Պատանեկություն. քայլ դեպի չափահասություն
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ տրոպիկական կղզուց հայտնվել ես Հյուսիսային բեևռում։ Հենց իջնում ես օդանավից, հասկանում ես, որ ծայրաստիճան սառը կլիմայական գոտում ես։ Կարո՞ղ ես հարմարվել։ Իհա՛րկե, բայց անհրաժեշտ կլինի մի քանի փոփոխություն անել։
Որպես ծնող՝ նմանատիպ իրավիճակում ես հայտնվում, երբ երեխադ դառնում է պատանի։ Կլիման ասես մի գիշերվա մեջ փոխվում է։ Տղադ, որը մի ժամանակ քո կողքից ոչ մի տեղ չէր գնում, այժմ նախընտրում է լինել իր հասակակիցների շրջանում։ Աղջիկդ, որը մի ժամանակ անհամբերությամբ վազում էր քեզ մոտ, որ պատմի, թե ինչպես է անցել իր օրը, այժմ նախընտրում է կցկտուր պատասխաններ տալ քեզ։
— Ի՞նչ կար չկար դպրոցում,— հարցնում ես դու։
— Հեչ,— պատասխանում է նա։
Լռություն։
— Ի՞նչ ես մտածում,— հարցնում ես դու։
— Ոչ մի բան,— պատասխանում է նա։
Քար լռություն։
Ի՞նչ է պատահել։ Մի գրքում նշվում է. «[Մի որոշ ժամանակ առաջ դու] կուլիսներից այն կողմ գտնվելու «անցագիր» ունեիր ու գիտեիր, թե ինչ է կատարվում երեխայիդ կյանքում։ Իսկ այժմ կարող ես դահլիճում նստելու և այն էլ ոչ այնքան հարմար տեղ զբաղեցնելու հույս ունենալ միայն» (Breaking the Code)։
Արդյոք անհնա՞ր է դիմանալ այս «սառը կլիմայական պայմաններին»։ Իհա՛րկե ոչ։ Երեխաներիդ անցումային շրջանում դու կարող ես մոտ մնալ նրանց։ Սակայն նախևառաջ պետք է հասկանաս, թե ինչ է տեղի ունենում այս հրաշալի, բայցև փոթորկալից շրջանում։
Մանկությունից դեպի պատանեկություն
Մի ժամանակ մասնագետները կարծում էին, որ երեխայի ուղեղը հինգ տարեկանում գրեթե ձևավորված է լինում։ Իսկ այսօր նրանք այն կարծիքին են, որ թեպետ ուղեղի կշիռը այդ տարիքից հետո քիչ է փոխվում, սակայն ֆունկցիան փոփոխության ենթարկվում է։ Երբ նրանք մտնում են սեռահասունացման շրջան, տեղի է ունենում հորմոնալ հեղափոխություն, որը մեծ ազդեցություն է թողնում նրանց մտածելակերպի վրա։ Օրինակ՝ փոքրիկ երեխաները ընդհանուր առմամբ իրերին նայում են շատ կոնկրետ՝ սև կամ սպիտակ, մինչդեռ դեռահասները իրերին նայում են աբստրակտ ձևով՝ ծանր ու թեթև անելով նաև տվյալ խնդրին առնչվող մյուս հանգամանքները (1 Կորնթացիներ 13։11)։ Պատանիների մեջ զարգանում են հայացքներ, ու նրանք չեն ամաչում իրենց հայացքների մասին խոսելուց։
Պաուլոն (Իտալիա) հենց այսպիսի փոփոխություն է նկատել իր երեխայի մեջ։ Նա ասում է. «Երբ նայում եմ տղայիս, թվում է, թե իմ առաջ փոքր տղամարդ է կանգնած։ Ինձ զարմացնում են ոչ թե նրա ֆիզիկական փոփոխությունները, այլ թե ինչպես է նա մտածում։ Նա համարձակորեն արտահայտում ու պաշտպանում է իր տեսակետները»։
Դու է՞լ ես նման փոփոխություններ նկատում երեխայիդ մեջ։ Ինչ խոսք, երբ նա փոքր էր, պարզապես ենթարկվում էր հրամանների։ Եվ բավական էր միայն ասել՝ «որովհետև այդպես է պետք», ու նա լսում էր քեզ։ Իսկ այժմ, որպես պատանի, նա ուզում է իմանալ պատճառները և հավանաբար նույնիսկ կասկածի է ենթարկում այն չափանիշներն ու արժեքները, որոնք ընդունված են ձեր ընտանիքում։ Եվ արդյունքում նրա համարձակությունը որպես ըմբոստություն է դիտվում։
Սակայն մի՛ եզրակացրու, որ երեխադ ոտնահարում է քո արժեքները։ Նա պարզապես պայքարում է, որպեսզի իր սեփական արժեքները ստեղծի ու կյանքում իր տեղը գտնի։ Պատկերացրու՝ տեղափոխվում ես մեկ ուրիշ բնակարան և քեզ հետ տանում ես նաև քո կահույքը։ Գուցե հեշտ չլինի նոր բնակարանում կահույքի յուրաքանչյուր կտորի համար տեղ գտնել։ Բայց մի բան պարզ է. դու ոչ մի կտոր չես շպրտի, քանի որ դրանք արժեքավոր են քեզ համար։
Երեխադ նույն իրավիճակում է, քանի որ պատրաստվում է այն ժամանակին, երբ «կթողնի իր հորն ու մորը» (Ծննդոց 2։24)։ Ինչ խոսք, ճանապարհը դեռ երկար է, պատանին դեռ չափահաս մարդ չի դարձել։ Սակայն որոշ առումով նա արդեն հավաքում է իրերը, որ ճանապարհ ընկնի։ Պատանեկան տարիների ընթացքում նա քննում է այն արժեքները, որով իրեն մեծացրել են, և որոշում է, թե որ մեկը իր հետ «կտանի» դեպի չափահասությունa։
Գուցե այն միտքը, որ երեխադ նման որոշումներ է կայացնելու, վախեցնի քեզ։ Բայց կարող ես վստահ լինել, որ երբ նա «տեղափոխվի» չափահասություն, իր հետ կտանի միայն այն արժեքները, որոնք թանկ են իր համար։ Հետևաբար քանի դեռ պատանին քեզ հետ է ապրում, այսօր է ճիշտ ժամանակը, որ նա ուշադրությամբ քննի այն չափանիշները, որոնցով պետք է հետագայում ապրի (Գործեր 17։11)։
Իրականում, շատ օգտակար կլինի, եթե երեխադ այսպես վարվի։ Չէ՞ որ եթե նա առանց մտածելու ընդունի քո չափանիշները, ապա հետագայում միամտաբար կընդունի նաև ուրիշների չափանիշները (Ելք 23։2)։ Աստվածաշունչը նշում է, որ այսպիսի պատանին հեշտությամբ կարող է շեղվել, քանի որ «խոհեմ սիրտ» չունի (Առակներ 7։7)։ Պատանին, որը չունի համոզմունքներ, կարող է «ալիքներից տարուբերվել և ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ քշվել՝ մարդկանց խորամանկությամբ» (Եփեսացիներ 4։14)։
Ի՞նչ կարող ես անել, որ երեխադ նման իրավիճակում չհայտնվի։ Համոզվիր, որ նա ունի հետևյալ երեք առավելությունները։
1 ԸՄԲՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պողոս առաքյալը գրեց, որ «հասուն մարդիկ իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզում են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։ «Բայց ես ճիշտն ու սխալը տարիներ առաջ եմ սովորեցրել երեխայիս»,— գուցե ասես դու։ Ինչ խոսք, քո դաստիարակությունը օգուտներ տվել է նրան այդ ժամանակ և պատրաստել զարգացման մյուս փուլին (2 Տիմոթեոս 3։14)։ Սակայն Պողոսը նշեց, որ մարդիկ պետք է մարզեն իրենց ըմբռնողականությունը։ Ճշտի ու սխալի մասին գիտելիքներ ստանում են նույնիսկ փոքրիկները, սակայն պատանիները «հասկացողության հարցում չափահաս» պետք է դառնան (1 Կորնթացիներ 14։20; Առակներ 1։4; 2։11)։ Անշուշտ, դու ուզում ես, որ երեխադ ոչ թե կուրորեն հնազանդվի քեզ, այլ օգտագործի տրամաբանելու ունակությունը (Հռոմեացիներ 12։1, 2)։ Ինչպե՞ս կարող ես օգնել նրան այս հարցում։
Թույլ տուր երեխայիդ արտահայտվել։ Մի՛ ընդհատիր նրան և փորձիր չափից շատ սուր չարձագանքել, անգամ եթե նա ասում է բաներ, որ չէիր ուզի լսել։ Աստվածաշունչը հորդորում է. «Պետք է արագ լինել լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19; Առակներ 18։13)։ Ավելին, Հիսուսն ասաց. «Սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթեոս 12։34)։ Եթե լսես երեխայիդ, կկարողանաս իմանալ, թե իրականում ինչն է մտահոգում նրան։
Իսկ երբ խոսում ես, փորձիր հարցեր ուղղել նրան և ոչ թե աննրբանկատ, ուղիղ խոսքեր ասել։ Հիսուսը երբեմն հարցնում էր. «Ի՞նչ եք կարծում»։ Այդպես նա մղում էր ոչ միայն աշակերտներին, այլև հակառակորդներին արտահայտելու իրենց կարծիքը (Մատթեոս 21։23, 28)։ Դու էլ կարող ես երեխայիդ հետ այսպես վարվել, անգամ երբ նա քո կարծիքին հակառակ կարծիք է արտահայտում։ Նկատի առ հետևյալը։
Եթե պատանին ասում է. «Ես վստահ չեմ, որ հավատում եմ Աստծու գոյությանը»։
Փոխարեն ասելու. «Չէ՞ որ քեզ նման բան չենք սովորեցրել, դու հաստատ հավատում ես Աստծուն»։
Կարող ես ասել. «Ինչո՞ւ ես այդպես մտածում»։
Ինչո՞ւ մղել երեխային արտահայտվելու։ Քանի որ դու պետք է ոչ միայն լսես, թե ինչ է նա ասում, այլև իմանաս, թե ինչ է նա մտածում (Առակներ 20։5)։ Հնարավոր է՝ խնդիրը ոչ թե Աստծու գոյությանը հավատալն է, այլ Աստծու չափանիշներով ապրելը։
Այն պատանին, որի համար դժվար է հնազանդվել Աստծու բարոյական չափանիշներին, գուցե փորձի արդարացնել իրեն՝ Աստծուն իր կյանքից հանելով (Սաղմոս 14։1)։ Նա կարող է մտածել այսպես. «Եթե Աստված գոյություն չունի, ապա ես ստիպված չեմ ապրելու աստվածաշնչային չափանիշներով»։
Եթե երեխադ այս տեսակետն ունի, ապա լավ կլինի, որ մտածի հետևյալ հարցի շուրջ. «Ես հավատո՞ւմ եմ, որ Աստծու չափանիշները իրոք իմ օգտի համար են» (Եսայիա 48։17, 18)։ Եթե նա համոզված է դրանում, ապա հորդորիր նրան հասկանալ, որ արժե իր բարօրության համար հաստատակամություն ցուցաբերել (Գաղատացիներ 5։1)։
Եթե պատանին ասում է. «Գուցե սա քո կրոնն է, ոչ թե իմը»։
Փոխարեն ասելու. «Սա մեր կրոնն է, դու մեր երեխան ես և դու պետք է հավատաս այն ամենին, ինչին մենք կասենք»։
Կարող ես ասել. «Լավ է, որ այդքան համարձակ ես։ Այդ դեպքում, եթե մերժում ես իմ հավատալիքները, ուրեմն պետք է որ դրանց փոխարեն ունենաս ուրիշ համոզմունքներ։ Իսկ որո՞նք են քո համոզմունքները։ Քո կարծիքով՝ վարքի ի՞նչ չափանիշներով պետք է ապրել»։
Ինչո՞ւ մղել երեխային արտահայտվելու։ Քանի որ նրա հետ այսպես տրամաբանելով՝ կօգնես վերլուծելու իր մտածելակերպը։ Գուցե նա զարմանա՝ հայտնաբերելով, որ իր հավատալիքները հենց այն են, ինչ քոնը, սակայն իրեն ուրիշ բան է իրականում մտահոգում։
Պատանին գուցե չգիտի, թե ինչպես ուրիշներին բացատրել իր հավատալիքները (Կողոսացիներ 4։6; 1 Պետրոս 3։15)։ Կամ թերևս նա դուր է գալիս հակառակ սեռի անհատի, որը չի ընդունում իր հավատը։ Փորձիր գտնել խնդրի արմատը և օգնել երեխայիդ նույնպես տեսնելու բուն խնդիրը։ Որքան հաճախ նա գործի դնի իր ըմբռնողականությունը, այնքան ավելի լավ պատրաստված կլինի չափահասության։
2 ՀԱՍՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Այսօր որոշ մշակույթներում «փոթորիկ ու սթրես» քիչ է լինում կամ ընդհանրապես չի լինում, ինչը, ըստ որոշ հոգեբանների, պետք է ակնկալել պատանեկության շրջանում։ Մասնագետները պարզել են, որ այդ մշակույթներում պատանիները ավելի վաղ տարիքից են հարմարվում հասունության։ Նրանք աշխատում են չափահաս մարդկանց հետ, շփվում են չափահաս մարդկանց հետ, և նրանց վստահվում են չափահասներին բնորոշ պատասխանատվություններ։ «Պատանեկան շրջան», «պատանեկան հանցագործություն» և նույնիսկ «պատանեկություն» բառերը գոյություն չունեն այդ մշակույթներում։
Իսկ այժմ նկատի առնենք այն երկրներում ապրող պատանիներին, որոնք հաճախում են ծանրաբեռնված դպրոցներ, որտեղ ընկերակցում են միայն իրենց հասակակիցների հետ։ Երբ տուն են վերադառնում, այն դատարկ է։ Հայրն ու մայրը աշխատանքի են։ Բարեկամները հեռու են ապրում։ Միակ մարդիկ, որոնց հետ նրանք կարող են շփվել, իրենց հասակակիցներն ենb։ Վտանգ կա՞։ Խնդիրը միայն սխալ ընկերակցությունը չէ։ Մասնագետները պարզել են, որ անգամ օրինակելի պատանիները հակված են անպատասխանատու վարքագիծ դրսևորելու, եթե մեկուսացած են չափահաս մարդկանց աշխարհից։
Հին Իսրայելում նույնպես պատանիները առանձնացված չէին չափահաս մարդկանցից։ Աստվածաշունչը նշում է, որ Օզիան դարձավ Հուդայի թագավոր պատանի հասակում։ Ի՞նչը օգնեց Օզիային կրելու այդ ծանր պատասխանատվությունը։ Ակներևաբար որոշ չափով Զաքարիայի ազդեցությունը, որը իրենից տարիքով մեծ էր և, ինչպես նշում է Աստվածաշունչը, «սովորեցրել էր նրան վախենալ ճշմարիտ Աստծուց» (2 Տարեգրություն 26։5)։
Քո պատանին ունի՞ մեկ կամ մի քանի չափահաս ընկերներ կամ խորհրդատուներ, ովքեր ունեն այն նույն արժեքները, որոնք դու ունես։ Այդ դեպքում մի՛ խանդիր, որ երեխադ նման մարդկանց հետ ընկերություն է անում։ Նրանք կարող են օգնել երեխայիդ անելու այն, ինչ ճիշտ է։ Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20)։
3 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ
Որոշ երկրներում կառավարությունը արգելում է պատանիներին շաբաթվա մեջ որոշ ժամաքանակից ավել աշխատել կամ որոշ տեսակի գործեր կատարել։ Նման սահմանափակումներ դեռ անցյալում էին դրվել երեխաներին վտանգավոր իրավիճակներից պաշտպանելու համար, ինչի արդյունքում 18-րդ և 19-րդ դարերում առաջ էր եկել արդյունաբերական հեղաշրջումը։
Թեև այս օրենքները պաշտպանում են երեխաներին վտանգավոր իրավիճակներից ու շահագործվելուց, սակայն որոշ մասնագետներ նշում են, որ այս սահմանափակումները զրկում են նրանց պատասխանատվության զգացումից։ Արդյունքում, ինչպես նշվում է մի գրքում, շատ պատանիներ զարգացնում են «այսպես կոչված սեփականացնելու հատկություն՝ մտածելով, որ իրենք գրեթե արժանի են ստանալու այն բոլոր բաները, որ տրվում են իրենց, առանց նույնիսկ ջանքեր թափելու»։ Գրքի հեղինակները նշում են, որ նման վերաբերմունքը «թվում է, թե բնական արձագանք է՝ հաշվի առնելով, որ ապրում են մի աշխարհում, որն ավելի շատ զվարճացնում է պատանիներին, քան որևէ բան ակնկալում նրանցից» (Escaping the Endless Adolescence)։
Աստվածաշնչում նշվում է այնպիսի պատանիների մասին, ովքեր լուրջ պատասխանատվություններ են ստանձնել դեռ վաղ տարիքից։ Օրինակ՝ Տիմոթեոսը ակներևաբար պատանեկան տարիքում հանդիպեց Պողոս առաքյալին՝ մի մարդու, որը մեծ ազդեցություն թողեց իր վրա։ Հետագայում Պողոսը ասաց Տիմոթեոսին. «Հիշեցնում եմ քեզ, որ կրակի նման վառ պահես Աստծու պարգևը» (2 Տիմոթեոս 1։6)։ Այլ կերպ ասած՝ Պողոսն ուզում էր ասել, որ սիրտը և ուժերը դնի այն գործի մեջ, որը նրան է վստահվել։ Մոտ 20 տարեկանում Տիմոթեոսը թողեց իր հայրենի տունը և Պողոս առաքյալի հետ սկսեց ճանապարհորդել՝ օգնելով նրան ժողովներ հիմնելու և զորացնելու հավատակիցներին։ Տարիներ շարունակ Տիմոթեոսի հետ համագործակցելուց հետո Պողոսը Փիլիպպեի քրիստոնյաներին գրեց. «Նրանից բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ, որ անկեղծությամբ հոգ տանի ձեր մասին» (Փիլիպպեցիներ 2։20)։
Հաճախ պատանիները ուզում են պատասխանատվություններ ստանձնել, հատկապես երբ մտածում են, որ տվյալ հանձնարարությունը շատ կարևոր է։ Դա ոչ միայն նրանց հետագայում կդարձնի պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն, այլև երևան կհանի նրանց մեջ եղած պոտենցիալը հենց այս տարիքից։
Հարմարվել նոր «կլիմայի»
Ինչպես նշվեց հոդվածի սկզբում, եթե ունես պատանի երեխաներ, հավանաբար զգում ես, որ ձեր տան «կլիման» փոխվել է և այն չէ, ինչ տարիներ առաջ էր։ Վստահ եղիր, որ կարող ես հարմարվել նոր «կլիմային», ինչպես որ հարմարվել ես երեխայիդ զարգացման մյուս փուլերին։
Երեխայիդ պատանեկան տարիների ընթացքում առիթը մի՛ կորցրու, որ 1) օգնես նրան զարգացնելու ըմբռնողականություն, 2) հասուն առաջնորդություն տաս և 3) պատասխանատվության զգացում սերմանես։ Այդպես վարվելով՝ կպատրաստես պատանուդ հաջորդ քայլին՝ չափահասության։
[ծանոթագրություններ]
a Մի գրքում նշվում է, որ պատանեկությունը այն շրջանն է, երբ երեխաները պատրաստվում են հրաժեշտ տալու իրենց ծնողներին։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2009թ. մայիսի 1-ի «Դիտարանը», էջ 10–12։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Զվարճությունների աշխարհը, որով տարված են պատանիները, ստիպում է նրանց ընկերակցել իրենց հասակակիցների հետ՝ նրանց մեջ սերմանելով այն գաղափարը, որ պատանիները ունեն իրենց սեփական կյանքը՝ աշխարհ, որտեղ չափահաս մարդը ո՛չ կարող է մտնել, ո՛չ էլ կարող է հասկանալ։
[շրջանակ/նկար 20-րդ էջի վրա]
«ԵՍ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԾՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶԵԼ ԱՆԳԱՄ ՉԷԻ ԿԱՐՈՂ»
Թե՛ խոսքով և թե՛ գործով Եհովայի վկա ծնողները իրենց երեխաներին սովորեցնում են աստվածաշնչյան սկզբունքներ, սակայն չեն ստիպում ապրել այդ սկզբունքներով (Եփեսացիներ 6։4)։ Վկա ծնողները հասկանում են, որ իրենց որդին կամ դուստրը ինքը պետք է որոշի, թե ինչ արժեքներով է ցանկանում ապրել։
18-ամյա Աշլինը ապրում է այն արժեքներով, որոնցով մեծացել է։ Նա ասում է. «Ինձ համար իմ կրոնը մի բան չէ, որով ես զբաղվում եմ շաբաթը միայն մեկ օր։ Այն իմ ապրելակերպն է և ազդում է իմ ցանկացած որոշման վրա, ինչպես նաև իմ դպրոցական ընկերների և գրքերի ընտրության վրա»։
Աշլինը շատ թանկ է գնահատում իր քրիստոնյա ծնողների տված դաստիարակությունը։ Նա ասում է. «Ես ավելի լավ ծնողների մասին երազել անգամ չէի կարող։ Երջանիկ եմ, որ նրանք իմ մեջ սերմանել են Եհովայի վկա լինելու և այդպիսին մնալու ցանկությունը։ Ծնողներս միշտ իմ կյանքում խթանիչ ուժ կլինեն»։
[նկար 17-րդ էջի վրա]
Թույլ տուր պատանուն արտահայտվել
[նկար 18-րդ էջի վրա]
Հասուն ընկերը կարող է լավ ազդեցություն թողնել պատանու վրա
[նկար 19-րդ էջի վրա]
Աշխատանքը օգնում է պատանուն դառնալու պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություն