծնունդից մինչև հարություն։ Արձանագրված բոլոր դեպքերը հստակորեն ապացուցում են, որ Հիսուսն է Քրիստոսը (կարդա՛ Հովհաննես 20։30, 31)։ Աստծու Խոսքը նաև ցույց է տալիս, որ նա երկնքից կշարունակի կատարել Մեսիայի իր դերը (1 Կորնթ. 15։22; Հովհ. 6։40)։ Աստվածաշնչյան գիտելիքները քեզ նույնպես հիմք են տվել բացականչելու՝ գտա՛ Մեսիային։ Իսկ ի՞նչը օգնեց Հիսուսի առաջին հետևորդներին գալու ճիշտ եզրակացության։ Եկեք տեսնենք։
«Սրբազան գաղտնիքը» աստիճանաբար բացահայտվում է
3, 4. ա) Առաջին դարի աշակերտները ինչի՞ շնորհիվ կարող էին գտել Մեսիային։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մեսիական մարգարեությունները կատարվեցին հենց Հիսուսի վրա։
3 Աշակերտները վստահ էին, որ Հիսուսն է Մեսիան։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա մասին Եհովան մարգարեների միջոցով աստիճանաբար որոշ մանրամասներ էր հայտնել։ Մի աստվածաշնչագետ այդ մարգարեությունների վերաբերյալ այսպիսի համեմատություն է անում. ենթադրենք՝ իրար անծանոթ տարբեր մարդիկ ունեն միևնույն մարմարե արձանի տարբեր մասերը։ Նրանցից ամեն մեկն իր մասը բերում է մի սենյակ։ Երբ այդ մասերը իրար են միացնում, գեղեցիկ արձան է ստացվում։ Դժվար թե որևէ մեկի մտքով անցնի, որ դա պատահականության արդյունք է։ Ինչո՞ւ։ Որովհետև ավելի տրամաբանական է եզրակացնել, որ ինչ–որ մեկը պատրաստել է արձանի մասերը և ուղարկել այդ մարդկանց։ Իհարկե, արձանի ամբողջական պատկերը ստանալու համար անհրաժեշտ են բոլոր կտորները։ Նմանապես, անհնար է բնորոշել Մեսիային, եթե չհամադրվեն նրա հետ կապված բոլոր մարգարեությունները։
4 Հնարավո՞ր է արդյոք, որ Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարեությունները պատահմամբ կատարվեին ինչ–որ մեկի վրա։ Ինչպես մի հետազոտող ասաց՝ «բացառվո՛ւմ է»։ Ապա ավելացրեց. «Մեսիայի հետ կապված բոլոր մարգարեությունները կատարվել են միայն ու միայն Հիսուսի վրա»։
5, 6. ա) Ինչպե՞ս է իրագործվելու Սատանայի դատաստանը։ բ) Ինչպե՞ս Աստված աստիճանաբար ցույց տվեց խոստացյալ «Սերնդի» շառավիղը։
5 Մեսիական մարգարեությունները սերտորեն կապված են «սրբազան գաղտնիքի» բացահայտման հետ, որն առնչվում է Եհովայի գերիշխանության հարցին (Կող. 1։26, 27; Ծննդ. 3։15)։ Այդ «գաղտնիքի» մեջ մտնում է «առաջին օձի»՝ Սատանայի դատաստանը, որը մարդկությանը գցեց մեղքի ու մահվան մեջ (Հայտն. 12։9)։ Ինչպե՞ս է իրագործվելու այդ դատաստանը։ Եհովան նախագուշակեց, որ «կնոջ Սերունդը» ջախջախելու է «օձի» գլուխը՝ վերացնելով Սատանային՝ ըմբոստության, հիվանդության ու մահվան սկզբնաղբյուրին։ Իսկ մինչ այդ, Աստված թույլ էր տալու, որ Սատանան խայթի «Սերնդի» գարշապարը։
6 Եհովան աստիճանաբար բացահայտեց, թե ով է լինելու այդ «Սերունդը»։ Աստված խոստացավ Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին» (Ծննդ. 22։18)։ Մովսեսը նախագուշակեց «մի մարգարեի» գալստյան մասին։ Այդ «մարգարեն» ավելի մեծ էր լինելու, քան Մովսեսը (Բ Օրին. 18։18, 19)։ Իսկ Դավթին ասվել էր, որ Մեսիան նրա շառավղից է գալու և հավիտյան ժառանգելու է նրա աթոռը։ Այդ մասին հետագայում խոսեցին նաև մյուս մարգարեները (Բ Թագ. 7։12, 16; Երեմ. 23։5, 6)։
Փաստեր Մեսիայի վերաբերյալ
7. Ինչպե՞ս «Սերունդը» եկավ «կնոջից»։
7 Խոստացյալ «Սերունդը» Հիսուսն էր՝ Աստծու առաջին ստեղծագործությունը, իսկ «կինը»՝ ոգեղեն արարածներից բաղկացած երկնային կազմակերպությունը։ «Սերունդը» «կնոջից» եկավ այն ժամանակ, երբ Աստված Հիսուսին երկիր ուղարկեց։ Դա մեծ զոհողություն էր պահանջում։ Կատարյալ մարդ ծնվելու համար նա պետք է «զրկեր իրեն» երկնային կյանքից (Փիլիպ. 2։5–7; Հովհ. 1։14)։ Հիսուսը ծնվեց Մարիամից։ Երեխան «կոչվեց սուրբ, Աստծու Որդի», քանի որ այդ աստվածավախ կնոջը «հովանի եղավ» սուրբ ոգին (Ղուկ. 1։35)։
8. Մեսիական ո՞ր մարգարեությունը կատարվեց, երբ Հիսուսը մկրտվեց։
8 Ըստ մարգարեության՝ Մեսիան պետք է ծնվեր Բեթլեհեմում (Միք. 5։2)։ Առաջին դարի հրեաներն անհամբերությամբ էին սպասում նրան։ Ուստի ոմանք Հովհաննես Մկրտչի մասին մտածում էին, թե «նա է Քրիստոսը»։ Բայց Հովհաննեսն ասում էր. «Ինձանից ավելի զորավորն է գալիս» (Ղուկ. 3։15, 16)։ Մ.թ. 29 թ.–ին 30 տարեկան հասակում Հիսուսը եկավ Հովհաննեսի մոտ մկրտվելու։ Այդպիսով Մեսիան հայտնվեց ճիշտ ժամանակին (Դան. 9։25)։ Դրանից հետո Քրիստոսը սկսեց իր ծառայությունը, որի ընթացքում հայտարարում էր. «Նշանակված ժամանակը լրացել է, և մոտեցել է Աստծու թագավորությունը» (Մարկ. 1։14, 15)։
9. Հիսուսի աշակերտները ինչո՞ւմ էին վստահ, չնայած այն բանին, որ տեղյակ չէին բոլոր մանրամասներին։
9 Մարդիկ, սակայն, Մեսիայի հետ կապված ուրիշ ակնկալիքներ ունեին։ Լավ մղումներ ունենալով՝ նրանք Հիսուսին փառաբանեցին որպես Թագավորի։ Բայց այդ մարդիկ լիովին չէին հասկանում, որ նրա Թագավորությունը ապագայում էր հաստատվելու և երկնքից էր իշխելու (Հովհ. 12։12–16; 16։12, 13; Գործ. 2։32–36)։ Ի տարբերություն նրանց՝ աշակերտները ճիշտ տեսակետ ունեին։ Երբ Հիսուսը հարցրեց, թե ինչ են նրանք կարծում իր ով լինելու մասին, Պետրոսն առանց երկմտելու պատասխանեց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթ. 16։13–16)։ Առաքյալը նույն պատասխանը տվեց նաև այն ժամանակ, երբ շատերը հեռացան՝ գայթակղվելով Հիսուսի ուսմունքներից (կարդա՛ Հովհաննես 6։68, 69)։
Հնազանդվեք Մեսիային
10. Ինչո՞ւ Եհովան պատվիրեց հնազանդվել իր Որդուն։
10 Երկնքում Աստծու միածին Որդին ոգեղեն հզոր անձնավորություն էր, երկրի վրա՝ իր «Հոր ներկայացուցիչը» (Հովհ. 16։27, 28)։ Ուստի նա ասաց. «Ինչ որ ես սովորեցնում եմ, իմը չէ, այլ նրանն է, ով ուղարկեց ինձ» (Հովհ. 7։16)։ Իր Որդու այլակերպության ժամանակ Եհովան հաստատեց նրա Մեսիա լինելն ու ասաց. «Նրա՛ն լսեք» (Ղուկ. 9։35)։ Այո՛, հարկավոր է լսել, կամ՝ հնազանդվել Աստծու Ընտրյալին։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Ամուր հավատ ունենալով և բարի գործեր անելով. բաներ, որոնք հաճելի են Եհովային և հավիտենական կյանքի դուռ են բացում (Հովհ. 3։16, 35, 36)։
11, 12. ա) Ինչո՞ւ առաջին դարի հրեաներից շատերը չընդունեցին Հիսուսին։ բ) Ովքե՞ր հավատացին Հիսուսին։
11 Չնայած բազմաթիվ փաստերին՝ առաջին դարի հրեաների ճնշող մեծամասնությունը չընդունեց, որ Հիսուսն էր Մեսիան։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք իրենց սեփական տեսակետն ունեին Մեսիայի վերաբերյալ, ըստ որի՝ նա պետք է լիներ իրենց պետության գլուխը և ազատեր նրանց հռոմեական լծից (կարդա՛ Հովհաննես 12։34)։ Նրանք չէին ուզում ընդունել այն Մեսիային, որն ըստ մարգարեության՝ պետք է անարգվեր, արհամարհվեր, իմանար, թե ինչ է ցավն ու հիվանդությունը և ի վերջո մահանար (Ես. 53։3, 5)։ Նույնիսկ Հիսուսի հավատարիմ աշակերտներից ոմանք հուսախաբ եղան, երբ Մեսիան չազատեց Իսրայելին հռոմեական իշխանությունից։ Բայցևայնպես, նրանք հավատարիմ մնացին և ժամանակի ընթացքում շտկեցին իրենց մտածելակերպը (Ղուկ. 24։21)։
12 Մարդիկ չընդունեցին Մեսիային նաև այն պատճառով, որ նրա ուսմունքները դժվարըմբռնելի էին համարում։ Օրինակ՝ Հիսուսը սովորեցնում էր, որ Աստծու Թագավորությունը մտնելու համար անհատը պետք է «իր անձը ուրանա», «ուտի մարդու Որդու մարմինը և խմի նրա արյունը», «դարձյալ ծնվի» և չլինի «աշխարհի մի մասը» (Մարկ. 8։34; Հովհ. 3։3; 6։53; 17։14, 16)։ Հպարտ, նյութապաշտ և կեղծավոր մարդիկ կարծում էին, թե անչափ դժվար է կատարել այդ պահանջները։ Սակայն որոշ խոնարհ հրեաներ այդպես չէին մտածում. նրանք ընդունեցին Հիսուսին որպես Մեսիայի։ Նույնն արեցին և սամարացիներից ոմանք՝ ասելով. «Ճշմարտապես այս մարդն է աշխարհի փրկիչը» (Հովհ. 4։25, 26, 41, 42; 7։31)։
13. Ինպե՞ս «խայթվեց» Սերնդի գարշապարը։
13 Քրիստոսն ասաց, որ քահանաները կդատապարտեն իրեն ու կմատնեն ուրիշ ազգերի ձեռքը, իսկ վերջիններս կգամեն նրան ցցին, սակայն երրորդ օրը նա հարություն կառնի (Մատթ. 20։17–19)։ Այդպես էլ եղավ։ Երբ Հիսուսը Սինեդրիոնի առաջ հաստատեց, որ ինքն է «Քրիստոսը՝ Աստծու Որդին», նրան մեղադրեցին Աստծուն հայհոյելու մեջ (Մատթ. 26։63–66)։ Այնուհետև նրան տարան Պիղատոսի մոտ, սակայն վերջինս «մահվան արժանի ոչ մի բան» չգտավ։ Բայց քանի որ հրեաները մեղադրել էին նրան խռովություն բարձրացնելու մեջ, Պիղատոսը «Հիսուսին հանձնեց նրանց կամքին» (Ղուկ. 23։13–15, 25)։ Անտեսելով բազմաթիվ ապացույցներ՝ հրեաներն «ուրացան» Հիսուսին ու սպանեցին «կյանքի Գլխավոր Առաջնորդին» (Գործ. 3։13–15)։ Ինչպես և մարգարեացվել էր, Մեսիան «կտրվեց». մ.թ. 33 թվականի Պենտեկոստեին նա սպանվեց (Դան. 9։26, 27, ԱԱ; Գործ. 2։22, 23)։ Այդպիսով կատարվեց Ծննդոց 3։15–ի մարգարեությունը, ըստ որի՝ «Սերնդի» «գարշապարը» պետք է խայթվեր։
Ինչո՞ւ Մեսիան պետք է մահանար
14, 15. ա) Ո՞ր երկու պատճառով Եհովան թույլ տվեց Հիսուսի մահը։ բ) Ի՞նչ էր անում Հիսուսը հարությունից հետո։
14 Եհովան թույլ տվեց իր Որդու մահը երկու կարևոր պատճառով։ Առաջին՝ մինչև մահ հավատարիմ մնալով՝ Հիսուսը բացահայտեց «սրբազան գաղտնիքի» կարևոր երեսակներից մեկը։ Նա լիարժեք կերպով փաստեց, որ կատարյալ մարդը կարող է «Աստծու հանդեպ հնազանդություն» ցույց տալ և թիկունք կանգնել Եհովայի գերիշխանությանը նույնիսկ ամենածանր փորձությունների ներքո, որոնք հրահրում է Սատանան (1 Տիմոթ. 3։16)։ Երկրորդ՝ «մարդու Որդին եկավ, որ.... իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։ «Համապատասխան փրկանք» տալով՝ Հիսուսը վճարեց ադամական մեղքի դիմաց և հավիտենական կյանքի դուռ բացեց նրանց առջև, ովքեր ընդունում են նրան որպես փրկության միջոցի (1 Տիմոթ. 2։5, 6)։
15 Մահանալուց երեք օր հետո Քրիստոսը հարություն առավ։ Հաջորդ 40 օրերի ընթացքում նա հայտնվում էր իր առաքյալներին՝ փաստելով, որ կենդանի է։ Հիսուսը նաև անհրաժեշտ հրահանգներ էր տալիս նրանց (Գործ. 1։3–5)։ Դրանից հետո նա երկինք համբարձվեց, ներկայացրեց Եհովային իր թանկագին զոհի արժեքը և սպասեց, մինչև որ սկսեր իշխել որպես մեսիական Թագավոր։ Իսկ մինչ այդ, նա շատ գործ ուներ անելու։
Մեսիան կատարեց իր դերը
16, 17. Ի՞նչ է արել Հիսուսը երկինք համբարձվելուց հետո, և դեռ ի՞նչ պետք է անի։
16 Հարություն առնելուց հետո Քրիստոսը դարեր շարունակ հավատարմորեն վերահսկում էր քրիստոնեական ժողովի գործունեությունը, որի վրա նա Թագավոր էր նշանակված (Կող. 1։13)։ Սահմանված ժամանակին նա պետք է սկսեր իշխել որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Աստվածաշնչի մարգարեություններն ու աշխարհի դեպքերը վկայում են, որ դա տեղի ունեցավ 1914 թվականին, երբ սկսեց կատարվել «իրերի համակարգի վախճանի նշանը» (Մատթ. 24։3; Հայտն. 11։15)։ Թագավորությունը ստանալուց անմիջապես հետո Հիսուսը և իր հրեշտակները Սատանային ու նրա դևերին երկնքից ցած նետեցին (Հայտն. 12։7–10)։
17 Քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը, որը Քրիստոսը սկսել էր մ.թ. 29 թվին մոտենում է իր ավարտին։ Շուտով Հիսուսը դատելու է բոլոր մարդկանց։ Այլաբանական ոչխարներին, ովքեր ընդունում են նրան որպես Եհովայի փրկության միջոցի, նա կասի. «Ժառանգե՛ք աշխարհը հիմնվելուց ի վեր ձեզ համար պատրաստված թագավորությունը» (Մատթ. 25։31–34, 41)։ Իսկ նրանց, ովքեր չեն ընդունում Հիսուսին որպես Թագավորի, կկործանի, երբ գա իր երկնային զորքերով։ Այնուհետև Քրիստոսը կկապի Սատանային ու նրա դևերին և կգցի «անդունդը» (Հայտն. 19։11–14; 20։1–3)։
18, 19. Ինչպե՞ս է Հիսուսը կատարելու Մեսիայի իր դերը, և դա ինչպե՞ս կանդրադառնա հնազանդ մարդկության վրա։
18 Հիսուսի հազարամյա իշխանության ժամանակ մարդիկ հստակորեն կտեսնեն, թե ինչպես է նա գործում որպես «Հրաշալի Խորհրդատու, Հզոր Աստված, Հավերժական Հայր, Խաղաղության Իշխան» (Ես. 9։6, 7, ՆԱ)։ Նրա Թագավորության ներքո բոլորը, այդ թվում հարություն առածները կհասնեն կատարելության (Հովհ. 5։26–29)։ Մեսիան հնազանդ մարդկանց կտանի «դեպի կյանքի ջրերի աղբյուրները»՝ հնարավորություն տալով նրանց խաղաղ փոխհարաբերություններ ունենալու Եհովայի հետ (կարդա՛ Հայտնություն 7։16, 17)։ Վերջնական փորձությունից հետո բոլոր ըմբոստները, այդ թվում նաև Սատանան և նրա դևերը կգցվեն «կրակի լիճն» ու կոչնչանան այնտեղ. այդպիսով կջախջախվի «օձի» գլուխը (Հայտն. 20։10)։
19 Որքա՜ն հիանալի ու անթերի կերպով Հիսուսը կկատարի Մեսիայի իր դերը։ Նրա Թագավորության ժամանակ բոլոր փրկվածները կապրեն դրախտ–երկրում, կլինեն երջանիկ և կունենան կատարյալ առողջություն։ Եհովայի սուրբ անունը կմաքրվի ամեն նախատինքից, և նրա գերիշխանությունն ամբողջովին կարդարացվի։ Ի՜նչ հրաշալի օրհնություններ են սպասում բոլոր նրանց, ովքեր հնազանդվում են Աստծու Օծյալին։
Գտե՞լ ես Մեսիային
20, 21. Ինչո՞ւ պետք է ուրիշներին պատմենք Մեսիայի մասին։
20 Սկսած 1914 թ.–ից՝ մենք ապրում ենք Քրիստոսի ներկայության, կամ՝ պարուսի՛այի ժամանակաշրջանում։ Թեև դա անտեսանելի է մեզ համար, սակայն Աստվածաշնչում արձանագրված մարգարեությունների կատարումը փաստում է, որ Հիսուսը սկսել է իշխել (Հայտն. 6։2–8)։ Բայցևայնպես, առաջին դարի հրեաների նման՝ մարդկանց մեծամասնությունը այսօր անտեսում է Մեսիայի ներկայության փաստը։ Նրանք նույնպես սպասում են մեկին, որը քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ կանի։ Ի տարբերություն նրանց՝ մենք գիտենք, որ Հիսուսը Աստծո՛ւ Թագավորության Թագավորն է։ Երբ իմացար այդ մասին, մի՞թե սիրտդ չլցվեց հրճվանքով։ Մի՞թե այն նույն զգացումները չունեցար, ինչ առաջին դարի աշակերտները, որոնք բացականչեցին. «Գտա՛նք Մեսիային»։
21 Երբ խոսում ես ճշմարտության մասին, ընդգծո՞ւմ ես Մեսիայի դերը։ Այդպես վարվելով՝ ցույց ես տալիս, որ երախտապարտ ես այն ամենի համար, ինչ նա արել է, անում է և կանի հօգուտ քեզ։ Անդրեասի ու Փիլիպպոսի նման, անկասկած, պատմել ես հարազատներիդ և ընկերներիդ Մեսիայի մասին։ Կարո՞ղ ես նորից խոսել նրանց հետ և բացատրել, որ Հիսուս Քրիստոսը իրոք խոստացյալ Մեսիան է՝ փրկության միակ միջոցը։
Ինչպե՞ս կբացատրես
• Ի՞նչը օգնեց առաջին դարի աշակերտներին գտնելու Մեսիային։
• Ո՞ր երկու պատճառներով Եհովան թույլ տվեց Հիսուսի մահը։
• Ի՞նչ է անելու Հիսուսը որպես Մեսիա։
[նկարներ 21–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող էին առաջին դարում ապրող մարդիկ ճանաչել Մեսիային
[նկարներ 23–րդ էջի վրա]
Ուրիշների հետ խոսելիս ընդգծո՞ւմ ես Մեսիայի դերը