Նրա «գործերը իր հետ գնացին»
ԹԵՈԴՈՐ ՅԱՐԱՉԸ՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամը, ավարտեց իր երկրային կյանքը 2010թ. հունիսի 9-ին՝ չորեքշաբթի օրը, 84 տարեկանում։ Նրա կինը՝ Մելիտան, որի հետ նա ապրեց 53 տարի, քույրը և երեք զարմիկները ողջ են։
Եղբայր Յարաչը ծնվել է 1925թ. սեպտեմբերի 28-ին Քենտուկի նահանգի Փայկ մարզում (ԱՄՆ)։ Նա իր նվիրումը խորհրդանշեց ջրի մկրտությամբ 15 տարեկանում 1941թ. օգոստոսի 10-ին։ Երկու տարի անց 17 տարեկան հասակում եղբայրը ռահվիրայություն սկսեց և մնաց լիաժամ ծառայության մեջ մոտ 67 տարի։
1946թ.-ին, երբ 20 տարեկան էր, եղբայր Յարաչը սովորեց «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի յոթերորդ դասարանում։ Դպրոցն ավարտելուց հետո նա նշանակվեց շրջագայող վերակացու Քլիվլենդում (Օհայո, ԱՄՆ)։ Իսկ 1951թ.-ին նշանակում ստացավ ծառայելու Ավստրալիայի մասնաճյուղում, որտեղ ծառայեց որպես մասնաճյուղի ծառայող։ 1983թ. «Եհովայի վկաների տարեգիրքը» նշում է, որ եղբայր Յարաչը, «շրջելով երկրով մեկ, մեծապես քաջալերում էր եղբայրներին՝ աստվածապետական կարգուկանոնի հանդեպ ունեցած նախանձախնդրությամբ և դաշտում հրաշալի առաջնորդություն տալով»։
Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո եղբայր Յարաչը 1956թ. դեկտեմբերի 10-ին ամուսնացավ Մելիտա Լասկոյի հետ։ Ամուսնությունից անմիջապես հետո նրանք շրջագայական ծառայություն սկսեցին՝ ջանասիրաբար ծառայելով շրջաններում և մարզերում, ու անցան ԱՄՆ-ի տարածքի մեծ մասը։ 1974թ. վերջում եղբայրը հրավիրվեց ծառայելու որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։
Եղբայր Յարաչին դեռ երկար կհիշենք որպես Եհովայի նվիրված ու հավատարիմ ծառայի, որը ամբողջ սրտով ողջ կյանքում կենտրոնացած մնաց աստվածապետական գործունեության վրա։ Նա սիրող ու հոգատար ամուսին էր, ինչպես նաև հոգևոր մարդ, որը ուրիշների շահերը իր շահերից բարձր էր դասում (1 Կորնթ. 13։4, 5)։ Եղբայրն անկեղծորեն հետաքրքրված էր, որ բոլորի հանդեպ արդարություն և ողորմածություն դրսևորվի։ Ավելին, նրա անմար սերն ու հոգատարությունը դրսևորվում էր ծառայության հանդեպ ունեցած իր եռանդով։
Թեև խորապես ցավում ենք, որ կորցրել ենք ջանասեր աշխատողի, Բեթելի ընտանիքի և համաշխարհային եղբայրության սիրված անդամի, ուրախ ենք, որ եղբայր Յարաչը նվիրված մնաց Եհովային տասնյակ տարիներ։ Վստահ ենք, որ նա «հավատարիմ մնաց նույնիսկ մինչև մահ» և ստացավ «կյանքի պսակը» (Հայտն. 2։10)։ Նաև համոզված ենք, որ նրա «գործերը իր հետ գնացին» (Հայտն. 14։13)։