Ի՞նչ է բարի լուրը
«Այս բարի լուրը....» (ՄԱՏԹԵՈՍ 24։14)։
ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ պետք է քարոզեն «թագավորության.... բարի լուրը»՝ պատմելով ուրիշներին այդ մասին և բացատրելով, որ Թագավորությունը աշխարհի ապագա կառավարությունն է, որը արդարությամբ է ղեկավարելու երկիրը։ Սակայն «բարի լուր» արտահայտությունը Աստվածաշնչում նաև օգտագործվում է հետևյալ կերպերով՝ «փրկության բարի լուր» (Սաղմոս 96։2), «Աստծու բարի լուր» (Հռոմեացիներ 15։16) և «Հիսուս Քրիստոսի մասին բարի լուր» (Մարկոս 1։1)։
Այլ կերպ ասած՝ բարի լուրն ընդգրկում է բոլոր այն ճշմարտությունները, որոնց մասին խոսեց Հիսուսը և գրեցին նրա աշակերտները։ Մինչ երկինք համբարձվելը Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։ Փաստորեն, ճշմարիտ քրիստոնյաները ոչ միայն պետք է քարոզեն Թագավորության մասին, այլև պետք է ջանան աշակերտներ պատրաստել։
Իսկ ի՞նչ կարելի է ասել եկեղեցիների վերաբերյալ։ Նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է Թագավորությունը (իսկ այդպիսի մարդիկ շատ են), չեն էլ կարող սովորեցնել ուրիշներին այդ մասին։ Փոխարենը՝ նրանք քարոզում են այնպիսի բաներ, որոնք հաճելի են մարդկանց ականջներին. խոսում են մեղքերի թողության և Հիսուսին հավատալու մասին։ Նաև փորձում են բարելավել մարդկանց կյանքը՝ ծավալելով հասարակական աշխատանքներ կամ կառուցելով հիվանդանոցներ, դպրոցներ և կացարաններ աղքատների համար։ Այս ջանքերի շնորհիվ գուցե ավելանա եկեղեցի հաճախողների թիվը, սակայն դա չի մղի մարդկանց դառնալու ճշմարիտ քրիստոնյաներ, որոնք անկեղծորեն ձգտում են ապրել Հիսուսի սովորեցրածի համաձայն։
Մի աստվածաբան գրում է. «Շատ քրիստոնյա գիտնականներ և առաջնորդներ ընդունում են, որ մեզնից ակնկալվում է Հիսուսի աշակերտներ կամ հետևորդներ պատրաստել և սովորեցնել նրանց անել այն ամենը, ինչ նա ասաց.... Այս հարցի հետ կապված՝ Հիսուսի հրահանգները միանգամայն հստակ են։ Պարզապես մենք չենք անում այն, ինչ նա պատվիրեց, լուրջ չենք վերաբերվում նրա խոսքերին և չգիտենք՝ ինչպես կատարել դրանք»։
Միացյալ Նահանգներում կաթոլիկների շրջանում անցկացրած մի հարցման արդյունքում պարզ դարձավ հետևյալը. մասնակիցների 95 տոկոսը համաձայն է, որ իրենց հավատը պահանջում է քարոզել բարի լուրը։ Եվ գրեթե բոլորը կարծում են, որ այդպես վարվելու լավագույն միջոցը ոչ թե պարզապես այդ մասին խոսելն է, այլ այնպիսի կյանքով ապրելը, որով օրինակ կլինեն ուրիշների համար։ Մասնակիցներից մեկն ասաց. «Ավետարանել ամենևին էլ չի նշանակում անվերջ խոսել, խոսել, խոսել։ Ավելի կարևոր է լավ օրինակ լինել»։ Այս հարցումն անցկացնող «Յու-Էս կաթոլիկ» հանդեսը նշում է, որ շատերը խուսափում են իրենց հավատի մասին պատմելուց, քանի որ «եկեղեցին վատ համբավ է ձեռք բերել վերջերս տեղի ունեցած մանկապղծության հետ կապված սկանդալի և խնդրահարույց ուսմունքների պատճառով»։
Իսկ բողոքական եկեղեցու մի եպիսկոպոս դժգոհեց՝ ասելով, որ իրենց եկեղեցիները բաժանված են ու շփոթության մեջ են։ Նրանք քաջություն չունեն կատարելու իրենց առաքելությունը և իրենց արժեքներով չեն տարբերվում մյուս բոլոր մարդկանցից։ Ապա վրդովված հարցրեց. «Ովքե՞ր են պատասխանատու Թագավորության մասին ավետարանելու համար»։
Եպիսկոպոսը չպատասխանեց այս հարցին։ Սակայն այս հարցը ունի պատասխան։ Դուք կգտնեք այն հաջորդ հոդվածում։
[մեջբերում 6-րդ էջի վրա]
Բարի լուրը Աստծու Թագավորության մասին է և այն փրկության, որը կստանանք՝ հավատ դրսևորելով Հիսուս Քրիստոսի հանդեպ