Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/11 էջ 7–9
  • Ինչ են ասում ծնողները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչ են ասում ծնողները
  • 2011 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ծնողների հարցերը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ծնողնե՛ր, սիրո՛վ կրթեք ձեր երեխաներին
    2007 Դիտարան
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ծնողնե՛ր, պաշտպանեք ձեր թանկարժեք ժառանգությունը
    2005 Դիտարան
Ավելին
2011 Արթնացե՛ք
g 10/11 էջ 7–9

Ինչ են ասում ծնողները

Եթե ձեր երեխան նախադպրոցական տարիքում է, ապա հավանաբար դժվարությունների եք բախվում։ Ինչպե՞ս պետք է պայքարեք նրա բացասական դրսևորումների դեմ։ Ինչպե՞ս կարող եք սովորեցնել ձեր երեխային տարբերել ճիշտը սխալից և դա անել հավասարակշռված ձևով։ Նկատի առնենք, թե ինչպես են որոշ ծնողներ քայլեր ձեռնարկել այսպիսի իրավիճակներում։

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

«Մոտ երկու տարեկանում երեխան ակնկալում է, որ կստանա այն, ինչ ուզում է։ Մեր տղան հենց այդպես էր իրեն պահում։ Եթե նրա ուզածը չէինք անում, ձեռքի տակ ընկած ցանկացած բան այս ու այն կողմ էր շպրտում։ Նա մեր առաջին երեխան էր, և մենք անփորձ էինք ու չգիտեինք, թե ինչ անել։ Մենք չէինք մխիթարվում, երբ ուրիշ ծնողներ ասում էին, որ այսպիսի վարքը նորմալ է այդ տարիքի երեխաների համար» (Սյուզան, Քենիա)։

«Երկու տարեկանում մեր աղջիկը պառկում էր գետնին ու ճչում, լաց էր լինում, ոտքով հարվածում գետնին....։ Անտանելի էր։ Այդ պահին նրա հետ խոսելն անիմաստ էր։ Ուստի ես ու ամուսինս ուղարկում էինք նրան սենյակ ու մեղմորեն ասում, որ երբ հանգստանա, այն ժամանակ կզրուցենք։ Հենց խաղաղվում էր, մեզանից մեկը գնում էր նրա սենյակ և օգնում նրան հասկանալու, թե ինչու ենք մենք մտածում, որ նա վատ բան է արել։ Եվ սա արդյունավետ մեթոդ էր։ Մի անգամ նույնիսկ լսեցինք, թե ինչպես էր նա աղոթում Աստծուն և ներողություն խնդրում։ Ժամանակի ընթացքում նրա բացասական դրսևորումները քչացան, իսկ հետո վերացան» (Յոլանդա, Իսպանիա)։

«Սովորաբար երեխաները ուզում են տեսնել, թե ինչքան կարող են ծնողների համբերությունը չարաշահել։ Երբ թույլ ես տալիս երեխային անել մի բան, ինչը արգելել էիր, նա շփոթության մեջ է ընկնում։ Հաստատակամ ու հետևողական լինելու շնորհիվ մեր երեխաները սովորեցին, որ բղավելով չեն կարող հասնել իրենց ուզածին» (Նիլ, Մեծ Բրիտանիա)։

ԽՐԱՏՆԵՐ

«Երբ երեխան հինգ տարեկան է, դժվար է իմանալ, թե որքանով է նա ուշադրությամբ լսում ծնողներին։ Ուստի հաջողության հասնելու համար հարկավոր է ասելիքդ միշտ կրկնել։ Դու պետք է կրկնես ու կրկնես, մի բանը հազար անգամ ասես, ինչպես նաև ժեստերով ու հաստատակամ տոնով» (Սերժ, Ֆրանսիա)։

«Թեպետ մեր չորս երեխաներն էլ մեծացել են նույն միջավայրում, բայց յուրաքանչյուրն էլ տարբեր են։ Մեկը հենց իմանում էր, որ մեզ նեղացրել է, լաց էր լինում։ Մյուսը ուզում էր տեսնել, թե ինչքան կարող է չարաշահել մեր համբերությունը։ Որոշ դեպքերում խիստ հայացքը կամ հանդիմանությունը արդեն բավական էր, մյուս դեպքերում էլ հարկավոր էր պատժել» (Նեյթոն, Կանադա)։

«Շատ կարևոր է զիջումների չգնալ, բայց միևնույն ժամանակ դոգմատիկ կամ խիստ էլ չլինել։ Երբ երեխան իրոք հասկանում է իր սխալը, որոշում ենք ողջամիտ լինել և չխստացնել պատիժը» (Մեթյու, Ֆրանսիա)։

«Ես փորձում եմ չափից շատ կանոններ չդնել, բայց նաև հստակ ցույց եմ տալիս, որ կան մի քանի կանոններ, որ անփոփոխ են։ Երեքամյա որդիս գիտի, թե ինչ կլինի, եթե չհնազանդվի։ Եվ այդ բանի գիտակցումը օգնում է նրան հետևելու իր պահվածքին։ Ճիշտ է, երբ հոգնած եմ լինում, հեշտությամբ կարող եմ անտեսել նրա սխալները, բայց հանուն հետևողականության ստիպում եմ ինձ այդպես չվարվել։ Հաջողության գաղտնիքը միանշանակ հետևողականությունն է» (Նատալի, Կանադա)։

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փոքր երեխաները ասես հիշողության չիփ ունեն։ Ամեն անգամ, երբ ծնողը սայթաքում է, դա գրանցվում է» (Միլտոն, Բոլիվիա)։

«Երբեմն տղաս մի բանի մասին տարբեր ձևերով էր հարցնում, որպեսզի ստուգեր, թե արդյոք նույն պատասխանը կստանա։ Կամ էլ եթե ես մի բան էի ասում, իսկ կինս մեկ ուրիշ բան, նա անմիջապես նկատում էր դա և փորձում մեր դեմ օգտագործել» (Անչել, Իսպանիա)։

«Երբ լավ տրամադրություն էի ունենում, անտեսում էի որդուս սխալ արարքները, իսկ երբ վատ տրամադրություն էի ունենում, խստորեն պատժում էի։ Բայց այդպես նրա վարքն ավելի անկառավարելի էր դառնում» (Գյոնկ-օկ, Կորեա)։

«Շատ կարևոր է, որ երեխան հասկանա՝ եթե ինչ-որ վարքագիծ սխալ է այսօր, ապա դա սխալ է միշտ» (Անտոնիո, Բրազիլիա)։

«Եթե ծնողները հետևողական չլինեն, երեխան կմտածի, որ իր մաման ու պապան անկանխատեսելի մարդիկ են ու որ նրանց որոշումները կախված են տրամադրությունից։ Բայց եթե ծնողները հավատարիմ մնան իրենց սկզբունքներին, երեխան կհասկանա, որ այն, ինչ սխալ է, միշտ է սխալ։ Այսպես ծնողները սիրո ու ապահովության մթնոլորտ կստեղծեն» (Ժիլմար, Բրազիլիա)։

«Երեխաները կարող են օգտվել ուրիշների ներկայությունից, քանի որ նման իրավիճակում թվում է, թե ծնողը այլ ելք չունի ու պետք է ընդառաջի։ Եթե իմ պատասխանն է՝ «ո՛չ», ուրեմն հենց սկզբից ասում եմ՝ «ո՛չ» և հստակ ցույց եմ տալիս տղայիս, որ ուշադրություն չեմ դարձնի նրա անդադար աղերսանքներին» (Չանգ-սոկ, Կորեա)։

«Ծնողները պետք է միակարծիք լինեն։ Եթե ես ու կինս որևէ հարցում տարակարծիք ենք, առանձին ենք խոսում այդ մասին։ Երեխաները կարողանում են նկատել, թե երբ ծնողները միակարծիք չեն, և փորձում են այդ իրավիճակն օգտագործել հօգուտ իրենց» (Խեսուս, Իսպանիա)։

«Երբ երեխան տեսնում է, որ ծնողները միակարծիք են և նրանց խաբել հնարավոր չէ, ապահովության զգացումով է լցվում, որովհետև գիտի, թե ինչ ակնկալել, երբ անհնազանդ է լինում կամ երբ հնազանդվում է» (Դամարիս, Գերմանիա)։

«Կնոջս ու ինձ համար լինել հետևողական նշանակում է նաև պահել մեր խոստումը, երբ մեր աղջկան լավ բան ենք խոստացած լինում։ Այդպես նա հասկանում է, որ կարող է վստահել մեր խոստումներին» (Հենդրիկ, Գերմանիա)։

«Ես զայրանում եմ, երբ գործատերս անընդհատ փոխում է աշխատանքային կանոնները։ Երեխաներն էլ են նույն կերպ արձագանքում։ Նրանք իրենց ապահով են զգում, երբ գիտեն, թե ինչ կանոններ կան սահմանված ու որ դրանք անփոփոխ են։ Նրանք նաև պետք է իմանան, թե ինչ կլինի չհնազանդվելու դեպքում ու գիտակցեն, որ հետևանքները նույնպես անխուսափելի կլինեն» (Գլեն, Կանադա)։

[մեջբերում 8-րդ էջի վրա]

«Թող ձեր «այո»-ն այո լինի, իսկ «ոչ»-ը՝ ոչ» (Հակոբոս 5։12)։

[շրջանակ/​նկարներ 9-րդ էջի վրա]

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Չպլանավորած հղիություն ԻՆՉՊԵՍ ՀԱՐՄԱՐՎԵՑԻՆՔ

Պատմում են Թոմ և Յունհի Հան ամուսինները

Թոմ։ Ընդամենը վեց ամիս էր, ինչ ամուսնացել էինք, և կինս՝ Յունհին, հղիացավ։ Արտաքուստ ցույց էի տալիս, որ հանգիստ եմ, քանի որ ուզում էի վստահեցնել կնոջս, որ նրա կողքին եմ ու ամեն ինչում կաջակցեմ նրան։ Սակայն ներքուստ խուճապի մեջ էի։

Յունհի։ Ես ընկճված էի ու վախեցած։ Անընդհատ լաց էի լինում. ո՛չ պատրաստ էի մայր դառնալու, ո՛չ էլ փորձ ունեի։

Թոմ։ Ես էլ պատրաստ չէի հայր դառնալու։ Սակայն երբ զրուցեցինք ուրիշ ծնողների հետ, հասկացանք, որ չպլանավորած հղիությունը շատ սովորական բան է։ Նաև իմացանք, թե ուրիշ ծնողներ ինչ ուրախ օրեր են ունեցել, երբ դարձել են հայր կամ մայր։ Մտահոգություններս ու անորոշության զգացումը աստիճանաբար վերածվեցին սպասումի։

Յունհի։ Երբ ծնվեց Ամանդան, դժվարությունների մի նոր «փաթեթ» ստացանք։ Նա անդադար լաց էր լինում, և ես շաբաթներ շարունակ չէի կարողանում քնել։ Ախորժակ չունեի և արդյունքում ուժասպառ եղա։ Չէի ուզում լինել մարդկանց մեջ։ Հետո հասկացա, որ տանը մեկուսանալը ոչ մի օգուտ չի բերում։ Որոշեցի ժամանակ անցկացնել այն մայրերի հետ, որոնք նույնպես նոր էին երեխա ունեցել։ Այդպիսով առիթ ունեցա համեմատելու իմ դժվարությունները նրանց դժվարությունների հետ ու հասկացա, որ միակը չեմ, ով խնդիրներ ունի։

Թոմ։ Ես ջանում էի մեր ընտանեկան օրակարգում կայունություն պահպանել։ Որպես Եհովայի վկաներ՝ Յունհին և ես վճռել էինք կանոնավորաբար մասնակցել ծառայությանը և քրիստոնեական հանդիպումներին։ Գիտակցում էինք, որ երեխա ունենալը անսպասելի ծախսեր էլ է առաջ բերում։ Ուստի շատ ծախսեր չէինք անում, որպեսզի պարտքերի մեջ չընկնեինք ու ավելի շատ սթրեսի չենթարկվեինք։

Յունհի։ Սկզբում մտածում էի, որ երեխաների հետ ծառայության գնալը գործնական չէ։ Բայց նկատեցի, որ մարդկանց դուր է գալիս երեխաների ներկայությունը։ Դա օգնեց ինձ ակտիվորեն ծառայելու և դրականորեն տրամադրվելու երեխայիս նկատմամբ։

Թոմ։ Աստվածաշունչն ասում է, որ երեխաները «ժառանգություն են Եհովայից» ու «պարգև» (Սաղմոս 127։3)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ երեխան թանկ նվեր է։ Ցանկացած ժառանգության պարագայում դու ունես ընտրության հնարավորություն՝ կա՛մ խելամիտ ներդրում անել, կա՛մ վատնել ունեցվածքդ։ Ես հասկանում եմ, որ երեխայի զարգացման ամեն մի փուլը անզուգական է, ու յուրաքանչյուր փուլում պետք է լինեմ իմ աղջկա կողքին, քանի որ այդ առանձնահատուկ հնարավորությունը ձեռքիցս գնում է ու հետ չեմ կարող բերել։

Յունհի։ Այսպես թե այնպես կյանքը անակնկալներ է մատուցում մեզ, և չպլանավորած երեխան վատ անակնկալ չէ։ Այսօր Ամանդան վեց տարեկան է, ու ես չեմ էլ պատկերացնում կյանքս առանց նրա։

[նկար]

Թոմն ու Յունհին իրենց դստեր՝ Ամանդայի հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը