Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 6/1 էջ 8–13
  • Քրիստոնյաների հավատը պիտի փորձվի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քրիստոնյաների հավատը պիտի փորձվի
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ է հավատը փորձվում
  • Հավատը փորձվեց 1914 թ. հետ կապված
  • Վերաբերմունքը այն ժամանակվա փորձությունների նկատմամբ
  • Հիմա է փորձվում ձեր հավատի ինչպիսին լինելը
    1998 Դիտարան
  • Փորձություններ և մաղում կազմակերպության ներսում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Հարյուր տարի առաջ, 1914
    2014 Եհովայի վկաների տարեգիրք
  • Հռչակվում է Տիրոջ վերադարձը (1870–1914)
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
1998 Դիտարան
w98 6/1 էջ 8–13

Քրիստոնյաների հավատը պիտի փորձվի

«Բոլորը չէ, որ հաւատ ունեն» (Բ Թեսաղոնիկեցիս 3։2)։

1. Ինչպե՞ս է պատմությունը ցույց տվել, որ բոլորը չեն, որ ճշմարիտ հավատ ունեն։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ընթացքում ճշմարիտ հավատ ունեցող տղամարդիկ, կանայք և երեխաներ են եղել։ «Ճշմարիտ» ածականն օգտագործելը տեղին է, որովհետև միլիոնավոր մարդկանց հավատը դյուրահավատության նման է եղել. նրանք պատրաստ էին հավատալ՝ առանց հիմնավոր պատճառներ ունենալու։ Այսպիսի հավատի հիմքում հաճախ ընկած էր կեղծ աստվածների երկրպագությունը կամ պաշտամունքի այլ ձևեր, որոնք անընդունելի են Ամենակալին՝ Եհովային և չեն համաձայնվում իր բացահայտված Խոսքի հետ։ Այդ պատճառով Պողոս առաքյալը գրեց. «Բոլորը չէ, որ հաւատ ունեն» (Բ Թեսաղոնիկեցիս 3։2)։

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ քննել մեր հավատը։

2 Պողոսի հայտարարությունը նշանակում է, որ իր օրերում ճշմարիտ հավատ ունեցողներ կային, ուրեմն այսօր էլ պիտի գոյություն ունենան։ Այս ամսագրի ընթերցողների մեծամասնությունը փափագում է այդպիսի հավատ ունենալ և մշակել այն, այնպիսի հավատ, որն աստվածային ճշգրիտ գիտության հետ ներդաշնակ է (Յովհաննէս 18։37; Եբրայեցիս 11։6)։ Իսկ դուք ունե՞ք այդ ցանկությունը։ Այդ դեպքում անհրաժեշտ է, որ իմանաք ու պատրաստ լինեք ընդունելու այն իրողությունը, որ ձեր հավատը պիտի փորձվի։ Տեսնենք, թե ինչո՞ւ ենք այսպես ասում։

3, 4. Հավատի փորձությունների ժամանակ ինչո՞ւ պիտի Հիսուսի թողած օրինակին հետևենք։

3 Մենք պիտի ընդունենք, որ Հիսուս Քրիստոսը մեր հավատի մեջ կարևորագույն տեղն է գրավում։ Իսկապես որ, Աստվածաշունչը, ի նկատի ունենալով Հիսուսի խոսքերն ու գործերը, հատկապես նրան վերաբերող մարգարեությունների կատարումը, Հիսուսին անվանում է մեր հավատի Զորագլուխը։ Նա ամրացրեց այն հիմքը, որի վրա մարդիկ կարող են հաստատել իրենց ճշմարիտ հավատը (Եբրայեցիս 12։2; Յայտնութիւն 1։1, 2)։ Դեռ ավելին, Հիսուսը «մեզ նման փորձուած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է» (Եբրայեցիս 4։15)։ Այո՛, Հիսուսի հավատը փորձության ենթարկվեց։ Բայց այս հանգամանքը ոչ թե պիտի հուսահատեցնի կամ վատ բանի կանխազգացում առաջացնի, այլ պիտի մեզ մխիթարի։

4 Անցնելով մեծ փորձությունների միջով՝ նույնիսկ ցցի վրա եղած ժամանակ Հիսուսը «հնազանդութիւն սովորեց» (Եբրայեցիս 5։8)։ Նա ապացուցեց, որ, չնայած այս աշխարհի կողմից եկած ցանկացած փորձությանը, մարդիկ կարող են ապրել ճշմարիտ հավատի համաձայն։ Այս միտքն առանձնահատուկ նշանակություն է ստանում այն ժամանակ, երբ մտածում ենք Հիսուսի՝ իր հետևորդներին ուղղած պատասխանի մասին. «Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը» (Յովհաննէս 15։20)։ Իրոք, մեր օրերում ապրող իր հետևորդների մասին Հիսուսը նախագուշակեց. «Իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք» (Մատթէոս 24։9)։

5. Ինչպե՞ս են Գրությունները ցույց տալիս, որ մեզ փորձություններ են սպասվում։

5 Մեր հարյուրամյակի սկզբում դատաստանի գործադրումը սկսվեց Աստծու տնից։ Սուրբ գրություններում մարգարեացված էր. «Ժամանակն է, որ սկսուի դատաստանը Աստծու տնից. որովհետեւ, եթէ այն նախ մեզնից սկսուի, ապա ի՞նչ վախճան կը լինի նրանց, ովքեր չհնազանդուեցին Աստծու Աւետարանին։ Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ» (Ա Պետրոս 4։17, 18)։

Ինչո՞ւ է հավատը փորձվում

6. Փորձության ենթարկված հավատն ինչո՞ւ է թանկարժեք։

6 Չփորձված հավատի արժեքը, որոշ իմաստով, հաստատված չէ, նրա որակն անհայտ է մնում։ Այն նմանվում է մի չեկի, որը կանխիկ դրամի դեռ չի վերածվել։ Ձեր կատարած որևէ գործի կամ ձեռք բերված ապրանքի դիմաց, կամ նույնիսկ որպես նվեր կարող եք չեկ ստանալ, որն ինքնին կարող է օրինական թվալ։ Բայց արդյո՞ք այդ չեկն իսկապես արժե այն գումարը, որը նշված է այնտեղ։ Նմանապես, մեր հավատն էլ չպիտի սահմանափակվի միայն արտաքին տեսքով ու դավանությամբ, այլ ավելին պիտի ընդգրկի իր մեջ։ Այն պիտի փորձվի, եթե ուզում ենք ապացուցել, որ որակյալ է և գործնական։ Փորձվելուց հետո միայն կհամոզվենք, որ այն ամուր է և արժեքավոր։ Այդպիսի փորձության ընթացքում երբեմն հայտնաբերվում է, որ մեր հավատը մաքրվելու և զորանալու կարիք ունի։

7, 8. Որտեղի՞ց են առաջ գալիս հավատի փորձությունները։

7 Թեև Աստված թույլ է տալիս, որ մեզ վրա հալածանքներ և հավատի ուրիշ փորձություններ գան, բայց Յակոբոս 1։13–ում կարդում ենք. «Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի»։ Ուրեմն ո՞վ է պատասխանատվություն կրում այսպիսի փորձությունների համար, և որո՞նք են փորձության պատճառները. դրանք են՝ Սատանան, աշխարհը և մեր սեփական, անկատար մարմինը։

8 Միգուցե մենք ընդունում ենք, որ Սատանան ուժեղ ազդեցություն է բանեցնում աշխարհի, նրա մտածելակերպի ու գործելակերպի վրա (Ա Յովհաննէս 5։19)։ Եվ հավանաբար գիտենք, որ նա է քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքի դրդողը (Յայտնութիւն 12։17)։ Բայց մենք էլ նույնչափ համոզվա՞ծ ենք, որ Սատանան, հրապուրելով մեր անկատար մարմինը, փորձում է մոլորեցնել մեզ և գրգռում է աշխարհային գայթակղություններով՝ հուսալով, որ կբռնենք իր նետած խայծը, անհնազանդ կլինենք Աստծուն և, արդյունքում, կմերժվենք Եհովայի կողմից։ Ինչ խոսք, Սատանայի մոտեցման ձևերը մեզ չպիտի զարմացնեն, քանի որ նա նույն գործելակերպն օգտագործեց Հիսուսին փորձության ենթարկելիս (Մատթէոս 4։1—11)։

9. Ինչպիսի՞ օգուտներ կարող ենք քաղել հավատի օրինակներից։

9 Եհովան իր Խոսքի և քրիստոնեական ժողովի միջոցով բացահայտորեն ներկայացնում է հավատի իրական օրինակներ, որոնց կարող ենք ընդօրինակել։ Պողոսը խրատեց. «Եղբայրնե՛ր, նմանուեցէ՛ք ինձ եւ լա՛ւ նայեցէք այնպիսիներին, որ նոյն ձեւով են ընթանում, ինչպէս մենք, որ օրինակ ենք ձեզ համար» (Փիլիպպեցիս 3։17)։ Նա, լինելով Աստծու օծյալ ծառաներից մեկն առաջին դարում, հավատի գործեր ցույց տալու մեջ նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց՝ չնայած իր կրած մեծ փորձություններին։ Հիմա՝ այս 20–րդ դարի վերջում էլ, հավատի նման օրինակներ պատահում են։ Եբրայեցիս 13։7–ի խոսքերն այսօր նույնքան ուժի մեջ են, որքան այն ժամանակ, երբ Պողոսը գրեց եբրայեցիներին. «Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խօսքն ասացին։ Նայելով նրանց կեանքի ընթացքի վախճանին, հետևո՛ղ եղէք նրանց հաւատին»։

10. Արդի ժամանակներում հավատի ի՞նչ բացառիկ օրինակներ ունենք։

10 Այս հորդորն առանձնահատուկ ուժ է ձեռք բերում, երբ նկատի ենք առնում, թե օծյալ մնացորդի առաջնորդությունն ինչ արդյունք է ունեցել։ Մենք կարող ենք խորհել այդ օրինակների շուրջ և ընդօրինակել նրանց հավատը։ Նրանցը ճշմարիտ հավատն է, որը, անցնելով փորձությունների միջով, մաքրագործվել է։ 1870–ական թվականների փոքր սկզբնավորումից այդ խումբն աճեց և դարձավ քրիստոնյաների աշխարհածավալ մի եղբայրություն։ Այն ժամանակից ի վեր օծյալ մնացորդի ցուցաբերած կայունության ու հավատի շնորհիվ է, որ այսօր ավելի քան հինգ ու կես միլիոն Եհովայի վկաներ քարոզում են ու սովորեցնում Աստծու Թագավորության մասին։ Ջերմեռանդ, ճշմարիտ քրիստոնյաներից բաղկացած ներկայիս համաշխարհային ժողովը փորձված հավատի վկայությունն է (Տիտոս 2։14)։

Հավատը փորձվեց 1914 թ. հետ կապված

11. 1914 –ը ինչո՞վ էր նշանակալից Ռասելի ու իր ընկերակիցների համար։

11 Առաջին համաշխարհային պատերազմից դեռևս տարիներ առաջ օծյալ մնացորդը հայտարարել էր, որ, ըստ Աստվածաշնչի մարգարեության, 1914–ը նշանակալից տարեթիվ էր լինելու։ Այնուամենայնիվ, նրանց որոշ ակնկալությունները վաղաժամ էին, ու սպասվող իրադարձությունների մասին նրանց պատկերացումն այնքան էլ հստակ չէր։ Օրինակ՝ «Դիտարան» ընկերության առաջին նախագահ Չարլզ Թ. Ռասելը և իր ընկերակիցները հասկանում էին, որ անհրաժեշտ էր կատարել քարոզչական լայնածավալ մի աշխատանք, քանի որ գրված էր. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։ Սակայն, նրանց համեմատաբար փոքր խումբն ինչպե՞ս կարող էր կատարել այդ հսկայական աշխատանքը։

12. Ռասելի ընկերակիցներից մեկն ինչպե՞ս արձագանքեց Աստվածաշնչի ճշմարտությանը։

12 Եկեք նկատի առնենք, թե այս ամենն ինչպես ազդեց Ռասելի ընկերակիցներից մեկի՝ Ա. Հ. Մակմիլանի վրա։ Ծնվելով Կանադայում՝ նա դեռ քսան տարեկան էլ չկար, երբ ձեռք բերեց Ռասելի «Դարերի ծրագիրը» գիրքը (1886 թ., անգլ.)։ (Այս գիրքը, որը կոչվեց նաև «Դարերի աստվածային ծրագիրը», հետագայում դարձավ լայնորեն տարածում գտած «Սուրբ գրությունների ուսումնասիրություններ» (անգլ.) ժողովածուի առաջին հատորը։ Երկրորդ հատորը կոչվում էր «Ժամանակը մոտ է» (1889 թ., անգլ.), որը 1914 թվականը մատնանշում էր որպես «հեթանոսների ժամանակների» ավարտ (Ղուկաս 21։24) )։ Հենց նույն՝ իր ընթերցանությունը սկսած գիշերը, Մակմիլանը մտածեց. «Ահա այստեղ, կարծես, ճշմարտության ձայնն է հնչում»։ 1900 թ. ամռանը նա հանդիպեց Ռասելին Աստվածաշունչ ուսումնասիրողների համաժողովում (այսպես էին կոչվում Եհովայի վկաներն այն ժամանակ)։ Շուտով Մակմիլանը մկրտվեց ու սկսեց աշխատել եղբայր Ռասելի հետ Նյու Յորքում՝ Ընկերության գլխավոր վարչությունում։

13. Մակմիլանը և մյուսներն ի՞նչ դժվարության հանդիպեցին՝ կապված Մատթէոս 24։14–ում արձանագրված մարգարեության կատարման հետ։

13 Աստվածաշնչից ստացած իրենց գիտելիքների հիման վրա այդ օծյալ քրիստոնյաները 1914 թվականը մատնանշեցին որպես շրջադարձային կետ Աստծու նպատակի մեջ։ Սակայն Մակմիլանը և մյուսները զարմանում էին, թե ազգերին քարոզելու աշխատանքը, որը մարգարեացված էր Մատթէոս 24։14 խոսքում, ինչպե՞ս կկարողանար մնացած կարճ ժամանակում ավարտվել։ Հետագայում նա պատմեց. «Ես հիշում եմ եղբայր Ռասելի հետ անցկացրած հաճախակի քննարկումները, երբ նա ասում էր. «Եղբա՛յրս, այստեղ՝ Նյու Յորքում, ավելի շատ հրեաներ կան, քան Երուսաղեմում, ավելի շատ իռլանդացիներ, քան Դուբլինում, մեզ մոտ ավելի շատ իտալացիներ են ապրում, քան Հռոմում։ Եթե հիմա հանդիպենք իրենց այստեղ, ուրեմն Աստծու պատգամը հասցրած կլինենք ողջ աշխարհի բնակիչներին»։ Բայց այդ պատասխանը չէր տեղավորվում մեր ուղեղում։ Ուստի, հետագայում մտադրվեցինք ստեղծել «Լուսադրաման»։

14. Նախքան 1914–ը ի՞նչ նշանավոր ծրագիր ձեռնարկվեց։

14 Ի՜նչ ապշեցուցիչ նախաձեռնություն էր «Արարչության Լուսադրամայի» (անգլ.) ստեղծումը։ Նրան համակցված էին կինոնկարներ և գունավոր, ապակյա դիապոզիտիվներ, որոնց զուգակցում էին ձայնափողով նվագարկիչների համար նախատեսված աստվածաշնչային դասախոսությունների և երաժշտության ձայնասկավառակներ։ 1913–ին ԱՄՆ–ի Արկանզաս նահանգում տեղի ունեցած մի համաժողովի մասին «Դիտարանը» գրեց. «Միաձայն որոշվեց, որ հասել է ժամանակը, երբ Աստվածաշնչի ճշմարտությունն ուսուցանելիս կինոնկարներ օգտագործվեն.... [Ռասելը] բացատրեց, որ երեք տարի շարունակ աշխատել է հենց այս ծրագրի վրա, և արդեն պատրաստ էր մոտ 100 գեղեցիկ պատկեր, որոնք, անկասկած, շատերին կհրապուրեն ու կներկայացնեն ավետարանը, կօգնեն՝ ժողովրդին հավատի բերելու»։

15. Ինչպիսի՞ արդյունքներ ունեցավ «Լուսադրաման»։

15 Ճիշտ այդպես էլ եղավ «Լուսադրամայի» թողած հետևանքը 1914 թ. հունվարին՝ առաջին ցուցադրումից հետո։ Ահա այդ թվականի «Դիտարանի» թողարկումներից մի քանի զեկուցումներ.

Ապրիլի 1. «Մի քահանա «ԱՐԱՐՉՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԴՐԱՄԱՅԻ» երկու մաս դիտելուց հետո ասաց. «Ես տեսել եմ այս ֆիլմի միայն կեսը, բայց այնտեղից արդեն ավելի շատ բան եմ սովորել Աստվածաշնչի մասին, քան Աստվածաբանական թեմականում երեք տարիների ուսումնառության ընթացքում»։ Մի հրեա, դիտելով ցուցադրումը, նկատեց. «Եկա որպես սովորական հրեա, հեռանում եմ որպես հրեագետ»։ Մի քանի կաթոլիկ քահանաներ ու միանձնուհիներ, դիտելով «ԼՈՒՍԱԴՐԱՄԱՆ», այն շատ բարձր գնահատեցին.... «ԼՈՒՍԱԴՐԱՄԱՅԻ» միայն տասներկու ժողովածու է պատրաստ.... Այնուամենայնիվ, կարողացել ենք արդեն լինել և ծառայել երեսունմեկ քաղաքներում.... Օրական ավելի քան երեսունհինգ հազար մարդ դիտում է այն, լսում է, հիանում, խորհում է դրա շուրջը և երջանկանում»։

Հունիսի 15. «Պատկերներն ինձ ավելի եռանդուն դարձրին Ճշմարտությունը քարոզելու համար և աճեցրին իմ սերը Երկնային Հոր ու մեր սիրելի Ավագ Եղբայր Հիսուսի նկատմամբ։ Ամեն օր աղոթում եմ Աստծուն, որպեսզի օրհնի «ԱՐԱՐՉՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԴՐԱՄԱՆ» և բոլոր նրանց, ովքեր զբաղվում են այն ներկայացնելով.... Ձեր ծառան Տիրոջ առաջ՝ Ֆ. ՈՒ. ՆՈՉ (Այովա նահանգ)»։

Հուլիսի 15. «Հաճույքով նշում ենք, թե պատկերներն ինչ հոյակապ տպավորություն թողեցին այս քաղաքում և համոզված ենք, որ աշխարհին տրված այս վկայությունը գործածվում է նաև այն մարդկանց հավաքելու նպատակով, ովքեր ակնհայտորեն Տիրոջ սեփական, ընտրված գանձերն են։ Մենք լսել ենք Աստվածաշնչի բազմաթիվ խոհեմ աշակերտների մասին, ովքեր հիմա այստեղ հաղորդակցվում են դասարանի [ժողովի] հետ «Լուսադրամայի» շնորհիվ.... Ձեր քույրը Տիրոջ առաջ՝ ԷՄՄԱ Լ. ԲՐԻԿԵՐ»։

Նոյեմբերի 15. «Վստահ ենք, որ ուրախ կլինեք՝ լսելով, թե ինչ հիանալի տպավորություններ են թողնում «ԱՐԱՐՉՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԴՐԱՄԱՅԻ» ցուցադրումները, որոնք տեղի են ունենում Քինգզուեյ պողոտայի վրա գտնվող Լոնդոնի օպերային թատրոնում։ Ցուցադրումների ամեն մի մանրամասնության մեջ հրաշալիորեն դրսևորվում է Տիրոջ բազուկի առաջնորդությունը, որի համար եղբայրները չափազանց ուրախ են.... Ներկա էին տարբեր խավերի ու տարբեր կարգի մարդիկ։ Նկատեցինք նաև հոգևոր դասի ներկայությունը։ Մի հոգևորական տոմսեր խնդրեց իր և կնոջ համար, որպեսզի մեկ անգամ ևս դիտեին ֆիլմը։ Անգլիական եկեղեցու քահանաներից մեկը մի քանի անգամ «ԼՈՒՍԱԴՐԱՄԱՆ» նայելուց հետո հրավիրեց իր ընկերներից շատերին, որպեսզի նրանք ևս դիտեին այն։ Ներկա էին նաև երկու եպիսկոպոս և մի քանի պաշտոնավոր մարդիկ»։

Դեկտեմբերի 1. «Ես և կինս շնորհակալություն ենք հայտնում մեր Երկնային Հորը իր շնորհած մեծ ու անգնահատելի օրհնությունների համար, որոնք ստացանք ձեր միջոցով։ Այն գեղեցիկ «ԼՈՒՍԱԴՐԱՄԱՆ» էր, որը մեր կողմից Ճշմարտությունը ճանաչելու և ընդունելու պատճառը դարձավ.... Մենք ունենք «ՍՈՒՐԲ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գրքի վեց հատորները։ Դրանք մեծ օգնություն են մեզ համար»։

Վերաբերմունքը այն ժամանակվա փորձությունների նկատմամբ

16. Ինչո՞ւ 1914–ը հավատի փորձություն առաջ բերեց։

16 Բայց ի՞նչ պատահեց, երբ այս անկեղծ ու նվիրված քրիստոնյաները տեսան, որ 1914–ին Տիրոջ հետ միանալու իրենց ակնկալությունը չիրականացավ։ Օծյալ մնացորդն անցավ բացառիկ փորձության մի ժամանակաշրջան։ 1914 թ. նոյեմբերի 1–ի «Դիտարանի» համարում հրապարակվեց. «Հիշենք, որ փորձության շրջանի մեջ ենք գտնվում»։ Այս կապակցությամբ «Եհովայի վկաներ՝ Աստծու Թագավորության ծանուցանողներ» (1993 թ., անգլ.) գրքում ասվում է. «1914–1918 թվականներն իրոք որ «փորձության մի շրջան» եղան Աստվածաշունչն ուսումնասիրողների համար»։ Արդյոք նրանք թույլ պիտի տայի՞ն, որ իրենց հավատը զտվեր և իրենց մտածելակերպը ճշտվեր, որպեսզի կարողանային իրենց առջևում դրված մեծ գործը ձեռնարկել։

17. Հավատարիմ օծյալներն ինչպե՞ս արձագանքեցին 1914–ից հետո երկրի վրա մնալուն։

17 «Դիտարանի»՝ 1916 թ. սեպտեմբերի 1–ի համարում գրվեց. «Մենք կարծում էինք, թե Եկեղեցուն [օծյալներին] հավաքելու Հունձքի գործը մինչև հեթանոսների ժամանակների ավարտը պիտի վերջացած լիներ, սակայն Աստվածաշնչի մեջ այսպիսի խոսքեր չկային.... Մի՞թե ափսոսում ենք, որ Հունձքի գործը դեռ շարունակվում է։ Սիրելի՛ եղբայրներ, ներկայումս մեծապես երախտապարտ պիտի լինենք Աստծուն, բարձր գնահատենք գեղեցիկ Ճշմարտությունը, որովհետև Նա մեզ առանձնաշնորհում է տվել ճանաչելու և հասկանալու այն։ Եկեք ջերմեռանդորեն օգնենք ուրիշներին, որպեսզի այդ Ճշմարտությունը հասնի նաև նրանց»։ Թեև նրանց հավատը փորձվեց, սակայն նրանք խիզախորեն դիմացան այդ փորձությանը և հաջողությամբ հաղթահարեցին այն։ Իսկ մենք՝ քրիստոնյաներս, պիտի գիտակցենք, որ հավատի փորձությունները կարող են բազմազան լինել։

18, 19. Աստծու ծառաները հավատի ի՞նչ փորձություններ ունեցան եղբայր Ռասելի մահից հետո։

18 Օրինակ՝ եղբայր Չ. Թ. Ռասելի մահից քիչ անց օծյալ մնացորդը մեկ ուրիշ փորձության ենթարկվեց. դա նվիրվածության ու հավատի մի փորձ էր. ո՞վ էր Մատթէոս 24։45–ում արձանագրված ‘հաւատարիմ ծառան’։ Ոմանք կարծում էին, թե դա հենց եղբայր Ռասելն էր ու կտրականապես մերժեցին համագործակցել կազմակերպչական նոր կարգադրությունների հետ։ Եթե նա էր այդ ծառան ու արդեն մահացած էր, ապա ի՞նչ պիտի անեին եղբայրները. արդյոք նոր նշանակված մի անհատի՞ պիտի հետևեին, թե՞ վերջապես պիտի ընդունեին, որ Եհովան ոչ թե մի անձի, այլ քրիստոնյաների մի ամբողջ խմբի էր որպես գործիք կամ ծառա դասակարգ օգտագործում։

19 Ճշմարիտ քրիստոնյաները 1918 թ.–ին մի ուրիշ փորձություն էլ ունեցան, երբ աշխարհային իշխանությունները, քրիստոնյա աշխարհի հոգևորականության կողմից դրդված, Եհովայի կազմակերպության դեմ ‘չարիք պատրաստեցին սահմանած օրէնքով’ (Սաղմոս 94։20, Արևմտահայերեն Աստվածաշնչի ծանոթագրություն)։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում հալածանքի մի ուժեղ ալիք հարվածեց Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ Հոգևորականության կողմից դրդված ընդդիմությունն իր գագաթնակետին հասավ 1918 թ. մայիսի 7–ին, երբ ԱՄՆ–ում պաշտոնական հրամաններ արձակվեցին Ջ. Ֆ. Ռադերֆորդին և նրա մի քանի մտերիմ ընկերներին, այդ թվում նաև Մակմիլանին ձերբակալելու համար։ Նրանց զրպարտելով մեղադրեցին որպես ապստամբներ. իշխանությունները մերժեցին անմեղության նրանց խնդրագրերը։

20, 21. Մաղաքիա 3։1—3–ում մարգարեացված խոսքերի համաձայն՝ ի՞նչ գործ կատարվեց օծյալների ներսում։

20 Թեև այն ժամանակ դեռևս չէին գիտակցում, բայց արդեն ընթացքի մեջ էր մաքրման այն գործը, որը նկարագրվում է Մաղաքիա 3։1—3 համարներում. «Ո՞վ է նորա գալու օրը տանողը, եւ ո՞վ է նորա երեւալու ժամանակին կանգնողը, որովհետեւ [ուխտի հրեշտակը] հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս։ Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. եւ մաքրելու է Ղեւիի որդկանցը եւ զտելու է նորանց ոսկիի եւ արծաթի պէս. եւ նորանք կ’լինեն արդարությամբ ընծայ մատուցանողներ Տիրոջ համար»։

21 Մինչ Առաջին համաշխարհային պատերազմն իր ավարտին էր մոտենում, Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք հավատի մի ուրիշ փորձության առաջ կանգնեցին. այն էր՝ արդյոք խիստ չեզոք դիրք կգրավեի՞ն աշխարհի զինվորական գործերի նկատմամբ։ Ոմանք միջամտեցին այդ գործերին։ Այդ պատճառով էլ 1918–ին Եհովան «ուխտի հրեշտակին»՝ Հիսուս Քրիստոսին ուղարկեց իր տաճարը՝ հոգևոր համակարգը, որպեսզի Աստծուն երկրպագողների փոքր խմբին մաքրի աշխարհային արատներից։ Նրանք, ովքեր խոստացել էին ճշմարիտ հավատ դրսևորել, փորձություններից դասեր քաղելով, առաջ ընթացան և եռանդորեն շարունակեցին քարոզել։

22. Հավատի փորձությունների հետ կապված ի՞նչ հարցեր ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

22 Այն, ինչ–որ քննարկեցինք, միայն պատմական անցյալին չի վերաբերում, այլ ուղղակիորեն կապված է Եհովայի համաշխարհային ժողովի ներկա հոգևոր վիճակի հետ։ Հաջորդ հոդվածում կքննարկենք հավատի փորձություններից մի քանիսը, որոնց Աստծու ծառաները հանդիպում են այսօր և կիմանանք, թե ինչպես կարելի է դրանք հաջողությամբ հաղթահարել։

Հիշո՞ւմ եք

◻ Ինչո՞ւ է Եհովայի ժողովուրդն ակնկալում, որ իր հավատը պիտի փորձվի

◻ Նախքան 1914 թվականը ինչպիսի՞ ջանքեր ներդրվեցին աստվածային պատգամը տարածելու գործում

◻ Ի՞նչ էր «Լուսադրաման» և ինչպիսի՞ արդյունքներ ունեցավ

◻ 1914–1918 թվականների ընկած ժամանակահատվածում օծյալ մնացորդն ինչպիսի՞ փորձություններ հաղթահարեց

[նկար 10–րդ էջի վրա]

Անցյալ հարյուրամյակի ավարտին շատ երկրներում Աստվածաշունչն ուսումնասիրում էին «Հազարամյակի շեմին» ժողովածուի օգնությամբ, որը հետագայում վերանվանվեց «Սուրբ գրությունների ուսումնասիրություններ»

[նկար 11–րդ էջի վրա]

Չ. Ռասելի գրած նամակը՝ ձայնագրության համար պատրաստված ներածական խոսքերով, որտեղ նա ասում է. « «Արարչության լուսադրաման» ներկայացվում է ԱՈՒՄՄ–ի [Աստվածաշունչ ուսումնասիրողների միջազգային միության] կողմից։ Նրա նպատակը հանրամատչելի, գիտա–կրոնական ուսուցումն է, որը թիկունք է կանգնում Աստվածաշնչին»

[նկար 13–րդ էջի վրա]

Դեմետրիոս Պապաջորջը ճանապարհորդում էր՝ ցուցադրելով «Արարչության Լուսադրաման»։ Հետագայում նա բանտարկվեց քրիստոնեական չեզոքություն պահպանելու համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը