Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/04 էջ 3–4
  • Ագրեսիա. համընդհանուր խնդիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ագրեսիա. համընդհանուր խնդիր
  • 2004 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Համընդհանուր երևույթ
  • Աշխատավայրում
  • Ագրեսիա. պատճառներն ու հետևանքները
    2004 Արթնացե՛ք
  • Ի՞նչ անեմ, երբ բուլիինգի եմ ենթարկվում
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպես վերջ դնել ագրեսիային
    2004 Արթնացե՛ք
  • Ի՞նչ անեմ, եթե բուլիինգի ենթարկվեմ դպրոցում
    Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները
Ավելին
2004 Արթնացե՛ք
g 1/04 էջ 3–4

Ագրեսիա. համընդհանուր խնդիր

«Վաղը դպրոցում երևացիր, մեռած ես»,— այս սպառնալից խոսքերը հեռախոսով ասացին Քրիսթենին՝ կանադացի մի աղջկա։ Զանգահարող «անծանոթուհին» այդպես էլ չհայտնեց իր անունը։a

«Թեպետ ես զգացմունքային չեմ, սակայն հասել էի այն աստիճանի, որ չէի ուզում գնալ դպրոց։ Ստամոքսս կծկվում էր, և ամեն առավոտ՝ նախաճաշից հետո, փսխում էի»,— պատմում է Հիրոմի անունով մի ճապոնուհի՝ հիշելով, թե ինչպես էին իրեն ենթարկում ագրեսիայի։

ԱՌԻԹ ունեցե՞լ ես բախվելու ագրեսիվ անձնավորության հետ։ Նման իրավիճակում շատերս ենք եղել։ Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել դպրոցում, աշխատավայրում կամ նույնիսկ տանը, որտեղ այդ երևույթը ներկայումս տագնապալի չափերի է հասնում։ Ըստ բրիտանական մի աղբյուրի՝ չափահասների 53 տոկոսը ագրեսիայի է ենթարկվում վիրավորական, անպատիվ խոսքերով, և դա արվում է կողակցի կամ ընկերոջ կողմից։ Պետք է նշել, որ ագրեսորն ու նրա զոհը կարող են լինել թե՛ կին, թե՛ տղամարդ՝ հասարակության բոլոր խավերից, աշխարհի բոլոր ծայրերից։

Իսկ կոնկրետ ի՞նչը կարելի է ագրեսիա անվանել։ Դա զուտ ինչ–​որ մեկին սպառնալը կամ մարմնական վնաս հասցնելը չէ։ Ագրեսիան ավելի շուտ արտահայտվում է ժամանակի ընթացքում բազմիցս կատարվող փոքր միջադեպերով և ոչ թե մեկ կամ էլ մի քանի դեպքերով։ Ըստ հոգեբան Դան Օլվեուսի, որն առաջիններից մեկն է սկսել այս երևույթի կանոնավոր ուսումնասիրությունը՝ նման վարքը սովորաբար դրսևորվում է գիտակցաբար և ուժերի ակնհայտ անհավասարության դեպքում։

Թերևս հնարավոր չլինի հիշյալ երևույթը սահմանել այնպես, որ ներկայացվեն ագրեսիայի բոլոր դրսևորումները։ Սակայն դա կարելի է արտահայտել հետևյալ կերպ՝ «ինքնակամ, գիտակցական ցանկություն՝ ուրիշին վնաս հասցնելու կամ սթրեսի մեջ գցելու»։ Ընդ որում, սթրեսը առաջ է գալիս ոչ միայն տվյալ պահին տեղի ունեցող բաներից, այլև հնարավոր վտանգի նկատմամբ վախի զգացումից։ Անհատին ագրեսիայի կարող են ենթարկել տարբեր ձևերով՝ ծաղրուծանակի ենթարկելով, անընդհատ քննադատելով, վիրավորելով, անխոհեմ պահանջներ ներկայացնելով կամ էլ նրա մասին բամբասելով (տե՛ս 4-րդ էջի շրջանակը)։

Քրիսթենը՝ հոդվածի սկզբում հիշատակված աղջիկը, ագրեսիայի է ենթարկվել իր դպրոցական տարիների գրեթե ողջ ընթացքում։ Տարրական դասարաններում նրա մազերին մաստակ էին կպցնում, ծաղրում էին արտաքինի համար և սպառնում էին ծեծել։ Բարձր դասարաններում դրությունը ավելի վատացավ. բանը հասավ նրան, որ Քրիսթենին սկսեցին հեռախոսով սպառնալ, թե կսպանեն։ Հառաչելով՝ տասնութամյա աղջիկն ասում է. «Դպրոցը գնում են սովորելու համար և ոչ թե մահվան սպառնալիքներ ստանալու և հալածանքներ կրելու»։

Այս առումով՝ մի հոգեբույժ նշում է. «Սա հասարակության ցավալի և տարածված երևույթներից է։ Կան մարդիկ, որ բավականություն են ստանում ուրիշներին նվաստացնելուց»։ Նման վարքը կարող է հանգեցնել բռնության և նույնիսկ ողբերգության։ Ահա մի օրինակ. հասարակական տրանսպորտի մի աշխատող, որը լեզվի արատ ուներ, այնքան հաճախ էր ենթարկվում ծաղրուծանակի և ագրեսիայի, որ ի վերջո սպանեց իր գործընկերներից չորսին, իսկ հետո գնդակահարեց ինքն իրեն։

Համընդհանուր երևույթ

Ագրեսիան տարածված է դպրոցական տարիքի բոլոր երեխաների շրջանում՝ անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում են նրանք ապրում։ Մի պարբերագրի համաձայն՝ Նորվեգիայում երեխաների 14 տոկոսը կա՛մ ագրեսորի դերում է, կա՛մ էլ զոհի («Pediatrics in Review»)։ Ճապոնիայում տարրական դասարանների աշակերտների 15 տոկոսը խոստովանում է, որ ենթարկվում է ագրեսիայի։ Իսկ Ավստրալիայում և Իսպանիայում նույն խնդրին բախվում է երեխաների 17 տոկոսը։ Մի հետազոտության համաձայն՝ Բրիտանիայում ագրեսիայի հետ առնչվում է 1,3 միլիոն երեխա։

«Էմեկ Իզրեյել» քոլեջի պրոֆեսոր Ամոս Ռոլիդերը հարցում էր անցկացրել 21 դպրոցների 2 972 աշակերտի հետ։ Համաձայն «Ջերուզալեմ փոստ» (անգլ.) պարբերագրի՝ հարցման ժամանակ աշակերտների «65 տոկոսը բողոքեց, որ համադպրոցականները հարվածել են իրենց, աքացի են տվել, հրել են կամ ճնշել»։

Նոր վտանգավոր երևույթ է բջջային հեռախոսով կամ համակարգչով սպառնալից հաղորդագրություններ ուղարկելը։ Բացի այդ, պատանիները ստեղծում են Web–​էջեր, որտեղ գրավոր արտահայտում են իրենց ատելությունը զոհի հանդեպ՝ ընդգրկելով նաև անձնական բնույթի տեղեկություններ։ Կանադայի համալսարաններից մեկի դոկտոր Ուենդի Քրեյգի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ագրեսիայի այս տեսակը «չափազանց մեծ վնաս է հասցնում դրա զոհը հանդիսացող երեխային»։

Աշխատավայրում

Աշխատանքի վայրում ագրեսիայի ենթարկվելու մասին բողոքները աճում են մեծագույն արագությամբ։ Որոշ երկրների տվյալներով՝ այս խնդիրը շատ ավելի է տարածված, քան ռասայական խտրականությունը և սեռական հետապնդումները։ Միացյալ Նահանգներում ամեն տարի ագրեսիային բախվում է 5 աշխատավորներից 1–ը։

2000 թ.–ին Մանչեսթրի՝ Գիտության և տեխնիկայի համալսարանի հրատարակած հետազոտության համաձայն՝ 70 բրիտանական կազմակերպություններում աշխատող 5 300 անհատների 47 տոկոսը, իրենց իսկ խոսքերով, վերջին հինգ տարիների ընթացքում ականատես է եղել ագրեսիայի դեպքերի։ Իսկ 1996 թ.–ին Եվրոպական Միության կողմից կատարված հետազոտությունը, որի ժամանակ հարցազրույց է անցկացվել անդամակից 15 երկրներում ապրող 15 800 մարդկանց հետ, ցույց տվեց, որ աշխատավորների 8 տոկոսը՝ մոտ 12 միլիոն հոգի, ենթարկվել է ահաբեկման և ագրեսիայի։

Աշխատավայրում թե դպրոցում՝ ագրեսիայի բոլոր ձևերն էլ կարծես մի ընդհանրություն ունեն. ուժ գործադրել ուրիշին վիրավորելու կամ նվաստացնելու նպատակով։ Սակայն ինչո՞ւ են որոշ մարդիկ ագրեսիայի ենթարկում ուրիշներին։ Ի՞նչ հետևանքներ է այն բերում։ Ի՞նչ կարելի է անել նման դեպքերում։

[Ծանոթագրություններ]

a Որոշ անուններ փոխված են։

[Շրջանակը 4–րդ էջի վրա]

Ագրեսիայի տեսակները

◼ Ֆիզիկական ագրեսիա։ Ագրեսիայի այս դրսևորումը անմիջապես է նկատվում։ Նման քայլի դիմող մարդիկ իրենց զայրույթը արտահայտում են՝ զոհին հարվածելով, հրելով, աքացի տալով կամ էլ նրա ունեցվածքին վնաս հասցնելով։

◼ Խոսքային ագրեսիա։ Նման քայլի դիմող մարդիկ վիրավորում ու նվաստացնում են իրենց զոհին թե՛ անվայելուչ, անպատիվ խոսքերով, թե՛ մշտական ծաղրուծանակի ենթարկելով։

◼ Վարկաբեկում։ Ագրեսիայի այս ձևը արտահայտվում է զոհի մասին բամբասանք տարածելու միջոցով։ Այդ քայլին հիմնականում դիմում են կանայք։

◼ Ագրեսիայի տեղափոխում։ Նման քայլի դիմում են ագրեսիայի զոհերը, որոնք սկսում են հադես գալ հալածողի դերում։ Ինչ խոսք, այն, որ վերջիններս ենթարկվել են ագրեսիայի, ոչ մի կերպ չի արդարացնում նրանց վարքը, պարզապես օգնում է հասկանալ դրա պատճառը։

[Թույլտվությամբ]

Source։ Take Action Against Bullying, by Gesele Lajoie, Alyson McLellan, and Cindi Seddon

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը