«Լինել առատաձեռն, ....իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել»
1 Դարեր առաջ Պողոս առաքյալը պատվիրեց Տիմոթեոսին խրախուսել հավատակիցներին «բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, ....իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել» (Ա Տիմոթ. 6։18)։ Պողոսը նաև հիշեցրեց եբրայեցի քրիստոնյաներին չմոռանալ «բարեգործութիւնը եւ [իրենց] ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը» (Եբր. 13։16)։ Ի՞նչ նպատակով նա տվեց այս հրահանգները։ Նա գիտեր, որ «փառք, պատիւ եւ խաղաղութիւն՝ [կլինի] իւրաքանչիւրին, որ բարին է գործում» (Հռովմ. 2։10)։
2 Քանի որ Եհովան Արարիչն է ամեն բանի, ուստիև, նա այդ ամենի Տերն է (Յայտն. 4։11)։ Մենք, իհարկե, գնահատում ենք, որ նա իր ստեղծագործությունը գործի է դնում հօգուտ մեզ։ Թեև այսօր շատերը անշնորհակալ կեցվածք են դրսևորում, Բարձրյալը դեռ թույլ է տալիս մարդկանց՝ օգտվելու կենսականորեն անհրաժեշտ իր առատ հայթայթումներից (Մատթ. 5։45)։ Նա նույնիսկ իր թանկագին Որդուն զոհաբերեց, որպեսզի մենք կարողանանք հավիտենական կյանք ստանալ։ Մեր հանդեպ ցուցաբերված այսպիսի սերը չի՞ ստիպում մեզ երախտապարտ լինել. իսկ այդ հատկությունը կդրսևորվի, եթե մարդկանց հանդեպ առատաձեռն լինենք (Բ Կորնթ. 5։14, 15)։
3 Ի՞նչ ‘բաժին կարող ենք հանել’ մենք։ Ողջունելի է, որ մենք մեր ունեցվածքն ու կարողությունները օգտագործում ենք Աստծուն հաճելի կերպով։ Մենք, անշուշտ, ցանկանում ենք թիկունք կանգնել Թագավորության աշխարհածավալ գործին և՛ նյութապես, և՛ հոգևորապես։ Իհարկե, բարի լուրը ամենամեծ հարստությունն է, որ կարող է ունենալ որևիցե մեկը, քանի որ այն «Աստծու զօրութիւնն է՝ ի փրկութիւն» (Հռովմ. 1։16)։ Յուրաքանչյուր ամիս մեր ժամանակն ու միջոցները քարոզչական և աշակերտելու գործին առատաձեռնորեն շնորհելով՝ մենք մեր հոգևոր հարստությունից ուրիշներին էլ բաժին կհանենք, որը նրանց կարող է հավիտենական կյանքի առաջնորդել։
4 Եհովային հաճույք է պատճառում այն, որ մենք օգնության ձեռք ենք մեկնում սուղ միջոցներ ունեցող անհատներին։ Նա մեզ օրհնություններ է խոստանում և հիշեցնում. «Օգուտ չ’ունի հարստութիւնը բարկութեան օրը, բայց արդարութիւնը կ’ազատէ մահից» (Առակ. 11։4; 19։17)։ Թագավորության գործին նյութապես թիկունք կանգնելը և բարի լուրի քարոզչության գործում լրիվ մասնակցություն ունենալը հրաշալի կերպեր են, որոնցով կարող ենք ցույց տալ, որ մենք իսկապես ‘առատաձեռն ենք և ուրիշին էլ ենք բաժին հանում’։