Ծնողի պարտականությունը. վաղ մանկությունից մինչև չափահասություն
«Մինչև հինգ տարեկանը երեխաները կարծես ջերմոցում լինեն ու այդ ժամանակ ավելի հեշտ է լավ հատկություններ զարգացնել նրանց մեջ։ Բայց երբ հաճախում են դպրոց, սկսում են ուրիշների ազդեցությանը ենթարկվել և վարվել ու խոսել այլ կերպ» (Վոլտեր, Իտալիա)։
ՄԵԾԱՆԱԼՈՒՆ զուգընթաց երեխաները ընդարձակում են աշխարհի հետ շփման իրենց սահմանները։ Սկսում են ավելի շատ մարդկանց հետ շփվել՝ ընկերների, դասընկերների և հարազատների։ Ինչպես նշեց Վոլտերը, արդեն միայն դուք չէ, որ ազդում եք ձեր երեխայի վրա։ Ուստի անչափ կարևոր է հենց փոքրուց երեխային սովորեցնել, թե ինչ մեծ արժեք ունեն հնազանդությունն ու լավ վարքը։ Նաև անչափ կարևոր է առաջնորդել նրանց ու ցույց տալ, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ։
Իսկ հնազանդությունն ու լավ վարքը արագ ու ինքնաբերաբար չեն զարգանում։ Թերևս դու պետք է «հանդիմանես, սաստես, հորդորես ամենայն համբերատարությամբ և սովորեցնելու արվեստով» (2 Տիմոթեոս 4։2)։ Իսրայելացի ծնողներին Աստծու Օրենքի հետ կապված հորդոր էր տրվել. «Արմատավորիր դրանք քո երեխաների մեջ ու խոսիր դրանց մասին, երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում» (2 Օրենք 6։6, 7)։ Այս խոսքերի համաձայն՝ ծնողի շարունակական առաջնորդությունը անչափ կարևոր է։
Երեխաներին դաստիարակելը հեշտ գործ չէ։ Քննենք դժվարություններից մի քանիսը։
Լսելու ժամանակը
Աստվածաշունչն ասում է, որ կա ոչ միայն «խոսելու ժամանակ», այլ նաև լսելու ժամանակ (Ժողովող 3։7)։ Ինչպե՞ս կարող ես սովորեցնել երեխայիդ ուշադիր լինել, երբ ուրիշները խոսում են։ Առաջին կերպը օրինակ լինելն է։ Իսկ դու ուշադիր լսո՞ւմ ես ուրիշներին, այդ թվում նաև երեխաներիդ։
Երեխաների ուշադրությունը հեշտությամբ է շեղվում և, անկասկած, քո համբերությունը կփորձվի նրանց հետ զրուցելիս։ Երեխաները տարբեր են, ուստի դիտունակ եղիր և տես, թե երեխայի հետ հաղորդակցվելու համար որ մեթոդն է լավագույնը։ Օրինակ՝ Դեյվիդ անունով մի հայր (Մեծ Բրիտանիա) ասում է. «Ես խնդրում եմ աղջկաս, որ իր բառերով կրկնի, թե քիչ առաջ ինչ ասացի նրան։ Մեծանալով՝ նա ավելի շատ է լսող դառնում»։
Երբ Հիսուսը կրթում էր իր աշակերտներին, ասաց. «Ուշադիր եղեք, թե ինչպես եք լսում» (Ղուկաս 8։18)։ Եթե մեծերը կարիք ունեն ուշադիր լինելու, ապա որքան ավելի երեխաները։
«Մեծահոգաբար ներեք միմյանց»
Աստվածաշունչն ասում է. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13)։ Երեխաներին նույնպես կարելի է սովորեցնել ներելու ունակություն զարգացնել։ Ինչպե՞ս։
Արդեն նշվեց, որ լսելու ունակություն զարգացնելու համար դուք պետք է օրինակ լինեք։ Երեխաները պետք է տեսնեն, թե ինչպես եք ուրիշների հանդեպ ներողամտություն դրսևորում։ Մարինա անունով մի մայր (Ռուսաստան) ջանում է այդպես վարվել. «Մենք փորձում ենք լավ օրինակ լինել մեր երեխաների համար ուրիշներին ներելու, զիջումների գնալու և չվիրավորվելու հարցում»։ Նա ավելացնում է. «Երբ սխալվում եմ, ներողություն եմ խնդրում երեխաներիցս։ Ես ուզում եմ, որ նրանք սովորեն ուրիշների հետ նույն կերպով վարվել»։
Տարաձայնությունները հարթելու և ներելու ունակությունը անհրաժեշտ կլինի, երբ մեծանան։ Այսօրվանից սովորեցրեք երեխաներին ուշադիր լինել ուրիշների նկատմամբ և պատասխանատվությամբ վերաբերվել իրենց սխալներին։ Այդպես անելով՝ դուք արժեքավոր նվեր կտաք, որը մեծ օգուտներ կբերի նրանց։
«Երախտագետ եղեք»
Այս «չափազանց դժվար ժամանակներում» շատերը «անձնասեր են» (2 Տիմոթեոս 3։1, 2)։ Հիմա, քանի դեռ ձեր երեխաները փոքր են, ժամանակն է նրանց մեջ երախտագիտություն սերմանելու։ «Երախտագետ եղեք»,— գրեց Պողոս առաքյալը (Կողոսացիներ 3։15)։
Նույնիսկ փոքրուց երեխաները կարող են սովորել լավ վարք դրսևորել և ուշադիր լինել ուրիշների հանդեպ։ Ինչպե՞ս։ Բժիշկ Քիլ Փրութը ասում է. «Երախտագիտություն սովորեցնելու լավագույն կերպն այն է, որ ինքդ միշտ շնորհակալ լինես տան անդամներին»։ Նա ավելացնում է. «Դա նշանակում է, որ պետք է կանոնավորաբար ասես, թե որքան թանկ ես գնահատում ուրիշների աջակցությունը կամ ցուցաբերած ուշադրությունը.... Սակայն հաճախ է պետք այսպես վարվել» (Parents magazine)։
Ռիչարդ անունով մի հայր (Մեծ Բրիտանիա) փորձում է հենց այդպես վարվել։ Նա ասում է. «Ես ու կինս ցույց ենք տալիս, թե ինչպես կարելի է շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր սիրալիր են եղել մեր նկատմամբ, օրինակ՝ դպրոցի ուսուցիչներին կամ տատիկին ու պապիկին։ Երբ որևէ ընտանիք մեզ ճաշի է հրավիրում, շնորհակալական խոսքեր ենք գրում, և բոլոր երեխաները բացիկում նշում են իրենց անունները կամ էլ որևէ բան նկարում»։ Եթե ձեր երեխան առատաձեռն ու երախտագետ լինի, ապա հետագայում կկարողանա հարատև ու ամուր ընկերություններ հաստատել։
«Խրատը հետ մի՛ պահեք»
Մինչ երեխաները մեծանում են, անչափ կարևոր է սովորեցնել նրանց, որ արարքներին հաջորդում են հետևանքները։ Նույնիսկ փոքր տարիքում նրանց արարքները կարող են կա՛մ լավ, կա՛մ վատ ազդեցություն թողնել ոչ միայն տան անդամների, այլև հասակակիցների և առհասարակ մարդկանց վրա։ Դու կարող ես օգնել երեխայիդ հասկանալու հետևյալ սկզբունքը. ինչ ցանես, այն էլ կհնձես (Գաղատացիներ 6։7)։ Ինչպե՞ս։
Աստվածաշունչն ասում է. «Խրատը հետ մի՛ պահեք» (Առակներ 23։13)։ Եթե երեխային հստակ բացատրել ես, որ սխալ արարք անելու դեպքում նա կկրի խոստացված պատիժը, ապա վարվիր ասածիդ համաձայն։ «Շատ կարևոր է հետևողական լինել»,— ասում է Նորմա անունով մի մայր (Արգենտինա)։ «Եթե երեխան տեսնում է, որ իր ծնողները հետևողական չեն, սկսում է անել ամեն բան, որ հասնի իր ուզածին»։
Երեխայի սխալ արարքից հետո կարիք չի լինի, որ ծնողները երկար-բարակ բացատրություններ տան, եթե նրան նախապես զգուշացրել են, թե անհնազանդության հետևանքով ինչ կլինի։ Երեխաները քիչ հավանական է, որ հակառակվեն, եթե գիտեն կանոնները և հասկանում են, որ դրանք խախտելու դեպքում չեն խուսափի պատժից։
Ինչ խոսք, որպեսզի խրատն արդյունավետ լինի, այն չպետք է զայրացած վիճակում տալ։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից» (Եփեսացիներ 4։31)։ Երբեք չպետք է խրատել դաժանորեն և նվաստացնել երեխային թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ առումով։
Սակայն մի՞թե հնարավոր է զսպել զայրույթը, եթե երեխան հանել է քեզ հունից։ Պիտեր անունով մի հայր (Նոր Զելանդիա) խոստովանում է. «Թեև հեշտ չէ, բայց երեխաները պետք է հասկանան, որ խրատը իրենց արարքի և ոչ թե ծնողի համբերության պակասի հետևանքն է»։
Պիտերը և իր կինը օգնում են իրենց երեխաներին տեսնելու, թե որքան երկարատև են խրատի օգուտները։ Նա ասում է. «Նույնիսկ եթե երեխաները շատ վատ բան են արել, մենք խոսում ենք նրանց հետ ոչ թե այն մասին, թե որքան վատն են, որ այդպիսի բան են արել, այլ թե որքան լավը պետք է լինեն»։
«Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի»
Իր ժողովրդին խրատելիս Աստված ասել էր. «Ես.... չափավորությամբ կխրատեմ» (Երեմիա 46։28)։ Ծնողները ավելի լավ արդյունքների կհասնեն, եթե արդար խրատ տան՝ սխալ արարքին համազոր։ Պողոսը քրիստոնյաներին գրեց. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի» (Փիլիպպեցիներ 4։5)։
Ողջամիտ լինել նշանակում է երեխային այնպես խրատել, որ նա չկորցնի իր արժանապատվության զգացումը։ Սանտի անունով մի հայր (Իտալիա) ասում է. «Ես երբեք չեմ նվաստացնում իմ տղային կամ աղջկան։ Այլ փորձում եմ հասկանալ բուն խնդիրը և օգնել երեխաներիս ուղղելու սխալը։ Ես չեմ խրատում նրանց ուրիշների ներկայությամբ, նույնիսկ ընտանիքի անդամների։ Նաև չեմ ծիծաղում նրանց թերությունների վրա թե՛ մարդկանց ներկայությամբ, թե՛ առանձին»։
Ռիչարդը, որի խոսքերն արդեն մեջբերվել են, հասկանում է, թե որքան կարևոր է ողջամիտ լինել։ Նա ասում է. «Երբեք չպետք է ամեն նոր սխալ արարքի համար նույն պատիժը խստացնել։ Իսկ պատժելուց հետո լավ կլինի չխոսել այդ մասին՝ երեխային անընդհատ հիշեցնելով նրա սխալները»։
Երեխաներ մեծացնելը դժվար է և անձնազոհություն է պահանջում, սակայն օրհնությունները շատ են։ Դրանում համոզվել է Յելենա անունով մի մայր (Ռուսաստան), որն ասում է. «Ես որոշեցի շաբաթվա մեջ աշխատել մի քանի ժամ, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեմ տղայիս հետ։ Ինչ խոսք, այդպես վարվելը ջանքեր է պահանջում, ինչպես նաև հնարավոր չի լինում շատ փող վաստակել։ Սակայն արժե այսպիսի զոհողությունների գնալ, քանի որ դա տղայիս մեծ ուրախություն է պատճառում, և մենք ավելի ենք մտերմանում»։
[նկար 11-րդ էջի վրա]
Երեխաները կարող են սովորել ուշադիր լինել ուրիշների հանդեպ
[նկար 12-րդ էջի վրա]
Երեխային այնպես խրատիր, որ չկորցնի իր արժանապատվության զգացումը