Ինչ ենք սովորում Հիսուսից
Ընտանեկան կյանքի մասին
Ի՞նչ տեսակետ պետք է ունենալ ամուսնության վերաբերյալ
Ամուսնությունը սուրբ միություն է։ Երբ Հիսուսին հարցրին, թե արդյոք թույլատրելի է ամուսնալուծվել, նա պատասխանեց. «Դուք չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն, ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի։ .... Ով որ իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և մեկ ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթեոս 19։4–6, 9)։ Երբ ամուսինները հետևում են Հիսուսի խորհրդին և հավատարիմ են մնում միմյանց, ընտանիքում բոլորը երջանիկ են լինում և իրենց ապահով են զգում։
Ինչպե՞ս է Աստծու հանդեպ սերը ընտանիքներին երջանիկ դարձնում
Հիսուսն ասաց. «Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը»։ Իսկ ո՞րն է երկրորդ պատվիրանը։ «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես» (Մատթեոս 22։37–39)։ Փաստորեն, ընտանեկան երջանկության բանալին Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալն է, քանի որ Նրա հանդեպ սերը մղում է մեզ սիրել միմյանց։
Ինչպե՞ս կարող են ամուսինը և կինը նպաստել ընտանիքի երջանկությանը
Երբ ամուսինը հետևում է Հիսուսի օրինակին, կինը իրեն երջանիկ է զգում։ Հիսուսը անձնազոհ սեր դրսևորեց իր փոխաբերական կնոջ՝ ժողովի հանդեպ (Եփեսացիներ 5։25)։ Նա ասել է. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի» (Մատթեոս 20։28)։ Հիսուսը երբեք կոպիտ չէր վերաբերվում մարդկանց, ընդհակառակը՝ նա թարմություն էր պատճառում նրանց (Մատթեոս 11։28)։ Հետևաբար ամուսինը պետք է իր գլխավորությունը այնպես գործադրի, որ ընտանիքում բոլորը ուրախ ու երջանիկ լինեն։
Կինը նույնպես կարող է ընդօրինակել Հիսուսին։ «Քրիստոսի գլուխը՝ Աստված է»,— գրված է Աստվածաշնչում։ Այնտեղ նաև ասվում է, որ «կնոջ գլուխը տղամարդն է» (1 Կորնթացիներ 11։3)։ Հիսուսը չէր մտածում, որ Աստծուն հնազանդվելը ստորացնում է իրեն։ Նա խոր հարգանք էր տածում իր Հոր հանդեպ։ «Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»,— ասել է նա (Հովհաննես 8։29)։ Ուստի եթե կինը Աստծու հանդեպ սիրուց և հարգանքից մղված հնազանդվում է ամուսնու գլխավորությանը, ապա նպաստում է իր ընտանիքի երջանկությանը։
Ի՞նչ կարող են ծնողները սովորել Հիսուսից
Հիսուսը ժամանակ էր անցկացնում երեխաների հետ և հետաքրքրված էր նրանցով։ Աստվածաշունչն ասում է. «Հիսուսը իր մոտ կանչեց մանուկներին ու ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան»» (Ղուկաս 18։15, 16)։ Մի անգամ քահանաներն ու դպիրները բարկացան երեխաների վրա, որոնք բարձրաձայն խոսում էին Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին։ Սակայն վերջինս գովեց նրանց, իսկ քննադատներին ասաց. «Մի՞թե երբեք չեք կարդացել, թե՝ «մանուկների ու կաթնակերների բերանով գովաբանություն պատրաստեցիր»» (Մատթեոս 21։15, 16)։
Ի՞նչ կարող են երեխաները սովորել Հիսուսից
Հիսուսը լավ օրինակ է թողել երեխաների համար այն հարցում, թե ինչ տեսակետ պետք է ունենան հոգևոր բաների նկատմամբ։ Երբ 12 տարեկան էր, ծնողները նրան գտան «տաճարում, որ ուսուցիչների մեջ նստած՝ լսում ու հարցեր էր տալիս նրանց»։ Արդյո՞ւնքը։ «Բոլոր նրան լսողները շարունակ հիանում էին նրա հասկացողությամբ և պատասխաններով» (Ղուկաս 2։42, 46, 47)։ Այդուհանդերձ, Հիսուսը երբեք չէր հպարտանում, որ այդպիսի գիտելիքներ ունի։ Ընդհակառակը՝ նա հարգում էր իր ծնողներին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նա շարունակում էր ենթարկվել նրանց» (Ղուկաս 2։51)։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 14–րդ գլուխըa։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։