Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Ժողովող 1 ։ 1–12 ։ 14
  • Ժողովող

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ժողովող
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Ժողովող

ԺՈՂՈՎՈՂ

1 Ժողովողի՝*+ Դավթի որդու խոսքերը, որը թագավոր էր Երուսաղեմում:+

 2 «Մեծագո՜ւյն ունայնություն,– ասաց ժողովողը,–

Մեծագո՜ւյն ունայնություն: Ամեն ինչ փուչ է»:+

 3 Մարդն ի՞նչ օգուտ ունի իր ողջ տքնաջան աշխատանքից,

Որ անում է արեգակի տակ:+

 4 Մի սերունդ գնում է, մի սերունդ գալիս է,

Բայց երկիրը մնում է հավիտյան:+

 5 Արեգակը ծագում է, արեգակը մայր է մտնում

Եվ շտապում է այնտեղ, որտեղ դարձյալ ծագելու է:+

 6 Քամին սլանում է դեպի հարավ և պտույտ տալով վերադառնում դեպի հյուսիս:

Այն պտտվում ու պտտվում է. շարունակ պտույտներ է անում:

 7 Բոլոր գետերը* ծովն են լցվում, մինչդեռ ծովը չի լցվում:+

Որտեղից որ գետերը սկիզբ են առնում, այնտեղ էլ վերադառնում են, որ նորից հոսեն:+

 8 Ամեն ինչ հոգնեցնում է,

Մարդ չի էլ կարող պատմել այդ բոլորի մասին:

Աչքն իր տեսածով չի գոհանում,

Ոչ էլ ականջը՝ իր լսածով:

 9 Ինչ որ եղել է, դարձյալ կլինի,

Եվ ինչ որ արվել է, նորից կարվի:

Արեգակի տակ ոչ մի նոր բան չկա:+

10 Կա՞ մի բան, որի մասին կարելի է ասել. «Տե՛ս, սա նոր է»:

Այն վաղուց ի վեր գոյություն ունի,

Մեզնից առաջ արդեն կար:

11 Նախկինում ապրած մարդկանց ոչ ոք չի հիշում,

Ոչ էլ կհիշեն նրանց, ովքեր հետո են գալու,

Իսկ վերջիններիս չեն հիշի նրանցից հետո եկողները:+

12 Ես՝ ժողովողս, Իսրայելի թագավոր դարձա Երուսաղեմում:+ 13 Ես վճռեցի իմաստությունս գործի դնելով՝ ուսումնասիրել ու քննել+ այն ամենը, ինչ արվում է երկնքի տակ՝+ այն հիասթափեցնող գործը, որ Աստված տվել է մարդկանց, որպեսզի դրանով զբաղվեն:

14 Ես տեսա այն բոլոր գործերը, որ արվում են արեգակի տակ,

Եվ սա հասկացա. ամեն ինչ փուչ է և վազք քամու հետևից:+

15 Ինչ որ ծուռ է, հնարավոր չէ ուղղել,

Եվ ինչ որ չկա, հնարավոր չէ հաշվել:

16 Ինքս ինձ ասացի. «Մեծ իմաստություն եմ ձեռք բերել: Այդպիսի իմաստություն ինձնից առաջ Երուսաղեմում ապրած ոչ մի մարդ չի ունեցել,+ և իմ սիրտը շատ իմաստություն ու գիտելիք է ձեռք բերել»:+ 17 Ես ողջ սրտով ձգտեցի իմանալ, թե ինչ է իմաստությունը, անմտությունն* ու հիմարությունը,+ և հասկացա, որ դա նույնպես վազք է քամու հետևից:

18 Չէ՞ որ շատ իմաստուն լինելը հիասթափություն է բերում,

Եվ որքան շատ ես իմանում, այնքան ցավն ավելանում է:+

2 Ինքս ինձ ասացի. «Չտրվե՞մ հաճույքներին ու տեսնեմ՝ մի լավ բան դուրս կգա՞ դրանից»: Բայց արի ու տես, որ դա էլ էր ունայն:

 2 Ծիծաղի մասին ասացի՝ «Խելացնորություն է»,

Իսկ հաճույքների մասին, թե՝ «Դրանցից ի՞նչ օգուտ»:

3 Ես որոշեցի ստուգել, թե գինուն անձնատուր լինելու մեջ ինչ լավ բան կա,+ բայց դրա հետ մեկտեղ չկորցրի իմաստությունս: Անգամ տրվեցի հիմարությանը, որ տեսնեմ, թե որն է ամենալավ բանը, որով մարդիկ կարող են զբաղվել երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերում: 4 Ես մեծ գործեր արեցի.+ ինձ համար տներ կառուցեցի,+ խաղողի այգիներ տնկեցի,+ 5 պարտեզներ ու այգիներ գցեցի և այնտեղ ամեն տեսակ մրգատու ծառեր տնկեցի, 6 ջրավազաններ կառուցեցի, որպեսզի ոռոգեմ պարտեզի մատղաշ ծառերը, 7 և ծառաներ ու աղախիններ ձեռք բերեցի:+ Ունեի նաև ծառաներ, որոնք իմ տանն էին ծնվել: Բացի դրանից՝ գնեցի խոշոր եղջերավոր անասուններ ու հոտեր,+ ավելի շատ, քան Երուսաղեմում ինձնից առաջ եղածները: 8 Նաև արծաթ ու ոսկի կուտակեցի+ և թագավորներից, ինչպես նաև տարբեր մարզերից գանձեր էի ստանում:+ Երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի, նաև ունեցա այն, ինչը մեծ հաճույք է պատճառում տղամարդուն՝ կին, այո՛, շատ կանայք:* 9 Ես մեծանուն դարձա ու գերազանցեցի ինձնից առաջ Երուսաղեմում եղած բոլոր մարդկանց:+ Դրա հետ մեկտեղ ես չկորցրի իմաստությունս:

10 Սրտիս ուզածն անում էի+ և չէի զրկում ինձ ոչ մի հաճույքից, որովհետև սիրտս ուրախանում էր իմ ողջ տքնաջան աշխատանքով, և դա էր իմ վարձատրությունը ամբողջ աշխատանքիս դիմաց:+ 11 Բայց երբ մտածեցի իմ արած բոլոր գործերի ու ծանր աշխատանքի մասին,+ հասկացա, որ ամեն ինչ փուչ է ու վազք քամու հետևից.+ արեգակի տակ ոչ մի արժեքավոր բան չկա:*+

12 Հետո սկսեցի խորհել իմաստության, անմտության* ու հիմարության մասին:+ (Թագավորին հաջորդողն ի՞նչ կարող է անել. ընդամենը այն, ինչ մարդիկ արդեն արել են:) 13 Ես հասկացա, որ իմաստությունը հիմարությունից լավ է,+ ինչպես որ լույսն է խավարից լավ:

14 Իմաստունը պարզ է տեսնում,*+ իսկ հիմարը խավարում է քայլում:+ Հասկացա նաև, որ նրանց երկուսի վերջն էլ նույնն է:+ 15 Հետո մտածեցի. «Ինչ որ հիմարին է պատահում, ինձ էլ կպատահի»:+ Ուրեմն ի՞նչ օգուտ նրանից, որ այդքան իմաստուն եմ դարձել: Ուստի ինքս ինձ ասացի. «Սա էլ է ունայնություն»: 16 Չէ՞ որ ինչպես իմաստունին, այնպես էլ հիմարին հավերժ չեն հիշելու:+ Բոլորն էլ վաղ թե ուշ մոռացվելու են: Իմաստունն էլ, հիմարն էլ մեռնելու են:+

17 Ես սկսեցի ատել կյանքը,+ որովհետև արեգակի տակ արվող ամեն բան ինձ հիասթափեցնող էր թվում, քանի որ ամեն ինչ փուչ էր+ ու վազք քամու հետևից:+ 18 Ես սկսեցի ատել իմ ողջ տքնաջան աշխատանքը, որ արել էի արեգակի տակ,+ քանի որ ամեն ինչ թողնելու եմ մեկին, ով ինձնից հետո է գալու:+ 19 Եվ ո՞վ գիտի՝ նա իմաստո՞ւն կլինի, թե՞ հիմար:+ Մինչդեռ նա կտիրանա այն ամենին, ինչ արեգակի տակ ձեռք եմ բերել մեծ ջանքերով ու իմաստությամբ: Սա էլ է ունայնություն: 20 Երբ մտածեցի այն ամենի մասին, ինչի համար ծանր աշխատել էի արեգակի տակ, հուսահատությամբ համակվեցի, 21 քանի որ մարդ գուցե ծանր աշխատի՝ գործի դնելով իր իմաստությունը, գիտելիքներն ու հմտությունը, բայց մի օր նա իր ձեռք բերածը պետք է թողնի մեկին, ով դրա համար չի աշխատել:+ Սա էլ է ունայնություն և մեծ դժբախտություն:

22 Մարդն ի՞նչ է շահում իր ողջ տքնաջան աշխատանքից և այն ձգտումներից, որոնք մղում են իրեն քրտնաջան աշխատել արեգակի տակ:+ 23 Չէ՞ որ նրա արած բոլոր բաները իր ողջ կյանքում ցավ ու հիասթափություն են պատճառում իրեն,+ և նրա սիրտը նույնիսկ գիշերը հանգիստ չունի:+ Սա էլ է ունայնություն:

24 Մարդու համար ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքից հաճույք ստանալուց ավելի լավ բան չկա:+ Հասկացել եմ, որ սա նույնպես ճշմարիտ Աստծուց է:+ 25 Կա՞ արդյոք մեկը, որ ավելի լավ կերակուրներ ուտի ու խմիչք խմի, քան ես:+

26 Իրեն հաճելի մարդուն ճշմարիտ Աստված տալիս է իմաստություն, գիտելիք և ուրախություն,+ բայց մեղսագործին հավաքելու և դիզելու գործն է տալիս, որ հետո իր կուտակածը տա նրան, ով հաճելի է Իրեն:+ Սա էլ է ունայնություն ու վազք քամու հետևից:

3 Ամեն ինչ իր ժամանակն ունի:

Երկնքի տակ ամեն գործի համար ժամանակ կա.

 2 Ծնվելու* ժամանակ և մահանալու ժամանակ,

Տնկելու ժամանակ և արմատախիլ անելու ժամանակ,

 3 Սպանելու ժամանակ և բուժելու ժամանակ,

Քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ,

 4 Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ,

Ողբալու ժամանակ և պարելու ժամանակ,

 5 Քարեր դեն նետելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ,

Գրկելու ժամանակ և գրկախառնությունից խուսափելու ժամանակ,

 6 Փնտրելու ժամանակ և կորցրածի հետ համակերպվելու ժամանակ,

Պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ,

 7 Պատռելու ժամանակ+ և կարելու ժամանակ,

Լռելու ժամանակ+ և խոսելու ժամանակ,+

 8 Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ,+

Պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ:

9 Մարդն ի՞նչ օգուտ ունի իր տքնաջան աշխատանքից:+ 10 Ես տեսել եմ այն գործերը, որոնք Աստված տվել է մարդկանց, որ զբաղվեն դրանցով: 11 Ամեն ինչ նա գեղեցիկ* է արել իր ժամանակին:+ Նույնիսկ հավիտենություն է դրել մարդկանց սրտերում, բայց նրանք երբեք սկզբից մինչև վերջ չեն ըմբռնի ճշմարիտ Աստծու գործերը:

12 Ես հասկացել եմ, որ մարդու համար իր կյանքի ընթացքում ուրախանալուց ու բարիք գործելուց ավելի լավ բան չկա,+ 13 և որ մարդ պետք է ուտի, խմի և հաճույք ստանա իր աշխատանքից: Դա պարգև է Աստծուց:+

14 Հասկացել եմ, որ այն ամենը, ինչ ճշմարիտ Աստված անում է, մնալու է հավիտյան: Դրան ոչինչ չկա ավելացնելու և դրանից ոչինչ չկա պակասեցնելու: Ճշմարիտ Աստված այդ ամենն այդպես է արել, որ մարդիկ վախենան իրենից:+

15 Ինչ որ տեղի է ունենում, արդեն տեղի է ունեցել, և ինչ որ լինելու է, արդեն եղել է:+ Բայց ճշմարիտ Աստված իրականացնելու է այն, ինչին մարդիկ հետամուտ են լինում:*

16 Արեգակի տակ ես նաև սա տեսա. որտեղ արդարադատություն պիտի լիներ, չարագործություն էր, և որտեղ արդարություն պիտի լիներ, անօրենություն էր:+ 17 Ինքս ինձ ասացի. «Ճշմարիտ Աստված կդատի թե՛ արդարին, թե՛ չարագործին,+ քանի որ ամեն գործի և ամեն արարքի համար ժամանակ կա»:

18 Մարդկանց վերաբերյալ ինքս ինձ նաև ասացի, որ ճշմարիտ Աստված նրանց ստուգում է և ցույց տալիս, որ նրանք կենդանիների նման են, 19 որովհետև թե՛ մարդու և թե՛ կենդանու վերջը նույնն է:+ Ինչպես մեկն է մեռնում, այնպես էլ մյուսն է մեռնում, և բոլորն էլ մեկ ոգի ունեն:+ Այնպես որ մարդը կենդանուց ոչ մի առավելություն չունի, քանի որ ամեն ինչ փուչ է: 20 Բոլորը նույն տեղն են գնում:+ Բոլորը հողից են ստեղծվել,+ և բոլորը դեպի հողն են հետ դառնում:+ 21 Ո՞վ գիտի, թե արդյոք մարդկանց ոգին վեր է բարձրանում, կամ թե կենդանիների ոգին իջնում է ցած՝ գետնի տակ:+ 22 Եվ ես հասկացա, որ մարդու համար իր աշխատանքից ուրախություն ստանալուց ավելի լավ բան չկա,+ քանի որ դա է նրա վարձատրությունը, որովհետև ո՞վ կարող է նրան ցույց տալ, թե իրենից հետո ինչ է լինելու:+

4 Ես նորից ուշադրություն դարձրի այն բանին, թե արեգակի տակ ինչպես են ճնշում մարդկանց: Տեսա կեղեքվածների արցունքները, բայց չկար մեկը, որ մխիթարեր նրանց:+ Կեղեքիչների ձեռքում զորություն կար, և կեղեքվողները մխիթարող չունեին: 2 Ու ես մտածեցի, որ մահացածները ավելի լավ վիճակում են, քան ողջերը:+ 3 Բայց նրանցից ավելի լավ վիճակում է նա, ով դեռ չի ծնվել,+ ով չի տեսել վիշտ պատճառող այն գործերը, որ արվում են արեգակի տակ:+

4 Ես տեսա, որ մրցակցությունը դրդում է մարդկանց շատ ջանք ներդնել ու հմտորեն աշխատել.+ սա էլ է ունայնություն և վազք քամու հետևից:

5 Հիմարը ձեռքերը ծալած նստում է և կործանում ինքն իրեն:*+

6 Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք քամու հետևից:+

7 Ես ուշադրություն դարձրի ու հասկացա, որ արեգակի տակ սա էլ է ունայն. 8 կա մարդ, որ լրիվ մենակ է, կողքին ոչ ոք չունի: Նա ո՛չ որդի ունի, ո՛չ եղբայր, սակայն անվերջ տքնաջան աշխատում է և չի կշտանում հարստությունից:+ Բայց արդյոք մտածո՞ւմ է. «Ո՞ւմ համար եմ այսքան աշխատում և զրկում ինձ լավ բաներից»:+ Սա էլ է ունայնություն և հիասթափեցնող զբաղմունք:+

9 Երկուսով ավելի լավ է, քան մենակ,+ որովհետև նրանք ավելի մեծ օգուտ* են ստանում իրենց տքնաջան աշխատանքից: 10 Եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կօգնի վեր կենալ: Բայց ի՞նչ կլինի, եթե մեկն ընկնի, և նրան բարձրացնող չլինի:

11 Բացի այդ՝ եթե երկուսով պառկեն, կտաքանան:* Բայց մարդը մենակ ինչպե՞ս կտաքանա: 12 Եվ ինչ-որ մեկը գուցե ճնշի մենակ լինողին, մինչդեռ երկուսը միասին կարող են դիմադրել նրան: Երեքտակ պարանը հեշտ չի կտրվում:

13 Ավելի լավ է աղքատ, բայց իմաստուն երիտասարդը, քան տարեց, բայց հիմար թագավորը,+ ով բավականաչափ ողջամիտ չէ, որ ականջ դնի նախազգուշացումներին:+ 14 Նա* բանտից դուրս է եկել և թագավոր դարձել,+ չնայած որ աղքատ է ծնվել այդ թագավորության մեջ:+ 15 Ես մտածեցի բոլոր կենդանի լինողների մասին, ովքեր քայլում են արեգակի տակ, նաև այն մասին, թե ինչ է պատահում երիտասարդ թագավորին, որն իր նախորդի տեղն է զբաղեցնում: 16 Թեև նրա աջակիցները շատ են, բայց հետո ժողովուրդը նրանից գոհ չի լինի:+ Սա էլ է ունայնություն և վազք քամու հետևից:

5 Ուշադիր եղիր, թե ինչպես ես վարվում, երբ գտնվում ես ճշմարիտ Աստծու տանը:+ Ավելի լավ է այնտեղ գնաս լսելու,+ ոչ թե զոհ մատուցելու այնպես, ինչպես հիմարներն են անում,+ որոնք չեն հասկանում, որ սխալ են վարվում:

2 Մի՛ շտապիր բացել բերանդ, և թող քո սիրտը հապճեպորեն չխոսի ճշմարիտ Աստծու առաջ,+ որովհետև ճշմարիտ Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա: Ուստի շատախոս մի՛ եղիր:+ 3 Երազները* չափից շատ մտազբաղ լինելու* արդյունք են,+ և հիմարի դատարկախոսությունը՝ շատախոսության:+ 4 Երբ Աստծուն երդում ես տալիս, մի՛ հապաղիր կատարել այն,+ քանի որ հիմարները նրա համար հաճելի չեն:+ Ինչ որ երդվել ես, կատարիր:+ 5 Ավելի լավ է չերդվես, քան երդվես, բայց չկատարես:+ 6 Թույլ մի՛ տուր, որ լեզուդ քեզ մեղքի դրդի,+ և հրեշտակի* առաջ մի՛ ասա, թե դա սխալմունք էր:+ Ինչո՞ւ խոսքերիդ պատճառով ճշմարիտ Աստված բարկանա և ոչնչացնի ձեռքիդ գործը:+ 7 Ինչպես որ չափից շատ մտազբաղ լինելու պատճառով երազներ են լինում,+ այնպես էլ շատախոսության պատճառով՝ դատարկաբանություն: Վախեցի՛ր ճշմարիտ Աստծուց:+

8 Եթե քո տեղանքում տեսնես, որ իշխանություն ունեցող մեկը ճնշում է աղքատներին և ոտնահարում է արդարադատությունն ու արդարությունը, ապա մի՛ զարմացիր:+ Չէ՞ որ այդ բարձրաստիճան պաշտոնյային իրենից ավելի բարձրն է դիտում: Եվ կան ուրիշ պաշտոնյաներ, որոնք մյուսներից ավելի բարձրաստիճան են:

9 Նրանք բոլորը իրար մեջ բաժանում են հողից ստացած բերքը,* և նույնիսկ թագավորը դաշտի բարիքներից է օգտվում:+

10 Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամտից:+ Սա էլ է ունայնություն:+

11 Երբ ունեցվածքը շատանում է, դրանից օգտվողներն էլ են շատանում:+ Ուստի ի՞նչ օգուտ ունի դրա տերը՝ բացի այդ ամենին նայելուց:+

12 Աշխատավորի* քունը քաղցր է, անկախ նրանից՝ նա շատ է ուտում, թե քիչ, բայց հարուստի առատ ունեցվածքը չի թողնում, որ նա քնի:

13 Արեգակի տակ մի մեծ դժբախտություն եմ տեսել. հարստություն, որը մարդը դիզում է ի վնաս իրեն: 14 Նա այդ հարստությունը կորցնում է անհաջող գործարքի պատճառով ու երբ հայր է դառնում, որդուն ժառանգություն թողնելու ոչինչ չի ունենում:+

15 Մարդ մերկ է դուրս եկել իր մոր արգանդից, մերկ էլ կհեռանա:+ Նա ոչինչ չի կարող տանել իր հետ որպես իր ծանր աշխատանքի վարձատրություն:+

16 Սա էլ է մեծ դժբախտություն. ինչպես որ մարդ եկել է, այդպես էլ կհեռանա: Ի՞նչ օգուտ մարդուն, որ տքնաջան աշխատում է քամու համար:+ 17 Նրա ամեն մի օրը մռայլ է՝* լի հիասթափությամբ, հիվանդությամբ ու բարկությամբ:+

18 Ես հասկացա, թե ինչն է լավ ու ճիշտ մարդու համար. նա պետք է ուտի, խմի ու վայելի իր ծանր աշխատանքը՝+ այն ամենը, ինչ անում է արեգակի տակ իր կյանքի սակավաթիվ օրերում, որ ճշմարիտ Աստված տվել է իրեն, որովհետև դա է իր վարձատրությունը:+ 19 Երբ ճշմարիտ Աստված մարդուն հարստություն և ունեցվածք է տալիս+ ու դրանք վայելելու ունակություն, մարդը պետք է ընդունի իր վարձատրությունը և ուրախանա իր տքնաջան աշխատանքով: Սա Աստծու պարգևն է:+ 20 Այդ մարդը դժվար թե նկատի իր կյանքի վաղանցիկությունը, քանի որ ճշմարիտ Աստված նրան զբաղված է պահում՝ նրա սիրտը լցնելով ուրախությամբ:+

6 Արեգակի տակ մեկ այլ դժբախտություն եմ տեսել, որը հաճախ է մարդկանց պատահում: 2 Ճշմարիտ Աստված մարդուն տալիս է հարստություն, ունեցվածք ու փառք: Նա ունի այն ամենը, ինչ ցանկանում է, սակայն, ճշմարիտ Աստված հնարավորություն չի տալիս նրան վայելելու դրանք, փոխարենը օտարն է վայելում: Սա ունայնություն է ու մեծ դժբախտություն: 3 Եթե մարդ հարյուր երեխա ունենա և ապրի երկար տարիներ՝ հասնելով խոր ծերության, բայց գերեզման իջնի՝ այդպես էլ չվայելելով իր ունեցած լավ բաները, ապա պետք է ասեմ, որ մեռած ծնված երեխան նրանից ավելի լավ վիճակում է:+ 4 Այդ երեխան զուր է լույս աշխարհ եկել, նա գնացել է դեպի խավարը, ու նրա անունը ծածկված է խավարով: 5 Թեև նա արև չի տեսել ու ոչինչ չի իմացել, սակայն ավելի լավ վիճակում է, քան այն մարդը:+ 6 Ի՞նչ օգուտ, եթե մարդ երկու անգամ հազար տարի ապրի, բայց կյանքը չվայելի: Չէ՞ որ բոլորը նույն տեղն են գնում:+

7 Մարդու ողջ տքնաջան աշխատանքը իր ստամոքսի համար է,+ մինչդեռ նրա ախորժակն անհագ է: 8 Իմաստունը հիմարից ի՞նչ առավելություն ունի:+ Աղքատին ի՞նչ օգուտ նրանից, որ գիտի, թե ինչպես գոյատևել:* 9 Ավելի լավ է աչքի տեսածը վայելել, քան տարվել ցանկություններով: Սա էլ է ունայնություն և վազք քամու հետևից:

10 Ինչ որ գոյություն ունի, դրան արդեն անուն է տրվել, և թե ինչ է մարդը, հայտնի է: Նա չի կարող վիճել իրենից ավելի զորեղի հետ: 11 Ինչքան շատ են խոսքերը,* այնքան դրանք փուչ են. դրանք ի՞նչ օգուտ են տալիս մարդուն: 12 Ո՞վ գիտի, թե մարդու համար որն է ամենալավ գործը, որը նա կարող է անել իր փուչ կյանքի սակավաթիվ օրերում, որոնք անցնում են ստվերի պես:+ Ո՞վ կարող է ասել մարդուն, թե արեգակի տակ իրենից հետո ինչ է լինելու:

7 Լավ անունը թանկարժեք յուղից լավ է,+ և մահվան օրը՝ ծննդյան օրից: 2 Ավելի լավ է գնալ սգո տուն, քան խնջույքի տուն,+ որովհետև բոլոր մարդկանց վերջը մահն է, և ողջ լինողները պետք է հիշեն դա: 3 Կսկիծը ծիծաղից լավ է,+ քանի որ տխրությունը* մարդու սիրտը ավելի լավն է դարձնում:+ 4 Իմաստունների սիրտը սգո տանն է, բայց հիմարների սիրտը՝ ուրախության* տանը:+

5 Ավելի լավ է լսել իմաստունի նկատողությունը,+ քան հիմարների երգը:* 6 Չէ՞ որ հիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ այրվող փշերի ճարճատյունի:+ Սա էլ է ունայնություն: 7 Ճնշումները իմաստունին կարող են դրդել անմտորեն* վարվել, և կաշառքը ապականում է սիրտը:+

8 Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը: Համբերատարությունը գոռոզությունից լավ է:+ 9 Շուտ մի՛ վիրավորվիր,+ որովհետև վիրավորվելու հակումը հիմարների սրտում է արմատացած:*+

10 Մի՛ ասա՝ «Ինչո՞ւ էին առաջվա օրերը ավելի լավը, քան ներկայիս օրերը», քանի որ իմաստուն մարդը այդպիսի հարց չի տալիս:+

11 Իմաստությունը ժառանգության հետ մեկտեղ լավ է և օգուտ է բերում ցերեկվա լույսը տեսնողներին,* 12 քանի որ իմաստությունը,+ ինչպես և փողը, պաշտպանություն է:+ Բայց գիտելիքների և իմաստության առավելությունն այն է, որ դրանք պահպանում են իրենց ունեցողների կյանքը:+

13 Մտածիր ճշմարիտ Աստծու գործի մասին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչը նա ծուռ է դարձրել:+ 14 Քո լավ օրերին լավություն արա,+ իսկ տխուր օրերին հիշիր, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը ճշմարիտ Աստված է ստեղծել,+ և մարդ չի կարող հաստատ իմանալ, թե ապագայում ինչ է լինելու իր հետ:+

15 Փուչ կյանքիս ողջ ընթացքում+ ամեն ինչ տեսել եմ՝ թե՛ արդարին, ով կործանվում է, թեև արդար է,+ և թե՛ չարագործին, ով երկար է ապրում, թեև չար է:+

16 Չափից դուրս արդար մի՛ եղիր+ ու ինքդ քեզ չափազանց իմաստուն մի՛ ներկայացրու:+ Ինչո՞ւ կործանես քեզ:+ 17 Մեղքին անձնատուր մի՛ եղիր և հիմար էլ մի՛ եղիր:+ Ինչո՞ւ ժամանակից շուտ մեռնես:+ 18 Լավ կանես, որ առաջին նախազգուշացմանը ականջ դնես և մյուսն էլ չանտեսես,+ որովհետև Աստծուց վախեցողը այդ երկուսին էլ ուշադրություն կդարձնի:

19 Իմաստությունը իմաստունին քաղաքի տասը զորեղ մարդկանցից ավելի ուժեղ է դարձնում:+ 20 Երկրի վրա չկա մի արդար մարդ, որ միայն բարին անի ու մեղք չգործի:+

21 Մարդկանց ասած ամեն մի խոսքը սրտիդ մոտ մի՛ ընդունիր,+ որովհետև գուցե լսես, որ ծառադ չարախոսում* է քեզ: 22 Չէ՞ որ սրտիդ խորքում գիտես, որ ինքդ էլ շատ անգամ չարախոսել ես ուրիշներին:+

23 Այս ամենը ես իմաստությամբ քննեցի ու ասացի՝ «Իմաստուն կդառնամ», մինչդեռ իմաստությունը հեռու էր ինձնից: 24 Ինչ որ եղել է, անհասանելի է ու շատ խորն է: Ո՞վ կարող է ըմբռնել դա:+ 25 Ես որոշեցի ճանաչել, ուսումնասիրել ու գտնել իմաստությունը և ամեն ինչի պատճառը, նաև հասկանալ, որ հիմարությունը չարություն է, և խելացնորությունը՝ անմտություն:+ 26 Ես հասկացա, որ այն կինը, ով նման է որսորդական ցանցի, ում սիրտը նման է ուռկանի, իսկ ձեռքերը՝ ձեռնաշղթաների, մահից ավելի դառն է: Ճշմարիտ Աստծուն հաճելի մարդը կփախչի նրանից,+ բայց մեղսագործը կընկնի նրա թակարդը:+

27 «Ահա թե ինչ հասկացա,– ասաց ժողովողը,+– ամեն ինչ մեկ առ մեկ ուսումնասիրեցի, որպեսզի եզրահանգումներ անեմ, 28 բայց այն, ինչ շարունակ փնտրում էի, այդպես էլ չգտա: Հազար հոգու մեջ մեկ արդար տղամարդ գտա, բայց նրանց մեջ մեկ արդար կին չգտա: 29 Եվ ես միայն սա հասկացա. ճշմարիտ Աստված մարդկանց ուղղամիտ է ստեղծել,+ բայց նրանք իրենց ուզած ձևով են վարվում»:+

8 Ո՞վ կարող է համեմատվել իմաստուն մարդու հետ, և ո՞վ գիտի, թե ինչպես լուծել խնդիրները:* Մարդու իմաստությունը լուսավորում է նրա դեմքը և հեռացնում է նրա դեմքի խստությունը:

2 Խորհուրդս սա է. «Հնազանդվիր թագավորի հրամաններին.+ չէ՞ որ Աստծուն երդում ես տվել:+ 3 Մի՛ շտապիր հեռանալ թագավորի առաջից:+ Մի՛ ներքաշվիր չար բանի մեջ,+ քանի որ նա կարող է անել այն, ինչ ուզենա, 4 և նրա խոսքը օրենք է:+ Ո՞վ կարող է նրան ասել. «Ի՞նչ ես անում»»:

5 Հրամանը կատարողին վտանգ չի սպառնա,+ և իմաստուն մարդը կիմանա, թե որն է գործելու ճիշտ ժամանակն ու ձևը:+ 6 Քանի որ մարդկանց խնդիրները շատ են, յուրաքանչյուր խնդիր հարկավոր է լուծել ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով:*+ 7 Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու, ուր մնաց, թե ասի՝ ինչպես է լինելու:

8 Ինչպես որ ոչ մի մարդ իշխանություն չունի ոգու* վրա և ոչ էլ կարող է զսպել այն, այնպես էլ ոչ ոք իշխանություն չունի մահվան օրվա վրա:+ Եվ ինչպես որ զինվորին պատերազմի ժամանակ տուն չեն թողնում, այնպես էլ չարագործները չեն կարող ազատվել իրենց չար արարքների հետևանքներից:*

9 Այս բոլորը ես տեսել եմ և մտածել եմ այն ամենի մասին, ինչ արվում է արեգակի տակ: Մարդը մարդու վրա իշխում է ի վնաս նրա:+ 10 Եվ ես տեսել եմ, թե ինչպես էին թաղում չարագործներին՝ նրանց, ովքեր գալիս էին սուրբ վայր և հեռանում այնտեղից: Նրանց մասին շատ շուտ մոռանում էին այն քաղաքում, որտեղ նրանք չար բաներ էին արել:+ Սա էլ է ունայնություն:

11 Քանի որ չար գործի վերաբերյալ կայացված դատավճիռը շուտ չի իրականացվում,+ մարդիկ ավելի համարձակ են դառնում չարություն անելու հարցում:+ 12 Մեղսագործը գուցե հարյուր անգամ չարություն գործի ու, չնայած դրան, երկար ապրի, սակայն գիտեմ, որ ճշմարիտ Աստծուց վախեցողների համար ի վերջո լավ կլինի, որովհետև նրանք վախենում են նրանից:+ 13 Բայց մեղսագործի վերջը լավ չի լինի,+ ու նա չի երկարացնի իր կյանքը, որը ստվերի պես է,+ քանի որ չի վախենում Աստծուց:

14 Երկրի վրա այսպիսի մի ունայնություն էլ կա. կան արդարներ, որոնց վերաբերվում են ինչպես չարագործների,+ և կան չարագործներ, որոնց վերաբերվում են ինչպես արդարների:+ Եվ ես ասացի. «Սա էլ է ունայնություն»:

15 Ուստի ես խորհուրդ եմ տալիս ուրախանալ,+ քանի որ արեգակի տակ մարդու համար ուտելուց, խմելուց և ուրախանալուց ավելի լավ բան չկա: Այս ամենը պետք է ուղեկցվի ծանր աշխատանքի հետ նրա ողջ կյանքում,+ որը ճշմարիտ Աստված տվել է նրան արեգակի տակ:

16 Ես որոշեցի իմաստություն ձեռք բերել և տեսնել այն բոլոր բաները, որոնցով մարդիկ զբաղվում են երկրի վրա,+ և այդ ընթացքում ո՛չ գիշերը քուն ունեի, ո՛չ ցերեկը:* 17 Հետո ես սկսեցի խորհել ճշմարիտ Աստծու բոլոր գործերի մասին և հասկացա, որ մարդիկ չեն կարող ըմբռնել այն ամենը, ինչ կատարվում է արեգակի տակ:+ Որքան էլ նրանք ջանք գործադրեն, չեն ըմբռնի: Նույնիսկ եթե ասեն, որ դրա համար բավականաչափ իմաստություն ունեն, միևնույն է, չեն կարող ըմբռնել:+

9 Այս ամենի մասին ես խորությամբ մտածեցի և հասկացա, որ արդարներն ու իմաստունները, ինչպես նաև նրանց գործերը ճշմարիտ Աստծու ձեռքում են:+ Մարդիկ տեղյակ չեն ո՛չ սիրուց, ո՛չ էլ ատելությունից, որ իրենցից առաջ ապրած մարդիկ են ունեցել: 2 Բոլորի վերջը նույնն է՝+ թե՛ արդարների ու անարդարների,+ թե՛ բարիների, մաքուրների ու անմաքուրների և թե՛ զոհ մատուցողների ու չմատուցողների: Բարի մարդուն սպասում է այն, ինչ մեղավորին, և երդում անողին՝ այն, ինչ երդում անելուց զգուշացողին: 3 Արեգակի տակ այսպիսի դժբախտություն կա. քանի որ բոլորի վերջը նույնն է,+ մարդկանց սիրտը լի է չարությամբ: Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանք անմտությամբ* են վարվում, իսկ հետո մեռնում են:

4 Բոլոր նրանք, ովքեր ողջ են, հույս ունեն, քանի որ կենդանի շունը սատկած առյուծից լավ է:+ 5 Ողջ լինողները գիտեն,* որ մահանալու են,+ բայց մահացածները ոչ մի բան չգիտեն+ և այլևս վարձատրություն չեն ստանում, քանի որ նրանց հիշատակն անգամ չի մնացել:+ 6 Նրանց սերը, ատելությունն ու նախանձն արդեն չկան, և նրանք այլևս բաժին չունեն այն բաներում, որ արվում են արեգակի տակ:+

7 Գնա, ուրախությամբ հացդ կեր և զվարթ սրտով գինիդ խմիր,+ որովհետև ճշմարիտ Աստծուն հաճելի են քո գործերը:+ 8 Միշտ սպիտակ հագուստ* հագիր և մի՛ մոռացիր գլխիդ յուղ քսել:+ 9 Վայելիր կյանքը քո սիրելի կնոջ հետ+ փուչ կյանքիդ բոլոր օրերում, որն Աստված տվել է քեզ արեգակի տակ՝ քո բոլոր ունայն օրերում, որովհետև կյանքում դա է քո բաժինը և քո վարձատրությունն այն ծանր աշխատանքի դիմաց, որն անում ես արեգակի տակ:+ 10 Ինչ որ կարող ես անել, ողջ ուժերդ ներդնելով արա, որովհետև գերեզմանում,* ուր գնալու ես, ո՛չ աշխատանք կա, ո՛չ ծրագրեր, ո՛չ գիտելիքներ, ո՛չ էլ իմաստություն:+

11 Ահա թե էլ ինչ տեսա արեգակի տակ. միշտ չէ, որ արագավազները հաղթում են մրցավազքում, և հզորները՝ պատերազմում,+ միշտ չէ, որ իմաստունները ուտելիք ունեն, խելացիները՝ հարստություն,+ և գիտելիք ունեցողները՝ հաջողություն,+ քանի որ անսպասելի ժամանակ անկանխատեսելի դեպքեր* բոլորի հետ են լինում: 12 Չէ՞ որ մարդ չգիտի, թե երբ է իր ժամանակը գալու:+ Ինչպես ձկներն են բռնվում մահաբեր ուռկանի մեջ, և թռչունները՝ թակարդում, այնպես էլ մարդիկ են հանկարծահաս փորձանքի մեջ ընկնում:

13 Արեգակի տակ մի բան էլ իմացա իմաստության մասին, որը տպավորեց ինձ: 14 Մի փոքր քաղաք կար, որտեղ քիչ մարդիկ էին ապրում: Մի հզոր թագավոր դուրս եկավ այդ քաղաքի դեմ, շրջապատեց այն ու պաշարողական ամրություններ կանգնեցրեց: 15 Այնտեղ մի մարդ կար, որն աղքատ էր, բայց իմաստուն: Նա իր իմաստությամբ փրկեց քաղաքը, սակայն հետո ոչ ոք չհիշեց այդ աղքատ մարդուն:+ 16 Եվ ես ասացի ինքս ինձ. «Իմաստությունը զորությունից լավ է,+ այնուհանդերձ, աղքատի իմաստությունը արհամարհվում է, ու նրա խոսքերին ականջ չեն դնում»:+

17 Ավելի լավ է ուշադրություն դարձնել իմաստունների մեղմ խոսքերին, քան հիմարների վրա իշխող մարդու գոչյուններին:

18 Իմաստությունը զենքերից լավ է, բայց ընդամենը մեկ մեղսագործը կարող է բազմաթիվ լավ բաներ կործանել:+

10 Ինչպես որ սատկած ճանճերի պատճառով անուշահոտ յուղը թթվում է ու գարշահոտում, այնպես էլ մարդու մի փոքր հիմարությունը արժեզրկում է նրա իմաստությունն ու փառքը:+

2 Իմաստունի սիրտը ճիշտ ճանապարհով է առաջնորդում նրան,* իսկ հիմարի սիրտը՝ սխալ ճանապարհով:*+ 3 Որ ճամփով էլ հիմարը գնա, նա անխոհեմ է,*+ և բոլորի համար ակնհայտ է, որ նա հիմար է:+

4 Եթե ղեկավարը բարկանա քեզ վրա, մի՛ հեռացիր,+ որովհետև հանդարտությունը մեղմում է ծանր մեղքերը:+

5 Մի ցավալի բան եմ տեսել արեգակի տակ՝ իշխանավորների գործած սխալը.+ 6 հիմարներին նրանք բարձր պաշտոնների են նշանակում, մինչդեռ շնորհալիները* ցածր դիրքում են մնում:

7 Ես տեսել եմ ծառաների, որոնք ձի են հեծնում, և իշխանների, որոնք ծառաների պես ոտքով են քայլում:+

8 Փոս փորողը կարող է իր փորած փոսը ընկնել,+ և քարե պատ քանդողին օձը կարող է խայթել:

9 Քարեր հատողը կարող է դրանցով վնասվել, գերաններ կոտրողը վտանգի է ենթարկում իրեն:*

10 Եթե երկաթյա գործիքը բթացել է, և մարդ չի սրում դրա սայրը, նա ստիպված է շատ ջանք գործադրել: Բայց իմաստությունը օգնում է հաջողության հասնել:

11 Եթե օձը խայթի նախքան իրեն հմայելը, ապա ի՞նչ օգուտ հմայողից:

12 Իմաստունի խոսքերը հաճելի են,+ բայց հիմարի շուրթերը կործանում են նրան:+ 13 Նրա առաջին բառերը հիմարություն են,+ վերջիններն էլ՝ անմտություն, որը կործանման է տանում: 14 Բայց հիմարը շարունակում է խոսել:+

Մարդը չգիտի՝ ինչ է լինելու ապագայում. ո՞վ կարող է նրան ասել, թե իրենից հետո ինչ կլինի:+

15 Հիմարի ծանր աշխատանքը հոգնեցնում է իրեն, որովհետև նա նույնիսկ չգիտի, թե ինչպես գտնի քաղաք տանող ճանապարհը:

16 Վա՜յ այն երկրին, որի թագավորը երեխա է,+ իսկ իշխանները առավոտվանից են սկսում խնջույք անել: 17 Երանի՜ այն երկրին, որի թագավորը ազնվական ցեղից է, իսկ իշխանները պատշաճ ժամանակին են ուտում-խմում, որպեսզի վերականգնեն ուժերը, ոչ թե հարբեն:+

18 Ծայրահեղ ծուլության պատճառով տանիքը նստում է, և ձեռքերը ծալած նստելու պատճառով կտուրը կաթում է:+

19 Հացը* ուրախության համար է, գինին կյանքը հաճելի է դարձնում,+ բայց փողը բավարարում է բոլոր կարիքները:+

20 Նույնիսկ քո մտքում* թագավորին մի՛ անիծիր+ և քո ննջասենյակում՝ հարուստին, որովհետև թռչունը գուցե լուր տանի, և թևավոր արարածը կրկնի ասվածը:

11 Հացդ ջրի երեսին բաց թող,+ որովհետև շատ օրեր անց կրկին կգտնես այն:+ 2 Քո ունեցածից բաժին հանիր յոթին, նույնիսկ ութին,+ քանի որ չգիտես, թե ինչ աղետ կլինի երկրի վրա:

3 Երբ ամպերը ջրով են լցվում, անձրև է թափվում երկրի վրա: Եվ եթե ծառը ընկնի դեպի հարավ կամ հյուսիս, կմնա այնտեղ, որտեղ ընկել է:

4 Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի:+

5 Ինչպես որ չգիտես, թե ոգին ինչպես է գործում հղի կնոջ որովայնում եղող երեխայի ոսկորներում,+ այնպես էլ չգիտես ճշմարիտ Աստծու գործը, ով անում է ամեն ինչ:+

6 Առավոտյան ցանիր սերմերը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր,+ որովհետև չգիտես, թե որ մեկը ծիլ կտա՝ ա՞յս մեկը, թե՞ այն մեկը, կամ գուցե երկուսն էլ ծիլ տան:

7 Լույսը հաճելի է, և արևի լույսը տեսնելը՝ լավ: 8 Եթե մարդ երկար տարիներ էլ ապրի, թող վայելի դրանք:+ Բայց թող հիշի, որ խավար օրեր էլ գուցե շատ լինեն. գալիք բոլոր բաները փուչ են:+

9 Ուրախացիր, երիտասա՛րդ, քանի դեռ երիտասարդ ես. թող սիրտդ ուրախ լինի քո երիտասարդության օրերում: Արա այն, ինչ սիրտդ ցանկանում է, և գնա, ուր աչքերդ տանում են: Բայց իմացիր, որ ճշմարիտ Աստված արածներիդ համար հաշիվ է պահանջելու քեզնից:+ 10 Ուստի հեռու մնա այն ամենից, ինչը ցավ է պատճառում սրտիդ, և խուսափիր այն բաներից, որոնք վնաս են հասցնում մարմնիդ, քանի որ երիտասարդությունն ու կյանքի գարունը ունայնություն են:+

12 Ուստի հիշիր քո Մեծ Արարչին, քանի դեռ երիտասարդ ես,+ քանի դեռ չեն եկել դժվարին օրերը,+ և չեն հասել այն տարիները, երբ կասես՝ «Դրանցից հաճույք չեմ ստանում», 2 քանի դեռ արևը, լույսը, լուսինը և աստղերը չեն խավարել,+ ու անձրևից հետո նորից չեն հայտնվել ամպերը,* 3 որովհետև երբ այդ օրերը գան, տան պահապանները կդողան, ուժեղ տղամարդիկ կկորանան, կանայք կդադարեն աղալ, քանի որ քիչ են մնացել, և պատուհանից նայող տիկինները խավար կտեսնեն,+ 4 փողոց տանող դռները կփակվեն, երկանքի* ձայնը կխլանա, թռչնի ձայնից կարթնանաս, և երգերի ձայները* թույլ կհնչեն:+ 5 Բարձրությունից կվախենաս, փողոց դուրս գալուց կսարսափես: Նշենին կծաղկի,+ մորեխը ինքն իրեն քարշ կտա, կապարը* կպայթի: Մարդը գնում է մի տեղ, որը երկար ժամանակ իր տունն է լինելու,+ և սգացողները փողոցով քայլում են:+ 6 Հիշիր Նրան, քանի դեռ արծաթե պարանը չի կտրվել, ոսկե գավաթը չի կոտրվել, աղբյուրի մոտ գտնվող սափորը չի փշրվել, և ջրհորի անիվը չի ջարդվել: 7 Այդ ժամանակ փոշին կվերադառնա դեպի հողը,+ որտեղ որ եղել էր, և ոգին* կվերադառնա ճշմարիտ Աստծու մոտ, ով տվել էր այն:+

8 «Մեծագո՜ւյն ունայնություն,– ասաց ժողովողը,+– ամեն ինչ փուչ է»:+

9 Բացի նրանից, որ ժողովողը իմաստուն էր դարձել՝ նա շարունակ սովորեցնում էր ժողովրդին իր իմացածը:+ Նա խորհում էր և ամեն ինչ մանրակրկիտ քննում, որպեսզի բազմաթիվ առակներ համախմբեր:+ 10 Ժողովողը ձգտում էր հաճելի խոսքեր ընտրել+ և ճիշտ ու ստույգ խոսքեր գրի առնել:

11 Իմաստունների խոսքերը խթանի պես են,+ և նրանց ընտրած ասույթները՝ ամուր գամված մեխերի պես. դրանք մեկ հովվի կողմից են տրված: 12 Իսկ ինչ վերաբերում է այլ բաներին, որդի՛ս, զգույշ եղիր. շատ գրքեր գրելուն վերջ չկա, ու դրանցով չափից շատ տարվելը հոգնեցուցիչ է:+

13 Այս ամբողջ ասվածի հետևությունը սա է. վախեցիր ճշմարիտ Աստծուց+ և պահիր նրա պատվիրանները:+ Դա ամենակարևոր բանն է, որ մարդ պետք է անի իր կյանքում,+ 14 որովհետև ճշմարիտ Աստված դատ է անելու, որպեսզի քննի ամեն արարք, այդ թվում՝ գաղտնի բաները, և որոշի՝ արդյոք լավ է, թե վատ:+

Կամ՝ «Հավաքողի», «Ժողովրդին մեկտեղ բերողի»:

Կամ՝ «ձմեռային վտակները», «սեզոնային վտակները»:

Կամ՝ «խելացնորությունը»:

Կամ՝ «տիկին, այո՛, շատ տիկնայք»:

Կամ՝ «ոչ մի բանից օգուտ չկա»:

Կամ՝ «խելացնորության»:

Բռց.՝ «Իմաստունի աչքերը բաց են»:

Կամ՝ «Ծնելու»:

Կամ՝ «կարգ ու կանոնով», «պատշաճ», «տեղին»:

Կամ՝ «փնտրելու է հետապնդվողներին»: Կամ հնարավոր է՝ «փնտրելու է այն, ինչ անցել է»:

Բռց.՝ «ուտում իր մարմինը»:

Կամ՝ «լավ վարձատրություն»:

Կամ՝ «տաք կմնան»:

Հավանաբար, իմաստուն երիտասարդը:

Կամ՝ «Երազանքները»:

Կամ՝ «շատ հոգսերի»:

Կամ՝ «պատգամաբերի»:

Կամ՝ «եկամուտը»:

Կամ՝ «Ծառայի»:

Բռց.՝ «Նա ամեն օր խավարի մեջ է ուտում»:

Բռց.՝ «քայլել ողջերի առաջ»:

Կամ հնարավոր է՝ «Ինչքան շատ բաներ են լինում»:

Բռց.՝ «դեմքի տխրությունը»:

Կամ՝ «զվարճության»:

Կամ՝ «գովեստը»:

Կամ՝ «խելացնորությամբ»:

Կամ հնարավոր է՝ «հիմարներին բնորոշող նշանն է»:

Այսինքն՝ ողջերին:

Բռց.՝ «անիծում»:

Կամ՝ «ամեն ինչ բացատրել»:

Կամ՝ «դատողությամբ»:

Կամ՝ «շնչի», «քամու»:

Կամ հնարավոր է՝ «չարագործների չարությունը չի կարող փրկել իրենց»:

Կամ հնարավոր է՝ «մարդիկ գիշեր-ցերեկ քուն չունեին»:

Կամ՝ «խելացնորությամբ»:

Կամ՝ «գիտակցում են»:

Այսինքն՝ բաց գույնի հագուստ, որը ուրախ տրամադրության նշան է, ոչ թե սգի:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «ժամանակ և պատահար»:

Կամ՝ «իր աջ կողմում է»:

Կամ՝ «իր ձախ կողմում է»:

Բռց.՝ «սիրտ չունի»:

Բռց.՝ «հարուստները»:

Կամ հնարավոր է՝ «պետք է զգույշ լինի դրանց հետ աշխատելիս»:

Կամ՝ «Ուտելիքը»:

Կամ հնարավոր է՝ «անկողնում»:

Կամ հնարավոր է՝ «ամպերը նորից անձրև չեն բերել»:

Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:

Բռց.՝ «դուստրերը»:

Ախորժակը գրգռող հատապտուղ:

Կամ՝ «կյանքի ուժը»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը