Տեսել եմ աստվածաշնչյան ճշմարտության զորությունը
ՊԱՏՄՈՒՄ Է ՎԻՏՈ ՖՐԱԵԶԻՆ
ՀԱՎԱՆԱԲԱՐ, Տրենտինարա անունը ձեզ ոչինչ չի ասի։ Դա մի փոքր քաղաք է Նեապոլի հարավում (Իտալիա)։ Ծնողներս և ավագ եղբայրս՝ Անջելոն, ծնվել են այնտեղ։ Անջելոյի ծնվելուց հետո ծնողներս գաղթեցին Միացյալ Նահանգներ և հաստատվեցին Ռոչեստերում (Նյու Յորք), որտեղ էլ 1926թ.-ին ծնվեցի ես։ Հայրս առաջին անգամ հանդիպեց Աստվածաշունչ ուսումնասիրողներին (Եհովայի վկաների նախկին անվանումը) 1922թ.-ին։ Շուտով նա ու մայրս դարձան Աստվածաշունչ ուսումնասիրողներ։
Հայրս հանգիստ ու անվրդով մարդ էր, բայց անարդարությունը զայրացնում էր նրան։ Նա չէր կարողանում հաշտվել այն բանի հետ, որ հոգևորականությունը տգիտության մեջ է պահում մարդկանց, և ամեն առիթ օգտագործում էր, որ պատմի աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։ Երբ թոշակի անցավ, լիաժամ ծառայություն սկսեց և շարունակեց այն մինչև 74 տարեկանում վատ առողջությունն ու խստաշունչ ձմեռը ստիպեցին նրան դադարեցնել ծառայությունը։ Դրանից հետո էլ մինչև 90 տարեկան նա շարունակում էր ամեն ամիս ծառայել 40–60 ժամ։ Հորս օրինակը մեծ ազդեցություն թողեց ինձ վրա։ Թեև հումորի զգացում ուներ, նա լուրջ մարդ էր և հաճախ էր ասում. «Ճշմարտությանը լուրջ պետք է վերաբերվել»։
Հայրս ու մայրս ջանադրաբար սովորեցնում էին Աստծու Խոսքը իրենց հինգ երեխաներին։ Ես մկրտվեցի 1943թ. օգոստոսի 23-ին, իսկ 1944թ. հունիսին դարձա ռահվիրա։ Քույրս՝ Կարմելան, ռահվիրա էր ծառայում Ջենիվայում (Նյու Յորք) Ֆերնի՝ մի կենսուրախ քրոջ հետ։ Երկար ժամանակ չպահանջվեց, որ հասկանամ՝ Ֆերնը այն աղջիկն է, ում հետ ուզում եմ ապրել ողջ կյանքս։ 1946թ. օգոստոսին մենք ամուսնացանք։
Միսիոներություն
Մեր առաջին երկու նշանակումը հատուկ ռահվիրայությունն էր Ջենիվայում և Նորուիչում (Նյու Յորք)։ 1948թ. օգոստոսին առանձնաշնորհում ունեցանք սովորելու «Գաղաադի» 12-րդ դասարանում։ Այնուհետև մեզ ուղարկեցին Նեապոլ (Իտալիա) մեկ ուրիշ զույգի՝ Կարլ և Ջոն Ռիջվեյների հետ։ Այդ ժամանակ Նեապոլը պատերազմից հետո ուշքի էր գալիս։ Դժվար էր տուն գտնել, ուստի մի քանի ամիս մենք ապրեցինք երկսենյականոց փոքր բնակարանում։
Մեծացել եմ՝ լսելով, թե ինչպես են ծնողներս խոսում նեապոլյան բարբառով, ուստի իմ իտալերենը, չնայած ամերիկյան արտասանության, բավականին հասկանալի էր։ Իսկ Ֆերնը չգիտեր լեզուն։ Սակայն պետք է ասեմ, որ նա սկսեց խոսել ինձ նման, իսկ ավելի ուշ՝ ինձնից էլ լավ։
Սկզբում Նեապոլում միայն չորս հոգուց բաղկացած մի ընտանիք հետաքրքրվեց։ Նրանք զբաղվում էին ծխախոտի ապօրինի վաճառքով։ Ամեն աշխատանքային օր ընտանիքի անդամներից մեկը՝ Թերեզան, զարմանալիորեն փոխվում էր։ Առավոտյան նա գեր էր դառնում, քանի որ հագնում էր մի կիսաշրջազգեստ, որը շատ գրպաններ ուներ, ու դրանք ծխախոտով էր լցնում։ Իսկ երեկոյան լուցկու չոփի պես նիհար էր։ Ճշմարտությունը ամբողջությամբ փոխեց այդ ընտանիքին։ Ի վերջո, նրանք և իրենց հարազատներից ոմանք դարձան Վկաներ. ընդհանուր առմամբ՝ 16 հոգի։ Այսօր Նեապոլում կա մոտ 3700 Վկա։
Հակառակություն
Մենք ընդամենը ինը ամիս էինք Նեապոլում, երբ իշխանությունները պահանջեցին, որ չորսս հեռանանք քաղաքից։ Մոտ մեկ ամսով գնացինք Շվեյցարիա և տուրիստական վիզայով վերադարձանք Իտալիա։ Ես ու Ֆերնը նշանակվեցինք Թուրին։ Սկզբում վարձեցինք մի սենյակ և ստիպված էինք օգտվել տանտիրուհու լոգարանից ու խոհանոցից։ Երբ Ռիջվեյները ժամանեցին Թուրին, մենք միասին բնակարան վարձեցինք։ Ժամանակի ընթացքում հինգ միսիոներական զույգ էր ապրում նույն տանը։
1955թ.-ին, երբ իշխանությունները պահանջեցին, որ հեռանանք Թուրինից, արդեն չորս նոր ժողով էր հիմնվել։ Տեղի փորձառու եղբայրները կարող էին հոգ տանել դրանց մասին։ Իշխանություններն ասացին մեզ. «Մենք վստահ ենք, որ հենց որ դուք՝ ամերիկացինե՛րդ, հեռանաք, ինչ որ շինել եք, կքանդվի»։ Բայց այն աճը, որ տեղի ունեցավ հետո, ցույց տվեց, որ գործի հաջողությունը կախված է Աստծուց։ Այսօր Թուրինում կա ավելի քան 4600 Վկա և 56 ժողով։
Ֆլորենցիա՝ հրաշք քաղաք
Մեր հաջորդ նշանակումը Ֆլորենցիան էր։ Շատ էինք լսել այդ քաղաքի մասին, քանի որ այդտեղ քույրս՝ Կարմելան, և իր ամուսինը՝ Մերլին Հարցլերը, ծառայում էին որպես միսիոներներ։ Մի պահ պատկերացրու, թե ապրում ես այնտեղ. Պիացցա դելլա Սինյորիա, Պոնտե Վեկքիո, Պիացցալե Միքելանջելո, Պալացցո Պիտտի՝ վայրեր, որոնք քաղաքը հրաշք են դարձնում։ Ուրախալի էր տեսնել, թե ինչպես են որոշ ֆլորենցիացիներ արձագանքում բարի լուրին։
Մենք ուսումնասիրում էինք մի ընտանիքի հետ, և ժամանակի ընթացքում ծնողները մկրտվեցին։ Հայրը, սակայն, ծխում էր։ 1973թ. «Դիտարանում» ընդգծվեց այն միտքը, որ ծխելը անմաքուր սովորություն է, և հորդոր տրվեց ընթերցողներին թողնել այն։ Ավագ երեխաները աղաչեցին հորը հրաժարվել ծխելուց։ Նա խոստացավ, որ այդպես էլ կանի, բայց չպահեց խոստումը։ Մի երեկո կինը ինը տարեկան զույգերին ուղարկեց քնելու՝ առանց միասին աղոթելու։ Հետո նա վատ զգաց, որ այդպես է վարվել, ու գնաց երեխաների սենյակ։ Սակայն նրանք արդեն աղոթել էին։ «Ինչի՞ մասին աղոթեցիք»,— հարցրեց մայրը։ «Եհո՛վա, խնդրում ենք, օգնիր, որ հայրիկը թողնի ծխելը»։ Կինը կանչեց ամուսնուն. «Արի ու լսիր, թե ինչի մասին են երեխաներդ աղոթել»։ Երբ հայրը լսեց, արտասվեց ու ասաց. «Ես այլևս չեմ ծխի»։ Նա պահեց իր խոստումը։ Այժմ այդ ընտանիքից ավելի քան 15 հոգի Վկաներ են։
Ծառայում ենք Աֆրիկայում
1959թ.-ին մեզ տեղափոխեցին Մոգադիշո (Սոմալի) երկու ուրիշ միսիոներների՝ Արտուրո Լեվերիսի և եղբորս՝ Անջելոյի հետ։ Քաղաքական իրավիճակը լարված էր։ Ակնկալվում էր, որ Իտալիայի կառավարությունը կաջակցի Սոմալիին, որ անկախանա՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության իրավագրի, բայց իրավիճակն ավելի էր վատանում։ Որոշ իտալացիներ, որոնց հետ ուսումնասիրում էինք, հեռացան երկրից, և այնտեղ հնարավոր չէր ժողով կազմակերպել։
Այդ ընթացքում զոնալ վերակացուն առաջարկեց ինձ իր օգնականը լինել։ Մենք սկսեցինք այցելել շրջակա երկրներ։ Ոմանք, որոնց հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում, առաջադիմեցին, սակայն ստիպված էին լքել իրենց հայրենիքը հակառակության պատճառով։ Մյուսները մնացին, չնայած որ շատ տառապանքներ կրեցինa։ Մեր աչքերը լցվում են արցունքներով, երբ մտածում ենք Եհովայի հանդեպ ունեցած նրանց սիրո մասին և թե ինչ փորձություններ են հաղթահարել իրենց հավատարմությունը պահելու համար։
Շոգն ու խոնավությունը Սոմալիում և Էրիթրեայում հաճախ անտանելի էին։ Տեղի որոշ կծու ուտեստների պատճառով ավելի շատ էինք շոգում։ Իսկ առաջին անգամ, երբ այդպիսի մի կերակուր փորձեցինք մեր ուսումնասիրողներից մեկի տանը, կինս կատակով ասաց, որ իր ականջները վառվում են լուսաֆորի կարմիր լույսի պես։
Երբ Անջելոյին և Արտուրոյին ուրիշ նշանակում տվեցին, մենք մենակ մնացինք։ Հեշտ չէր, քանի որ չկար որևէ մեկը, ով կքաջալերեր մեզ։ Այս իրավիճակը, սակայն, օգնեց մեզ ավելի մոտենալու Եհովային և ավելի շատ վստահելու նրան։ Երբ այցելում էինք այնպիսի երկրներ, որտեղ քարոզչական գործը արգելքի տակ էր, մեծապես քաջալերվում էինք։
Սոմալիում տարբեր դժվարությունների բախվեցինք։ Քանի որ սառնարան չունեինք, միայն ամեն օրվա համար էինք կերակուր գնում. մի քանի կտոր ուռնաձուկ կամ այդ երկրի մրգերից՝ մանգո, հնդկասեխ, թուրինջ, հնդընկույզ և բանան։ Հաճախ պայքարում էինք թռչող միջատների դեմ։ Երբեմն նրանք նստում էին մեր վզին, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն էինք անցկացնում։ Լավ է, որ փոքր մոտոցիկլետ ունեինք և ստիպված չէինք կիզիչ արևի տակ ժամերով քայլել։
Վերադառնում ենք Իտալիա
Ընկերների առատաձեռնության շնորհիվ կարողացանք բանաններ տեղափոխող նավով վերադառնալ Իտալիա, որպեսզի մասնակցենք 1961թ.-ին Թուրինում անցկացվող միջազգային համաժողովին։ Մենք իմացանք, որ մեզ նոր նշանակում է սպասում։ 1962թ. սեպտեմբերին վերադարձանք Իտալիա, որտեղ սկսեցի ծառայել որպես շրջանային վերակացու։ Փոքր մեքենա գնեցինք երկու շրջաններում ծառայելու համար, և այն ծառայեց մեզ հինգ տարի։
Աֆրիկայի շոգից հետո այժմ պայքարում էինք ցրտի դեմ։ Առաջին ձմեռը, մինչ այցելում էինք Ալպերի ստորոտում գտնվող ժողովը, քնում էինք ամբարի վերևում գտնվող մի սենյակում, որտեղ ջեռուցում չկար։ Այնքան ցուրտ էր, որ անկողին էինք մտնում վերարկուներով։ Մի գիշեր ցրտից սատկեցին չորս հավ ու երկու շուն։
Հետագայում ես ծառայեցի նաև որպես մարզային վերակացու։ Այդ տարիներին մենք շրջեցինք ողջ Իտալիայով։ Բազմիցս այցելեցինք այնպիսի վայրեր, ինչպիսիք են Կալաբրիան ու Սիցիլիան։ Մենք քաջալերում էինք երիտասարդներին հոգևորապես առաջադիմել ու նպատակ դնել ծառայելու որպես ժողովի վերակացուներ, շրջագայող ծառայողներ կամ բեթելցիներ։
Շատ բան ենք սովորել հավատարիմ եղբայրներից, որոնք ամբողջ սրտով ծառայում են Եհովային։ Մենք թանկ ենք գնահատում նրանց հրաշալի հատկությունները՝ Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածությունը, առատաձեռնությունը, սերը եղբայրների նկատմամբ, հարմարվելու պատրաստակամությունը և անձնազոհ ոգին։ Այս տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հարսանեկան ելույթները ներկայացվում են Թագավորության սրահներում Վկաների կողմից, որոնց պետությունը համարում է կրոնական ծառայողներ. տարիներ առաջ դա անհավանական բան էր։ Ժողովներն այլևս չեն անցկացվում եղբայրների խոհանոցներում, և ներկաները չեն նստում տախտակների վրա, ինչպես որ անում էին Թուրինում։ Շատ ժողովներ վայելում են գեղեցիկ Թագավորության սրահներ, որոնք փառք են բերում Եհովային։ Համաժողովներն այլևս չեն անցկացվում թատրոններում, որոնք չեն համապատասխանում այդ միջոցառումներին, հակառակը՝ դրանք անց են կացվում ընդարձակ Համաժողովների սրահներում։ Ի՜նչ ուրախություն է տեսնել, որ քարոզիչների թիվը գերազանցում է 243000-ը։ Երբ ժամանեցինք Իտալիա, այնտեղ կար ընդամենը 490 քարոզիչ։
Ճիշտ ընտրություն կատարեցինք
Մենք բազում դժվարություններ ենք դիմագրավել, այդ թվում կարոտն ու հիվանդությունները։ Ամեն անգամ, երբ Ֆերնը տեսնում էր ծովը, նրա կարոտն ավելի էր ուժգնանում։ Նա նաև երեք լուրջ վիրահատություն է տարել։ Մի անգամ, երբ գնում էր Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու, մի հակառակորդ եղանով նրա վրա հարձակվեց։ Այդ միջադեպի պատճառով ևս նա հիվանդանոց ընկավ։
Թեև երբեմն հուսալքվում էինք, սակայն «սպասում» էինք Եհովային՝ համաձայն Ողբ 3։24 խոսքերի։ Այո՛, Եհովան մխիթարության Աստված է։ Մի անգամ, երբ այդպիսի վիճակում էինք, Ֆերնը քաջալերական նամակ ստացավ եղբայր Նաթան Նորից։ Նա գրում էր, որ քանի որ ծնվել է Բեթլեհեմի մոտակայքում (Փենսիլվանիա), որտեղ Ֆերնը սկսել էր իր ռահվիրայությունը, լավ գիտի, որ այդտեղի գերմանական ծագում ունեցող կանայք, որոնցից մեկը Ֆերնն է, ուժեղ են և հաստատակամ։ Նա իրավացի էր։ Տարիների ընթացքում քաջալերվել ենք տարբեր կերպերով և շատ մարդկանց կողմից։
Չնայած դժվարություններին՝ փորձել ենք պահել մեր նախանձախնդրությունը ծառայության հանդեպ։ Նախանձախնդրության ոգին համեմատելով «Լամբրուսկոյի» հետ, որը ընտիր իտալական պղպջան գինի է՝ Ֆերնը կատակով ասում է. «Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ոգին կորցնի իր «պղպջակները»»։ Ավելի քան 40 տարի շրջագայական ծառայության մեջ լինելուց հետո մենք առանձնաշնորհում ստացանք այցելելու և կազմավորելու օտարախոս խմբեր ու ժողովներ։ Այս խմբերի անդամները քարոզում են մարդկանց, որոնք Բանգլադեշից, Գանայից, Եթովպիայից, Էրիթրեայից, Հնդկաստանից, Նիգերիայից, Շրի Լանկայից, Չինաստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից են։ Մի գիրք էլ չի բավականացնի գրելու, թե ինչ հրաշալի կերպերով է Աստծու Խոսքը փոխել նրանց կյանքը, ովքեր ճաշակել են Եհովայի ողորմությունը (Միք. 7։18, 19)։
Ամեն օր աղոթում ենք Եհովային, որ շարունակի զգացապես ու ֆիզիկապես զորացնել մեզ՝ իրեն ծառայելու համար։ Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է։ Այդ ուրախության շնորհիվ մեր աչքերը փայլում են, և այն վստահեցնում է մեզ, որ կյանքում ճիշտ ընտրություն ենք կատարել՝ տարածելով աստվածաշնչյան ճշմարտությունը (Եփես. 3։7; Կող. 1։29)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս 1992թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 95–184 (անգլ.)։
[գծապատկեր/նկարներ 27–29-րդ էջերի վրա]
Ծնողներս Ռոչեստերում (ՆՅ)
1948
Եկել ենք սովորելու «Գաղաադի» 12-րդ դասարանում (Սաութ Լանսինգ)
1949
Ֆերնի հետ մինչև Իտալիա մեկնելը
Կապրի, Իտալիա
1952
[նկար 28-րդ էջի վրա]
Թուրինում և Նեապոլում՝ մյուս միսիոներների հետ
1963
[նկար 29-րդ էջի վրա]
Ֆերնը և նրանցից ոմանք, ում հետ նա Աստվածաշունչ է ուսումնասիրել
«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ոգին կորցնի իր «պղպջակները»»