Աստծու Թագավորությունը սրտի վիճա՞կ է
«Աստծու Թագավորությունը գալիս է հնազանդ սիրտ ունենալու շնորհիվ»,— նշում է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը իր՝ «Նազովրեցի Հիսուսը» գրքում։ Ոմանց համար Աստծու Թագավորությունը պարզապես այն փոփոխությունն է, որը տեղի է ունենում անհատի ներսում, երբ նա ընդունում է Հիսուս Քրիստոսին և հավատ է զարգացնում նրա հանդեպ։ Սակայն արդյո՞ք Աստծու Թագավորությունը անհատի վերափոխումն է, թագավորություն, որը «միայն ձեր սրտում է»։
ՀԻՍՈՒՍԻ համար Թագավորությունն իսկապես կարևոր էր։ Ինչպես խոստովանում է Հռոմի պապ Բենեդիկտոսը, այն «առանցքային դեր էր խաղում Հիսուսի քարոզչության մեջ»։ Իր կարճ ծառայության ընթացքում Հիսուսը շրջեց ամբողջ երկրով մեկ՝ «քարոզելով թագավորության բարի լուրը» (Մատթեոս 4։23)։ Աստծու Որդին իր ուսուցումներով և կատարած հրաշքներով հստակ ցույց տվեց, որ Թագավորությունը ավելին է, քան պարզապես Աստծու գոյությունն ընդունելը և նրան հնազանդվելը։ Այն իր մեջ ներառում է իշխանություն, դատաստան և հավիտենական օրհնություններ։
Իշխանություն և դատաստան
Հիսուսի ծառայության վերջին օրերի ընթացքում նրա մտերիմ աշակերտների՝ Հակոբոսի և Հովհաննեսի մայրը մի առիթով մոտեցավ նրան և ասաց. «Խոսք տուր, որ քո թագավորության մեջ իմ այս երկու որդիները կնստեն մեկը քո աջ կողմը, իսկ մյուսը՝ քո ձախ կողմը» (Մատթեոս 20։21)։ Պարզ է, որ նա չէր խոսում մի բանի մասին, ինչը իր որդիների սրտում էր։ Նա հասկանում էր, որ Թագավորությունը կառավարություն է Հիսուսի գլխավորությամբ, և ցանկանում էր, որ իր որդիներն էլ բաժին ունենային այնտեղ։ Հիսուսը խոստացավ իր 11 հավատարիմ առաքյալներին, որ նրանք կլինեն իր Թագավորության մեջ և «կնստեն գահերի վրա» ու «կդատեն» նրա հետ (Ղուկաս 22։30)։ Ուստի իր հետևորդների համար այդ Թագավորությունը պետք է իրական կառավարություն՝ իշխանություն լիներ։
Իսկ ի՞նչ կարելի է ասել առհասարակ Հիսուսի օրերում ապրող մարդկանց մասին։ Արդյո՞ք նրանք մտածում էին, որ Թագավորությունը լոկ անհատի վերափոխումն է, թե՞ այլ պատկերացում ունեին։ Մ.թ. 33-ի Պասեքից կարճ ժամանակ առաջ, երբ Հիսուսը ավանակի վրա նստած մտնում էր Երուսաղեմ, բազմությունը ողջունեց նրան, և ոմանք բացականչեցին. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր Դավթի Որդուն» (Մատթեոս 21։9)։ Ինչո՞ւ էին նրանք այդպես ասում։ Քանի որ հասկացել էին, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան և որ Աստված նրան է տալու հավիտենական Թագավորությունը՝ «նրա հոր՝ Դավթի գահը»։ Նրանք փափագով էին սպասում այն փրկությանը, խաղաղությանն ու արդարությանը, որ բերելու էր Թագավորությունը (Ղուկաս 1։32; Զաքարիա 9։9)։
Հավիտենական օրհնություններ
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր քիչ էին հետաքրքրված Հիսուսի գործունեությամբ, գիտեին նրա քարոզած Թագավորության մասին։ Մահապատժի ժամանակ Հիսուսի կողքին գամված մի հանցագործ աղերսեց նրան. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»։ Իսկ ի՞նչ պատասխանեց Հիսուսը։ «Դու ինձ հետ Դրախտում կլինես»,— վստահեցրեց նա մահամերձ մարդուն (Ղուկաս 23։42, 43)։
Այդ հանցագործն ակներևաբար հավատում էր, որ հարություն առնելուց հետո Հիսուսը ստանալու է մի Թագավորություն կամ մտնելու է այնտեղ։ Վերջինս ոչ միայն իշխանություն, այլև ցանկություն կունենա հարություն տալու ինչպես նրան, այնպես էլ միլիոնավոր այլ մարդկանց։ Նա նաև կօգնի նրանց վերափոխելու իրենց կյանքը։ Այո՛, երկնքում նշանակված լինելով որպես Իշխան՝ Հիսուսը Թագավորության միջոցով հավիտենական օրհնություններ կբերի երկրի բոլոր բնակիչներին (Հովհաննես 5։28, 29)։
Թագավորությունը նրանց մեջ է
Հիսուսն ասաց. «Աստծու թագավորությունը ձեր մեջ է»։ Այդ մասին կարող ենք կարդալ Ղուկաս 17։21-ում։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններ այս համարը հետևյալ կերպ են ներկայացնում. «Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է» (Արևելահայերեն նոր թարգմանություն) կամ «հէնց ձեր ներսումն է» («Արարատ» թարգմանություն)։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով այս խոսքերը։
Համատեքստը ցույց է տալիս, որ Հիսուսի այս խոսքերն ուղղված էին թշնամաբար տրամադրված հրեա կրոնական մի խմբի, որի անդամները փարիսեցիներ էին կոչվում։ Նրանք իրե՛նց պատկերացումներն ունեին Մեսիայի և նրա Թագավորության վերաբերյալ։ Բացի այդ, կարծում էին, որ Մեսիան պետք է գար «երկնքի ամպերով» որպես մի փառավոր Թագավոր՝ ազատելու հրեաներին հռոմեական լծից և վերականգնելու Իսրայելի թագավորությունը (Դանիել 7։13, 14)։ Սակայն Հիսուսը մատնանշելով նրանց սխալը՝ ասաց. «Աստծու թագավորությունը տեսանելի կերպով չի գա»։ Այնուհետև ավելացրեց. «Աստծու թագավորությունը ձեր մեջ է» (Ղուկաս 17։20, 21)։
Հիսուսի ուսուցումները և գործած հրաշքները պարզորոշ ցույց էին տալիս, որ նա է այդ Թագավորության խոստացյալ Թագավորը։ Իսկ փարիսեցիները, որոնք չունեին մաքուր մղումներ և անկեղծ հավատ, տեսնելով դա, ավելի էին հակառակվում։ Նրանք կասկածում էին, որ Հիսուսն է Մեսիան, այդ պատճառով էլ վերջինս հստակ կերպով ընդգծեց, որ Թագավորությունը, որի ներկայացուցիչը նշանակված Թագավորն է, «նրանց մեջ է»։ Հիսուսը չասաց, որ նրանք իրենց ներսը նայեն։ Աստծու Որդին խոսում էր փարիսեցիների հետ, ուստի նա չէր կարող նկատի ունենալ նրանց վերափոխումը կամ սրտի վիճակը։ Եվ քանի որ իր աշակերտների հետ կանգնած էր նրանց առաջ, ասաց. «Աստծու թագավորությունը այստեղ, ձեզ հետ է» (Ղուկաս 17։21, Contemporary English Version)։
Թագավորություն, որ մոտ է ձեր սրտին
Քանի որ Աստծու Թագավորությունը անկատար մարդկանց սրտի մեջ չէ, ուրեմն, այն հավանաբար մի բան է, որը մոտ է նրանց սրտին։ Իր ուսուցումներով և զորավոր գործերով Հիսուսը ջանում էր ունկնդիրների մեջ անկեղծ հավատ կերտել մի արդար կառավարության հանդեպ, որը իսկական խաղաղություն և ապահովություն կբերի։ Նա ցանկանում էր, որ նրանք այնպիսի հավատ ձեռք բերեն, որը կբարեփոխի իրենց կյանքը։ Ուստի Հիսուսը սովորեցրեց նրանց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Հիսուսի խոսքերից խորապես տպավորված՝ ունկնդիրներից շատերը հավատացին նրան և մղվեցին հետևելու Աստծու Որդուն, ինչի շնորհիվ Թագավորության բերած օրհնությունները վայելելու հեռանկար ստացան։
Կցանկանայի՞ք այսպիսի հավատ ունենալ։ Իսկ ի՞նչ պետք է անեք նման հավատ կառուցելու համար։ Հիշեք Հիսուսի հայտնի Լեռան քարոզի բացման խոսքերը. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 5։3)։ Մենք սրտանց առաջարկում ենք ձեզ ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ, ովքեր տվել են ձեզ այս ամսագիրը։ Այդ դեպքում ձեր հույսը կլինի ոչ թե սոսկ անհատի վերափոխումը, այլ մի արդար կառավարություն՝ Թագավորություն, որը բոլորին կբերի խաղաղություն և ապահովություն։
[մեջբերում 11-րդ էջի վրա]
Աստծու Թագավորությունը Հիսուսի՝ համառ և արյունապարտ հակառակորդների սրտո՞ւմ էր