Ագրեսիա. պատճառներն ու հետևանքները
ԻՆՉՈ՞Ւ է երեխան դիմում ագրեսիվ քայլերի։ Եթե դուք երբևէ ենթարկվել եք ագրեսիայի, հավանաբար դրդված կլինեք ասելու. «Դա ինձ չի հետաքրքրում։ Նման վարքը ոչ մի ձևով չի կարելի արդարացնել»։ Եվ դուք իրավացի կլինեք։ Արժե նշել, սակայն, որ մեծ տարբերություն գոյություն ունի որևէ բանի պատճառը պարզելու և այդ բանը արդարացնելու միջև։ Այն, թե ինչու է երեխան սկսում ագրեսիայի ենթարկել, ամենևին էլ չի արդարացնում նրա սխալ վարքը, ուղղակի օգնում է հասկանալ պատճառը։ Իսկ դա հասկանալը իսկապես արժեքավոր է։ Ինչո՞ւ։
Մի հին առակում ասվում է. «Մարդուն խոհեմութիւնը անոր բարկութիւնը կը զսպէ» (Առակաց 19։11, ԱԱ)։ Բարկությունը կարող է կուրացնել և մեր սիրտը զայրույթով ու նույնիսկ ատելությամբ լցնել ագրեսորի հանդեպ։ Սակայն եթե փորձենք հասկանալ այդ վարքագծի պատճառը, ավելի հանգիստ կվերաբերվենք խնդրին։ Իսկ դա, իր հերթին, կօգնի, որ լուծումը փնտրելիս ավելի սթափ մտածենք։ Եկեք ուրեմն քննարկենք, թե որ գործոնները կարող են նպաստել այդ անընդունելի վարքագծի առաջացմանը։
Պատճառները
Մեծամասամբ, ագրեսորի ձևավորման վրա բացասաբար է անդրադառնում ծնողների վատ օրինակը, կամ էլ վերջիններիս բացարձակ անուշադրությունը։ Նրանցից շատերի ծնողները սառն են ու անտարբեր, անգամ սովորեցնում են խնդիրները լուծել բռնությամբ ու զայրույթով։ Նման միջավայրում մեծացած երեխան իր անպատիվ խոսքերն ու բռնի վարքը թերևս ագրեսիա չհամարի, գուցե նույնիսկ մտածի, թե դա նորմալ է և ընդունելի։
Տասնվեցամյա մի աղջիկ, որի վրա տանը ճնշում էր բանեցնում խորթ հայրը, իսկ դպրոցում՝ համադասարանցիները, պատմում է, որ յոթերորդ դասարանում նա ինքը սկսեց ագրեսիայի ենթարկել ուրիշներին։ Աղջիկն ասում է. «Պատճառը հիմնականում իմ մեջ կուտակված բարկությունն էր։ Ես հանգիստ չէի թողնում ոչ մեկի։ Սրտի ցավը ծանր բեռ է. ուզում ես այն թափել ուրիշների վրա»։ Թեպետ ագրեսիվ վարք դրսևորող աղջիկները սովորաբար չեն դիմում ֆիզիկական բռնության, սակայն նրանցից շատերի արարքներն են թելադրված զայրույթով։a
Մեծամասամբ, դպրոցներում սովորում են տարբեր ծագում ունեցող աշակերտներ, որոնք տարբեր դաստիարակություն են ստացել։ Ցավոք, որոշ երեխաներ ագրեսիվ են այն պատճառով, որ տանը նրանց սովորեցրել են, թե ուրիշներին վախեցնելը կամ վիրավորելը սեփական նպատակներին հասնելու լավագույն ձևն է։
Դժբախտաբար, դաստիարակության այս մեթոդները հաճախ պտուղներ են բերում։ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (Կանադա) դեկան Շելի Հիմելը, որը քսան տարի զբաղվել է երեխաների վարքի ուսումնասիրությամբ, ասում է. «Կան երեխաներ, որոնք գիտեն, թե ինչ խաղ խաղան, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Ցավոք, այդ ճանապարհով նրանց հաջողվում է ճնշում բանեցնել իրենց զոհի վրա ու ստանալ իրենց ուզածը՝ ազդեցություն, դիրք և ուշադրություն»։
Ագրեսիայի բարգավաճմանը նպաստող պատճառներից մեկն էլ հսկողության պակասն է։ Զոհերից շատերը այնպիսի զգացում ունեն, թե չկա մեկը, ում օգնությանը կարող են դիմել, և ցավալին այն է, որ մեծամասամբ նրանք իրավացի են։ Բռնության և կոնֆլիկտների ուսումնասիրության Լամարշի կենտրոնի տնօրեն Դեբրա Փեփլերը (Յորքի համալսարան, Տորոնտո), դպրոցում աշակերտների վարքը ուսումնասիրելով, հայտնաբերել է, որ ուսուցիչները նկատում ու կանխում են ագրեսիայի դեպքերի մոտ 4 տոկոսը միայն։
Այնուամենայնիվ, դոկտոր Փեփլերը գտնում է, որ միջամտությունը չափազանց կարևոր է։ Ահա թե ինչ է ասում նա. «Երեխաները ի զորու չեն լուծել այդ խնդիրը, քանի որ դա անելու համար իշխանություն է հարկավոր, իսկ ամեն անգամ, երբ ագրեսորը բռնանում է ինչ–որ մեկի վրա, նրա իշխանությունը մեծանում է»։
Ինչո՞ւ ագրեսիայի զոհերը հիմնականում չեն հայտնում խնդրի մասին։ Որովհետև նրանք համոզված են, որ եթե դա անեն, իրավիճակը ավելի կվատանա։ Այդպես՝ շատ պատանիներ իրենց դպրոցական տարիները որոշ չափով անցկացնում են մշտական վախի ու անապահովության զգացումով։ Ինչպիսի՞ հետևանքների է դա հանգեցնում։
Ֆիզիկական և էմոցիոնալ հետևանքները
Միացյալ Նահանգների՝ Դպրոցական հոգեբանների ազգային միության կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ ամեն օր ավելի քան 160 000 երեխա չի ներկայանում դասերի՝ վախենալով ագրեսիայի ենթարկվելուց։ Սովորաբար ագրեսիայի զոհ դարձած երեխաները դադարում են խոսել դպրոցի, տվյալ դասարանի, կամ դպրոցում ծավալվող գործունեության մասին։ Նրանք ամեն օր ուշանում են դասերից, բաց են թողնում դրանք կամ էլ արդարացումներ են փնտրում՝ դպրոց չգնալու։
Ինչպե՞ս որոշել՝ երեխան ագրեսիայի ենթարկվում է, թե՝ ոչ։ Այդպիսի երեխաները սովորաբար մռայլ են, դյուրագրգիռ և սեփական ուժերի հանդեպ անվստահ։ Բացի այդ, նրանք հոգնած տեսք ունեն, ինքնամփոփ են և կարող են ագրեսիվ վարք դրսևորել տանը կամ էլ հասակակիցների ու ընկերների նկատմամբ։ Պետք է ասել, որ ագրեսիան վատ է անդրադառնում նաև ականատեսների վրա։ Միջադեպը ահ է ներշնչում նրանց, ինչը նվազեցնում է սովորելու կարողությունը։
Իսկ մի պարբերագրում, որտեղ քննարկվում են մանկաբուժությանը վերաբերող հարցեր, ասվում է հետևյալը. «Թե՛ զոհի, թե՛ հասարակության համար ագրեսիայի ամենածանր հետևանքը բռնությունն է, ինչպես օրինակ՝ ինքնասպանությունն ու մարդասպանությունը։ Անզորության զգացումը, որ ապրում են զոհ դարձած երեխաները, այնքան մեծ է, որ ոմանք վնաս են հասցնում իրենց կամ էլ վրեժ են լուծում՝ դիմելով սպանության» («Pediatrics in Review»)։
Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Էդ Ադլաֆը, որը զբաղվում է առողջապահական հարցերի հետազոտմամբ, հետևյալ մտահոգությունն է արտահայտում. «Շատ մեծ է հավանականությունը, որ ագրեսիայի հետ առնչվող մարդիկ էմոցիոնալ խնդիրներ կունենան թե՛ այսօր, թե՛ ապագայում»։ 2001 թ. ուսումնական տարվա ընթացքում հարցազրույց անցկացվեց Օնտարիոյի ավելի քան 225 000 աշակերտի հետ։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանց գրեթե մեկ երրորդ մասը կա՛մ ագրեսորի դերում է եղել, կա՛մ զոհի։ Այդ նույն երեխաների 10–ից 1–ը լրջորեն խորհել է ինքնասպանություն գործելու մասին։
Երկար ժամանակ շարունակվող ագրեսիան մարդու մեջ կարող է անվստահություն առաջ բերել սեփական ուժերի հանդեպ, ինչպես նաև առողջական լուրջ խնդիրների դուռ բացել կամ էլ նույնիսկ վերջ դնել նրա կարիերային։ Ագրեսիայի ենթարկվող անհատները սովորաբար գլխացավ են ունենում, տառապում են անքնությունից, անհանգիստ են և նույնիսկ կարող են ընկնել դեպրեսիայի մեջ։ Ոմանց մոտ դա նույնիսկ կարող է հետտրավմատիկ սթրեսի («post-traumatic stress disorder») առաջացման պատճառ դառնալ։ Ու եթե ֆիզիկական հարձակումների դեպքում անհատը կարող է ուրիշների կարեկցանքին և աջակցությանն արժանանալ, էմոցիոնալ հարձակումները, հնարավոր է, նման արձագանք չգտնեն։ Բանն այն է, որ հասցված վնասը այնքան էլ նկատելի չէ։ Կարող է այնպես պատահել, որ կարեկցելու փոխարեն՝ ընկերներն ու ընտանիքի անդամները հոգնեն լսել զոհի բողոքները։
Ագրեսիան բացասաբար է անդրադառնում նաև ագրեսորի վրա։ Եթե մանուկ հասակում այդ բանին վերջ չդրվի, ապա մեծանալով՝ անձնավորությունը, ամենայն հավանականությամբ, աշխատանքի վայրում կսկսի ագրեսիայի ենթարկել ուրիշներին։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ձևավորման շրջանում այդ երեխաների ձեռք բերած բնավորության գծերը արտահայտվում են նաև չափահաս տարիքում։ Բացի դրանից, նման անհատների մեջ հանցագործ դարձողների թիվն ավելի մեծ է, քան նրանց, ովքեր այդպիսի վարք չեն դրսևորել։
Ազդեցությունը ընտանիքի վրա
Ագրեսիան աշխատանքի վայրում կարող է անդրադառնալ ընտանիքի խաղաղության և հանգստության վրա։ Զոհի մեջ այն կարող է առաջ բերել հարազատներին վիրավորելու անբացատրելի ձգտում։ Ավելին, կողակիցը կամ ընտանիքի անդամը գուցե որոշի պայքարել ճնշում բանեցնողի դեմ՝ զոհին «պաշտպանելու» համար։ Եվ ընդհակառակը՝ կարող է այնպես պատահել, որ կողակիցը մեղադրի ագրեսիայի զոհ դարձած իր կնոջը կամ ամուսնուն պրոբլեմներ ստեղծելու մեջ։ Փաստերը ցույց են տալիս, որ եթե ագրեսիայի նման դեպքերը երկար ժամանակ լուծում չեն ստանում, նույնիսկ աջակցելու պատրաստ կողակիցներն են կորցնում իրենց համբերությունը։ Տարիների ընթացքում ընտանիքը կարող է քայքայվել։
Որոշ դեպքերում ագրեսիան կարող է հանգեցնել կարիերայի և ապրուստի միջոցների կորստյան, կողակցից առանձնանալուն, ամուսնալուծության և նույնիսկ ինքնասպանության։ Ավստրալիայում աշխատանքի վայրում ագրեսիայի ենթարկվածների կեսից մինչև երկու երրորդը հայտնել է, որ դա վատ է անդրադարձել մտերիմների, ինչպես օրինակ՝ ընկերոջ, կողակցի, կամ էլ ընտանիքի մյուս անդամների հետ իրենց փոխհարաբերությունների վրա։
Ագրեսիան վնասաբեր է
Աշխատանքի վայրում ագրեսիայի երևույթը վնաս է հասցնում նաև տվյալ ձեռնարկության կամ հիմնարկության տիրոջը։ Հետաքրքիր է, որ ագրեսորը կարող է լինել ինչպես վիրավորական խոսքեր նետող ղեկավարը, այնպես էլ նենգ աշխատակիցը՝ թե՛ կին, թե՛ տղամարդ։ Նման մարդիկ հսկում են դիմացինին՝ կառչելով մանրուքներից, և իրենց նկատողություններով ու անվերջ քննադատությամբ նվաստացնում են նրան՝ հաճախ դա անելով ուրիշների առջև։ Այդպիսի անհատները հազվադեպ են ընդունում, որ անքաղաքավարի են վարվել, ու սովորաբար ներողություն չեն խնդրում։ Հաճախ նրանք իրենց հարվածն ուղղում են այն աշխատողների դեմ, ովքեր հմուտ են, հուսալի և աշխատակիցների կողմից սիրված։
Սովորաբար, ագրեսիայի ենթարկվող մարդկանց արդյունավետությունը նվազում է։ Բացի դրանից, ագրեսիան կարող է անդրադառնալ նաև այդ երևույթին ականատես մյուս աշխատողների արդյունավետության վրա։ Նրանք կորցնում են հուսալի և ջանասեր աշխատող լինելու ցանկությունը։ Մի հոդվածում ասվում էր, որ այս երևույթի պատճառով Միացյալ Թագավորության տնտեսությունը ամեն տարի, որոշ նախահաշիվներով, երեք միլիարդ դոլարի վնաս է կրում։ Նաև կան կարծիքներ, որ սթրեսի հետ կապված հիվանդությունների 30 տոկոսը առաջ է գալիս այս վարքագծի հետևանքով։
Պարզ է ուրեմն, որ ագրեսիան բացասաբար է անդրադառնում հասարակության վրա ամբողջ աշխարհում։ Ուստի հարց է ծագում. հնարավո՞ր է արդյոք որևէ բան անել խնդիրը լուծելու ուղղությամբ։
[Ծանոթագրություններ]
a Սովորաբար կանայք իրենց զոհին զրկում են ընկերակցությունից կամ բամբասանք են տարածում նրա մասին։ Սակայն գնալով շատանում է այնպիսիների թիվը, ովքեր դիմում են նաև ֆիզիկական բռնության։
[Նկարներ 7–րդ էջի վրա]
Մշտական ագրեսիայի ենթարկվող անհատները կարող են վհատվել և իրենց միայնակ զգալ
Աշխատանքի վայրում ագրեսիան տարածված երևույթ է