Ելք
37 Բեսելիելը+ ակացիայի փայտից պատրաստեց տապանակը:+ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:*+ 2 Նա ներսից ու դրսից մաքուր ոսկով պատեց այն և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեց:+ 3 Հետո չորս ոսկե օղակ ձուլեց տապանակի համար, որ ամրացվեն դրա չորս ոտքերի վերևում. երկու օղակ՝ մի կողմում, երկու օղակ՝ մյուս կողմում: 4 Այնուհետև ակացիայի փայտից ձողեր պատրաստեց ու դրանք ոսկով պատեց:+ 5 Ձողերն անցկացրեց տապանակի երկու կողմերի օղակների միջով, որ տապանակը դրանցով տանեն:+
6 Հետո մաքուր ոսկուց կափարիչ պատրաստեց:+ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն:+ 7 Նաև կոփելով պատրաստեց երկու ոսկե քերովբեներ+ և դրեց կափարիչի երկու ծայրերին:+ 8 Մի քերովբեն մի ծայրին էր, իսկ մյուս քերովբեն՝ մյուս ծայրին: Քերովբեները կափարիչի երկու ծայրերին էին: 9 Քերովբեների երկու թևերը տարածված էին դեպի վեր և ծածկում էին կափարիչը:+ Քերովբեները դեմ դիմաց էին: Նրանց երեսները ուղղված էին դեպի կափարիչը:+
10 Հետո նա ակացիայի փայտից պատրաստեց սեղանը:+ Դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:*+ 11 Այն մաքուր ոսկով պատեց ու դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեց: 12 Ապա սեղանը շրջանակող եզրակալ տեղադրեց՝ ափի լայնությամբ,* և դրա շուրջբոլորը եզերելու համար ևս մեկ ոսկե եզրազարդ պատրաստեց: 13 Այնուհետև սեղանի համար չորս ոսկե օղակ ձուլեց և ամրացրեց չորս անկյուններին այն հատվածներում, որտեղ չորս ոտքերն էին ամրացված: 14 Օղակները եզրակալի անմիջապես ներքևում էին. դրանց միջով պետք է անցկացվեին ձողերը, որոնցով պետք է տարվեր սեղանը: 15 Այդ ձողերը նա ակացիայի փայտից պատրաստեց ու ոսկով պատեց: 16 Ապա մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի պիտույքները՝ ափսեները, անոթները, ինչպես նաև թասերը և կժերը, որոնցով ըմպելիքի ընծաներ պետք է մատուցվեին:+
17 Հետո նա մաքուր ոսկուց պատրաստեց ճրագակալը.+ կոփելով պատրաստեց այն: Դրա պատվանդանը, բունը, ծաղկաբաժակները, կոկոնները և ծաղիկները մեկ ամբողջական կտոր էին:+ 18 Ճրագակալի բնից վեց ճյուղ էր դուրս գալիս. երեք ճյուղ՝ մի կողմից, երեք ճյուղ՝ մյուս կողմից: 19 Ճրագակալի մի կողմի ճյուղերից ամեն մեկի վրա կար նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: Ճրագակալի մյուս կողմի ճյուղերից ամեն մեկի վրա նույնպես կար նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: Այսպիսին էին ճրագակալի բնից դուրս եկող վեց ճյուղերը: 20 Ճրագակալի բնի վրա կար նշի ծաղկի ձև ունեցող չորս ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: 21 Բնի վրա՝ դրանից դուրս եկող առաջին երկու ճյուղերի տակ, մեկ կոկոն կար: Մեկ կոկոն էլ կար հաջորդ երկու ճյուղերի տակ, և մեկ կոկոն՝ վերջին երկու ճյուղերի տակ: Այսպես էին դասավորված կոկոնները ճրագակալի բնի վրա՝ դրանից դուրս եկող վեց ճյուղերի տակ: 22 Կոկոնները, ճյուղերը և ողջ ճրագակալը մեկ ամբողջական կտոր էին՝ կոփված մաքուր ոսկուց: 23 Հետո նա մաքուր ոսկուց պատրաստեց ճրագակալի յոթ ճրագները,+ պատրույգը հանելու ունելիներն ու ամանները: 24 Ճրագակալն իր բոլոր պիտույքներով պատրաստեց մեկ տաղանդ* մաքուր ոսկուց:
25 Այնուհետև Բեսելիելը ակացիայի փայտից պատրաստեց խնկարկության սեղանը:+ Այն քառակուսի էր՝ մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ: Դրա բարձրությունը երկու կանգուն էր:* Սեղանից եղջյուրներ էին դուրս գալիս, որոնք դրա հետ մեկ ամբողջական կտոր էին:+ 26 Սեղանը՝ դրա վերևի մակերեսը, բոլոր կողմերն ու եղջյուրները նա մաքուր ոսկով պատեց, և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեց: 27 Սեղանի կողմերից երկուսի համար, որոնք դեմ դիմաց են, երկուական ոսկե օղակ պատրաստեց և ամրացրեց եզրազարդի ներքևում, որպեսզի դրանց միջով ձողեր անցկացվեն սեղանը տանելու համար: 28 Ձողերը նա ակացիայի փայտից պատրաստեց ու ոսկով պատեց: 29 Նաև պատրաստեց օծման սուրբ յուղը+ և մաքուր, անուշաբույր խունկը.+ դրանք պատրաստեց վարպետորեն, ինչպես որ պատրաստում են անուշաբույր խառնուրդները: