Ինչ են ասում ծնողները
Մինչ երեխաները քայլում են դեպի չափահասություն տանող ճանապարհով, ինչպե՞ս կարող եք սովորեցնել նրանց հասկանալ հնազանդության կարևորությունը։ Ինչպե՞ս կարող եք գործնական ունակություններ զարգացնել նրանց մեջ։ Նկատի առնենք, թե ինչ են ասում աշխարհի տարբեր մասերում ապրող ծնողներ։
ԼԱՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾԵՐ
«Երբ միասին ճաշում ենք և պատմում, թե ինչպես անցավ մեր օրը, երեխաներից յուրաքանչյուրը սովորում է լսել։ Իսկ երբ նրանք տեսնում են, որ մայրիկն ու հայրիկը համբերատարությամբ լսում են իրար, նրանց մեջ ինքնահարգանքի զգացում է առաջանում և հարգանքով են լցվում նաև մյուսների նկատմամբ» (Ռիչարդ, Մեծ Բրիտանիա)։
«Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են մեր երեխաները հարգանքով վերաբերվում իրար ու իրենց միջև ծագած խնդիրները լուծում առանց մեր միջամտության։ Նրանք նաև վստահությամբ են շփվում մեծերի հետ» (Ջոն, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։
«Ես կատարյալ չեմ և երբեմն վիրավորում եմ երեխաներիս։ Նման դեպքերում շատ կարևոր է ներողություն խնդրել» (Ժանել, Ավստրալիա)։
«Մենք սովորեցնում ենք մեր երեխաներին օգտակար գործեր անել տանը։ Երբ նրանք ինչ-որ մեկի համար որևէ բան են անում, դա նպաստում է, որ ընտանիքում ամեն բան լավ ընթանա, խաղաղություն լինի, նրանք էլ իրենց հերթին բավարարվածության զգացում են ունենում» (Քլիվ, Ավստրալիա)։
«Հեշտ չէ, բայց կարևոր է սովորեցնել երեխաներին հասկանալ, հարգել և ներել իրար» (Յոկո, Ճապոնիա)։
ՀԻԳԻԵՆԱ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
«Երբ մեր երեխաները փոքր էին, սովորեցնում էինք նրանց ինքնուրույն լողանալ, ու դա հաճելի դարձնելու համար օգտագործում էինք կենդանիների կամ մուլտֆիլմերի հերոսներին պատկերող օճառներ, շամպուններ և սպունգներ» (Էդգար, Մեքսիկա)։
«Երբ ապրում էինք այնպիսի վայրում, որտեղ հոսող ջուր չկար, մի հարմար տեղում օճառ և ջրի թաս էի դնում, որ տուն մտնելիս լվանանք մեր ձեռքերը» (Ինդուրանս, Նիգերիա)։
«Մենք ամեն օր երեխաների համար առողջարար կերակուրներ ենք պատրաստում ու բացատրում ենք, թե ինչու է կարևոր առողջարար սնունդը։ Երեխաներին հետաքրքրում է, թե ինչով է պատրաստվում կերակուրը, ուստի խնդրում եմ, որ օգնեն ինձ կերակուր պատրաստելիս։ Եվ այդ ընթացքում մենք շփվում ենք միասին» (Սանդրա, Մեծ Բրիտանիա)։
«Մարմնամարզություն անելը կարևոր է, ուստի փորձում ենք այդ հարցում լավ օրինակ թողնել։ Երեխաներին դուր է գալիս, երբ ընտանիքով զբոսնում ենք, լողում ենք, թենիս կամ բասկետբոլ ենք խաղում, հեծանիվ ենք քշում։ Այդպես նրանք հասկանում են, որ մարմնամարզությունը ոչ միայն կարևոր է, այլև հաճելի է» (Քերըն, Ավստրալիա)։
«Երեխաները ամենաշատը ծնողների հետ ժամանակ անցկացնելու կարիք ունեն։ Ոչ մի բան՝ լինի դա փող, նվերներ, ճանապարհորդություն, չի փոխարինում դրան։ Ես միայն առավոտյան եմ աշխատում, երբ երեխաները դպրոցում են։ Հետևաբար կարողանում եմ կեսօրից հետո իմ ժամանակը նրանց նվիրել» (Ռոմինա, Իտալիա)։
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մենք հասկացել ենք, որ դաստիարակության կոնկրետ որևէ ճիշտ ձև գոյություն չունի, այն կախված է հանգամանքներից։ Երբեմն դաստիարակել նշանակում է երես առ երես անկեղծ զրուցել, երբեմն էլ նշանակում է սահմանափակումներ դնել երեխայի վրա» (Օգբիթի, Նիգերիա)։
«Մենք խնդրում ենք երեխաներին կրկնել մեր ասածները, որպեսզի համոզվենք, որ նրանք հասկացել են մեզ։ Հետո անում ենք այնպես, ինչպես ասել էինք։ Եթե ուզում ենք, որ երեխաները լսող լինեն, ապա պետք է անենք մեր բաժինը՝ իրականացնենք պատիժը, որպեսզի կրեն անհնազանդության հետևանքները» (Քլիվ, Ավստրալիա)։
«Ես հասկացել եմ, որ գործնական է, երբ երեխային խրատելիս կռանում ես ու հավասարվում նրան։ Դա օգնում է ինձ, որ նրա ողջ ուշադրությունը գրավեմ ու կենտրոնացնեմ դեմքիս արտահայտության վրա, որը նույն ուժն ունի, ինչ խոսքերս» (Ջենիֆեր, Ավստրալիա)։
«Փորձում ենք չասել մեր տղաներին՝ «դու լսող երեխա չես», նույնիսկ երբ այդպես ասելը տեղին է։ Նաև ուրիշների ներկայությամբ երբեք նկատողություն չենք անում։ Կա՛մ կամաց ենք ասում, կա՛մ առանձին ենք խոսում նրանց հետ» (Ռուդի, Մոզամբիկ)։
«Երեխաները հեշտությամբ են ազդեցության տակ ընկնում, քանի որ սիրում են կրկնօրինակել ուրիշներին։ Այդ պատճառով մեր լավ օրինակով պետք է չեզոքացնենք այն ապականիչ ազդեցությունը, որ կարող են թողնել նրանց վրա դասընկերները, մեդիան և միջավայրը ու օգնենք նրանց առողջ սկզբունքների վրա հիմնված բարոյական հատկություններ զարգացնելու։ Բարոյական սկզբունքները օգնում են նրանց ասելու՝ «ո՛չ» ցանկացած վնասակար բանի» (Գրեգոր, Կոնգո)։
«Դաստիարակությունը պետք է լինի կանոնավոր, արդար և հետևողական։ Երեխաները պետք է հասկանան սխալ արարքի հետևանքները և իմանան, որ եթե անհնազանդ լինեն, ապա դու քո ասածի համաձայն կվարվես» (Օուեն, Անգլիա)։
[մեջբերում 14-րդ էջի վրա]
«Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կողոսացիներ 3։21)։
[շրջանակ/նկար 15-րդ էջի վրա]
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Միայնակ ծնողները կարող են հաջողության հասնել
Հարցազրույց Լյուսինդա Ֆորսթերի հետ
— Ի՞նչն է քեզ համար ամենադժվարը՝ որպես միայնակ ծնող։
— Ծնող լինելը արդեն իսկ դժվար է, սակայն որպես միայնակ ծնող՝ ինձ համար ամենադժվարը ժամանակը և էներգիան ճիշտ օգտագործելն է։ Ժամանակ է հարկավոր սկզբունքներ և արժեքներ սահմանելու և դրա հետ մեկտեղ ժամանակ գտնելու հանգստի ու զվարճության համար։ Հաճախ ստիպված եմ լինում հանգստիս հաշվին տնային գործերն անել։
— Ինչպե՞ս ես բաց հաղորդակցություն պահպանում աղջիկներիդ հետ։
— Ծնողների ամուսնալուծությունից հետո երեխաները կարող են անապահով զգալ և վրդովված լինել։ Հասկանում եմ, որ երբ խնդիրներ են ծագում, տեսողական կապը և ձայնի մեղմ տոնը անչափ կարևոր են։ Ուստի սպասում եմ մինչև բոլորս հանգստանանք, հետո փորձում եմ արտահայտել մտահոգությունս՝ առանց ստեղծված իրավիճակը բարդացնելու։ Ես հարցնում եմ նրանց կարծիքը, ուշադրությամբ լսում և ցույց եմ տալիս, որ իսկապես հաշվի եմ առնում նրանց զգացմունքները։ Հետաքրքրվում եմ նրանց դասերով և գովում։ Մենք միշտ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում ենք ճաշում։ Նաև հաճախ եմ ասում, որ շատ եմ նրանց սիրում։
— Ինչպե՞ս ես դաստիարակում նրանց։
— Երեխաների համար պետք է հստակ սահմանված կանոններ դնել։ Այս հարցում կարևոր է հետևողական լինել։ Կանոններ սահմանելիս փորձում եմ լինել սիրալիր, բայց հաստատակամ։ Ես տրամաբանում եմ երեխաներիս հետ և բացատրում, թե ինչու է տվյալ արարքը սխալ։ Փորձում եմ նաև խրատելուց առաջ տարբեր հարցեր տալ նրանց, որպեսզի իմանամ, թե ինչու են այդպես վարվել։ Իսկ եթե ես եմ սխալվում, օրինակ, եթե ինչ-որ բան ճիշտ չեմ հասկացել, ներողություն եմ խնդրում։
— Ինչպե՞ս ես սովորեցնում երեխաներիդ հարգել ուրիշներին։
— Ես հիշեցնում եմ նրանց, թե ինչ է սովորեցրել Հիսուսը. վարվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ հետ վարվեն (Ղուկաս 6։31)։ Նաև խրախուսում եմ աղջիկներիս, որ իրենց խնդիրները հնարավորության դեպքում առանց ինձ լուծեն, ու սովորեցնում եմ, թե որքան կարևոր է մեղմորեն ու բարությամբ պատասխանել, երբ վիրավորված են։
— Ինչպե՞ս եք հանգստանում։
— Միշտ չէ, որ մենք ի վիճակի ենք լինում արձակուրդն անցկացնել այլ երկրում։ Այդ պատճառով թերթերում փնտրում ենք հանգստի մատչելի ձևեր։ Մենք պիկնիկ ենք կազմակերպում կամ գնում ենք բուսաբանական այգի։ Բացի այդ, մեր այգում կանաչիներ ենք ցանում և ուրախություն ստանում, երբ միասին քաղում ենք դրանք ու կերակուր պատրաստում։ Հանգիստը կարևոր է, նույնիսկ եթե այն պարզապես մոտակա զբոսայգում ենք անցկացնում։
— Ի՞նչ ուրախություն և օրհնություններ ես ստացել։
— Ոչ լիարժեք ընտանիքում ապրելը հեշտ չէ, սակայն ավելի ենք մտերմացել միմյանց հետ և սովորել ենք գնահատել մեր օրհնությունները։ Ուրախությամբ եմ նայում, թե ինչպես են երեխաներս մեծանում։ Այս տարիքում նրանք ուզում են իմ կողքին լինել, ու ես թանկ եմ գնահատում նրանց ընկերակցությունը։ Նրանք գիտեն, թե երբ եմ ուրախ ու երբ եմ տխուր, և տրամադրությունս բարձրացնելու համար կարող են գալ ու գրկել ինձ։ Նման բաները ուրախացնում են ինձ։ Իսկ ամենակարևորն այն է, որ մեզ սիրում է մեր հոգատար Ստեղծիչը և բազմաթիվ ծանր իրավիճակներում օգնում։ Աստվածաշունչը ինձ ուժ է տալիս, որ կարողանամ լավ ծնող լինել (Եսայիա 41։13)։
[նկար]
Լյուսինդան իր աղջիկների՝ Բրիի և Շեյի հետ