Արդարություն փնտրելը կպաշտպանի մեզ
«Առաջ Աստուծոյ.... արդարությունը [փնտրեցեք]» (ՄԱՏԹԷՈՍ 6։33)։
1, 2. Երիտասարդ քրիստոնյա կինն ի՞նչ որոշում կայացրեց, և ինչո՞ւ։
ԱՍԻԱՅՈՒՄ մի երիտասարդ քրիստոնյա կին աշխատում էր պետական հիմնարկում որպես քարտուղարուհի։ Նա բարեխիղճ էր, ժամանակին գալիս էր աշխատանքի և գլուխ չէր պահում։ Բայց ղեկավարությունը նրան ժամանակավորապես էր աշխատանքի ընդունել, և եկավ այն պահը, երբ պիտի որոշվեր նրան պահելու կամ ազատելու հարցը։ Պետը երիտասարդ կնոջն ասաց, որ նրան մշտական աշխատանքի կվերցնի և նույնիսկ ավելի բարձր պաշտոն կտա, եթե նա ինտիմ հարաբերություն ունենա իր հետ։ Կինը կտրականապես մերժեց առաջարկը, չնայած որ դա նշանակում էր աշխատանքի կորուստ։
2 Արդյոք կարելի՞ է ասել, որ երիտասարդ քրիստոնյա կինը անիրատես գտնվեց։ Ոչ, նա ամենայն ուշադրությամբ հետևեց Հիսուսի խոսքերին. «Առաջ Աստուծոյ.... արդարությունը [փնտրեցեք]» (Մատթէոս 6։33)։ Նրա համար արդար սկզբունքներով առաջնորդվելն ավելի կարևոր էր, քան սեռական անբարոյություն գործելու միջոցով շահ ստանալը (Ա Կորնթացիս 6։18)։
Արդարությունը կարևոր է
3. Ի՞նչ է արդարությունը։
3 «Արդար»՝ նշանակում է բարոյապես անարատ և ազնիվ։ Աստվածաշնչում այս բառի հունարեն և եբրայերեն համարժեքներն ունեն «շիտակության» կամ «ուղղամտության» իմաստ։ Անհատը չի կարող «արդար» համարվել, եթե իր մասին դատողություններ է անում՝ հիմնվելով սեփական չափանիշների վրա (Ղուկաս 16։15)։ Արդարությունը ուղղամտությունն է ըստ Եհովայի չափանիշների։ Լինել արդար՝ նշանակում է արտացոլել Աստծու արդարությունը (Հռովմայեցիս 1։17, ԱԱ; 3։21)։
4. Ինչո՞ւ է արդարությունը կարևոր քրիստոնյայի համար։
4 Ինչո՞ւ է արդարությունը կարևոր։ Որովհետև Եհովան՝ «արդարութեան Աստուած», իր ծառաներին հաճություն է ցույց տալիս, երբ նրանք արդարություն են գործում (Սաղմոս 4։1; Առակաց 2։20–22; Ամբակում 1։13)։ Անարդարություն գործող յուրաքանչյուր ոք չի կարող մտերիմ հարաբերություններ ունենալ նրա հետ (Առակաց 15։8)։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը Տիմոթեոսին հորդորեց, որ նա ‘երիտասարդական ցանկություններից փախչի, բայց հետևի արդարության’, ինչպես նաև ուրիշ կարևոր հատկությունների (Բ Տիմոթէոս 2։22)։ Հենց այդ նույն պատճառով Պողոսը հոգևոր սպառազինության նկարագրության մեջ հիշատակեց նաև «արդարութեան զրահը» (Եփեսացիս 6։14)։
5. Ինչպե՞ս կարող է անկատար մարդը արդարություն փնտրել։
5 Իհարկե, ոչ մի մարդ բառի բացարձակ իմաստով արդար չէ։ Բոլորը Ադամից ժառանգել են անկատարություն, ուստի բոլորն էլ ի ծնե մեղավոր են և անարդար։ Բայցևայնպես, Հիսուսն ասաց, որ մենք արդարություն փնտրենք։ Մի՞թե դա հնարավոր է։ Այո՛, քանի որ Հիսուսն իր կատարյալ կյանքը տվեց որպես փրկանք մեզ համար, ու եթե հավատ ենք ընծայում այդ քավիչ զոհաբերությանը, Եհովան պատրաստ է ներել մեր մեղքերը (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16; Հռովմայեցիս 5։8, 9, 12, 18)։ Այդ փրկանքի հիման վրա Եհովան ընդունում է մեր երկրպագությունը, եթե, իհարկե, սովորում ենք նրա արդար չափանիշները և ամեն ինչ անում դրանք պահելու համար, ինչպես նաև աղոթում ենք նրան և օգնություն խնդրում մեր թուլությունները հաղթահարելու համար (Սաղմոս 1։6; Հռովմայեցիս 7։19–25; Յայտնութիւն 7։9, 14)։ Ինչպիսի՜ մխիթարություն։
Արդար՝ անարդար աշխարհում
6. Ինչո՞ւ էր աշխարհը վտանգավոր վաղ քրիստոնյաների համար։
6 Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց, որ իր վկաները լինեն «մինչեւ երկրի ծայրերը»։ Դա հեշտ առաջադրանք չէր (Գործք 1։8)։ Քարոզչության համար նրանց հանձնարարված տարածքը «Չարի [այսինքն՝ Սատանայի] իշխանության տակ» էր (Ա Յովհաննէս 5։19, ՆԱ)։ Աշխարհը վարակված էր նրա տարածած ամբարիշտ ոգով, և քրիստոնյաները աշխարհի ապականիչ ազդեցությանը ենթարկվելու վտանգի տակ էին (Եփեսացիս 2։2)։ Աշխարհը վտանգավոր էր նրանց համար։ Աշակերտները կկարողանային տոկալ և իրենց անարատությունը պահել միայն այն դեպքում, եթե նախևառաջ Աստծու արդարությունը փնտրեին։ Մեծամասնությանը դա հաջողվեց, բայց ոմանք շեղվեցին ‘արդարության ճանապարհից’ (Առակաց 12։28; Բ Տիմոթէոս 4։9բ)։
7. Ինչո՞ւ քրիստոնյան պետք է դիմադրի ապականիչ ազդեցություններին։
7 Իսկ այսօր աշխարհը քրիստոնյաների համար պակա՞ս վտանգավոր է։ Բոլորովի՛ն։ Առաջին դարի համեմատությամբ՝ այն նույնիսկ ավելի ապականված է։ Բացի այդ, Սատանան այժմ գցված է երկրի վրա, և նա՝ չարությամբ լի, պատերազմ է մղում օծյալ քրիստոնյաների՝ այլաբանական ‘կնոջ’ սերնդի մնացորդի դեմ, որը պահում է Աստծու պատվիրանները և վկայում Հիսուսի մասին (Յայտնութիւն 12։12, 17)։ Սատանան պայքարում է նաև նրանց դեմ, ովքեր աջակցում են այդ սերնդին։ Բայց քրիստոնյաները չեն կարող թաքնվել աշխարհից։ Չլինելով աշխարհի մի մասը՝ այնուամենայնիվ նրանք պետք է այնտեղ ապրեն (Յովհաննէս 17։15, 16)։ Ավելին, նրանք պետք է քարոզեն այդ աշխարհում և փնտրեն ճիշտ տրամադրվածություն ունեցողներին, որպեսզի նրանց Քրիստոսի ‘աշակերտ դարձնեն’ (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Այսպիսով՝ քանի որ քրիստոնյաները չեն կարող լիովին խուսափել աշխարհի ապականիչ ազդեցությունից, նրանք պետք է դիմադրեն դրան։ Եկեք քննենք այդպիսի չորս ազդեցություն։
Անբարոյությունը՝ ծուղակ
8. Ինչո՞ւ իսրայելացիները սկսեցին պաշտել Մովաբի աստվածներին։
8 Իրենց 40–ամյա անապատային դեգերումների վերջում մեծաթիվ իսրայելացիներ հեռացան արդարության ճանապարհից։ Մինչ այդ նրանք բազմիցս ականատես էին եղել, թե ինչպես է Եհովան փրկել իրենց, իսկ հիմա կանգնած էին Ավետյաց երկրի շեմին։ Բայց այդպիսի վճռական ժամանակում նրանք սկսեցին ծառայել Մովաբի աստվածներին։ Ինչո՞ւ։ Իսրայելացիներն անձնատուր եղան ‘մարմնի ցանկությանը’ (Ա Յովհաննէս 2։16)։ Կարդում ենք. «Ժողովուրդն սկսեց Մովաբի աղջկերանց հետ պոռնկութիւն անել» (Թուոց 25։1)։
9, 10. Այսօր ո՞ր իրավիճակն է ստիպում մեզ միշտ հիշել, որ մարմնական սխալ ցանկությունները ապականիչ ազդեցություն ունեն։
9 Այս դրվագը վառ կերպով ցույց է տալիս, թե մարմնական սխալ ցանկություններն ինչպես կարող են ապականել անզգույշներին։ Մենք պետք է դաս քաղենք այս դեպքից հատկապես այն պատճառով, որ անբարոյությունը ամենուր սկսել է դիտվել որպես ընդունելի կենսաձև (Ա Կորնթացիս 10։6, 8)։ ԱՄՆ–ից ստացված մի տեղեկության մեջ նշվում է. «Մինչև 1970 թվականը կենակցությունը [այսինքն՝ երբ իրար հետ չամուսնացած տղամարդն ու կինը միասին են ապրում] ԱՄՆ–ի բոլոր նահանգներում համարվում էր օրենքի խախտում։ Այժմ դա սովորական երևույթ է դարձել։ Առաջին անգամ ամուսնացած զույգերի ավելի քան 50 տոկոսը ամուսնությունից առաջ ապրել է համատեղ կյանքով»։ Անառակ վարքի այս և մյուս ձևերը չեն սահմանափակվում մեկ երկրի մասշտաբներով։ Ամբողջ աշխարհում կարելի է հանդիպել նման դեպքերի, և, ցավոք, որոշ քրիստոնյաներ ընկել են այդ հոսանքի մեջ՝ նույնիսկ կորցնելով իրենց դիրքը քրիստոնեական ժողովում (Ա Կորնթացիս 5։11)։
10 Բացի այդ, դատելով ամեն ինչից, անբարոյությունը ամենուրեք խրախուսվում է։ Ֆիլմերն ու հեռուստածրագրերը հուշում են, որ միանգամայն ընդունելի է, երբ պատանիներն ու երիտասարդները սկսում են սեռական կյանքով ապրել նախքան ամուսնությունը։ Համասեռամոլությունը ներկայացվում է որպես նորմալ երևույթ։ Շատ հաղորդումներ ավելի ու ավելի բացահայտորեն են ներկայացնում սեռական տեսարաններ։ Այդպիսի բացահայտ պատկերների հեշտությամբ կարելի է հանդիպել նաև Ինտերնետում։ Օրինակ՝ մի լրագրում թղթակիցը տեղեկացնում է, որ իր յոթ տարեկան տղան դպրոցից եկավ տուն և հուզված պատմեց, որ իր դպրոցական ընկերներից մեկը Ինտերնետում գտել է մի էջ, որը պատկերում է սեռական գործողություններ կատարող մերկ կանանց։ Հայրը սարսափահար եղավ։ Բայց քանի՜–քանի՜ երեխաներ են հանդիպում այդպիսի էջերի և իրենց ծնողներին չեն ասում այդ մասին։ Իսկ քանի՞ ծնող գիտի, թե ինչ բովանդակություն ունեն այն տեսախաղերը, որոնցով զբաղվում են իրենց զավակները։ Տարածված շատ խաղեր պարունակում են նողկալի անբարոյականություն, ինչպես նաև դիվապաշտություն և բռնություն։
11. Ինչպե՞ս կարող է ընտանիքը պաշտպանվել աշխարհում տիրող անբարոյությունից։
11 Ինչպե՞ս կարող է ընտանիքը դիմադրել «ժամանցի» նման գարշելի ձևերին։ Ընտանիքի անդամներն ի վիճակի կլինեն դիմադրելու, եթե նախևառաջ փնտրեն Աստծու արդարությունը՝ մերժելով ցանկացած անբարոյություն (Բ Կորնթացիս 6։14; Եփեսացիս 5։3)։ Հարկ եղած ձևով հետևելով իրենց երեխաների զբաղմունքներին և նրանց մեջ արմատավորելով սեր Եհովայի ու նրա արդար օրենքների հանդեպ՝ ծնողները կկոփեն նրանց՝ ընդդեմ պոռնկագրության, պոռնկագրական տեսախաղերի, անբարո ֆիլմերի և ուրիշ գայթակղությունների (Բ Օրինաց 6։4–9)։a
Հասարակության ճնշումը վտանգավոր է
12. Ի՞նչ խնդիր էր ծագել առաջին դարում։
12 Երբ Պողոսը Լյուստրա քաղաքում էր (Փոքր Ասիա), նա, հրաշք գործելով, բուժեց մի մարդու։ Աստվածաշնչում կարդում ենք. «Ժողովուրդը Պօղոսի արածը տեսնելով, իրանց ձայնը բարձրացրին Լիկայոներէն՝ եւ ասեցին. Աստուածները մարդկանց նման եղած վայր եկան մեզ մօտ։ Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, եւ Պօղոսին Հերմէս. որովհետեւ նա էր խօսքի առաջնորդը» (Գործք 14։10, 11)։ Բայց ավելի ուշ այդ նույն ժողովուրդը ցանկացավ սպանել Պողոսին ու Բառնաբասին (Գործք 14։18)։ Պարզ է, որ այդ մարդիկ շատ հեշտությամբ էին ենթարկվում հասարակության ճնշմանը։ Այդ տարածաշրջանի բնակիչներից ոմանք քրիստոնյա դառնալուց հետո, ըստ երևույթին, չէին թողել իրենց սնոտի պատկերացումները։ Պատահական չէ, որ կողոսացի քրիստոնյաներին ուղղված նամակում Պողոսը նրանց զգուշացրեց ‘հրեշտակներին պաշտամունք’ մատուցելուց (Կողոսացիս 2։18, ԱԱ)։
13. Ո՞ր սովորություններից քրիստոնյան պետք է խուսափի, և ինչպե՞ս նա կարող է խիզախություն ձեռք բերել դա անելու համար։
13 Այսօր ճշմարիտ քրիստոնյաները պետք է խուսափեն հասարակության մեջ տարածված այն սովորություններից, որոնք հիմնված են քրիստոնեական սկզբունքները խախտող կեղծ կրոնական գաղափարների վրա։ Որոշ երկրներում, օրինակ, ծննդյան և մահվան հետ կապված շատ սովորություններ հիմնված են այն ստի վրա, իբր թե մարդը մահը վերապրող ոգի ունի (Ժողովող 9։5, 10)։ Կան երկրներ, որտեղ սովորություն կա մանկահասակ աղջիկներին ենթարկել այսպես կոչված կանացի թլփատության, որն այսօր բնորոշվում է որպես սեռական օրգանների հաշմում։ Սա դաժան և անիմաստ սովորություն է, որը չի արտահայտում այն սիրառատ հոգատարությունը, որը քրիստոնյա ծնողները պետք է ցուցաբերեն իրենց երեխաների հանդեպ (Բ Օրինաց 6։6, 7; Եփեսացիս 6։4)։ Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները դիմադրել հասարակության ճնշմանը և չհետևել այսպիսի սովորությունների։ Նրանք պետք է Եհովային լիովին վստահեն (Սաղմոս 31։6)։ Արդար Աստված կզորացնի ու հոգ կտանի բոլոր նրանց, ովքեր սրտանց աղոթում են իրեն. «Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ» (Սաղմոս 91։2; Առակաց 29։25)։
Մի մոռացիր Եհովային
14. Եհովան ի՞նչ զգուշացրեց իսրայելացիներին, երբ նրանք կանգնած էին Ավետյաց երկրի շեմին։
14 Երբ իսրայելացիները Ավետյաց երկրի շեմին էին, Եհովան նրանց զգուշացրեց չմոռանալ իրեն։ Նա ասաց. «Քո անձին զգուշութիւն արա, մի գուցէ քո Եհովայ Աստուծուն մոռանաս, որ չը պահես նորա պատուիրանքները, դատաստանները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։ Մի գուցէ ուտես եւ կշտանաս, եւ գեղեցիկ տներ շինես եւ բնակուես, եւ արջառներդ ու հոտերդ շատանան, եւ արծաթդ ու ոսկիդ շատանայ, եւ ամեն ունեցածդ շատանայ, եւ յետոյ սիրտդ հպարտանայ, եւ քո Եհովայ Աստուծուն մոռանաս» (Բ Օրինաց 8։11–14)։
15. Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ չենք մոռանում Եհովային։
15 Կարո՞ղ է նման բան տեղի ունենալ մեր օրերում։ Այո՛, եթե սխալ առաջնահերթություններ դնենք։ Բայց եթե ուզում ենք նախևառաջ փնտրել Աստծու արդարությունը, ուրեմն ճշմարիտ երկրպագությունը պետք է ամենակարևոր բանը դարձնենք մեր կյանքում։ Մենք, ինչպես Պողոսն է քաջալերում, ‘ժամանակը կգնենք’ և հրատապության զգացումով կծառայենք (Կողոսացիս 4։5; Բ Տիմոթէոս 4։2)։ Սակայն եթե հանդիպումներին հաճախելը և քարոզչական ծառայությանը մասնակցելը մեզ համար պակաս կարևոր լինեն, քան ժամանցի ու զվարճանալու հնարավորություններ փնտրելը, մենք Եհովային գուցե մոռանանք այն իմաստով, որ նա երկրորդական դառնա մեր կյանքում։ Պողոսն ասաց, որ վերջին օրերում մարդիկ ավելի շատ կսիրեն հաճույքներ, քան Աստծուն (Բ Տիմոթէոս 3։4, ՆԱ)։ Անկեղծ քրիստոնյաները կանոնավորաբար քննում են իրենց անձը՝ հավաստիանալու համար, որ իրենք չեն նմանվում այդպիսի մարդկանց (Բ Կորնթացիս 13։5)։
Զգուշացիր անկախության ոգուց
16. Ի՞նչ սխալ ոգի դրսևորեցին Եվան և Պողոսի օրերում ապրող որոշ քրիստոնյաներ։
16 Եդեմում Սատանան Եվայի մեջ անկախության եսասիրական ցանկություն արթնացրեց, և արդյունքում Եվան ցանկացավ ինքնուրույն որոշել, թե որն է բարին և չարը (Ծննդոց 3։1–6)։ Առաջին դարում Կորնթոսի ժողովում ոմանք նման ոգի դրսևորեցին։ Նրանք իրենց երևակայում էին, թե Պողոսից ավելի շատ գիտելիքներ ունեն, և առաքյալը հեգնանքով նրանց անվանեց մեծամեծ առաքյալներ (Բ Կորնթացիս 11։3–5; Ա Տիմոթէոս 6։3–5)։
17. Ինչպե՞ս կարող ենք խուսափել անկախության ոգուց։
17 Այսօր աշխարհում տարածված է համառությունն ու հպարտությունը, և որոշ քրիստոնյաներ դրսևորել են այդ հատկությունները։ Ոմանք նույնիսկ դարձել են ճշմարտության հակառակորդներ (Բ Տիմոթէոս 3։4, ՆԱ; Փիլիպպեցիս 3։18)։ Շատ կարևոր է, որ ճշմարիտ երկրպագությանն առնչվող հարցերում առաջնորդության համար դիմենք Եհովային և համագործակցենք «հավատարիմ և իմաստուն ծառայի» ու ժողովի երեցների հետ։ Վարվելով այդպես՝ մենք արդարություն փնտրած կլինենք, և դա կպաշտպանի մեզ այն բանից, որ մեր սրտում անկախության ոգի չծնվի (Մատթէոս 24։45–47; Սաղմոս 25։9, 10; Եսայիա 30։21)։ Օծյալների ժողովը «ճշմարտության սյունն ու խարիսխն է»։ Եհովան այդ ժողովի միջոցով մեզ պաշտպանում և առաջնորդում է (Ա Տիմոթէոս 3։15, ԱՆԹ)։ Ժողովի կենսական դերը ճանաչելը կօգնի մեզ, որ, խոնարհաբար հնազանդվելով Եհովայի արդար կամքին, ‘ոչ մի բան չանենք սնապարծությունից մղված’ (Փիլիպպեցիս 2։2–4; Առակաց 3։4–6)։
Ընդօրինակիր Հիսուսին
18. Մեզ քաջալերանք է տրվում ինչո՞ւմ ընդօրինակել Հիսուսին։
18 Աստվածաշունչը Հիսուսի մասին մարգարեաբար ասում է. «Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում ես անօրէնութիւնը» (Սաղմոս 45։7; Եբրայեցիս 1։9)։ Այդպիսի տրամադրվածությունը արժանի է ընդօրինակման (Ա Կորնթացիս 11։1)։ Հիսուսը ոչ միայն գիտեր Եհովայի արդար չափանիշները, այլև սիրում էր դրանք։ Ուստի երբ Սատանան անապատում փորձեց նրան, Հիսուսի մտքով մի պահ անգամ չանցավ շեղվել ‘արդարության ճանապարհից’ (Առակաց 8։20; Մատթէոս 4։3–11)։
19, 20. Արդարություն փնտրելն ի՞նչ լավ պտուղներ է բերում։
19 Ճիշտ է, մարմնի անարդար ցանկությունները կարող են ուժգին լինել (Հռովմայեցիս 7։19, 20)։ Բայցևայնպես, եթե արդարությունը թանկ է մեզ համար, ուրեմն զորեղ կլինենք ամբարշտության դեմ (Սաղմոս 119։165)։ Արդարության հանդեպ խոր սերը վահանի պես կպաշտպանի մեզ, երբ սխալն անելու գայթակղության առջև կանգնած լինենք (Առակաց 4։4–6)։ Հիշենք. ամեն անգամ, երբ նահանջում ենք գայթակղության առջև, մենք Սատանային հաղթանակ ենք տալիս։ Որքա՜ն ավելի լավ է դիմադրել նրան և 20Ճշմարիտ քրիստոնյաները արդարություն են փնտրում, ուստի լի են «արդարութեան պտուղներով.... Յիսուս Քրիստոսի ձեռովը, Աստուծոյ փառքի եւ գովասանքի համար» (Փիլիպպեցիս 1։10, 11)։ Նրանք «նոր մարդին [են հագնում]՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը [«ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ», ՆԱ]» (Եփեսացիս 4։24)։ Ճշմարիտ քրիստոնյաները Եհովային են պատկանում և ապրում են նրան ծառայելու և ոչ թե սեփական անձին հաճեցնելու համար (Հռովմայեցիս 14։8; Ա Պետրոս 4։2)։ Այս ամենն է ղեկավարում նրանց մտքերն և գործերը։ Ի՜նչ գոհունակություն է զգում նրանց երկնային Հայրը (Առակաց 23։24)։
[ծանոթագրություն]
a Ծնողները իրենց ընտանիքը անբարո ազդեցություններից պաշտպանելու մասին արժեքավոր խորհուրդներ կարող են գտնել «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչո՞ւ է կարևոր արդարություն փնտրել։
• Անկատար քրիստոնյան ինչպե՞ս կարող է արդարություն փնտրել։
• Աշխարհին հատուկ ի՞նչ ազդեցություններից պետք է խուսափի քրիստոնյան։
• Արդարություն փնտրելն ինչպե՞ս է մեզ պաշտպանում։
[նկար 26-րդ էջի վրա]
Հիսուսի հետևորդների համար աշխարհը վտանգավոր էր
[նկար 27-րդ էջի վրա]
Եթե ծնողները երեխաներին սովորեցնում են սիրել Եհովային, ապա վերջիններս պաշտպանված կլինեն անբարոյությունից
[նկար 28-րդ էջի վրա]
Երբ Ավետյաց երկրում որոշ իսրայելացիների նյութական կացությունը բարելավվեց, նրանք Եհովային մոռացան
[նկար 29-րդ էջի վրա]
Հիսուսի պես՝ քրիստոնյաներն ատում են անարդարությունը