Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 12/15 էջ 27–31
  • Ինչպես դիմանալ կողակցի կորստին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես դիմանալ կողակցի կորստին
  • 2013 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՆՎԵՐՋ ԹՎԱՑՈՂ ՑԱՎ
  • «ՄԻ՛ ՄՏԱՀՈԳՎԵՔ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ»
  • ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ՝ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ
  • ՀԻՄՆԱՎՈՐ ՀՈՒՅՍ
  • Այրիներ. ինչի՞ կարիք ունեն նրանք։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց
    2010 Դիտարան
  • «Լաց լինողների հետ լաց եղեք»
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս կարող են օգնել ուրիշները
    Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
  • Օգնություն այն Աստծուց, «որը տոկունություն և մխիթարություն է տալիս»
    2007 Դիտարան
Ավելին
2013 Դիտարան
w13 12/15 էջ 27–31

Ինչպես դիմանալ կողակցի կորստին

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հստակ ասում է, որ ամուսինը պետք է «սիրի իր կնոջը, ինչպես իր անձը», իսկ կինը պետք է «խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ»։ Լինելով «մեկ մարմին»՝ նրանցից յուրաքանչյուրը պետք է կատարի իր դերը (Եփես. 5։33; Ծննդ. 2։23, 24)։ Ժամանակի ընթացքում կողակիցների կապվածությունն ու սերը ավելի է ուժեղանում։ Այդ կապը կարելի է համեմատել կողք կողքի աճող երկու ծառերի արմատների հետ, որոնք միահյուսվում են իրար։ Երջանիկ կողակիցների զգացմունքները ասես միահյուսվում են իրար, և նրանց փոխհարաբերությունները ժամանակի ընթացքում ավելի են ամրանում։

Բայց ի՞նչ է լինում, երբ կողակիցներից մեկը մահանում է։ Նրանց կապը, որ անխզելի էր, կտրվում է։ Կողակից կորցրած կինը կամ տղամարդը հաճախ զգացական ցավ է ունենում, իրեն միայնակ է զգում, երբեմն նույնիսկ բարկանում է կամ իրեն մեղավոր զգում։ Դանիելան, որ 58 տարի ամուսնացած է եղել, ճանաչում է շատերին, որ կողակից են կորցրելa։ Բայց երբ նրա ամուսինը մահացավ, նա ասաց. «Իրականում ես չէի հասկանում այդ մարդկանց զգացմունքները։ Մինչև որ դա քեզ հետ չպատահի, չես հասկանա, թե դա ինչ է»։

ԱՆՎԵՐՋ ԹՎԱՑՈՂ ՑԱՎ

Որոշ հետազոտողներ ասում են, որ ոչինչ այնքան ուժեղ սթրեսի մեջ չի գցում, որքան սիրելի կողակցի մահը։ Շատերը, որ նման կորուստ են ունեցել, համաձայն են այս կարծիքին։ Միլին, որի ամուսինը մահացել է 25 տարի առաջ, ասում է. «Կարծես հաշմանդամ լինեմ»։ Չնայած որ այդքան տարիներ են անցել, նա շարունակում է ցավ զգալ։

Սյուզանը կարծում էր, որ այն այրիները, ովքեր տարիներ շարունակ ողբում են իրենց ամուսնու կորուստը, չափից շատ են վիշտ արտահայտում։ Նա իր ամուսնու հետ ապրեց 38 տարի։ Կողակցի մահից անցել է 20 տարի, բայց Սյուզանն ասում է. «Ամեն օր նրա մասին եմ մտածում»։ Կորստյան ցավից նա հաճախ է արտասվում։

Աստվածաշունչն ասում է, որ կողակցի կորստյան ցավը շատ ուժեղ է լինում ու երկար է տևում։ Երբ Սառան մահացավ, Աբրահամը՝ նրա ամուսինը, «ներս մտավ, որ ողբա ու լաց լինի Սառայի համար» (Ծննդ. 23։1, 2)։ Թեև Աբրահամը հավատում էր հարությանը, նա խոր ցավ զգաց իր սիրելի կնոջ կորստյան պատճառով (Եբր. 11։17–19)։ Հակոբը իր կնոջ՝ Ռաքելի մահից հետո դեռ երկար ժամանակ սիրով հիշում էր նրան։ Նա խանդաղատանքով արտահայտվեց նրա մասին իր որդիների հետ խոսելիս (Ծննդ. 44։27; 48։7)։

Ի՞նչ ենք սովորում սուրբգրային այս օրինակներից։ Կողակից կորցրած մարդիկ հաճախ երկար տարիներ ցավ են զգում։ Մենք չպետք է նրանց արցունքներն ու տխրությունը թուլության նշան համարենք։ Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեծ վշտի դրսևորումներ են, և գուցե հարկ լինի, որ նրանց էմոցիոնալ աջակցություն ցույց տանք երկար ժամանակ։

«ՄԻ՛ ՄՏԱՀՈԳՎԵՔ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ»

Մարդը, երբ կորցնում է կողակցին, չի դառնում պարզապես ամուրի։ Երկար տարիներ ապրելով իր կնոջ հետ՝ ամուսինը սովորաբար գիտի, թե ինչպես մխիթարի նրան, ինչպես բարձրացնի նրա տրամադրությունը և ինչպես ոգևորի, երբ նա վհատված է։ Բայց երբ նա մահանում է, կնոջ ուրախության և մխիթարության աղբյուրը վերանում է։ Նույն ձևով կինը ժամանակի ընթացքում սովորում է, թե ինչ անի, որ ամուսինը իրեն զգա ապահով ու երջանիկ։ Վերջինիս համար շատ թանկ է իր կնոջ քնքուշ հպումը, սփոփիչ խոսքերը և ուշադրությունը իր հետաքրքրությունների ու կարիքների հանդեպ։ Երբ կինը մահանում է, ամուսինը դատարկություն է զգում։ Այսպիսի պատճառներով կողակից կորցրած մարդիկ ապագային նայում են անվստահությամբ ու վախով։ Աստվածաշունչը ինչպե՞ս կարող է նրանց տալ ապահովության զգացում և հոգեկան անդորր։

Աստված կարող է օգնել քեզ չմտահոգվելու վաղվա օրվա մասին և թեթևացնելու կորստյան ցավը

«Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթ. 6։34)։ Հիսուսի այս խոսքերը մասնավորապես վերաբերում են կյանքի նյութական կողմին, բայց դրանք շատերին օգնել են նաև դիմանալու սիրելի մարդու ծանր կորստին։ Չարլզը իր կնոջ մահից մի քանի ամիս անց գրեց. «Մինչև հիմա շատ եմ կարոտում Մոնիկին, զգում եմ նրա պակասը, երբեմն էլ թվում է, թե վիճակս միայն վատանում է։ Բայց հասկանում եմ, որ դա նորմալ է, և ժամանակի ընթացքում, ի վերջո, ցավս մեղմանալու է»։

Այո՛, Չարլզը «ժամանակի ընթացքում» էր զգալու ցավի թեթևացում։ Ինչպե՞ս։ Նա ասաց. «Եհովայի օգնությամբ ես չէի մտահոգվում վաղվա օրվա մասին»։ Նա չհամակվեց վշտով։ Ճիշտ է, կորստյան ցավը չանհետացավ մեկ օրում, բայց նա թույլ էլ չտվեց, որ այն խեղդի իրեն։ Եթե կողակիցդ մահացել է, կորստյան ցավը կարող ես թեթևացնել՝ չմտահոգվելով վաղվա օրվա մասին։ Դու չգիտես, թե վաղվա օրը ինչ քաջալերանք ու մխիթարություն կարող է բերել։

Եհովան չէր նախատեսել, որ մարդիկ մահանան։ Մահը «Բանսարկուի գործերից» է (1 Հովհ. 3։8; Հռոմ. 6։23)։ Նա մահվան և դրա հանդեպ վախի միջոցով շատերին պահում է ստրկության մեջ և զրկում է նրանց հույսից (Եբր. 2։14, 15)։ Նա հաճույք է ստանում այն բանից, երբ որևէ մեկը կորցնում է նույնիսկ Աստծու նոր աշխարհում երջանիկ ու բավարարված կյանքով ապրելու հույսը։ Այսպիսով՝ Ադամի մեղքի և Սատանայի նենգությունների պատճառով է, որ մարդ կորցնում է իր կողակցին և տառապում է (Հռոմ. 5։12)։ Եհովան ամբողջությամբ կվերացնի Սատանայի հասցրած վնասը՝ ոչնչացնելով նրա դաժան զենքը՝ մահը։ Շատերը, այդ թվում նաև բազմաթիվ մարդիկ, ովքեր կողակից են կորցրել, ազատվել են այն վախից, որ Սատանան տարածում է։

Հարության ժամանակներում բազմաթիվ փոփոխություններ են լինելու մարդկային փոխհարաբերություններում։ Նոր աշխարհում երեխաների հետ կատարելության են հասնելու նրանց հարություն առած ծնողները, տատերն ու պապերը և մյուս նախնիները։ Ծերության բոլոր հետևանքները վերացվելու են։ Երիտասարդ սերունդները սովորելու են իրենց նախնիներին բոլորովին այլ աչքերով նայել։ Նման փոփոխությունները, ինչ խոսք, կնպաստեն մարդկային ընտանիքի բարելավմանը։

Հարություն առածների վերաբերյալ բազմաթիվ հարցեր կարող են լինել։ Օրինակ, երբ ինչ-որ մեկը կորցրել է երկու կամ ավելի կողակից։ Սադուկեցիները մի հարց տվեցին մի կնոջ մասին, որի առաջին ամուսինը մահացել էր, հետո մահացել էր երկրորդը և այդպես մինչև յոթերորդը (Ղուկ. 20։27–33)։ Ի՞նչ փոխհարաբերություններ են նման մարդիկ ունենալու հարության ժամանակ։ Մենք չգիտենք, և իմաստ էլ չունի ենթադրություններ անելու և անհանգստանալու։ Միակ բանը, որ կարող ենք անել, պարզապես Եհովային վստահելն է։ Մի բան հաստատ է. ինչ էլ որ Եհովան անի ապագայում, լավ է լինելու։ Դա մի այնպիսի բան է լինելու, ինչին հարկավոր է հուսալ և ոչ թե դրանից վախենալ։

ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ՝ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Աստծու Խոսքի ամենահստակ ուսմունքներից մեկն այն է, որ մահացածները հարություն են առնելու։ Աստվածաշնչում գրված հարության դեպքերը երաշխավորում են, որ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհ. 5։28, 29)։ Մահվան կապանքներից ազատվածներին դիմավորողները, անշուշտ, մեծ ուրախություն կապրեն, իսկ հարություն առածների ուրախությունը մենք չենք էլ կարող պատկերացնել։

Երբ մահացածները հարություն առնեն, երկիրը կլցվի չտեսնված ուրախությամբ։ Միլիարդավոր մահացած մարդիկ կրկին կապրեն և իրենց տեղը կգրավեն մարդկային հասարակության մեջ (Մարկ. 5։39–42; Հայտն. 20։13)։ Ապագա այս հրաշքի շուրջ խորհրդածելը կմխիթարի բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։

Երբ հարության մասին Աստծու չքնաղ խոստումը կատարվի, որևէ մեկը հիմնավոր պատճառ կունենա՞ տխուր լինելու։ Աստվածաշունչն ասում է՝ ո՛չ։ Եսայիա 25։8-ի համաձայն՝ Եհովան «կկլանի մահը հավիտյան»։ Դա նշանակում է, որ ամբողջովին կվերանա նաև մահվան պատճառած ցավը։ Նույն մարգարեությունում ասվում է. «Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից»։ Եթե հիմա վշտացած ես կողակցիդ մահվան պատճառով, հարությունը, անշուշտ, ուրախություն կպատճառի քեզ։

Ոչ մի մարդ լիովին չի հասկանում այն, թե Աստված ինչ է իրագործելու նոր աշխարհում։ Եհովան ասում է. «Ինչպես որ երկինքն է երկրից բարձր, այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից, ու իմ մտքերը՝ ձեր մտքերից» (Ես. 55։9)։ Ապագայում սպասվող հարության վերաբերյալ Հիսուսի խոստումը մղում է մեզ Աբրահամի պես վստահելու Եհովային։ Այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի համար ամենակարևոր բանը Աստծու ասածներն անելն է։ Այդպես անելով՝ «արժանի կլինենք կյանք ստանալու գալիք աշխարհում» և ապրելու նրանց հետ, ովքեր հարություն կառնեն (Ղուկ. 20։35)։

ՀԻՄՆԱՎՈՐ ՀՈՒՅՍ

Ապագային նայիր ոչ թե վախով, այլ հույսով։ Մարդկային տեսանկյունից՝ ապագան մռայլ է։ Բայց Եհովան մեզ լավ բանի հույս է տալիս։ Ճիշտ է, կոնկրետ չգիտենք, թե Եհովան ինչպես կբավարարի մեր բոլոր կարիքներն ու ցանկությունները, բայց մենք չպետք է կասկածենք, որ նա կանի դա։ Պողոս առաքյալը գրեց. «Տեսանելի հույսը հույս չէ, քանի որ երբ մարդ մի բան տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա դրան։ Բայց եթե մենք հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ապա տոկունությամբ շարունակում ենք սպասել դրան» (Հռոմ. 8։24, 25)։ Աստծու խոստումների հանդեպ ունեցած ամուր հույսը կօգնի տոկալու։ Տոկունություն դրսևորելով՝ դու կհասնես այդ չքնաղ ապագային, և Եհովան «կկատարի քո սրտի խնդրանքները»։ Նա կգոհացնի «ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղ. 37։4; 145։16; Ղուկ. 21։19)։

Վստահիր ուրախ ապագայի վերաբերյալ Եհովայի տված խոստմանը

Երբ Հիսուսի մահը մոտենում էր, նրա առաքյալները շփոթության մեջ էին։ Հիսուսը հանգստացրեց նրանց՝ ասելով. «Թող ձեր սրտերը չխռովվեն։ Հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ.... Ես ձեզ որբ չեմ թողնի, ես կգամ ձեզ մոտ» (Հովհ. 14։1–4, 18, 27)։ Նրա այս խոսքերը դարեր շարունակ իր օծյալ հետևորդներին հույս էին տալու և օգնելու էին տոկալու։ Նմանապես նրանք, ովքեր փափագում են տեսնել իրենց մահացած հարազատների հարությունը, ոչ մի պատճառ չունեն հուսահատվելու։ Եհովան և նրա Որդին «որբ չեն թողնի» նրանց, ովքեր հարազատ են կորցրել։ Կարող ես վստահ լինել դրանում։

a Անունները փոխված են։

Մխիթարենք նրանց, ովքեր կողակից են կորցրել

Երբ քրիստոնյայի կողակիցը մահանում է, դրանից մի որոշ ժամանակ անց շատերը գուցե գան նրա տուն՝ մխիթարելու և օգնելու։ Այրին, հավանաբար, թանկ կգնահատի ընտանիքի անդամների և ընկերների ուշադրությունը։ Կորստյան ցավը գուցե դանդաղ անցնի, ուստի նա մի որոշ ժամանակ մխիթարության և աջակցության կարիք կունենա։ Աստվածաշունչն ասում է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակ. 17։17)։

Իսկ ի՞նչ կարող ենք ասել սգի մեջ գտնվողին։ Ուշադրություն դարձրու հետևյալ խոսքերին. «Բոլորդ մեկ մտքի եղեք, ցավակից, եղբայրասեր, խորապես կարեկցող» (1 Պետ. 3։8)։ Կողակցի մահից հետո մի որոշ ժամանակ մեր հավատակիցը գուցե դեռևս իրեն լավ չզգա։ Ուստի թերևս տեղին չլինի ասել՝ «ո՞նց ես» կամ «ամեն ինչ լա՞վ է»։ Սգացողը գուցե մտածի՝ «ո՞նց պետք է լինեմ» կամ «ինչպե՞ս կարող եմ հիմա ես լավ լինել»։ Այսպիսի հարցերի փոխարեն լավ կլինի ասել անկեղծ ու դրական խոսքեր, օրինակ՝ «այնքան ուրախ եմ քեզ տեսնել» կամ «քեզ ժողովում տեսնելը ինձ համար շատ քաջալերական է»։

Սգացող հավատակցին կարող ես հրավիրել ճաշի կամ զբոսնելու։ Մարկոս անունով մի այրի մխիթարվում էր իր ընկերների այցելություններից։ Ինչի՞ մասին էին նրանք խոսում։ Նա պատմում է. «Իմ խնդիրների մասին շատ չէինք խոսում։ Ավելի շատ զրուցում էինք ինչ-որ քաջալերական բանի մասին»։ Նինա անունով մի այրի կին ասում է. «Իմ լավ ընկերները հաճախ ասում են ճիշտ խոսքեր ճիշտ պահի։ Երբեմն ոչինչ էլ չեն ասում. նրանք պարզապես իմ կողքին են լինում»։

Եթե սգացողը ցանկանում է խոսել իր կորստի մասին, լսիր հետաքրքրությամբ և համբերությամբ։ Հարցեր մի՛ տուր զուտ հետաքրքրասիրությունից դրդված։ Դատողություններ մի՛ արա։ Կարիք չկա խորհուրդ տալու, թե ինչպես արտահայտել ցավը և որքան երկար։ Քեզ վատ մի՛ զգա, եթե նա ուզում է մենակ մնալ։ Դու կարող ես մեկ ուրիշ անգամ գալ։ Շարունակիր սեր ցուցաբերել (Հովհ. 13։34, 35)։

Հարցեր ունե՞ս ապագայի վերաբերյալ

Բնական է ցանկանալ իմանալ, թե Եհովայի խոստումներն ինչպես են կատարվելու։ Աբրահամը հաճախ էր մտածում Աստծու այն խոստման մասին, որ Նա իրեն որդի է տալու։ Եհովան նրան հորդորեց համբերել։ Աստված չհիասթափեցրեց այդ հավատարիմ տղամարդուն (Ծննդ. 15։2–5; Եբր. 6։10–15)։

Հակոբը շատ էր կարոտում իր որդի Հովսեփին այն բանից հետո, երբ իրեն հայտնեցին, որ նա մահացել է։ Անցան տարիներ, բայց Հակոբը շարունակում էր սգալ իր որդու կորուստը. նա կարծում էր, թե Հովսեփը մահացել է։ Բայց Եհովան մտադիր էր օրհնել հավատարիմ Հակոբին՝ նրա համար անելով այն, ինչ վերջինիս մտքով անգամ չէր կարող անցնել։ Անցավ մի որոշ ժամանակ, և հայր ու որդի վերջապես հանդիպեցին իրար։ Ավելին, Հակոբը նույնիսկ տեսավ Հովսեփի երեխաներին։ Նա ասաց. «Մտքովս անգամ չէր անցնի, թե կտեսնեմ քո երեսը, բայց Աստված թույլ տվեց, որ նույնիսկ քո զավակներին տեսնեմ» (Ծննդ. 37։33–35; 48։11)։

Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմություններից։ Առաջին՝ համոզված եղիր, որ ոչինչ չի կարող խանգարել Ամենակարող Աստծուն կատարելու իր կամքը։ Երկրորդ՝ եթե աղոթենք ու գործենք Եհովայի կամքի համաձայն, ապա նա հոգ կտանի մեր մասին այժմ և լիուլի կբավարարի մեր ապագա կարիքներն ու ցանկությունները։ Պողոսը գրեց. «Նրան, ով մեզանում ներգործող իր զորությամբ կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում, նրան լինի փառքը ժողովի և Քրիստոս Հիսուսի միջոցով բոլոր սերունդներում հավիտյանս հավիտենից։ Ամեն» (Եփես. 3։20, 21)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը