Եկեք ինձ մոտ.... և ես թարմություն կտամ ձեզ
‘Խոսքը քարոզելը’ թարմություն է պատճառում
ՆԱ ԿԱՏԱՐՅԱԼ մարդ էր։ Կարևոր առաքելություն ուներ։ Ուսուցանելու նրա մեթոդներն այնքան արդյունավետ էին, որ «ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ» (Մատթէոս 7։28)։ Նա նաև անխոնջ քարոզիչ էր։ Իր ժամանակը, ուժն ու կարողությունը առաջին հերթին տրամադրում էր Աստծո Թագավորության լուրը քարոզելուն։ Եվ իրոք, Հիսուս Քրիստոսը քայլեց իր հայրենի երկրով մեկ ու քարոզեց՝ որպես անգերազանցելի քարոզիչ և ուսուցիչ (Մատթէոս 9։35)։
Հիսուսի անհետաձգելի առաքելությունն էր իր ժամանակակիցներին «Արքայության Ավետարանը» քարոզելը և իր աշակերտներին սովորեցնելը, որ նույն աշխատանքն անեն համաշխարհային մասշտաբով (Մատթէոս 4։23; 24։14, ԱՆԹ; 28։19, 20)։ Վախեցա՞ն արդյոք նրա անկատար աշակերտները իրենց ուսերին դրված այդքան կարևոր, անհետաձգելի և լայնամասշտաբ քարոզչական առաջադրանքից։
Ոչ մի դեպքում։ Պատվիրելով իր աշակերտներին խնդրել «հնձի Տիրոջը»՝ Եհովա Աստծուն, որ նոր մշակներ հանի իր հնձի համար՝ Հիսուսն ուղարկեց նրանց՝ մարդկանց ուսուցանելու (Մատթէոս 9։38; 10։1)։ Այնուհետև նա հավաստիացրեց, որ լինելով իր հետևորդները և քարոզելով Թագավորության լուրը՝ նրանք աջակցություն ու մխիթարություն կստանան։ Ահա նրա խոսքերը. «Եկեք ինձ մոտ.... և ես թարմություն կտամ ձեզ» (Մատթէոս 11։28, ՆԱ)։
Ուրախության աղբյուրը
Այդ հրավերն ինչպիսի՜ կարեկցանք, սեր ու բարություն է արտացոլում։ Այն երևան է հանում Հիսուսի անկեղծ հոգածությունը իր հետևորդների նկատմամբ։ Եվ իրո՛ք, քրիստոնյաները թարմություն են գտնում՝ կատարելով Հիսուսի՝ իրենց հանձնարարած «Արքայության Ավետարանը» քարոզելու առաջադրանքը։ Դա նրանց իրական ուրախություն և բավարարվածության զգացում է պատճառում (Յովհաննէս 4։36)։
Դեռևս Հիսուսի երկիր գալուց շատ առաջ Գրություններում արդեն ընդգծվում էր այն միտքը, որ սուրբ ծառայությունը Աստծուն պետք է ուրախությամբ մատուցվի։ Դա հստակ երևում է սաղմոսերգուի խոսքերից. «Աղաղակեցէք դէպի Տէրը, ով ամեն երկիր։ Ծառայեցէք Տիրոջն ուրախութիւնով. եկէք նորա երեսի առաջը ցնծութիւնով» (Սաղմոս 100։1, 2)։ Այսօր բոլոր ազգություններին պատկանող մարդիկ ցնծում են Եհովայով, և նրանց գովաբանությունները նման են հաղթանակած բանակի զիլ բացականչություններին։ Աստծուն անկեղծորեն նվիրված մարդիկ ‘գալիս են նրա երեսի առաջ ցնծությունով’։ Եվ դա բնական է, քանի որ Եհովան «երանելի»՝ երջանիկ Աստված է, և ուզում է, որ իր բոլոր ծառաները նվիրման և ծառայության մեջ ուրախություն գտնեն (Ա Տիմոթէոս 1։11)։
Թարմանում են ծառաները
Ինչպե՞ս է հնարավոր, որ դժվար քարոզչական աշխատանքը չհոգնեցնի, այլ ընդհակառակը՝ թարմացնի։ Եհովայի գործը Հիսուսի համար ուժերն ամրապնդող կերակուրի էր նման. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը» (Յովհաննէս 4։34)։
Մերօրյա եռանդուն քարոզիչները նույնանման ուրախություն են ապրում՝ ‘քարոզելով Աստծո խոսքը’ (Բ Տիմոթէոս 4։2)։ Կոննի անունով միջին տարիքի մի քրիստոնյա քույր, որն ամսվա մեջ ավելի քան 70 ժամ նվիրում է ծառայությանը, ասում է. «Ծառայությունից վերադառնում եմ բավարարվածության և ուրախության զգացումով, նույնիսկ եթե օրվա վերջում հոգնածություն եմ զգում»։
Իսկ ի՞նչ կարելի է անել, երբ մարդիկ չեն ցանկանում լսել Թագավորության լուրը։ Կոննին շարունակում է. «Անկախ նրանից, թե ինչպես են մարդիկ արձագանքում, ես ոչ մի անգամ չեմ ափսոսում, որ քարոզել եմ նրանց։ Չէ՞ որ գիտեմ, որ Եհովայի գործն եմ անում։ Բացի այդ, ճշմարտությունը մարդկանց պատմելուց ես հաճույք եմ ստանում, քանի որ շնորհիվ դրա աստվածաշնչյան հիանալի հույսն իմ սրտում ամրապնդվում է»։
Մյուս քարոզիչներն ասում են, որ երբ օգնում են մարդկանց Աստծո մասին ճշգրիտ գիտություն ստանալ, իրենց իսկ կյանքն ավելի է իմաստավորվում։ Կանոնավորաբար ամիսը ավելի քան 50 ժամ քարոզող Մելոնին, որ երիտասարդ կին է, նշում է. «Ծառայությունը թարմություն է բերում, որովհետև օգնում է ինձ կենտրոնանալ իմ նպատակի վրա։ Երբ ծառայում եմ Աստծուն, անձնական խնդիրներն ու ամենօրյա լարվածությունը մղվում են երկրորդ պլան»։
Մեկ այլ եռանդուն Եհովայի վկա՝ Միլլիսենտն ասում է. «Ծառայությունն իմաստավորում է իմ ամեն մի օրը, երբ պատմում եմ մարդկանց Աստծո նպատակի մասին և բացատրում, թե ինչպես է երկրի վրա Դրախտը վերականգնվելու։ Ծառայության շնորհիվ ամեն օր զգում եմ, որ Եհովան իրական անձնավորություն է։ Դա ինձ խաղաղություն է բերում և սիրտս լցնում երջանկության այնպիսի զգացումով, որն անհնար է այլ կերպ ձեռք բերել»։
Թարմանում են լսողները
Թագավորության քարոզիչներն, անկասկած, թարմություն են ստանում քրիստոնեական ծառայությունից, իսկ մխիթարություն՝ նրանք, ովքեր լսում և ընդունում են կենսատու լուրը։ Չնայած այն, որ Պորտուգալիայում դպրոցի մի ուսուցչուհի կրթվել էր միանձնուհիների և քահանաների մոտ, եկեղեցին չէր բավարարել նրա հոգևոր կարիքները։ Նա իր հարցերին Աստվածաշնչով հիմնավորված պատասխաններ չէր ստացել։ Եհովայի վկաներից մեկի օգնությամբ կանոնավորաբար անցկացվող Աստվածաշնչի ուսումնասիրությունն օգնեց նրան հետզհետե հայտնաբերել աստվածաշնչյան ճշմարտությունը։ Նա ցնծում էր. «Ամեն չորեքշաբթի ես անհամբերությամբ սպասում էի մեր պարապմունքներին, որոնց ժամանակ Աստվածաշնչի օգնությամբ հետզհետե գտնում էի իմ բոլոր հարցերի համոզիչ պատասխանները»։ Այժմ նա ծառայում է Եհովա Աստծուն որպես նվիրված վկա՝ իր հերթին մյուսներին պատմելով աստվածաշնչյան թարմացնող ճշմարտությունները։
Կասկած չկա, որ Եհովայի վկաները չեն վախենում իրենց ուսերին դրված լայնածավալ և լուրջ առաջադրանքից՝ քարոզել մարդկանց ամբողջ երկրով մեկ։ Նրանց ոգին չեն կարող հանգցնել ո՛չ մարդկանց անտարբերությունը, ո՛չ էլ տարբեր բնույթի հակառակությունները։ Նրանք եռանդորեն տրամադրում են իրենց ուժն ու ժամանակը Աստծո Թագավորությունը քարոզելուն՝ պատմելով մարդկանց ամենուրեք, որտեղ էլ որ հանդիպելիս լինեն նրանց. Միացյալ Նահանգների բեռնատար մեքենաների կայաներից մեկում (1), Կորեայի օդանավակայանում (2), Անդերում (3), թե՝ Լոնդոնի շուկերից մեկում (4)։ Ամբողջ աշխարհում Հիսուսի ժամանակակից հետևորդները ուրախությամբ են կատարում իրենց իմաստալից աշխատանքը։ Իսկ Հիսուսը՝ հավատարիմ իր խոստմանը, նրանց թարմություն է տալիս՝ հորդորելով, որ իրենց հերթին նրանք էլ թարմություն պատճառեն մյուսներին (Յայտնութիւն 22։17)։