Ծնողնե՛ր, լա՛վ օրինակ ծառայեք ձեր երեխաների համար
1 Աստծո Խոսքը մեզ ասում է, որ «արդարի հայրը [և մայրը] անշուշտ պիտի ցնծայ» (Առակ. 23։24, 25)։ Ինչպիսի՜ օրհնություն այն ծնողների համար, որոնք իրենց զավակների համար լավ օրինակ են ծառայում։ Մասնաճյուղերից մեկի կոմիտեի անդամն իր ծնողների մասին հետևյալն ասաց. «Ճշմարտությունը նրանց կյանքում գլխավոր տեղ էր զբաղեցնում, և ես ցանկանում էի, որ իմ կյանքում էլ նույնը լիներ»։ Իսկ ի՞նչ պետք է ակնկալեն երեխաներն իրենց ծնողներից։
2 Օրինակելի վարք և խորը հարգանք։ Երեխաների մեջ բնավորության լավ գծեր մշակելը ծնողների պարտականությունն է։ Օրինակելի վարք ունենալու համար բավական չէ միայն բանավոր հրահանգներ տալը. անհրաժեշտ է նաև, որ երեխաները հետևեն ծնողների օրինակին և ամեն կերպ աշխատեն նրանց նմանվել։ Ուստի, ինչպիսի՞ն է ձեր վարքը։ Երեխաները ձեզանից լսո՞ւմ են այսպիսի արտահայտություններ՝ «ներողություն», «խնդրեմ» կամ «շնորհակալություն»։ Ընտանիքում միմյանց հանդեպ խորը հարգանք տածո՞ւմ եք։ Ուշադիր լսո՞ւմ եք, երբ ուրիշները խոսում են։ Երեխայի հետ զրուցելիս ուշադի՞ր եք։ Նման շարժուձև դրսևորո՞ւմ եք նաև տանը, ինչպես որ Թագավորության սրահում եք ձեզ պահում։
3 Հոգևորապես ամուր վիճակ և ժրաջան գործունեություն։ Մի եղբայր, որը 50 տարի շարունակ լիաժամ ծառայության մեջ էր, գրում է. «Ժողովի հանդիպումները գնահատելու և ծառայության մեջ եռանդուն լինելու հարցում մայրս և հայրս հիանալի օրինակ էին ինձ համար»։ Գործով ցույց տալի՞ս ես երեխաներիդ, որ հոգում ես ընտանիքիդ հոգևոր կարիքների մասին։ Օրվա խոսքը միասին քննարկո՞ւմ եք։ Կանոնավոր ընտանեկան ուսումնասիրություն անցկացնո՞ւմ եք։ Երեխաներդ նկատո՞ւմ են, որ դու ընթերցում ես Աստվածաշունչը և Ընկերության հրատարակությունները։ Ի՞նչ են նրանք քեզանից լսում, երբ դու աղոթում ես ընտանիքիդ համար։ Հոգևորապես կերտող զրույցներ անցկացնո՞ւմ ես երեխաներիդ հետ՝ քննարկելով ճշմարտության և ժողովի բարենպաստ ազդեցությունների մասին։ Ձգտո՞ւմ եք արդյոք ամբողջ ընտանիքով մասնակցել բոլոր հանդիպումներին և դաշտի ծառայությանը։
4 Ծնողնե՛ր, խորհեք այն մասին, թե ինչպիսի օրինակ եք թողնում ձեր երեխաներին։ Թող որ այդ օրինակը հիանալի լինի, և նրանք կպահպանեն այն իրենց ողջ կյանքի ընթացքում։ Մի շրջագայող վերակացուի կին, որն արդեն 70–ն անց է, պատմում է. «Մինչև հիմա շարունակում եմ մեծ օգուտներ քաղել իմ սիրելի քրիստոնյա ծնողների թողած օրինակից։ Եվ ես ամեն անգամ սրտանց աղոթում եմ Աստծուն, որ չդադարեմ ամբողջապես գնահատել այս ժառանգությունը և կյանքիս մնացած տարիներին այն պատշաճորեն գործածեմ»։