Ինչ են ասում ծնողները
Պատանեկության տարիները խնդիրների մի նոր «փաթեթ» են նվիրում շատ ծնողների։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխային հաջողության հասնելու կյանքի այս փուլում, որը գուցե շփոթեցնող լինի ինչպես նրա, այնպես էլ ձեզ համար։ Նկատի առնենք, թե ինչ են ասում աշխարհի տարբեր մասերում ապրող ծնողներ։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Երբ տղաս փոքր էր, իմ տված խորհուրդներն ընդունում էր առանց կասկածի ենթարկելու։ Բայց պատանեկան տարիների ընթացքում նա ասես կորցրեց իր վստահությունը իմ հանդեպ և ինձ հեղինակություն չէր համարում։ Նա կասկածի էր ենթարկում իմ ասածները, իսկ խոսելուս տոնը նրան դուր չէր գալիս» (Ֆրանկ, Կանադա)։
«Տղաս այժմ այդքան շատ չի խոսում ինձ հետ, որքան առաջ։ Նրա մտքինն իմանալու համար պետք է հարցուփորձ անեմ, այլապես ոչինչ չի պատմի ինձ։ Նրանից պատասխան կորզելը այդքան էլ հեշտ չէ։ Նա կպատասխանի, բայց ոչ այդ պահին» (Ֆրանսիս, Ավստրալիա)։
«Համբերությունը անչափ կարևոր է։ Երբեմն ուզում ենք գոռալ երեխաների վրա, սակայն հանգիստ կերպով նրանց հետ զրուցելը լավագույն միջոցն է» (Ֆելիշա, Միացյալ Նահանգներ)։
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Երբեմն իմ պատանի աղջիկը պաշտպանողական դիրք է բռնում, երբեմն էլ մտածում է, որ ես անտեղի քննադատում եմ իրեն։ Ու ես ստիպված եմ լինում հիշեցնել, որ սիրում եմ նրան, որ մենք նույն թիմից ենք, որ ես նրա կողմից եմ» (Լիզա, Միացյալ Նահանգներ)։
«Երբ երեխաներս փոքր էին, անկաշկանդ զրուցում էին ինձ հետ։ Հեշտ էր իմանալ, թե ինչ են մտածում։ Իսկ այսօր ես պետք է խորաթափանց լինեմ և ցույց տամ, որ հարգում եմ նրանց որպես անհատականություն։ Միայն այս դեպքում նրանք կբացեն իրենց սիրտը իմ առաջ» (Նանհի, Կորեա)։
«Բավական չէ միայն արգելել երեխաներին որևէ բան անել։ Մենք պետք է տրամաբանենք նրանց հետ և բովանդակալից զրույցներ ունենանք, որ հասնենք նրանց սրտին։ Նրանց սրտի դուռը բացելու համար պետք է պատրաստ լինենք լսելու այն ամենը, ինչ ասում են, նույնիսկ եթե ասում են բաներ, որ մեզ դուր չեն գալիս» (Դալիլա, Բրազիլիա)։
«Եթե պետք է ուղղեմ աղջկաս, ապա դա անում եմ առանձին, ոչ թե ուրիշների ներկայությամբ» (Էդնա, Նիգերիա)։
«Երբեմն որդուս հետ զրույցի ընթացքում շեղվում եմ տարբեր գործերով և ուշադիր չեմ լսում նրան։ Նա գլխի է ընկնում։ Եվ կարծում եմ պատճառներից մեկը դա է, որ շատ չի խոսում ինձ հետ։ Ես պետք է ավելի ուշադիր լինեմ նրա հետ զրուցելիս, որպեսզի նա շարունակի իր զգացումները արտահայտել» (Մարիամ, Մեքսիկա)։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
«Միշտ վախեցել եմ երեխաներիս ազատություն տալուց, և դա, ինչ խոսք, ընդհարման պատճառ է եղել։ Բայց որոշեցի խնդիրը ազատ քննարկել նրանց հետ։ Բացատրում էի, թե ինչու եմ վախենում այդպես վարվելուց, հետո նրանք էին ինձ բացատրում, թե ինչու են ուզում ավելի ազատ լինել։ Վերջում մենք ընդհանուր եզրեր էինք գտնում. նրանք ստանում էին ազատություն, բայց ողջամտության սահմաններում» (Էդվին, Գանա)։
«Տղաս ուզում էր մոտոցիկլետ ունենալ։ Ես այնքան դեմ էի այդ գաղափարին, որ անընդհատ հանդիմանում էի նրան և մատնանշում դրա բացասական կողմերը՝ առանց որևէ հնարավորություն տալու երեխայիս արտահայտելու իր կարծիքը։ Նա ավելի էր բարկությամբ լցվում և ուզում էր ձեռք բերել դա։ Որոշեցի ուրիշ մոտեցում ցուցաբերել։ Խորհուրդ տվեցի տղայիս բոլոր կողմերից ծանր ու թեթև անել՝ հաշվի առնելով վտանգները, ծախսերը։ Նաև ասացի նրան, որ խորհուրդ հարցնի ժողովի հասուն քրիստոնյաներից։ Հասկացա, որ խստորեն վարվելու փոխարեն՝ ավելի լավ կլինի քաջալերել, որ նա ազատորեն խոսի իր ցանկությունների մասին։ Այդպիսով հասա նրա սրտին» (Հեյ-Յոնգ, Կորեա)։
«Մենք սահմանափակումներ էինք դնում, սակայն աստիճանաբար նաև ազատություն էինք տալիս։ Եվ որքան ճիշտ էին մեր երեխաները օգտվում դրանից, այնքան ավելի շատ ազատություն էին ստանում։ Նրանց հնարավորություն էինք տալիս վաստակելու այդ ազատությունը՝ ցույց տալով, որ դեմ չենք, որ ունենան այն, բայց եթե չարաշահում էին մեր վստահությունը, անպատիժ չէին մնում» (Դորոթի, Ֆրանսիա)։
«Ես երբեք չէի ցածրացնում իմ սահմանած չափանիշները։ Բայց երբ երեխաներս հնազանդվում էին ինձ, զիջումների գնում էի։ Օրինակ՝ երբեմն թույլ էի տալիս սովորականից ավելի երկար մնալ դրսում։ Բայց եթե նրանք մի քանի անգամ առանց թույլտվության էին մինչև ուշ մնում, պատժվում էին» (Իլ-չըն, Կորեա)։
«Որքան աշխատողը հնազանդ է լինում ու պատասխանատու, այնքան ավելի շատ է գնահատվում տնօրենի կողմից։ Եթե տղաս էլ հնազանդվում և պատասխանատվությամբ է վերաբերվում մեր սահմանած չափանիշներին, աստիճանաբար ավելի շատ ազատություն է վաստակում։ Նա գիտի, որ ճիշտ ինչպես աշխատողին են տույժ տալիս իր պատասխանատվությունները չկատարելու համար, այնպես էլ նա կկորցնի իր վաստակած ազատությունը, եթե պատասխանատվությամբ չվերաբերվի դրան» (Ռամոն, Մեքսիկա)։
[մեջբերում 22-րդ էջի վրա]
«Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6)։
[շրջանակ/նկարներ 23-րդ էջի վրա]
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐՑԵՐ
«Պատանիներ մեծացնելը լավ բան է»
Ջոզեֆ։ Իմ երկու մեծ աղջիկները պատանի են, և ես կարծում եմ, որ շատ կարևոր է լսել և հաշվի առնել նրանց տեսակետները։ Անկեղծորեն իմ թերություններն ընդունելը և աղջիկներիս հետ հարգանքով խոսելը օգնում է ինձ բաց հաղորդակցություն պահելու նրանց հետ։ Մի խոսքով՝ պատանիներ մեծացնելը լավ բան է շնորհիվ այն առաջնորդության, որ մենք ստանում ենք Աստծու Խոսքից՝ Աստվածաշնչից։
Լիզա։ Երբ մեր առաջին աղջիկը պատանի դարձավ, հասկացա, որ նա ավելի շատ իմ ուշադրության կարիքն ունի։ Հիշում եմ, որ շատ ժամանակ էի անցկացնում՝ խոսելով նրա հետ, լսելով և քաջալերելով նրան։ Ես ու ամուսինս հորդորում էինք մեր աղջիկներին անկեղծորեն արտահայտվել և հարգում էինք նրանց զգացմունքները։ Ես փորձում եմ կիրառել Հակոբոս 1։19-ում գրված իմաստուն խորհուրդը, որտեղ ասվում է. «Արագ եղիր լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ»։
Վիկտորիա։ Մայրս իմ ամենալավ ընկերն է։ Երբեք նրա նման քաղցր ու հոգատար ծնողի չեմ հանդիպել։ Նա այդպիսին է բոլորի հետ։ Նրան նկարագրելու համար «անկեղծ» բառից ավելի լավ բառ չեմ կարող գտնել։ Նրա նմանը չկա։
Օլիվիա։ Հայրս հոգատար է ու առատաձեռն։ Նա միշտ օգնում է բոլորին, նույնիսկ երբ մեր ֆինանսական վիճակը այդքան էլ լավ չէ։ Հայրս գիտի, թե երբ է պետք լուրջ լինել ու երբ ուրախ։ Նա յուրահատուկ անձնավորություն է, ու ես ուրախ եմ, որ նրա նման հայր ունեմ։
«Մենք ձանձրանալու ժամանակ չունենք»
Սոնի։ Երբ մեր աղջիկները խնդիրներ են ունենում, ընտանիքով քննարկում ենք դրանք։ Մենք անկեղծ ենք իրար հետ և մեր որոշումները հիմնում ենք աստվածաշնչյան սկզբունքների վրա։ Ես ու Ինզը նաև փորձում ենք համոզված լինել, որ աղջիկները շփվում են հոգևորապես հասուն անհատների հետ։ Մեր ընկերները նրանց ընկերներն են և նրանց ընկերները մեր ընկերներն են։
Ինզ։ Մենք միշտ զբաղված ենք, քանի որ ընտանիքով տարբեր գործեր ենք անում։ Որպես Եհովայի վկաներ՝ մասնակցում ենք ծառայությանը, անձնական ու ընտանեկան ուսումնասիրություն ենք անում, նաև կատարում ենք կամավոր աշխատանքներ, օրինակ՝ օգնում ենք աղետից տուժածներին և Թագավորության սրահների շինարարությանն ենք մասնակցում։ Նաև այս ամենը համատեղում ենք հանգստի հետ։ Մենք ձանձրանալու ժամանակ չունենք։
Կելսի։ Հայրս լսելու տաղանդ ունի, նա լուրջ որոշում կայացնելուց առաջ միշտ խորհրդակցում է ամբողջ ընտանիքի հետ։ Մայրս նույնպես միշտ պատրաստ է լսելու ինձ, երբ օգնության կարիք ունեմ կամ երբ պարզապես խոսել եմ ուզում։
Սամանտա։ Մորս վերաբերմունքի շնորհիվ, ինչը նա հաճախ չի էլ գիտակցում, ես ինձ յուրահատուկ, սիրված ու կարևոր եմ զգում։ Նա ինձ լսում է, հոգ է տանում իմ մասին։ Ես երբեք մեր ընկերությունը ոչ մի բանի հետ չեմ փոխի։
[նկարներ]
Քամերաների ընտանիքը՝ Ջոզեֆ, Լիզա, Վիկտորիա, Օլիվիա և Իզաբելա
Զապատաների ընտանիքը՝ Կելսի, Ինզ, Սոնի և Սամանտա
[նկար 22-րդ էջի վրա]
Ծնողները կարող են որոշակի ազատություն տալ երեխային, բայց ողջամիտ սահմաններ դնելով