Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 2/15 էջ 13–15
  • Աստվածաշնչյան կանոնի վաղ ապացույցները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչյան կանոնի վաղ ապացույցները
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես է հայտնագործվել
  • Ե՞րբ է այն գրի առնվել
  • Ի՞նչ տեղեկություն է այն պարունակում
  • Դաս համար 4. Աստվածաշունչը և նրա կանոնը
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Անգին գանձ՝ աղբակույտի միջից
    2015 Դիտարան
  • Ավետարանները հավաստի՞ են
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • «Ծովի երգը». կապող օղակ
    2008 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 2/15 էջ 13–15

Աստվածաշնչյան կանոնի վաղ ապացույցները

«ԹՎՈՒՄ է, թե յուրաքանչյուր տող գրի է առնվել բավարարելու համար բոլոր նրանց հետաքրքրությունը, ովքեր ցանկանում են իմանալ քրիստոնեության պատմությունը»։ Ահա այսպիսի խոսքերով է նկարագրվում հնագույն մի փաստաթուղթ։ Կցանկանայի՞ք իմանալ, թե որ փաստաթղթի մասին է խոսքը։

Այդ փաստաթուղթը կոչվում է Մուրատորիի ֆրագմենտ, որի մասին դուք գուցե լսել եք։ Բայց թերևս հարց առաջանա. «Ինչո՞ւ է Մուրատորիի ֆրագմենտն այդքան կարևոր»։ Դա ամենահին կանոնն է՝ ամենահեղինակավոր ցանկը, որտեղ նշվում են Քրիստոնեական Հունարեն Գրություններին պատկանող գրքերը։

Գուցե դուք ապացույցների կարիք չունեք՝ հավատալու, որ որոշ գրքեր պատկանում են աստվածաշնչյան կանոնին։ Սակայն ձեզ գուցե զարմացնի այն, որ ժամանակին ոմանք կասկածի են ենթարկել որոշ գրքերի կանոնականությունը։ Մուրատորիի ֆրագմենտը կամ կանոնը ներկայացնում է գրությունների մի ցուցակ, որոնք համարվել են ներշնչված։ Հասկանալի է, որ շատ կարևոր է իմանալ, թե կոնկրետ որ գրքերն են պատկանում Աստվածաշնչի կանոնին։ Ուստի ի՞նչ է բացահայտում այս փաստաթուղթը այն գրքերի վերաբերյալ, որոնք կազմում են Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Եկեք նախևառաջ ուշադրություն դարձնենք այդ փաստաթղթի պատմությանը։

Ինչպես է հայտնագործվել

Մուրատորիի ֆրագմենտը 76 մագաղաթե թերթերից բաղկացած ձեռագիր կոդեքսի մի մասն է կազմում։ Այդ թերթերից յուրաքանչյուրն ունի 27 սանտիմետր երկարություն և 17 սանտիմետր լայնություն։ Իտալացի ականավոր պատմաբան Լոդովիկո Անտոնիո Մուրատորին (1672–​1750 թթ.) հայտնաբերեց այն Ամբրոսիոսի գրադարանում (Միլան, Իտալիա)։ Այնուհետև 1740 թ.–ին նա հրատարակեց այդ ձեռագիրը, որը ստացավ Մուրատորիի ֆրագմենտ անվանումը։ Ամենայն հավանականությամբ կոդեքսը կազմվել է ութերորդ դարում Բոբիո մենաստանում, որը գտնվում է Պիաչենցայի մոտակայքում (Իտալիայի հյուսիս)։ Կոդեքսը տեղափոխել են Ամբրոսիոսի գրադարան 17–րդ դարի սկզբին։

Մուրատորիի ֆրագմենտը զետեղված է կոդեքսի 10–րդ և 11–րդ էջերի վրա և բաղկացած է 85 տողից։ Տեքստը գրված է լատիներենով։ Ակներևաբար այն արտագրել է մի գրագիր, որն այնքան էլ ուշադիր չի եղել։ Սակայն նրա սխալներից մի քանիսը հայտնաբերվել են, երբ ձեռագիրը համեմատվել է 11–րդ և 12–րդ դարերի ձեռագրերի հետ։

Ե՞րբ է այն գրի առնվել

Գուցե ձեզ հետաքրքրի, թե երբ է գրի առնվել Մուրատորիի ֆրագմենտը։ Ամենայն հավանականությամբ բնօրինակը գրվել է հունարենով՝ ֆրագմենտի լատիներեն թարգմանությունից շատ դարեր առաջ։ Ահա մի բան, որն օգնում է հասկանալ, թե երբ է արձանագրվել բնօրինակը։ Ֆրագմենտում հիշատակվում է մի պարականոն գիրք՝ «Հովիվը», որտեղ պատմվում է, որ Հերմաս անունով մի մարդ այն գրել է «վերջերս՝ մեր ժամանակներում, Հռոմ քաղաքում»։ Ըստ աստվածաշնչագետների՝ Հերմասի «Հովիվ» աշխատությունը ամբողջացվել է մ.թ. 140–​155 թթ.–ին։ Այսպիսով, հասկանալի է, թե ինչու է լատիներեն Մուրատորիի ֆրագմենտի հունարեն բնագիրը թվագրվում մ.թ. 170–​200 թթ.–ին։

Հռոմի մասին ուղղակի և անուղղակի վկայակոչումները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ այն գրի է առնվել այդ քաղաքում։ Սակայն հեղինակի ինքնության վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։ Ոմանց կարծիքով դա Կղեմես Ալեքսանդրացին է, մյուսների կարծիքով՝ Մելիտո Սարդեսացին կամ Պոլիկրատես Եփեսացին։ Սակայն աստվածաշնչագետների մեծ մասը մատնանշում է Հիպպոլիտոսին։ Վերջինս եղել է Հռոմում բնակվող մի կարկառուն գրող, որը ստեղծագործել է հունարեն լեզվով այն ժամանակաշրջանում, երբ ամենայն հավանականությամբ կազմվել է Մուրատորիի ֆրագմենտը։ Գուցե ձեզ համար այնքան էլ հետաքրքիր չէ ֆրագմենտի պատմությունը, սակայն հավանաբար կցանկանաք ավելին իմանալ նրա բովանդակության մասին, որը շատ արժեքավոր է։

Ի՞նչ տեղեկություն է այն պարունակում

Այդ ֆրագմենտում ոչ միայն թվարկվում են Քրիստոնեական Հունարեն Գրությունների մեջ ընդգրկված գրքերը, այլ նաև մեկնաբանություններ են տրվում գրքերի և նրանց գրողների վերաբերյալ։ Տեքստն ընթերցելիս կարելի է նկատել, որ այն կտրուկ ավարտվում է, իսկ առաջին տողերը բացակայում են։ Սկզբում այն հիշատակում է Ղուկասի Ավետարանը և նշում է, որ աստվածաշնչյան այդ գիրքն արձանագրողը բժիշկ է եղել (Կողոսացիս 4։14)։ Այնտեղ նշվում է, որ Ղուկասի Ավետարանը երրորդն է։ Ուստի կարելի է եզրակացնել, որ բացակայող հատվածում հիշատակվել են Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները։ Եթե դուք նման եզրակացության եք եկել, ապա Մուրատորիի ֆրագմենտը կարող է հիմք ծառայել դրա համար։ Այնտեղ նշվում է, որ Հովհաննեսի Ավետարանը թվով չորրորդն է։

Ֆրագմենտը հաստատում է այն, որ «Գործք առաքելոց» գիրքը արձանագրվել է Ղուկասի կողմից՝ ‘պատվական Թեոփիլեի’ համար (Ղուկաս 1։3; Գործք 1։1)։ Այնուհետև այնտեղ թվարկվում են Պողոսի նամակները ուղղված Կորնթացիներին (երկու նամակ), Եփեսացիներին, Փիլիպպեցիներին, Կողոսացիներին, Գաղատացիներին, Թեսաղոնիկեցիներին (երկու նամակ), Հռոմեացիներին, Փիլիմոնին, Տիտոսին և Տիմոթեոսին (երկու նամակ)։ Հուդայի նամակը և Հովհաննեսի երկու նամակները նույնպես հիշատակվում են որպես ներշնչված գրքեր։ Հովհաննես առաքյալի առաջին նամակն արդեն իսկ հիշատակվել էր նրա անունը կրող Ավետարանի հետ միասին։ «Յայտնութիւնը» եզրափակում է ներշնչյալ համարվող գրքերի ցուցակը։

Չնայած որ ֆրագմենտում հիշատակվում է «Պետրոսի ապոկալիպսիսը», սակայն նաև նշվում է, որ ոմանց կարծիքով քրիստոնյաները չպետք է ընթերցեն այն։ Ֆրագմենտը կազմողը նախազգուշացնում է, որ պարականոն գրությունները արդեն իսկ մեծ տարածում էին գտել իր օրերում։ Այնտեղ բացատրվում է, որ դրանք չպետք է ընդունել, «քանի որ տեղին չէ լեղին խառնել մեղրի հետ»։ Այդ փաստաթղթում նաև հիշատակվում են այլ գրություններ, որոնք չպետք է ընդգրկել ներշնչված գրությունների թվում։ Պատճառն այն էր, որ դրանք գրվել էին առաքյալների մահից հետո, ինչպես որ Հերմասի «Հովիվ» գիրքը, կամ էլ գրվել էին հերետիկոսությանը թիկունք կանգնելու նպատակով։

Թերևս նկատեցիք, որ եբրայեցիներին ուղղված նամակը, Պետրոսի երկու թղթերը և Հակոբոսի նամակը հիշատակված չեն Աստվածաշնչի կանոնական գրքերի ցանկում։ Սակայն խոսելով այն գրագրի մասին, որն արտագրել էր այդ ձեռագիրը՝ դոկտոր Ջեֆրի Հանեմանը նշում է. «Տրամաբանական է եզրակացնել, որ ֆրագմենտում վկայակոչվել են նաև այլ գրքեր, և հավանական է՝ դրանց թվում եղել են Հակոբոսի թուղթը, եբրայեցիներին ուղղված նամակը (և Պետրոսի առաջին նամակը)» («The Muratorian Fragment and the Development of the Canon»)։

Մուրատորիի ֆրագմենտը հաստատում է, որ արդեն իսկ մ.թ. երկրորդ դարում Քրիստոնեական Հունարեն Գրությունները կազմող գրքերից շատերը համարվում էին կանոնական։ Իհարկե, որոշելու համար, թե որ գրքերը իրավամբ կարող են ընդգրկվել Աստվածաշնչում, կարիք չկա դրանց մասին հիշատակություն գտնել որևէ հնագույն աղբյուրում։ Իրականում, աստվածաշնչյան գրքերի բովանդակությունն է փաստում, որ դրանք սուրբ ոգու գործունեության արդյունք են։ Հստակ երևում է, որ Գրությունների հեղինակը Եհովա Աստված է, և որ բոլոր գրքերի միջև կատարյալ ներդաշնակություն կա։ Աստվածաշնչի 66 կանոնական գրքերի ներքին կապն ու ներդաշնակությունը փաստում են, որ դրանք ամբողջական են և ունեն մեկ ընդհանուր թեմա։ Ուստի դուք օգուտներ կքաղեք, եթե ընդունեք, որ Աստվածաշունչը իրականում Եհովայի ներշնչված ճշմարիտ խոսքն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը (Ա Թեսաղոնիկեցիս 2։13; Բ Տիմոթէոս 3։16, 17)։

[նկար 13-րդ էջի վրա]

Լոդովիկո Անտոնիո Մուրատորին

[նկար 14-րդ էջի վրա]

Ամբրոսիոսի գրադարանը

[նկար 15-րդ էջի վրա]

Մուրատորիի ֆրագմենտը

[թույլտվությամբ]

Diritti Biblioteca Ambrosiana. Vietata la riproduzione. Aut. No. F 157 / 05

[նկար 13-րդ էջի վրա. թույլտվութամբ]

Fragments: Diritti Biblioteca Ambrosiana. Vietata la riproduzione. Aut. No. F 157 / 05; Muratori, based on line art: © 2005 Brown Brothers

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը