Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 9/1 էջ 4–7
  • Լավ հարևանները օրհնություն են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լավ հարևանները օրհնություն են
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Որտեղի՞ց սկսել
  • Լավ հարևանները պատրաստ են տալու
  • Լավ հարևանները ինչ–որ բան ստանալիս երախտագիտություն են ցուցաբերում
  • Երբ դժբախտություն է պատահում
  • Բարեկամական մեծագույն քայլ
  • «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»
    2014 Դիտարան
  • Իրականում ո՞վ է մերձավորը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ինչ է նշանակում սիրել մերձավորին
    2006 Դիտարան
  • Բարի սամարացին
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
2002 Դիտարան
w02 9/1 էջ 4–7

Լավ հարևանները օրհնություն են

«Լաւ է մօտիկ հարեւանը քան թէ հեռու եղբայրը» (Առակաց 27։10)։

Առաջին դարում ապրած մի օրենսգետ Հիսուսին տվեց հետևյալ հարցը. «Իմ ընկերն ո՞վ է»։ Ի պատասխան՝ Հիսուսը ոչ թե ասաց, թե ով էր իր ընկերը, այլ՝ թե իսկական բարեկամը ինչպիսին պետք է լինի։ Երևի թե ծանոթ եք Հիսուսի բերած օրինակին։ Այն գրված է Ղուկասի Ավետարանում և շատերին հայտնի է «Բարի սամարացու առակ» անվանումով։

Ահա թե ինչ պատմեց Հիսուսը. «Մի մարդ Երուսաղէմից իջնում էր Երիքով. եւ աւազակների ձեռքն ընկաւ, նորանք էլ մերկացրին նորան՝ եւ խոցոտեցին նորան, կիսամահ թողեցին գնացին։ Եւ դիպուածով մի քահանայ էր իջնում նոյն ճանապարհովը, եւ նորան տեսաւ՝ անցաւ։ Նոյնպէս էլ մի Ղեւտացի այն տեղը հասաւ եկաւ եւ տեսաւ՝ անցաւ։ Մի սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկաւ այնտեղ եւ նորան տեսնելով գթաց։ Եւ մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձէթ եւ գինի ածելով. եւ իր անասունի վերայ դրած տարաւ նորան մի իջեւան, եւ նորան հոգ տարաւ։ Եւ հետեւեալ օրն երբոր այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջեւանի տիրոջը տուաւ եւ ասեց նորան. Դորան հոգ տար, եւ ինչ որ աւելի ծախք անես, ես միւսանգամ ետ դառնալիս կ’ճարեմ քեզ։ Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն աւազակների ձեռք ընկած մարդին» (Ղուկաս 10։29–36)։

Օրենսգետը ակներևաբար հասկացավ առակի իմաստը. առանց տատանվելու՝ նա տվեց ճիշտ պատասխանը՝ ասելով. «Նա՝ որ ողորմութիւն արաւ նորան»։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Գնա, դու էլ այնպէս արա» (Ղուկաս 10։37)։ Որքա՜ն լավ է այս օրինակից երևում, թե ինչ է նշանակում լավ բարեկամ լինել։ Կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Ինչպիսի՞ն եմ ես այդ հարցում։ Արդյոք ռասայական կամ ազգային պատկանելությունը որևէ դեր չի՞ խաղում այն հարցում, թե ում եմ մերձավոր համարում։ Նման գործոնները չե՞ն սահմանափակում դժվարության մեջ հայտնված անհատներին օգնելու իմ պարտականությունը։ Ջանք թափո՞ւմ եմ՝ լավ բարեկամ լինելու»։

Որտեղի՞ց սկսել

Եթե զգում ենք, որ այս հարցում բարելավվելու կարիք ունենք, պետք է սկսենք մեր մտածելակերպից։ Նախ պիտի փորձենք պարզել, թե ինչ է հարկավոր անել լավ բարեկամ լինելու համար։ Դա էլ իր հերթին կնպասի, որ լավ հարևաններ ունենանք։ Մոտ երկու հազար տարի առաջ իր Լեռան քարոզում Հիսուսը մարդկային փոխհարաբերություններին վերաբերող մի կարևոր սկզբունք նշեց։ Նա ասաց. «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները» (Մատթէոս 7։12)։ Եթե ուրիշների հանդեպ պատիվ ու հարգանք ցուցաբերենք և սիրալիր լինենք, ապա կխրախուսենք նրանց նույն ձևով մեզ հետ վարվելու։

Գրող և ժուռնալիստ Լիզե Ֆանդերբուրգը «Սիրելով քո հարևաններին» հոդվածում նշում է մի քանի հասարակ բաներ, որոնք կարող են նպաստել լավ հարևաններ ունենալուն («The Nation Since 1865»)։ Նա գրում է. «Ես կուզեի տեսնել.... որ հարևանների շփումը ուղեկցվում է բազում փոքրիկ բարի գործերով, որոնցից են՝ ....հարևանների բացակայության ժամանակ նրանց երեխաներին նայելը, նրանց խնդրանքով՝ խանութից ինչ–​որ բան գնելը։ Ես ուզում եմ, որ նման հարաբերություններ տիրեն այս աշխարհում, որտեղ մարդիկ գնալով օտարանում են միմյանցից, և որտեղ մարդկային փոխհարաբերությունները սառչում են վախի ու հանցագործության պատճառով»։ Հետո նա ավելացնում է. «Պետք է ինչ–​որ տեղից սկսել։ Եվ դա կարող է լինել կողքի դուռը»։

Մեկ այլ պարբերագրում նույնպես օգտակար խորհուրդ է տրվում, որը կարող է օգնել հարևաններին միմյանց հետ ավելի լավ հարաբերություններ ունենալու («Canadian Geographic»)։ Գրող Մարնի Ջեքսոնը նշում է. «Հարևաններին, ինչպես ընտանիքի անդամներին, սովորաբար չեն ընտրում. լավ հարաբերությունների համար հարկավոր է նրբանկատություն, քաղաքավարություն և հարգանք»։

Լավ հարևանները պատրաստ են տալու

Շատերի համար գուցե դժվար է խոսակցություն սկսել հարևանների հետ։ Թվում է՝ ավելի հեշտ է խուսափել շփումից և մեկուսանալ։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։ Ուստի լավ հարևանը կփորձի ի՛նքը ծանոթանալ իր շուրջը ապրող մարդկանց հետ։ Անպայման չէ, որ դա նշանակի, թե նա ձգտում է մտերիմ ընկերական հարաբերությունների։ Այնուամենայնիվ, նա կփորձի ժամանակ առ ժամանակ մի երկու հաճելի խոսք փոխանակել նրանց հետ։ Կարելի է սկսել սիրալիր ժպիտից կամ գլխի բարեկամական շարժումից։

Ինչպես նախապես նշվեց, «բազում փոքրիկ բարի գործերը», որ հարևանները կանեն միմյանց համար, իսկապես կարևոր են բարեկամական հարաբերություններ սկսելու և դրանք պահպանելու հարցում։ Ուստի լավ կլինի հարևանի համար նման բաներ անելու հնարավորություններ փնտրել, քանի որ հենց դա է սովորաբար նպաստում փոխադարձ հարգանքին և համագործակցությանը։ Դեռ ավելին, այդպես վարվելով՝ կհետևենք Աստվածաշնչում տրված հետևյալ խորհրդին. «Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու» (Առակաց 3։27; Յակոբոս 2։14–17)։

Լավ հարևանները ինչ–որ բան ստանալիս երախտագիտություն են ցուցաբերում

Չափազանց իդեալական կհնչեր, եթե ասեինք, որ յուրաքանչյուր մարդ երախտագիտությամբ է ընդունում նվերները կամ իր հանդեպ ցույց տրված օգնությունը։ Ցավոք, միշտ չէ, որ այդպես է։ Հաճախ լավ միտումներով տրված նվերը կամ օգնությունը այնքան անշնորհակալ ձևով է ընդունվում, որ այդ անկեղծ մարդը կարող է մտածել. «Սա վերջի՛ն անգամն է»։ Երբեմն բարեկամաբար բարև տալու ձեր բոլոր ջանքերի դիմաց գուցե գլխի մի թեթև շարժում տեսնեք ի պատասխան։

Սակայն շատ դեպքերում մարդիկ իրականում ոչ թէ անշնորհակալ են, այլ այդպիսին թվում են։ Անհատի վարանելը, շփոթվելը, անտարբեր ու ոչ բարյացակամ թվացող վերաբերմունքը կարող են պայմանավորված լինել նրա ծագումով։ Բացի այդ, երախտագիտությունից զուրկ այս աշխարհում ձեր սիրալիր վերաբերմունքը ոմանց գուցե արտասովոր թվա, նրանք գուցե նույնիսկ կասկածեն ձեր անկեղծությանը, ուստիև ցանկանան համոզվել դրանում։ Այնպես որ՝ բարեկամական փոխհարաբերություններ հաստատելու համար ժամանակ և համբերություն է հարկավոր։ Բայց սովորելով պատրաստակամորեն տալ և երախտագիտությամբ ընդունել՝ կնպաստենք համերաշխ ու ուրախ մթնոլորտին։

Երբ դժբախտություն է պատահում

Լավ հարևանը օրհնություն է հատկապես դժբախտության պահին։ Իսկական բարեկամությունը այդ ժամանակ է երևում։ Բազում վկայություններ կան այն մասին, թե ինչպես են հարևանները այդպիսի դեպքերում անշահախնդրորեն օգնության ձեռք մեկնել։ Ընդհանուր վիշտը կարծես ինքնաբերաբար մղել է հարևաններին միմյանց օգնելու. նույնիսկ այնպիսի անձանց, որոնք հակառակորդներ են եղել։

Օրինակ՝ համաձայն մի պարբերագրի՝ երբ Թուրքիայում 1999 թ.–ին աղետալի երկրաշարժ տեղի ունեցավ, հարևանությամբ ապրող նրանց դարավոր թշնամիները բարեկամական վերաբերմունք ցուցաբերեցին («The New York Times»)։ «Մեզ տարիներ շարունակ սովորեցրել են, որ հարկավոր է ատել թուրքերին,— գրում է հույն մեկնաբան Աննա Սթերյիուն Աթենքում լույս տեսնող պարբերագրերից մեկում։— Բայց նրանց անասելի ցավը մեզ ոչ մի ուրախություն չպատճառեց։ Մեռած մանուկների մարմիններ տեսնելով՝ հուզվել էինք, լացում էինք, կարծես՝ դարավոր թշնամությունը անհետացած լիներ»։ Հունաստանից եկած փրկարար ջոկատները շարունակեցին կենդանի մնացած մարդկանց որոնումները նույնիսկ այն ժամանակ, երբ փրկարարական աշխատանքները պաշտոնապես ավարտվել էին։

Որևէ աղետից հետո փրկարարական աշխատանքներին մասնակցելը, ինչ խոսք, վեհ և հերոսական քայլ է, որ վկայում է մեր բարեկամական վերաբերմունքի մասին։ Սակայն անկասկած ավելի գնահատելի քայլ կլինի աղետի մասին նախազգուշացնելը՝ դրանով նախքան դժբախտություն պատահելը մերձավորների կյանքը փրկելը։ Ցավոք, պատմությունը ցույց է տալիս, որ այն անհատները, ովքեր նախազգուշացրել են իրենց մերձավորներին գալիք աղետների մասին, հաճախ բարյացակամ վերաբերմունքի չեն արժանացել, քանի որ այդ ընթացքում վերահաս դժբախտությունը այնքան էլ նկատելի չի եղել։ Նախազգուշացում տվողներին հաճախ թերահավատությամբ են լսել։ Բավական հաստատակամություն և անձնազոհություն է պահանջվում անհատից, որպեսզի նա կարողանա օգնել մարդկանց հասկանալու, որ վերջիններիս վտանգ է սպառնում։

Բարեկամական մեծագույն քայլ

Այսօր բնական աղետից շատ ավելի մեծ բան է սպասում մարդկությանը։ Դա այն մարգարեության իրականացումն է, համաձայն որի՝ Ամենակարող Աստված ազատելու է երկիրը հանցագործությունից, չարությունից և դրանցով պայմանավորված խնդիրներից (Յայտնութիւն 16։16; 21։3, 4)։ Այդ նշանակալից իրադարձությունը տեղի է ունենալու անպայմա՛ն։ Եհովայի վկաները ջանում են հնարավորին չափ շատ մարդկանց փոխանցել այն գիտությունը, որը կօգնի փրկվել վերահաս այդ կործանումից, որ ցնցելու է աշխարհը։ Դա է պատճառը, որ նրանք այդքան հաստատակամորեն են կատարում բոլորին հայտնի իրենց քարոզչական գործը համայն աշխարհում (Մատթէոս 24։14)։ Նրանք անում են այդ իրենց կամքով՝ Աստծո և մերձավորի հանդեպ սիրուց մղված։

Ուստի՝ թույլ մի տվեք, որ նախապաշարմունքը կամ վրդովմունքը խանգարեն ձեզ լսել Վկաներին, երբ նրանք թակում են ձեր դուռը կամ փորձում են զրուցել ձեզ հետ ուրիշ մի վայրում։ Նրանք պարզապես ջանք են թափում լավ մերձավորներ լինելու։ Ընդունեք Աստվածաշունչ ուսումնասիրելու նրանց առաջարկը և Աստծո Խոսքից սովորեք, որ մոտ է այն ժամանակը, երբ մարդիկ ուրախությամբ կվայելեն իրենց մերձավորների ընկերակցությունը։ Այդ ժամանակ ռասայական, կրոնական և դասակարգային ոտնահարման և ոչ մի փորձ վնաս չի հասցնի այն ջերմ հարաբերություններին, որ կլինեն մարդկանց միջև, և որոնց շատերս իսկապես ձգտում ենք։

[նկարներ 6–րդ և 7–րդ էջերի վրա]

Լավ կլինի, որ հարևանների համար բարի գործեր անենք

[թույլտվությամբ]

Globe: Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը