‘Բարի գործերով հարստացեք’
1 Իր եռանդուն ծառայության վերջին տարիների ընթացքում Պողոս առաքյալը սերտորեն համագործակցում էր Տիմոթեոսի և Տիտոսի հետ։ Երկուսին էլ նա քաջալերանքի միանման խոսքեր գրեց։ Տիտոսին գրեց, որ «Աստծուն հավատացողները» պետք է «ջանք թափեն բարի գործեր կատարելու» (Տիտոս 3։8)։ Իսկ Տիմոթեոսին գրեց, որ նրանց, ովքեր ապավինում են Աստծուն, պետք է «բարի գործերով հարստանալ» (Ա Տիմոթ. 6։17, 18)։ Սա հիանալի խորհուրդ է բոլորիս համար։ Սակայն ի՞նչը պետք է մղի մեզ կյանքում բարին գործելու։ Եվ ի՞նչ առանձնահատուկ գործեր պետք է կատարենք։
2 Բարի գործերով հարստանալու պետք է մեզ մղեն Եհովայի հանդեպ ունեցած սերն ու հավատը, ինչպես նաև այն հիանալի հույսը, որ նա տվել է (Ա Տիմոթ. 6։19; Տիտոս 2։11)։ Հատկապես տարվա այս ժամանակը մեզ հիշեցնում է, որ Եհովան իր Որդուն երկիր ուղարկեց, որպեսզի նա կարողանար արդարացնել իր Հոր անունը և բոլոր արժանի եղող մարդկանց առջև բաց աներ հավիտենական կյանք տանող ճանապարհը (Մատթ. 20։28; Յովհ. 3։16)։ Սա մենք ավելի հստակ կհասկանանք մարտի 28–ին կայանալիք Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին։ Հավիտենական կյանքի հույսն ունենալով՝ մի՞թե չենք անի ամեն բան, ինչ կարող ենք՝ ‘բարի գործերով հարստանալու’ համար։ Իհարկե, կանենք։ Իսկ ի՞նչ գործեր պետք է կատարենք այժմ։
3 Բարի գործեր՝ մարտ ամսին և հետագայում։ Ինչ խոսք, մենք ներկա կլինենք Հիշատակի երեկոյին՝ Եհովայի վկաների համար տարվա մեջ ամենակարևոր իրադարձությանը (Ղուկ. 22։19)։ Բայց մեր ցանկությունն է, որ մեզ հետ միասին այդ իրադարձությունից ուրախություն ստանան հնարավորին չափ շատ մարդիկ։ Նայեցեք «Դիտարանի» 2002 թ. հունվարի 1–ի համարում տպված ծառայողական հաշվետվությունը և կտեսնեք, որ անցած տարի շատ երկրներում Հիշատակի երեկոյին ներկաների թիվը երեք, չորս, հինգ և շատ ավելի անգամներ գերազանցում է քարոզիչների թվին։ Սա խոսում է այն մասին, որ ժողովի յուրաքանչյուր անդամ մեծ ջանքեր է գործադրել՝ որքան հնարավոր է շատ մարդկանց բաժանելու Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը իր տարածքում։ Հետևաբար, ցանկալի է, որ մինչև մարտի 28–ը ընկած ժամանակահատվածում հնարավորին չափ շատ ժամանակ հատկացնենք՝ մարդկանց հրավիրելու Հիշատակի երեկոյին և օգնելու նրանց իմանալ փրկության հույսի մասին։
4 Ապրիլ ամսին օրերը ավելի երկար կլինեն, իսկ եղանակը՝ շատ ավելի տաք։ Ինչպե՞ս կարող ենք արդյունավետորեն օգտագործել այս բարենպաստ պայմանները՝ ‘բարի գործերով հարստանալու’ համար. շարունակելով խանդավառորեն մասնակցել բարի լուրը քարոզելու գործին և լինելով «նախանձախնդիր բարի գործերի» (Տիտոս 2։14; Մատթ. 24։14)։ Եթե ի վիճակի չեք ենթառահվիրա ծառայել մարտ ամսին, կկարողանա՞ք դա անել ապրիլ և (կամ) մայիս ամիսներին։ Իսկ եթե արդեն ռահվիրա եք մարտ ամսին, կարո՞ղ եք շարունակել ձեր ծառայությունը նաև մյուս ամիսներին։
5 Նրանք, ովքեր աշխատում են, ծրագրում են այնպես, որ աշխատանքի գնալիս՝ ճանապարհին, կարողանան մոտ մեկ ժամ ծառայել՝ քարոզելով փողոցում կամ այցելելով նրանց, ում աշխատանքը վաղ առավոտյան է սկսվում։ Ուրիշներն էլ ծրագրում են ընդմիջման ընթացքում քարոզել։ Ոմանց էլ հաջողվել է այդ ժամանակն օգտագործել՝ իրենց աշխատակցի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու։ Շատ քույրեր, որոնք տնային տնտեսուհիներ են, կարողանում են քարոզչական ծառայության դուրս գալ այն ժամերին, երբ երեխաները դպրոցում են։ Առավոտյան վաղ արթնանալով ու տան գործերը շուտ վերջացնելով՝ նրանք քարոզելուն և ուսուցանելուն հատկացնելու ավելի շատ ժամանակ են ունենում (Եփես. 5։15, 16, ԱԹ)։
6 Եթե ի վիճակի չեք ծառայել որպես ենթառահվիրա, գուցե փորձեք ձեր անձնական գրաֆիկը կազմել, որը կօգնի ձեզ ավելի շատ մասնակցել քարոզչական ծառայությանը և անել ամեն բան, ինչ կարող եք, որպեսզի ‘բարիք գործեք, բարի գործերով հարստանաք, լինեք առատաձեռն’ ու ճշմարտությունից ‘ուրիշին էլ բաժին հանեք’ (Ա Տիմոթ. 6։18)։
7 Հիշեք աշակերտ պատրաստելու բարի գործը։ Ամեն տարի Հիշատակի երեկո են գալիս նաև հետաքրքրվող անհատներ։ Ժողովի անդամներից ոմանք կկարողանա՞ն ուշադրություն դարձնել նրանց, որոնք չնայած ներկա են լինում այդ Երեկոյին, բայց դեռևս Աստվածաշունչ չեն ուսումնասիրում։ Կարո՞ղ եք այցելել նրանց՝ օգնելու, որ հոգևոր առաջընթաց ունենան։ Գուցե նրանցից ոմանք ձեր հավատակիցների հարազատները լինեն։ Ուրիշներն էլ հնարավոր է նախկինում ուսումնասիրել են, և այժմ բավական է միայն նրանց ոգևորել, և նրանք կվերսկսեն ուսումնասիրությունը ու կանոնավորաբար կհաճախեն ժողովի հանդիպումներին։ Մեծ ուրախություն կստանանք՝ տեսնելով նրանց մեզ հետ միասին Եհովային ակտիվորեն ծառայելիս։
8 Մարտին և նրան հաջորդող ամիսներին քարոզչական ծառայությանը ակտիվ մասնակցություն ունենալով՝ շատ հավանական է, որ ավելի շատ հետաքրքրվող անհատներ գտնենք, որոնց հարկ կլինի կրկին այցելել։ Փորձեք նրանց հետաքրքրող մի հարց անպատասխան թողնել և խոստացեք պատասխանել հաջորդ անգամ այցելելիս։ Այդպիսով՝ ճանապարհ կբացեք վերայցելության համար։ Որքան շուտ կատարենք վերայցելությունը, այնքան լավ։ Եթե ուսումնասիրություն չենք սկսել առաջին անգամ, ապա, եթե հնարավոր է, փորձենք դա անել հաջորդ անգամ։
9 Եթե փողոցի վկայության ենք դուրս եկել, ապա պետք է փորձենք զրույց սկսել մարդկանց հետ։ Շատերը, ովքեր հետաքրքրվում են, քարոզիչներին տալիս են իրենց տվյալները՝ անունը, հասցեն և հեռախոսի համարը։ Եթե այդ մարդը չի բնակվում ձեր ժողովի տարածքում, ապա ձեռք բերեք «Այցելեք տվյալ անհատին» բլանկը (S-70), լրացրեք այն և տվեք ժողովի քարտուղարին։ Վերջինս էլ իր հերթին կփոխանցի այն ժողովին, որի տարածքում բնակվում է հետաքրքրություն ցուցաբերողը։ Եթե քարտուղարը չի կարող դա անել, պետք է բլանկը ուղարկի մասնաճյուղ։ Այսպիսով՝ հոգ կտարվի, որ հետաքրքրված անհատին այցելեն։
10 Եթե թողել են հեռախոսի համարը, բայց հասցեն՝ ոչ, ապա որպես վերայցելություն զանգահարեք նրան։ Նախօրոք պատրաստվեք, թե ինչ թեմայի շուրջ կցանկանայիք զրուցել։ Ոմանց հաջողվում է հեռախոսով ուսումնասիրություն անցկացնել, այդ թվում նաև այն մարդկանց հետ, որոնց դժվար է տանը գտնել։ Մի քույր տնից տուն ծառայելիս հետաքրքրություն ցույց տվող կանանցից նրանց հեռախոսի համարը հարցրեց, և արդյունքում՝ կարողացավ Աստվածաշնչի երկու ուսումնասիրություն սկսել։
11 Համագործակցեք երեցների հետ ոչ ակտիվ քարոզիչներին օգնելիս։ Երեցները խիստ հետաքրքրված են ոչ ակտիվ քարոզիչներին օգնելու հարցում։ Իրենց նախաձեռնությամբ մեծ թվով անհատներ նորից սկսել են հաճախել ժողովի հանդիպումներին։ Նրանք գիտակցում են, որ 91–րդ սաղմոսում նկարագրված հոգևոր ապահովությունն ունենալու համար անհրաժեշտ է Եհովայի կազմակերպության հետ սերտ համագործակցության մեջ լինել։ Նրանցից ոմանք հիմա արդեն պատրաստ են նորից մասնակցելու քարոզչական ծառայությանը։ Եթե ուրիշներն էլ, ովքեր ոչ ակտիվ են դարձել, այս ամիս ներկա գտնվեն Հիշատակի երեկոյին, հնարավոր է նրանք էլ ընդունեն Աստվածաշունչն ուսումնասիրելու առաջարկը։ Տվյալ պարագայում երեցները կհանձնարարեն որևէ քարոզչի այդ անհատի հետ ուսումնասիրություն անցկացնել։ Եթե ձեզ խնդրել են նման օգնություն ցույց տալ, ապա ձեր համագործակցությունը մեծապես կգնահատվի (Հռովմ. 15։1, 2)։
12 Շարունակեք «ջանք թափե[լ] բարի գործեր կատարելու»։ Շատերը, ովքեր մեկ կամ ավելի ամիսներ ենթառահվիրա են ծառայել, հաջորդ ամիսներին էլ կարողացել են քարոզչական ծառայությանը շատ ժամեր են տրամադրել։ Ինչպե՞ս։ Նրանք հանդիպել են հետաքրքրվող անհատների, որոնց այցելելու անհրաժեշտություն է առաջացել։ Ելնելով դրանից՝ նրանք հավելյալ ջանքեր են գործադրել՝ հաճախակի դուրս գալու ծառայության, որպեսզի այցելեն նրանց և օգնեն։ Ոմանց հետ հաջողվել է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել. դա էլ է օգնել, որպեսզի նրանք ավելի մեծ մասնակցություն ունենան քարոզչական գործում։
13 Ոմանց էլ այն աստիճանի է ուրախացրել քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին ավելի շատ մասնակցելը, որ սկսել են մտածել, թե որն է կյանքում իրենց համար առաջնայինը։ Արդյունքում՝ որոշ քարոզիչներ կարողացել են կրճատել իրենց աշխատաժամերը և անցնել ենթառահվիրայական ծառայության։ Ուրիշներն էլ ի վիճակի են եղել լիաժամ ռահվիրայություն սկսել՝ շնորհիվ այն բանի, որ ավելի շատ ապավինել են Աստծուն, և ոչ թե աշխարհին։ Նրանք համոզվել են, որ «առատաձեռն» լինելը, ինչպես նաև ճշմարտությունից «ուրիշին էլ բաժին հանել[ու]» պատրաստ լինելը բերում է Եհովայի մեծ օրհնությունները և ամրապնդում է «ճշմարիտ կեանքը» վայելելու իրենց հույսը (Ա Տիմոթ. 6։18, 19)։ Իհարկե, որքան շատ լինեն ռահվիրաները, այնքան շատ կլինեն օգուտները ողջ ժողովի համար։ Սովորաբար ռահվիրաները սիրում են պատմել իրենց ծառայությունից և հրավիրում են ուրիշներին՝ համագործակցելու իրենց հետ։ Այս ամենի շնորհիվ՝ ժողովում հոգևոր առողջ մթնոլորտ է ստեղծվում։
14 Թող որ մեզանից յուրաքանչյուրը ‘բարի գործերով հարստանա’ ոչ միայն Հիշատակի երեկոյին նախորդող ու հաջորդող ամիսների ընթացքում, այլև հետագայում էլ՝ ավելի շատ մասնակցություն ունենալով քրիստոնեական ծառայության մեջ։ Եկեք ցույց տանք մեր գնահատանքը այն ամենի հանդեպ, ինչ Եհովան արել է մեզ համար՝ տալով արդար նոր աշխարհում հավիտյան ապրելու հույսը (Բ Պետ. 3։13)։