ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ
Հունարեն աթանասիա բառը կազմված է ա ժխտական նախածանցից և թանատոս (մահ) բառի մի բառաձևից։ Ուստի այդ բառի հիմնական նշանակությունը «անմահությունն» է, ինչը մատնանշում է կյանքի անվերջ և անկործանելի լինելը (1Կթ 15։53, 54; 1Տմ 6։16)։ Իսկ հունարեն աֆթարսիա (անապականություն) բառը գործածվում է այն բանի առնչությամբ, ինչը չի կարող փտել, քայքայվել, և ինչը մնայուն է (Հռ 2։7; 1Կթ 15։42, 50, 53; Եփ 6։24; 2Տմ 1։10)։
«Անմահ» և «անմահություն» բառերը չեն հանդիպում Եբրայերեն Գրվածքներում, սակայն այնտեղ ցույց է տրվում, որ Եհովա Աստված, լինելով կյանքի բոլոր տեսակների Աղբյուրը, մահվան ենթակա չէ, հետևաբար անմահ է (Սղ 36։7, 9; 90։1, 2; Ամբ 1։12)։ Այդ փաստն ընդգծեց նաև Պողոս առաքյալը, երբ ասաց, որ Աստված «հավիտենության Թագավոր» է և «անմահ» է (1Տմ 1։17)։
Ինչպես պարզաբանվում է ՀՈԳԻ հոդվածում, Եբրայերեն Գրվածքներում հստակ ցույց է տրվում նաև, որ մարդն ի բնե անմահ չէ։ Այնտեղ բազմիցս նշվում է, որ մարդու հոգին (եբր.՝ նեֆեշ) մահանում է, գնում է գերեզման և կործանվում է (Ծն 17։14, ծնթ.; Հս 2։13, ծնթ.; 9։24, ծնթ.; 10։28, ծնթ.; Սղ 16։10, ծնթ.; Եզկ 18։4, 20)։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում, որոնք ամբողջությամբ ներդաշնակ են Եբրայերեն Գրվածքներին, նույնպես նշվում է, որ հոգին (հուն.՝ փսիխե) մահանում է (Մթ 10։28, ծնթ.; Մկ 3։4, ծնթ.; Գրծ 3։23, ծնթ.; Հկ 5։20, ծնթ.; 1Հվ 3։16, ծնթ.; Հտն 16։3, ծնթ.)։ Հետևաբար Հունարեն Գրվածքները այլ բան չեն սովորեցնում և չեն հերքում Եբրայերեն Գրվածքներում Աստծու ներշնչմամբ գրված ուսմունքն այն մասին, որ մարդը (մարդկային հոգին) մահկանացու է՝ ենթակա է մահվան։ Այդուհանդերձ, այնտեղ գրված է, որ Աստված նպատակ ունի իր ծառաներից ոմանց անմահություն շնորհելու։
Ի՞նչ իմաստով է Հիսուսը «միակը, ով ունի անմահություն»
Ըստ Աստվածաշնչի՝ առաջինը Հիսուս Քրիստոսն է ստացել անմահության պարգևը։ Այն, որ նախքան հարություն առնելը նա անմահ չի եղել, երևում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերից. «Քրիստոսը, ով արդեն հարություն է առել, այլևս չի մահանա. մահն այլևս իշխանություն չունի նրա վրա» (Հռ 6։9; հմմտ. Հտն 1։17, 18)։ 1 Տիմոթեոս 6։15, 16-ում Հիսուսին անվանելով «թագավորների Թագավոր և տերերի Տեր»՝ Պողոսը ցույց է տալիս, որ նա տարբերվում է մյուս բոլոր թագավորներից ու տերերից, քանի որ «միակն է, ով ունի անմահություն»։ Մյուս թագավորներն ու տերերը, լինելով մահկանացու, մահանում են, ինչպես որ մահանում էին Իսրայելի քահանայապետները։ Սակայն փառավորված Հիսուսը, որին Աստված նշանակել է Քահանայապետ, ինչպիսին Մելքիսեդեկն էր, «անկործանելի կյանք» ունի (Եբ 7։15-17, 23-25)։
«Անկործանելի» թարգմանված հունարեն ակատալիտոս բառը բառացի նշանակում է «անխախտելի», «չքանդվող» (Եբ 7։16)։ Դա բաղադրյալ բառ է, որը կազմված է ա ժխտական նախածանցից և կատալիո բայից, որը նշանակում է «քանդել»։ Հիսուսը գործածեց այդ բայը, երբ ասաց, որ Երուսաղեմի տաճարը կավերվի, և քարը քարի վրա չի մնա (Մթ 24։1, 2)։ Պողոսը նույնպես գործածեց այն, երբ ասաց, որ քրիստոնյաների երկրային «վրանը» կքանդվի, այսինքն՝ ֆիզիկական մարմնի վախճանով նրանց երկրային կյանքը կավարտվի (2Կթ 5։1)։ Այսպիսով՝ հարության ժամանակ Հիսուսին շնորհված անմահ կյանքը պարզապես անվերջ կյանք չէ։ Այն ենթակա չէ քայքայման և ենթակա չէ կործանման։
Թագավորության ժառանգներին անմահություն է շնորհվում։ Օծյալ քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի հետ իշխելու են երկնքում (1Պտ 1։3, 4), Աստված խոստացել է, որ կմիավորվեն նրա հետ, երբ նրա պես հարություն առնեն (Հռ 6։5)։ Ուստի քրիստոնեական ժողովի օծյալ անդամները, որոնք մինչև մահ հավատարիմ են մնում, իրենց Տիրոջ ու Գլխի պես հարություն են առնում, ստանում են անմահ ոգեղեն կյանք, և նրանց «մահկանացու մարմինը [փոխարինվում է] անմահ մարմնով» (1Կթ 15։50-54)։ Նրանց շնորհվող անմահությունը չի նշանակում պարզապես հավիտենական կյանք կամ ազատագրում մահից, ինչպես որ Հիսուսի պարագայում է։ Պողոս առաքյալը նրանց տրվող անմահությունը կապում է անապականության հետ, ինչը ցույց է տալիս, որ նրանց՝ որպես Քրիստոսի ժառանգակիցների, նույնպես շնորհվում է «անկործանելի կյանք տվող զորություն» (1Կթ 15։42-49)։ «Նրանց վրա երկրորդ մահը իշխանություն չունի» (Հտն 20։6; տես ԱՆԱՊԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ)։
Անմահության պարգևը, որ խոստացված է Թագավորության ժառանգներին, բացառիկ է հատկապես նրանով, որ նույնիսկ Աստծու հրեշտակները անմահ չեն՝ չնայած այն բանին, որ ունեն ոգեղեն մարմին, ոչ թե ֆիզիկական։ Դա է փաստում այն, որ Աստված մահապատիժ սահմանեց իր ոգեղեն որդիներից մեկի համար, որը դարձավ իր Հակառակորդը (Սատանա), ինչպես նաև մյուս հրեշտակների համար, որոնք նրա կողմն անցան և «չմնացին ի սկզբանե իրենց հատկացված դերում, այլ թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը» (Հդ 6; Մթ 25։41; Հտն 20։10, 14)։ Ուստի «անկործանելի կյանքի» պարգևը (Եբ 7։16), որ Աստված տալիս է իր Որդու հետ երկնային թագավորությունում իշխելու պատիվն ունեցող քրիստոնյաներին, հիանալի կերպով փաստում է, թե որքան շատ է Նա վստահում նրանց (տես ԵՐԿԻՆՔ, «Ճանապարհ դեպի երկնային կյանք»; ԿՅԱՆՔ)։