Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 2/02 էջ 3–6
  • ‘Քարոզեք Աստծո Խոսքը’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Քարոզեք Աստծո Խոսքը’
  • 2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Հիմնովին վկայություն տուր բարի լուրի մասին»
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Շարունակիր պատմել Եհովայի հրաշալի գործերի մասին
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Քարոզիր և հիմնովին վկայություն տուր
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Կծառայե՞ս ենթառահվիրա
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2002 Մեր թագավորական ծառայությունը
km 2/02 էջ 3–6

‘Քարոզեք Աստծո Խոսքը’

1 Երբ ինչ–որ մեկի հանդեպ երախտագիտության զգացումով եք լցվում, չե՞ք արտահայտում դա ձեր վերաբերմունքով ու գործերով։ Անշուշտ, այդպես եք անում։ Տեսնենք, թե Պողոս առաքյալն ինչպես արձագանքեց մարդկանց հանդեպ Եհովայի դրսևորած բարության ու ողորմության համար։ Նա բացականչեց. «Շնորհակալութիւն Աստուծուն նորա անպատմելի պարգեւի համար»։ Ի՞նչ է իր մեջ բովանդակում այդ «անպատմելի պարգեւը». «Աստուծոյ [մեզ տված] այն առատ շնորհքը», որի մեծագույն դրսևորումն էր մեր մեղքերի դիմաց իր Որդու պարգևը՝ որպես փրկանք (Բ Կորնթ. 9։14, 15, ԱԹ; Յովհ. 3։16)։

2 Արդյո՞ք Պողոսի երախտագիտության արտահայտումը դատարկ խոսքեր էին։ Բոլորովին էլ ոչ։ Նա շատ կերպերով արտահայտեց երախտագիտության իր խոր զգացումը։ Պողոսը չափազանց մտահոգվում էր քրիստոնյա իր հավատակիցների հոգևոր բարօրությամբ և կամենում էր իր ձեռքից եկածն անել՝ օգնելու նրանց Աստծո տված շնորհից լիարժեք օգուտներ քաղել։ Այս քրիստոնյաների մասին նա ասաց. «Նոյն ձեւով մենք էլ գթացինք ձեզ. յօժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծու Աւետարանը, այլեւ մեր անձը, քանի որ մեր սիրելիներն էիք եղել» (Ա Թեսաղ. 2։8)։ Բացի այն, որ Պողոսն օգնում էր ժողովի անդամներին փրկության հասնել, նա նաև անխոնջաբար քարոզում էր բարի լուրը՝ կտրել–անցնելով հազարավոր մղոններ՝ գտնելու նրանց, «ովքեր սահմանուած էին յաւիտենական կեանքի համար» (Գործք 13։48)։ Պողոսի երախտագիտության խոր զգացումն այն ամենի համար, ինչ արել էր նրան Եհովան, մղում էր իրեն ամեն ջանք ներդնել՝ «քարոզելու Աստծու խօսքը» (Կող. 1։25)։

3 Մի՞թե երախտապարտ չենք Եհովային իր արած բոլոր բարիքների համար, և մի՞թե մեր երախտագիտությունը չի մղում մեզ հոգևոր աջակցություն ցույց տալ նրանց, ովքեր օգնության կարիք ունեն ժողովում (Գաղ. 6։10)։ Մի՞թե այն չի մղում մեզ հնարավորին չափ լիարժեք մասնակցություն բերել մեր տարածքով մեկ Թագավորության բարի լուրը քարոզելու գործում (Մատթ. 24։14)։

4 Երախտագիտությունն արտահայտելու հնարավորություն։ Ամեն տարի Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն մեզ հատուկ հնարավորություն է ընձեռում մեր երախտագիտությունն արտահայտելու այն ամենի համար, ինչ որ Եհովան ու Հիսուսն արել են մեզ համար։ Այդ Երեկոն պարզապես ժողովի հերթական հանդիպում չէ կամ էլ լոկ իրադարձություն։ Հիսուսն ասաց. «Այս արէ՛ք իմ հիշատակի համար» (Ղուկ. 22։19)։ Քրիստոսի մահվան հիշատակը առիթ է տալիս մեզ՝ խորհրդածելու այն մասին, թե ինչպիսի անձնավորություն է Հիսուսը, գիտակցելու, որ նա կենդանի է ու գործում է այսօր՝ ունենալով փառք և իշխանություն, որ տրվել է նրան իր հավատարմության ու կատարած զոհագործության դիմաց։ Այս տոնակատարությունը նաև մի հնարավորություն է՝ ցույց տալու մեր հնազանդությունը Քրիստոսի գլխավորությանը, քանի որ նա է ղեկավարում քրիստոնեական ժողովի գործունեությունը (Կող. 1։17–20)։ Մեզանից յուրաքանչյուրը իր հարգանքը ցույց կտա՝ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին ներկա լինելով։ Այս տարի այն կանցկացվի մարտի 28–ին՝ հինգշաբթի օրը, արևամուտից հետո։

5 Անցած տարի ներդրված ջանքերի շնորհիվ Հայաստանում այս իրադարձությանը ներկա էին 18 010 հոգի։ Քանի՞ հոգի ներկա կլինի այս տարի։ Շատ բան կախված է նրանից, թե որքանով ‘կտքնենք’՝ օգնելու հնարավորին չափ շատ մարդկանց ներկա լինել այդ օրը (Ա Տիմոթ. 4։10)։

6 Տիրոջ Ընթրիքին ներկա գտնվելուց բացի՝ լավ կլինի, եթե կարողանանք ընդարձակել մեր քարոզչական ծառայությունը։ Անկասկած, տասնյակ հազարավոր քույրեր և եղբայրներ մեկ կամ մի քանի ամիս կծառայեն որպես ենթառահվիրա։ Անցած տարի Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում՝ մարտից մինչև մայիս ամիսները, Հայաստանում 2 223 հոգի ենթառահվիրայական ծառայություն վերցրեցին։ Կարո՞ղ եք այս տարի ձեր գործերն այնպես կարգավորել, որ օգտվեք այդպիսի հնարավորությունից։ Դա հիանալի միջոց է՝ ցույց տալու ձեր անկեղծ գնահատանքը Աստծո սիրալիր պարգևի՝ Քրիստոսի զոհաբերության համար։ Կարող եք վստահ լինել, որ Եհովան կօրհնի ձեզ, ինչն այժմ կտեսնենք հետևյալ օրինակներից։

7 Մի քույր, որն աշխատում է լրիվ աշխատանքային օրով, անցած տարի մարտ ամսին ենթառահվիրայի իր ծառայության մասին գրում է. ««Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2001 թ. փետրվարի համարը քաջալերում էր յուրաքանչյուրին, ում հանգամանքները թույլ էին տալիս, Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող ամիսներին ծառայել որպես ենթառահվիրա։ Քանի որ մարտն ուներ հինգ շաբաթ օր, ես կարող էի ինձ հարմար գրաֆիկ կազմել։ Ուստի որոշեցի ենթառահվիրայության դիմում լրացնել»։ Սկսելով այդ ամիս իր ծառայությունը՝ նա նպատակ դրեց Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Հաջողվե՞ց դա նրան։ Այո, հաջողվեց իր 52–ժամյա ծառայության ընթացքում։ Քույրը այսպիսի եզրակացության է գալիս. «Հիանալի օրհնություններ կստանանք, եթե գործադրենք մեր ողջ ջանքերը»։

8 Իսկ ի՞նչ օգուտներ են ստանում ընտանիքի անդամները, երբ բոլորը միասին ծառայում են որպես ռահվիրա։ Մի ընտանիքի չորս անդամներն էլ անցած ապրիլ ամսվա ընթացքում ռահվիրա ծառայեցին։ Ինչպես ասում են նրանք, այդ ամիսը ընդմիշտ կմնա նրանց հիշողության մեջ։ «Յուրաքանչյուր օրվան լավատեսորեն էինք նայում,— պատմում է ընտանիքի մայրը,— քանի որ միավորված էինք ծառայության մեջ։ Ընթրիքը շատ ավելի ուրախ էր անցնում, երբ զրուցում էինք ամեն օրվա մեր ծառայության մասին»։ Որդին ասում է. «Հաճելի էր համագործակցել հորս հետ շաբաթվա ընթացքում, երբ նա սովորաբար աշխատում է»։ Իսկ հայրն ավելացնում է. «Որպես ընտանիքի գլուխ՝ ես բավականության զգացումով էի լցվել, գիտակցելով, որ բոլորս միասին մասնակցում էինք մեր ժամանակներում ամենակարևոր գործունեությանը»։ Կարո՞ղ եք դուք էլ ձեր ընտանիքի անդամներով ռահվիրա ծառայել։ Ինչո՞ւ միասին չքննարկել այս հարցը և տեսնել, թե արդյոք հնարավոր չէ՞ ընտանյոք հանդերձ ենթառահվիրա ծառայել Հիշատակի երեկոյի այդ ամիսներին։

9 Կարո՞ղ ենք մարտ ամիսը երբևէ եղածներից լավագույնը դարձնել։ 2000 թ. սկզբներին «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում հետևյալ հարցն էր ուղղվել. «Կարո՞ղ ենք 2000 թ. ապրիլ ամիսը երբևէ եղածներից լավագույնը դարձնել»։ Ինչպիսի՞ն եղավ արձագանքը։ Նոր արդյունքները գերազանցեցին նախորդին։ Ապրիլ ամսին ենթառահվիրաների բարձրագույն թիվը գրանցվեց՝ 1 082։ Բացի այդ, գրանցվեցին նաև ժամերի ու վերայցելությունների բարձրագույն թվեր։ Հիշո՞ւմ եք, թե այդ առանձնահատուկ ամսվա ընթացքում հոգևոր գործունեության շնորհիվ ինչ խանդավառությամբ էր լցվել ձեր ժողովը։ Կարո՞ղ ենք այս տարի հասնել և նույնիսկ գերազանցել անցած տարվա տվյալներին։ Բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ 2002 թ. մարտ ամիսը կարող է դառնալ «երբևէ եղածներից լավագույնը»։ Իսկ ինչո՞ւ մարտ ամիսը։

10 Թե ինչու մարտ ամիսը պետք է քարոզչական գործունեության առանձնահատուկ ամիս լինի, կա երկու պատճառ։ Նախ՝ Հիշատակի երեկոն տեղի է ունենալու մարտի վերջին, ինչը մեծ հնարավորություն է ստեղծում դեռ ամսվա սկզբից այդ իրադարձությանը հնարավորին չափ շատ մարդ հրավիրել։ Եվ հետո՝ այս տարի մարտը ունի հինգ շաբաթ և կիրակի օր, ինչը հեշտացնում է աշխատողների և սովորողների համար ենթառահվիրա ծառայելը։ Ինչո՞ւ հիմա ևեթ չնստել ու գործնական գրաֆիկ չկազմել՝ օգտագործելով ներդիրում բերված օրացույցը։ Ենթառահվիրա ծառայելը կարող է շատ ավելի հեշտ լինել, քան դուք կարծում եք։ Օրինակ՝ որպեսզի լրացնեք պահանջվող հիսուն ժամը, կարող եք ծրագրել ութ ժամ ծառայել շաբաթ և կիրակի օրերին, իսկ մնացած տաս ժամը բաշխել ամսվա մյուս օրերի մեջ։

11 Ի՞նչ կարող են անել երեցները, որպեսզի օգնեն ժողովի բոլոր անդամներին լիարժեք չափով «քարոզելու Աստծու խօսքը»։ Նրանք կարող են քարոզիչներին ոգևորել հանդիպումների ժամանակ ներկայացվող իրենց ելույթներով և նրանց հետ անհատապես զրուցելիս։ Ժողովի գրքի ուսումնասիրության ղեկավարները կարող են նախաձեռնություն վերցնել՝ զրուցելու խմբի յուրաքանչյուր անդամի հետ և անհատական օգնություն առաջարկել։ Մի քանի քաջալերական խոսքը կամ գործնական խորհուրդը կարող է լինել հենց այն, ինչը որ անհրաժեշտ է (Առակ. 25։11)։ Շատերը կհամոզվեն, որ, իրենց գրաֆիկում փոքր փոփոխություններ մտցնելով, կկարողանան օգտվել ենթառահվիրա ծառայելու առանձնաշնորհումից։ Մի շարք ժողովներում երեցներից և ծառայողական օգնականներից շատերը, եթե ոչ բոլորը, իրենց կանանց հետ միասին, հիանալի օրինակ են թողել մյուսներին՝ Հիշատակի երեկոյից առաջ և հետո ընկած ժամանակաշրջանում ենթառահվիրայական ծառայության անցնելով։ Դա խրախուսել է բազում քարոզիչների նրանց միանալ։ Առողջական խնդիրների կամ ուրիշ հանգամանքների պատճառով քարոզիչներից ոմանք հնարավոր է չկարողանան ռահվիրա ծառայել, բայց նրանց կարելի է քաջալերել, որ իրենց գնահատանքն արտահայտեն՝ ժողովի անդամների հետ համագործակցելով այնքան, ինչքան կարող են։

12 Հաջողությունը կախված է նրանից, թե երեցները ինչ ուշադրությամբ ծրագիր կկազմեն։ Քարոզչական ծառայության հանդիպումները պետք է պլանավորվեն շաբաթվա մեջ՝ հարմար ժամերին։ Հնարավորության դեպքում ծառայողական վերակացուն նախօրոք կնշանակի համապատասխան եղբայրներ, որոնք կանցկացնեն բոլոր քարոզչական հանդիպումները։ Հարկավոր է լավ պատրաստվել, որպեսզի այս հանդիպումները լինեն 10–15 րոպե տևողությամբ, ներառյալ նաև խմբերի բաժանելը, տարածք նշանակելն ու աղոթելը (Տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2001 թ. սեպտեմբերի համարում «Հարցերի արկղը»)։ Ամսվա քարոզչական հանդիպումների ցուցակը պետք է ներկայացվի ժողովին և փակցվի հայտարարությունների տախտակին։

13 Հարկավոր է նաև հոգ տանել համապատասխան տարածքների մասին։ Ծառայողական վերակացուն պետք է առանձին հանդիպում ունենա տարածքների համար պատասխանատու եղբոր հետ, որպեսզի կարգավորեն ոչ հաճախակի քարոզվող տարածքների հարցը։ Հատկապես ուշադրություն պետք է դարձնել տնից տուն և խմբակային ծառայության վրա, այցելել այն բնակարանները, որոնց բնակիչներին չի հաջողվել հանդիպել և ծառայության դուրս գալ երեկոյան ժամերին։

14 Օգնեք նրանց նորից ծառայել։ Ձեր ժողովի տարածքում կա՞ն քարոզիչներ, որոնք այլևս ակտիվ չեն բարի լուրի քարոզչության գործում։ Այդպիսիները դեռևս ժողովի անդամներ են և աջակցության կարիք ունեն (Սաղ. 119։176)։ Քանի որ այս հին աշխարհի վերջը մոտ է, իսկ նոր աշխարհը մեր առջևում է, մենք պատճառ ունենք ամեն ջանք գործադրելու, որպեսզի օգնենք բոլոր նրանց, ովքեր ոչ ակտիվ են դարձել (Հռովմ. 13։11, 12)։ Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում շատերն են արձագանքել առաջարկված օգնությանը և վերականգնել են իրենց քարոզչական գործունեությունը։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք շատերին վերագտնել նախկինում իրենց ունեցած սերն ու վստահությունը (Եբր. 3։12–14)։

15 Երեցների խորհուրդը կքննարկի այն հարցը, թե ինչպես կարելի է օգնել վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ ակտիվ դարձած քարոզիչներին (Մատթ. 18։12–14)։ Քարտուղարը պետք է ստուգի քարոզիչների հաշվետվության քարտերը և նկատի առնի նրանց, ովքեր այլևս ակտիվ չեն։ Հատուկ ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի նրանց աջակցություն ցույց տալու նպատակով հովվական այցելություն կատարվի։ Երեցներից յուրաքանչյուրը կարող է այցելել նրանց, ում մոտիկից է ճանաչում, կամ էլ խնդրել մեկ ուրիշ քարոզչի՝ դա անելու։ Հնարավոր է ոչ ակտիվ քարոզիչը լինի այն անձնավորությունը, որի հետ նախկինում Աստվածաշունչ եք ուսումնասիրել, և որն այժմ գուցե օգնության կարիք ունի և սիրով կողջունի ձեր առաջարկը։ Հուսով ենք, որ ոչ ակտիվ եղողներից շատերը նորից կմղվեն Աստծո Խոսքը քարոզելու։ Եթե նրանք որակելի են, ապա նրանց համար քարոզել սկսելու ամենահարմար ժամանակը կարող է լինել Հիշատակի երեկոյի ժամանակաշրջանը (հավելյալ մանրամասնությունների համար տես «Հարցերի արկղը» «Մեր թագավորության ծառայությունը» թերթիկի 2000 թ. նոյեմբերի համարում)։

16 Իսկ մյուսները համապատասխանո՞ւմ են քարոզիչ լինելու պահանջներին։ Եհովան շարունակում է օրհնել իր ժողովրդին՝ իր «տուն» բերելով «բոլոր ազգերի ցանկալիքը» (Անգէ 2։7)։ Ամեն տարի հազարավոր մարդիկ դառնում են չմկրտված քարոզիչներ։ Ովքե՞ր են նրանք։ Եհովայի վկաների երեխաները, ինչպես նաև Աստվածաշնչի ուսումնասիրության մեջ առաջադիմողները։ Ինչպե՞ս իմանանք՝ նրանք համապատասխանո՞ւմ են բարի լուրի քարոզիչ դառնալու պահանջներին, թե՝ ոչ։

17 Եհովայի վկաների երեխաները։ Տարիներ շարունակ բազմաթիվ երեխաներ ընկերակցել են իրենց ծնողներին տնից տուն ծառայության ժամանակ, սակայն նրանք դեռևս չեն դարձել չմկրտված քարոզիչներ։ Մարտ ամիսը կարող է հարմար ժամանակ լինել՝ այդ քայլին դիմելու։ Ինչպե՞ս իմանալ, որ երեխան համապատասխանում է չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին։ «Կազմակերպված կատարենք մեր ծառայությունը» գրքի 100–րդ էջում ասվում է, որ երեխան կարող է չմկրտված քարոզիչ դառնալ այն դեպքում, «երբ օրինակելի վարք ունենա և կարողանա անձամբ արտահայտել իր հավատը՝ խոսել ուրիշների հետ բարի լուրի մասին՝ իր ցանկությունից մղված»։ Եթե կարծում եք, որ ձեր երեխան ունի համապատասխան որակավորումները, զրուցեք ժողովի Ծառայողական կոմիտեի երեցներից մեկնումեկի հետ։

18 Աստվածաշունչ ուսումնասիրողները։ Աստվածաշունչն ուսումնասիրելով ու ժողովի հանդիպումներին որոշ ժամանակ հաճախելով՝ անհատը կարող է ցանկանալ Թագավորության քարոզիչ դառնալ։ Եթե նման անձնավորության հետ ուսումնասիրություն եք անցկացնում, նկատի առեք հետևյալ հարցերը. իր տարիքին ու ընդունակություններին համապատասխան առաջադիմություններ անո՞ւմ է արդյոք նա։ Պատմո՞ւմ է ուրիշներին իր հավատի մասին։ Հագնո՞ւմ է արդյոք «նոր մարդը» (Կող. 3։10, ԱԹ)։ Համապատասխանո՞ւմ է «Մեր ծառայությունը» գրքի 97–98 էջերում բերվող չմկրտված քարոզչի համար պահանջվող որակավորումներին։ Եթե այո, ապա պետք է այդ մասին տեղյակ պահեք ժողովի Ծառայողական կոմիտեին, որ երկու երեց ձեր և ուսումնասիրող անհատի հետ միասին հանդիպում ունենան։ Եթե նա իսկապես ունի անհրաժեշտ որակավորումները, երեցները կհայտնեն նրան, որ նա արդեն կարող է մասնակցել քարոզչական ծառայությանը։

19 Ի՞նչ կարելի է ասել ապրիլ և մայիս ամիսների մասին։ Սրանք նույնպես կլինեն քարոզչական ծառայությունն ընդլայնելու հատուկ ամիսներ։ Շատերը, ովքեր ենթառահվիրա կծառայեն մարտ ամսին, հնարավոր է ի վիճակի լինեն շարունակել այն ապրիլ ու (կամ) մայիս ամիսներին։ Այս ամիսների ընթացքում ծառայության մեջ առաջնահերթությունը կտանք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի տարածմանը։ Որքա՜ն օգտակար են եղել այս պարբերագրերը այն մարդկանց համար, ովքեր կարդացել են դրանք։ Շնորհիվ այս պարբերագրերի ամբողջ աշխարհով մեկ ապշեցուցիչ աճ է նկատվել։ Հատուկ ջանքեր կներդրվեն՝ ապրիլ և մայիս ամիսներին պարբերագրեր առաջարկելու հնարավորին չափ շատ մարդկանց։ Այս գործունեությանը լիարժեք մասնակցելու համար հիմա արդեն ծրագիր կազմեք։

20 Քարոզչական գործունեությունը ընդարձակելու հետ միաժամանակ արդյոք ավելի շատ պարբերագրերի կարիք չի՞ առաջանա։ Ամբողջ ծառայողական տարվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր մենք տարածում ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Սակայն, քանի որ դրա հետ մեկտեղ երկու լրիվ ամիս շատերը կծառայեն որպես ենթառահվիրա, գուցե անհրաժեշտ լինի ավելի շատ պարբերագրեր պատվիրել ժողովում։ Եթե նման կարիք զգացվի, անհապաղ հայտնեք դրա մասին ձեր ժողովում պարբերագրերի համար պատասխանատու եղբորը։ Միևնույն ժամանակ գրականության համար պատասխանատու եղբայրը կտեսնի, թե արդյոք բավական քանակությամբ կա՞ «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկից, որպեսզի բոլորը կարողանան օգտագործել այն ծառայության մեջ։

21 Շատերը իրենց երախտագիտությունն են հայտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տեղ գտած «Ինչպես առաջարկել պարբերագրերը» խորագրի համար։ Փորձե՞լ եք օգտագործել այս խորագրի տակ առաջարկվող մատուցումները։ Ինչո՞ւ շաբաթական Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրության ժամանակ չցուցադրել այս մատուցումները։

22 Լիովին օգտվենք Հիշատակի երեկոյի ընձեռած հնարավորությունից։ Պողոս առաքյալի նման եկեք մենք էլ ցույց տանք Եհովային, թե որքան երախտապարտ ենք «նորա անպատմելի պարգեւի» համար՝ լիովին մասնակցելով այս տարի Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում ծրագրված հոգևոր գործունեությանը։ Վերջինիս մեջ ընդգրկվում է ա) ներկա գտնվել տարվա ամենակարևոր իրադարձությանը՝ Տիրոջ ընթրիքին, որ կկայանա մարտի 28–ին, հինգշաբթի օրը, բ) օգնել ոչ ակտիվ քարոզիչներին՝ վերականգնելու իրենց «առաջին սէրը» (Յայտն. 2։4; Հռովմ. 12։11), գ) աջակցություն ցույց տալ մեր երեխաներին և Աստվածաշունչն ուսումնասիրող անհատներին դառնալ չմկրտված քարոզիչներ, և դ) հնարավորին չափ շատ մասնակցել Ավետարանը քարոզելու գործունեությանը, մարտ և հաջորդ ամիսներին նույնիսկ որպես ենթառահվիրա ծառայել (Բ Տիմոթ. 4։5)։

23 Մենք սրտանց աղոթում ենք, որ Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող այս շրջանում մեզանից յուրաքանչյուրը լիարժեք մասնակցություն ունենա Թագավորության բարի լուրը քարոզելու գործում և այդպիսով ցույց տա իր խոր երախտագիտությունն այն ամենի համար, որ արել է Եհովան մեզ համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը