ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 45
ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները
Չնայած դժվարություններին՝ խնամակալները կարող են ուրախ լինել
«Սերմն արտասուքով ցանողները ցնծությամբ կհնձեն բերքը» (ՍԱՂ. 126։5)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչպես կարող է խնամակալը հաղթահարել դժվարությունները և չկորցնել ուրախությունը։
1-2. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում խնամակալներին (Առակներ 19։17; տես նաև նկարները)։
ՋԻՆ-ՅՈԼ անունով մի կորեացի եղբայր ասում է. «Ես ու կինս ամուսնացած ենք ավելի քան 32 տարի։ Հինգ տարի է՝ խնամում եմ նրան։ Նա Պարկինսոնյան հիվանդություն ունի և դժվարությամբ է տեղաշարժվում։ Ես սիրում ու փայփայում եմ կնոջս, և ինձ համար հաճելի է նրան հոգ տանել։ Գիշերները տանը նա քնում է բժշկական մահճակալի վրա, իսկ ես նրա կողքին եմ պառկում, և մենք, իրար ձեռք բռնած, քնում ենք»։
2 Դու է՞լ ես խնամում քո սիրած անձնավորությանը, օրինակ՝ ծնողիդ, կողակցիդ, երեխայիդ կամ ընկերոջդ։ Եթե՝ այո, ըստ ամենայնի, գնահատում ես այն, որ հնարավորություն ունես հոգալու նրա անհրաժեշտ կարիքները։ Երբ խնամում ես սիրածդ մարդուն, այդպիսով քո նվիրվածությունն ես ցույց տալիս Եհովայի հանդեպ (1 Տիմոթ. 5։4, 8; Հակ. 1։27)։ Այնուամենայնիվ, դու բախվում ես այնպիսի խնդիրների, որոնք աննկատ են մնում ուրիշների աչքից, երբեմն էլ գուցե այնպիսի զգացում ես ունենում, թե ոչ ոք չի հասկանում՝ ինչի միջով ես անցնում։ Թերևս ուրիշների ներկայությամբ ժպտում ես, բայց երբ մենակ ես մնում, չես կարողանում զսպել արցունքներդ (Սաղ. 6։6)։ Թեև հնարավոր է՝ ուրիշները չիմանան քո տառապանքների մասին, բայց Եհովան միշտ ամեն ինչ տեսնում է (համեմատիր Ելք 3։7)։ Նա թանկ է համարում քո արցունքներն ու զոհողությունները (Սաղ. 56։8; 126։5)։ Նրա աչքից չի վրիպում այն, ինչ դու անում ես քեզ հարազատ մարդուն օգնելու համար։ Մեր Աստվածը դա համարում է իրեն տրված պարտք և խոստանում է վարձատրել քեզ (կարդա Առակներ 19։17)։
Դու է՞լ ես խնամում մտերիմիդ (տես պարբերություն 2)
3. Ի՞նչ դժվարություններ թերևս ունեին Աբրահամն ու Սառան, երբ հոգ էին տանում Թարայի համար։
3 Աստվածաշնչում խոսվում է բազմաթիվ տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր խնամել են իրենց հարազատին։ Ուշադրություն դարձնենք Աբրահամի ու Սառայի օրինակին։ Երբ նրանք պատրաստվում էին հեռանալ Ուր քաղաքից, Աբրահամի հայրը՝ Թարան, մոտ 200 տարեկան էր։ Այնուամենայնիվ, նա գնաց նրանց հետ։ Նրանք 960 կմ (600 մղոն) ճանապարհ անցան, որ հասնեն Խառան (Ծննդ. 11։31, 32)։ Անկասկած, Աբրահամն ու Սառան սիրում էին Թարային, բայց կարելի է պատկերացնել, թե որքան դժվար էր նրա մասին հոգ տանելը, հատկապես ճանապարհորդության ընթացքում։ Հավանաբար, նրանք ճամփորդում էին ուղտերով կամ էշերով, ինչը չափազանց դժվար էր տարիքն առած Թարայի համար։ Միանգամայն բնական է, որ նրանք երբեմն շատ հոգնում էին, նույնիսկ ուժասպառ լինում։ Ինչ էլ որ եղած լինի, Եհովան, անկասկած, նրանց տալիս էր անհրաժեշտ զորությունը։ Ինչպես որ Եհովան թիկունք կանգնեց Աբրահամին ու Սառային, այնպես էլ քեզ թիկունք կկանգնի ու կզորացնի (Սաղ. 55։22)։
4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
4 Ուրախությունը կարող է օգնել քեզ, որ ավելի հեշտությամբ կատարես խնամակալի քո դերը (Առակ. 15։13)։ Հիշիր, որ չնայած քո հանգամանքներին՝ դու կարող ես ուրախ լինել (Հակ. 1։2, 3)։ Իսկ ի՞նչը կօգնի քեզ։ Միջոցներից մեկը Եհովային ապավինելն է, ինչպես նաև աղոթելը, որ նա օգնի քեզ դրական տրամադրվածություն պահպանել։ Այս հոդվածում կտեսնենք, թե էլ ինչ կարող են անել խնամակալները իրենց ուրախությունը չկորցնելու համար, նաև կիմանանք, թե ուրիշներն ինչպես կարող են աջակցել նրանց։ Նախ տեսնենք, թե ինչու խնամակալները կարիք ունեն ուրախ մնալու, և թե որ դժվարությունները գուցե խլեն նրանց ուրախությունը։
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԽՆԱՄԱԿԱԼ ԼԻՆԵԼԸ ԱԶԴԵԼ ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ
5. Ինչո՞ւ խնամակալները կարիք ունեն ուրախ մնալու։
5 Եթե խնամակալը կորցնի իր ուրախությունը, հեշտությամբ կվհատվի և ուժասպառ կլինի (Առակ. 24։10)։ Իսկ երբ հոգնի, հնարավոր է՝ չկարողանա այնքան բարի ու հոգատար լինել, որքան կցանկանար։ Ինչի՞ պատճառով խնամակալը գուցե կորցնի իր ուրախությունը։
6. Ինչո՞ւ են որոշ խնամակալներ զգացապես ու ֆիզիկապես սպառվում։
6 Խնամակալները կարող են զգացապես ու ֆիզիկապես սպառվել։ Լիա անունով մի քույր ասում է. «Որևէ մեկին խնամելը կարող է զգացապես հյուծել, անգամ եթե այդ օրը ամեն ինչ կարգին է եղել։ Օրվա վերջում զգում եմ, որ ի վիճակի չեմ որևէ բան անելու։ Երբեմն նույնիսկ զգացապես անկարող եմ լինում պատասխանելու տեքստային հաղորդագրություններին»։ Ոմանք դժվարանում են բավականաչափ քնել կամ հանգիստ առնել, ինչի կարիքն անչափ ունեն։ Ինես անունով մի քույր ասում է. «Գիշերը նորմալ չեմ քնում։ Հաճախ երկու ժամը մեկ արթնանում եմ, որ խնամեմ սկեսրոջս։ Տարիներ շարունակ ամուսնուս հետ արձակուրդ չենք գնացել»։ Որոշ խնամակալներ չեն կարողանում մասնակցել ընկերական հավաքույթների կամ նույնիսկ կատարել աստվածապետական հանձնարարություններ, քանի որ ամբողջ օրը հոգ են տանում իրենց հարազատի համար։ Արդյունքում նրանք այնպիսի զգացում են ունենում, որ շղթայված են իրենց հանգամանքներով և միայնակ են։
7. Ինչո՞ւ են որոշ խնամակալներ մեղավորության զգացում ունենում և համակվում տխրությամբ։
7 Խնամակալները կարող են մեղավորության և տխրության ծանր զգացում ունենալ։ Ջեսիկա անունով մի քույր ասում է. «Հաճախ ճնշվում եմ այն մտքից, որ կարողություններս սահմանափակ են։ Երբ ինքս ինձ ժամանակ եմ տրամադրում, մեղավորության զգացում եմ ունենում, որովհետև մտածում եմ, որ եսասերի մեկն եմ»։ Որոշ խնամակալներ իրենց մեղավոր են զգում, որ երբեմն վրդովվում են ստեղծված իրավիճակի պատճառով։ Ուրիշներն անհանգստանում են, քանի որ չեն կարողանում ինչպես հարկն է օգնել իրենց մտերիմին։ Ոմանք էլ մեղավորության զգացում են ունենում, որովհետև բարկացած վիճակում կոպիտ խոսք են ասել իրենց խնամքի տակ գտնվողին (Հակ. 3։2)։ Իսկ ոմանք տխրում են, որ իրենց հարազատ մարդը առաջվա նման կենսուրախ ու առողջ չէ։ Բարբարա անունով մի քույր ասում է. «Ինձ համար ամենադժվար բաներից մեկն այն է, որ տեսնում եմ, թե ինչպես է իմ սիրելի մարդու վիճակը օր-օրի վատանում»։
8. Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, թե շնորհակալական խոսքերն ինչ ազդեցություն կարող են ունենալ խնամակալի վրա։
8 Որոշ խնամակալներ իրենց չգնահատված են զգում։ Պատճառն այն է, որ նրանց հազվադեպ են շնորհակալություն հայտնում կամ գովում իրենց ծանր աշխատանքի և զոհողությունների համար։ Մինչդեռ երախտագիտության ընդամենը մի քանի խոսքը կարող է թևեր տալ (1 Թեսաղ. 5։18)։ Մելիսա անունով մի քույր ասում է. «Երբեմն նյարդերս տեղի են տալիս, ու սկսում եմ լաց լինել։ Բայց երբ նրանք, ում մասին հոգ եմ տանում, ասում են՝ «Շնորհակալ եմ քո արած ամեն բանի համար», նոր ուժերով եմ լցվում։ Նման խոսքերը օգնում են ինձ հաջորդ օրը արթնանալ նրանց համար հոգ տանելու պատրաստակամությամբ և ցանկությամբ»։ Ահմադու անունով մի եղբայր ու իր կինը հոգ են տանում իրենց հետ ապրող երիտասարդ զարմուհու մասին, ով տառապում է էպիլեպսիայով։ Նկարագրելով, թե ինչպես են շնորհակալական խոսքերն ազդում իր վրա՝ եղբայրն ասում է. «Թեև նա գուցե ամբողջությամբ չի հասկանում, թե որքան շատ զոհողություններ ենք անում իր մասին հոգ տանելու համար, սակայն սիրտս ուրախությամբ է լցվում, երբ նա շնորհակալական խոսքեր է ասում կամ թղթի վրա, թեպետ դժվարությամբ, բայց գրում է. «Ես սիրում եմ ձեզ»»։
ԻՆՉՊԵՍ ՈՒՐԱԽ ՄՆԱԼ
9. Խնամակալը ինչպե՞ս կարող է համեստ լինել։
9 Համեստ եղիր (Առակ. 11։2)։ Բոլորիս ժամանակն ու էներգիան սահմանափակ են։ Ուստի պետք է հասկանաս, թե ինչ կարող ես անել և ինչ չես կարող։ Սովորիր երբեմն ասել՝ ոչ. դա նորմալ է և համեստության դրսևորում։ Երբ ուրիշները քեզ օգնություն են առաջարկում, ուրախությամբ ընդունիր այն։ Ջեյ անունով մի եղբայր ասում է. «Մեր ուժերն ու ժամանակը անսպառ չեն։ Եթե գիտակցենք, որ մեր կարողությունները սահմանափակ են, և չփորձենք մեր ուժերից վեր բաներ անել, կպահպանենք մեր ուրախությունը»։
10. Ինչո՞ւ է կարևոր, որ խնամակալները խորաթափանց լինեն (Առակներ 19։11)։
10 Խորաթափանց եղիր (կարդա Առակներ 19։11)։ Եթե խորաթափանց լինես, ավելի հավանական է, որ հանդարտ կմնաս, երբ քեզ նյարդայնացնեն։ Խորաթափանց մարդը փորձում է հասկանալ, թե ինչու է դիմացինը այս կամ այն կերպ վարվում։ Բնական է, որ որոշ քրոնիկ հիվանդությունների պատճառով անհատը իրեն գուցե անադեկվատ պահի (Ժող. 7։7)։ Օրինակ՝ մարդը, ով սովորաբար բարի է ու կշռադատված քայլեր է անում, գուցե դառնա հակաճառող, կռվարար, պահանջկոտ, քննադատող կամ քմահաճ։ Եթե խնամում ես մեկին, ով լուրջ հիվանդություն ունի, օգտակար կլինի նրա հիվանդության մասին տեղեկություն իմանալ։ Որքան շատ բան իմանաս նրա հիվանդության մասին, այնքան ավելի հակված կլինես ընդունելու, որ նրա պահվածքի պատճառը առողջական խնդիրն է, ոչ թե նա էությամբ այդպիսին է (Առակ. 14։29)։
11. Ո՞ր կարևոր բաներին խնամակալները պետք է ամեն օր ժամանակ հատկացնեն (Սաղմոս 132։4, 5)։
11 Ժամանակ տրամադրիր Եհովայի հետ ունեցած քո մտերմությունն ամրացնելու համար։ Երբեմն որոշ գործեր պետք է հետաձգես, որպեսզի «ավելի կարևոր» բաներին ժամանակ հատկացնես (Փիլիպ. 1։10)։ Այդ կարևոր բաների թվում է Եհովայի հետ ունեցած մտերմությունն ամրացնելը։ Դավիթ թագավորը Եհովային երկրպագելը առաջնային էր համարում (կարդա Սաղմոս 132։4, 5)։ Նմանապես՝ շատ կարևոր է ամեն օր ժամանակ տրամադրել Աստվածաշնչից մի հատված կարդալուն և աղոթելուն։ Էլիշա անունով մի քույր ասում է. «Ուրախությունս կարողանում եմ պահպանել աղոթքի և մխիթարական սաղմոսների շուրջ խորհելու շնորհիվ։ Աղոթքն ինձ համար փրկօղակ է։ Օրվա ընթացքում հաճախ եմ աղոթում, որպեսզի հանդարտ մնամ»։
12. Խնամակալն ինչո՞ւ պետք է ժամանակ հատկացնի իր առողջությանը հոգ տանելուն։
12 Ժամանակ տրամադրիր, որպեսզի հոգ տանես առողջությանդ։ Զբաղված մարդիկ, ինչպիսիք են խնամակալները, գուցե դժվարանան հետևել առողջ սննդակարգին, քանի որ քիչ ժամանակ ունեն թարմ մթերք գնելու և սննդարար կերակուրներ պատրաստելու համար։ Լավ սննդակարգը և մարզումների ծրագիրը կենսական են քո ֆիզիկական և հոգեկան առողջության համար։ Ուստի ձգտիր լավագույնս օգտագործել քո առանց այդ էլ սահմանափակ ժամանակը՝ առողջ սնվելով և կանոնավորաբար մարզվելով (Եփես. 5։15, 16)։ Բացի այդ՝ բավականաչափ քնիր (Ժող. 4։6)։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնելը նպաստում է ուղեղից տոքսինների հեռացմանը։ Մի բժշկական հաստատության կողմից հրապարակված՝ «Ինչ ազդեցություն կարող է քունը ունենալ սթրեսի վրա» հոդվածում նշվում է, որ լիարժեք քունը կարող է նաև նվազեցնել անհանգստությունը և օգնել պայքարել սթրեսի դեմ (Banner Health)։ Քեզ նաև անհրաժեշտ է որոշակի ժամանակ հատկացնել հաճելի որևէ բանով զբաղվելու համար (Ժող. 8։15)։ Մի քույր, որը խնամակալ է, նշում է, թե ինչն է իրեն օգնում պահպանել ուրախությունը։ Նա ասում է. «Երբ եղանակը լավն է լինում, փորձում եմ դուրս գալ ու վայելել արևի ջերմությունը։ Նաև ամիսը առնվազն մեկ օր ծրագրում եմ հաճելի ժամանակ անցկացնել ընկերներիցս մեկի հետ»։
13. Ծիծաղելն ինչպե՞ս է ազդում մեր առողջության վրա (Առակներ 17։22)։
13 Մի՛ կորցրու հումորի զգացումդ (կարդա Առակներ 17։22; Ժող. 3։1, 4)։ Ծիծաղելը դրական է անդրադառնում քո ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Երբ հոգ ես տանում ինչ-որ մեկի մասին, հազվադեպ է լինում, եթե իհարկե լինում է, որ ամեն բան ընթանա այնպես, ինչպես ծրագրել ես։ Բայց եթե ճնշող իրավիճակներում չկորցնես հումորի զգացումդ, ավելի հավանական է, որ թեթև կնայես հարցերին։ Քո խնամքի տակ եղող մարդու հետ ծիծաղելը կարող է ամրացնել ձեր միջև եղած մտերիմ կապը։
14. Վստահելի ընկերոջ հետ խոսելը ինչպե՞ս կարող է օգնել։
14 Խոսիր վստահելի ընկերոջ հետ։ Անգամ այս բոլոր բաներն անելուց հետո գուցե երբեմն քեզ ճնշված զգաս։ Այդպիսի ժամանակներում հնարավոր է՝ տեղին համարես զգացումներիդ մասին խոսել լավ ընկերոջդ հետ, ով չի դատապարտի կամ սուր չի արձագանքի (Առակ. 17։17)։ Նա կլսի քեզ ու քաջալերական խոսքեր կասի, և գուցե դա հենց այն լինի, ինչի կարիքն ունես ուրախությունդ պահպանելու համար (Առակ. 12։25)։
15. Քո հույսի վրա կենտրոնանալը ինչպե՞ս կօգնի, որ ուրախ լինես։
15 Պատկերացրու, որ միասին դրախտում եք։ Հիշիր, որ խնամակալի քո դերը ժամանակավոր է, և որ Եհովան ի սկզբանե չէր նպատակադրել, որ մարդիկ խնամեին միմյանց (2 Կորնթ. 4։16-18)։ «Իսկական կյանքը» դեռ առջևում է (1 Տիմոթ. 6։19)։ Դու հավանաբար մեծ ուրախություն կստանաս՝ մտերիմիդ հետ խոսելով այն մասին, թե ինչ եք միասին անելու դրախտում (Ես. 33։24; 65։21)։ Հեդեր անունով մի քույր ասում է. «Նրանց, ում խնամում եմ, հաճախ ասում եմ, որ շուտով միասին շորեր ենք կարելու, վազելու ենք, հեծանիվ ենք քշելու ու մեր հարություն առած սիրելիների համար հաց ենք թխելու և ճաշ ենք պատրաստելու։ Նաև միասին շնորհակալություն ենք հայտնում Եհովային մեր հույսի համար»։
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՆԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԸ
16. Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ժողովի այն հավատակցին, ով խնամում է իր մտերիմին (տես նաև նկարը)։
16 Աջակցենք խնամակալներին, որ հանգստանալու ժամանակ ունենան։ Մենք կարող ենք մեր հավատակցին առաջարկել մի որոշ ժամանակ հոգ տանել նրա խնամքի տակ գտնվող մարդուն։ Այդպես նա կկարողանա կտրվել իր հոգսից և զբաղվել անձնական գործերով (Գաղ. 6։2)։ Որոշ քարոզիչներ իրենց շաբաթական գրաֆիկում դրա համար տեղ են հատկացրել։ Նատալյա անունով մի քույր, ով խնամում է իր կաթվածահար ամուսնուն, ասում է. «Ժողովից մի եղբայր շաբաթը մեկ կամ երկու անգամ գալիս է և ժամանակ անցկացնում ամուսնուս հետ։ Նրանք միասին ծառայում են, զրուցում, անգամ ֆիլմեր դիտում։ Այսպիսի պահերը անչափ թանկ են ամուսնուս համար, ես էլ հնարավորություն եմ ունենում ժամանակ հատկացնել իմ կարիքները հոգալուն, օրինակ՝ քայլելուն»։ Որոշ դեպքերում գուցե նույնիսկ առաջարկենք գիշերը մնալ հիվանդի կողքին, որպեսզի նրան խնամողը կարողանա հանգիստ քնել։
Ինչպե՞ս կարող ես օգնել այն հավատակցին, ով խնամում է իր մտերիմին (տես պարբերություն 16)a
17. Ինչպե՞ս կարող ենք օգնել խնամակալներին մասնակցել հանդիպումներին։
17 Օգնենք խնամակալներին մասնակցել հանդիպումներին։ Հիվանդին հոգ տանելու պատճառով նրանք գուցե չկարողանան շատ բան լսել ժողովներին ու համաժողովներին։ Ուստի կարող ենք առաջարկել նրանց, որ այս հանդիպումների ողջ ընթացքում կամ դրանց մի մասի ժամանակ նստենք հիվանդի կողքին։ Եթե հիվանդը տնից դուրս չի գալիս, կարող ենք գնալ նրանց տուն և նրա հետ տեսակապով միանալ հանդիպմանը, որ խնամակալը ֆիզիկապես ներկա լինի ժողովին։
18. Է՞լ ինչ կարող ենք անել խնամակալների համար։
18 Գովենք խնամակալներին և աղոթենք նրանց համար։ Լավ կլինի, որ երեցները կանոնավորաբար հովվական այցելություն անեն խնամակալներին (Առակ. 27։23)։ Անկախ հանգամանքներից՝ ժողովում բոլորը կարող են շռայլորեն և կանոնավորաբար գովել նրանց։ Կարող ենք նաև աղոթել Եհովային, որ նա շարունակի զորացնել այդ հավատակիցներին և օգնի պահպանել իրենց ուրախությունը (2 Կորնթ. 1։11)։
19. Ինչի՞ն ենք անհամբերությամբ սպասում։
19 Շուտով Եհովան կսրբի տխրության արցունքները բոլորի աչքերից։ Հիվանդություն ու մահ այլևս չեն լինի (Հայտն. 21։3, 4)։ «Կաղերը եղջերուի պես կցատկոտեն» (Ես. 35։5, 6)։ Էլ ցավ չենք ապրի՝ զգալով ծերության բերած վատ հետևանքները և տեսնելով, թե ինչպես են մեր մտերիմները ծերանում կամ հիվանդանում։ «Նախկին բաներն այլևս մտքում չեն լինի» (Ես. 65։17)։ Նույնիսկ հիմա, մինչ սպասում ենք մեր հրաշալի հույսի իրականացմանը, Եհովան մեզ չի լքում։ Եթե շարունակենք ապավինել նրա զորությանը, նա կօգնի մեզ «համբերությամբ և ուրախությամբ դիմանալ ամեն ինչի» (Կող. 1։11)։
ԵՐԳ 155 Երջանիկ ենք միշտ քեզնով
a ՆԿԱՐ։ Երկու քույր այցելել են տարեց քրոջը, որպեսզի նրա խնամակալը գնա զբոսնելու։