«Հիմնովին վկայություն տուր բարի լուրի մասին»
1. Ի՞նչ է ընդգրկում այն բարի լուրը, որի մասին մենք պետք է քարոզենք։
1 Այս աշխարհում, որտեղ մարդիկ լավ լուրեր քիչ են լսում, մենք առանձնաշնորհում ունենք «հիմնովին վկայություն տալու Աստծու անարժան բարության բարի լուրի մասին» (Գործ. 20։24)։ Մենք հայտնում ենք, որ «վերջին օրերը» շուտով կփոխարինվեն Եհովայի արդար նոր աշխարհով, որտեղ «նախկին բաներն անցած կլինեն» (2 Տիմոթ. 3։1–5; Հայտն. 21։4)։ Այդ ժամանակ հիվանդություններ չեն լինի (Ես. 33։24)։ Մեր մահացած սիրելիները հարություն կառնեն և նորից կմիանան իրենց ընտանիքի անդամների ու ընկերների հետ (Հովհ. 5։28, 29)։ Ամբողջ երկիրը կվերածվի հրաշալի դրախտի (Ես. 65։21–23)։ Սրանք մի քանիսն են այն լավ լուրերից, որոնց մասին մենք պետք է քարոզենք ուրիշներին։
2. Ինչո՞ւ են Հիշատակի երեկոյի ժամանակաշրջանում հիանալի հնարավորություններ բացվում բարի լուրը քարոզելու համար։
2 Մարտ, ապրիլ և մայիս ամիսներին մենք հիանալի հնարավորություններ ունենք հռչակելու այդ բարի լուրը։ Քանի որ այս ամիսներին երկրի շատ մասերում լավ եղանակ է լինում, և օրերն ավելի են երկարում, բարենպաստ պայմաններ են ստեղծվում ավելի երկար ծառայելու համար։ Բացի դա, տարվա ամենակարևոր իրադարձությունը՝ Հիշատակի երեկոն, ամբողջ աշխարհում կանցկացվի մարտի 22–ին՝ շաբաթ օրը՝ մայրամուտից հետո։ Հիմա է ժամանակը, որ սկսենք նախապատրաստվել ավելի շատ ծառայելու համար։
3. Ի՞նչը կօգնի ընտանիքի անդամներին ավելի շատ ծառայել։
3 Ենթառահվիրայություն։ Կարո՞ղ ես այնպիսի գրաֆիկ կազմել, որպեսզի ենթառահվիրա ծառայես մեկ, երկու կամ բոլոր երեք ամիսների ընթացքում։ Թերևս ժամանակ հատկացնեք ձեր հաջորդ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում այս հարցը քննարկելուն։ Լավ համագործակցության շնորհիվ ընտանիքի անդամներից մեկը կամ մի քանիսը գուցե կարողանան ծառայել որպես ենթառահվիրա (Առակ. 15։22)։ Աղոթիր դրա մասին և կտեսնես, թե ինչպես Եհովան կօրհնի քո ջանքերը (Առակ. 16։3)։ Նույնիսկ եթե ընտանիքի անդամներից ոչ ոք չկարողանա ենթառահվիրա ծառայել, բոլորը կարող են հատուկ նպատակ դնել ավելի շատ ծառայելու՝ համագործակցելով նրանց հետ, ովքեր կարող են ենթառահվիրա ծառայել։
4. Իչնպե՞ս կարող ենք մեր գործերն այնպես կազմակերպել, որպեսզի ենթառահվիրա ծառայենք, եթե աշխատում ենք լրիվ աշխատանքային օր։
4 Անգամ եթե լրիվ աշխատանքային օր ես աշխատում, լավ գրաֆիկը հնարավորություն կտա քեզ ենթառահվիրա ծառայել։ Գուցե ծառայելու համար կարողանաս օգտագործել ճաշի ընդմիջման ժամանակի մի մասը։ Կամ կարող ես այնպիսի տարածք վերցնել, որը գտնվում է քո տան կամ աշխատավայրի մոտակայքում, և ծառայել մոտ մեկ ժամ աշխատանքից առաջ կամ հետո։ Հավանաբար կարողանաս ժամանակ շահել՝ ոչ կարևոր գործերն անելով մեկ ուրիշ ամսվա ընթացքում և ամբողջ շաբաթ և կիրակի օրերն անցկացնել ծառայության մեջ։ Ոմանք մեկ կամ երկու օր արձակուրդ են վերցրել քարոզչական ծառայությանը մասնակցելու համար։
5. Ինչպե՞ս կարող ես օգնել տարեցներին կամ տկարներին ծառայելու որպես ենթառահվիրա։
5 Եթե տարեց ես կամ տկար, կամ էլ ունես սահմանափակ կարողություններ, դու կարող ես ենթառահվիրա ծառայել՝ ծառայությանը ամեն օր կարճ ժամանակ տրամադրելով։ Խնդրիր Եհովային, որպեսզի տա քեզ «սովորականին գերազանցող զորությունը» (2 Կորնթ. 4։7)։ Մի քույր կարողացավ ենթառահվիրա ծառայել 106 տարեկան հասակում։ Իր քրիստոնյա հարազատների և ժողովի անդամների օգնությամբ նա տնից տուն էր ծառայում, վերայցելություններ էր անում, գնում էր աստվածաշնչյան ուսումնասիրությունների և մասնակցում ծառայության այլ ձևերի։ Նրա օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց 10 մարդկանց հետ։ «Երբ մտածում եմ այն մասին, որ ունեցա հրաշալի հնարավորություն ծառայելու որպես ենթառահվիրա,— ասում է նա,— իմ սիրտը լցվում է սիրով ու երախտագիտությամբ Եհովայի, նրա Որդու և Նրա սիրառատ կազմակերպության նկատմամբ։ Ես իրոք ուզում եմ բացականչել. «Շնորհակալությո՛ւն, Եհո՛վա»»։
6. Ի՞նչը հնարավորություն կտա դպրոցական մկրտված պատանիներին ենթառահվիրա ծառայել։
6 Եթե մկրտված պատանի ես և դեռ սովորում ես դպրոցում, ապա նույնպես կարող ես ենթառահվիրայական ծառայություն սկսել։ Ինչպեսև նրանք, ովքեր աշխատում են լրիվ աշխատանքային օր, դու հավանաբար նույնպես կկարողանաս ծառայություն ծրագրել գլխավորապես շաբաթ և կիրակի օրերին։ Հավանաբար քեզ էլ կհաջողվի մոտ մեկ ժամ ծառայել դպրոցից հետո կամ ուրիշ օրերին։ Լինելո՞ւ են դպրոցական արձակուրդային օրեր, որոնք կարող ես օգտագործել ծառայության համար։ Եթե ցանկանաս ենթառահվիրա ծառայել, ապա ասա այդ մասին ծնողներիդ։
7. Ի՞նչ կարող են անել երեցները՝ Հիշատակի երեկոյի ժամանակաշրջանում քարոզիչների մեջ խանդավառություն առաջացնելու համար։
7 Խանդավառություն առաջացրու։ Երեցներն իրենց օրինակով կարող են մեծապես նպաստել, որ ժողովի անդամների մեջ խանդավառություն առաջանա (1 Պետ. 5։2, 3)։ Նրանք գուցե որոշեն լրացուցիչ քարոզչական ծառայության հանդիպումներ ծրագրել նրանց համար, ովքեր ծառայելու են առավոտյան ժամերին, դպրոցից կամ աշխատանքից հետո։ Ծառայողական վերակացուն պետք է հոգ տանի, որ քարոզչական ծառայության հանդիպումներն անցկացնելու համար նշանակվեն փորձառու քարոզիչներ և որ լինեն բավականաչափ ծառայության տարածքներ, ինչպես նաև գրականություն և պարբերագրեր՝ այդ ամիսներին ակտիվորեն ծառայելու համար։
8. Ի՞նչ ենք սովորում մի ժողովի օրինակից։
8 Ժողովներից մեկում երեցները սկսեցին մի քանի ամիս առաջ խրախուսել քարոզիչներին ենթառահվիրայական ծառայություն սկսել։ Նրանք ամեն շաբաթ հայտարարում էին, թե քանի քարոզիչներ են հավանություն ստացել ծառայելու որպես ենթառահվիրաներ։ Դա վստահեցրեց նրանց, ովքեր ցանկություն ունեին ընդլայնելու իրենց ծառայությունը, որ շատ քարոզիչներ կան, որոնց հետ նրանք կարող են համագործակցել։ Հավելյալ քարոզչական ծառայության հանդիպումներ կազմակերպվեցին վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Արդյունքում՝ 53 քարոզիչներ ապրիլին ենթառահվիրա ծառայեցին. դա ժողովի համարյա կեսն էր։
9. Ինչո՞ւ է Հիշատակի երեկոյի ժամանակաշրջանը հիանալի հնարավորություն տալիս նրանց, ովքեր համապատասխանում են բարի լուրի քարոզիչներ լինելու պահանջներին։
9 Օգնիր ուրիշներին քարոզել։ Երբ նոր անհատները կամ պատանիները համապատասխանում են չմկրտված քարոզիչ դառնալու պահանջներին, փորձառու քարոզիչները կարող են հրավիրել նրանց ծառայության։ Այդպիսի հնարավորություն նրանք կարող են ունենալ Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում, երբ ժողովում շատերն են ընդլայնելու իրենց ծառայությունը։ Կա՞ այնպիսի անհատ, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, որն առաջադիմում է, և որը համապատասխանեցրել է իր կյանքը Եհովայի արդար չափանիշներին։ Ունե՞ս երեխաներ, ովքեր լավ վարք են դրսևորում և առաջադիմություններ են անում, սակայն դեռ մկրտված չեն։ Եթե նրանք ցանկություն են հայտնում դառնալու չմկրտված քարոզիչներ, և դու կարծում ես, որ նրանք պատրաստ են, ապա հայտնիր այդ մասին երեցներից որևէ մեկին։ Նախագահող վերակացուն հոգ կտանի, որպեսզի երկու երեց զրուցեն քո և երեխայի կամ Աստվածաշունչ ուսումնասիրողի հետ։
10. Ինչպե՞ս կարող են երեցները օգնել ոչ ակտիվ քարոզիչներին։
10 Գալիք ամիսները առանձնահատուկ կլինեն նաև ոչ ակտիվ քարոզիչների համար, քանի որ նրանք հնարավորություն կունենան վերսկսելու իրենց համագործակցությունը ժողովի հետ։ Ժողովի Գրքի ուսումնասիրության վերակացուները և մյուս երեցները պետք է մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի այցելեն այդպիսի անհատներին և ջերմորեն հրավիրեն նրանց իրենց հետ ծառայելու։ Եթե նրանք ոչ ակտիվ քարոզիչներ են եղել երկար ժամանակ, ապա երկու երեց պետք է նախ զրուցեն նրանց հետ և որոշեն, թե համապատասխանում են արդյոք նրանք քարոզիչ լինելու պահանջներին (տե՛ս km00 11, էջ 3)։
11. Ո՞րն է «Աստծու անարժան բարության» մեծագույն դրսևորումը։
11 Նախապատրաստվիր Հիշատակի երեկոյին։ Փրկանքը «Աստծու անարժան բարության» մեծագույն դրսևորումն է (Գործ. 20։24)։ Մարտի 22–ին՝ շաբաթ օրը, ամբողջ աշխարհում միլիոնավոր երախտապարտ մարդիկ կհավաքվեն՝ նշելու Քրիստոսի մահվան հիշատակը։ Մենք ցանկանում ենք հրավիրել և օգնել բոլոր անկեղծ սիրտ ունեցող մարդկանց ներկա գտնվելու այս կարևոր իրադարձությանը, որը վկայություն է տալիս Եհովայի՝ մարդկանց հանդեպ ցուցաբերած անարժան բարության մասին։
12. Ո՞ւմ պետք է հրավիրենք Հիշատակի երեկոյին։
12 Կազմիր այն մարդկանց ցուցակը, ում ցանկանում ես հրավիրել։ Անկասկած, ցուցակի մեջ կցանկանաս ընդգրկել հարազատներիդ, հարևաններիդ, նրանց, ում ճանաչում ես դպրոցում կամ աշխատանքի վայրում, նախկինում Աստվածաշունչ ուսումնասիրող անձանց, ներկայումս ուսումնասիրողներին և բոլոր նրանց, ում կանոնավորաբար այցելում ես։ Եթե հրավիրվածներից ոմանք հարցեր ունենան Հիշատակի երեկոյի վերաբերյալ, թերևս օգտվես «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 206–208 էջերի հավելվածից, որը վերաբերում է Հիշատակի երեկոյին։ Դա նույնիսկ կարող է Աստվածաշնչի ուսումնասիրության դուռ բացել, քանի որ հնարավորություն կունենաս ցույց տալու այն հրատարակությունը, որի օգնությամբ մենք Աստվածաշնչի ուսումնասիրություններ ենք անցկացնում։
13. Ինչպե՞ս Եհովան օրհնեց երկու քարոզիչների ջանքերը, ովքեր նպատակ էին դրել հրավիրելու ուրիշներին Հիշատակի երեկոյին։
13 Մի քույր իր ցուցակում ընդգրկել էր 48 ընտանիք։ Նրանց հրավիրելիս նա նշումներ էր անում հրավիրվածների անունների կողքին և գրում էր նրանց հրավիրելու ամսաթիվը։ Որքա՜ն ուրախ էր նա, որ հրավիրվածներից 26–ը եկել էին Հիշատակի երեկոյին։ Մի եղբայր հրավիրեց իր խանութի աշխատողներից մեկին, որը նախկինում քահանա էր եղել։ Այդ մարդը եկավ։ Ավելի ուշ նա ասաց. «Ես մեկ ժամում ավելի շատ բան իմացա Աստվածաշնչից, քան 30 տարվա ընթացքում, երբ կաթոլիկ եկեղեցու անդամ էի»։ Հիշատակի երեկոյից շատ չանցած՝ նա համաձայնվեց ուսումնասիրել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով։
14. Ի՞նչ համաշխարհային քարոզարշավ է սկսվելու մարտի 1–ից։
14 Քարոզարշավ։ Սկսած մարտի 1–ից՝ շաբաթ օրվանից մինչև մարտի 22–ը՝ ամբողջ աշխարհում հատուկ հրավիրատոմսեր են տարածվելու Հիշատակի երեկոյի կապակցությամբ։ Քարոզիչները կցանկանան լիարժեք մասնակցել այս կարևոր քարոզարշավին։ Ավելի լավ կլինի տալ հրավիրատոմսը տանտիրոջը, քան թողնել այն դռան արանքում։ Սակայն եթե ունես ծառայության մեծ տարածք, երեցները գուցե որոշեն, որ կարելի է հրավիրատոմսերը թողնել նրանց համար, ովքեր տանը չեն եղել։ Դրանք կարելի է դնել այնպիսի տեղում, որ անհարկի ուշադրություն չգրավեն։ Շաբաթ և կիրակի օրերին մենք նաև տարածելու ենք ընթացիկ պարբերագրերը։
15. Ինչպե՞ս կարող ենք ներկայացնել Հիշատակի երեկոյի հրավիրատոմսը։
15 Քանի որ քիչ ժամանակ ունենք տարածելու հրավիրատոմսերը, լավ կլինի կարճ մատուցում նախապատրաստել։ Եղիր բարյացակամ և խոսիր խանդավառությամբ։ Օրինակ՝ կարող ես ասել. «Մենք ցանկանում ենք հավաստիանալ, որ դուք, ձեր ընտանիքի անդամները և ձեր ընկերները հրավիրված եք այն կարևոր միջոցառմանը, որը տեղի կունենա մարտի 22–ին։ Այս հրավիրատոմսը ձեզ համար է։ Մանրամասները գրված են հրավիրատոմսի վրա»։ Տանտերը գուցե հարցեր տա։ Կամ նա կարող է վերցնել հրավիրատոմսը և նույնիսկ ասել, որ ներկա կգտնվի։ Նշումներ արա հետաքրքրություն ցույց տված անհատների մասին և վերայցելիր նրանց։
16. Ո՞ր դեպքն է ցույց տալիս Հիշատակի երեկոյի քարոզարշավին մասնակցելու կարևորությունը։
16 Անցած տարի մի զինվորական գտավ Հիշատակի երեկոյի հրավիրատոմսը իր դռան մոտ։ Նա որոշեց ընդունել հրավերը, սակայն պետք է թույլտվություն ստանար իր սերժանտից։ Երբ նա ցույց տվեց հրավիրատոմսը սերժանտին, վերջինս մի պահ լռեց, այնուհետև ասաց, որ իր ծնողները Եհովայի վկաներ են և որ նրանց հետ հաճախ է այցելել ժողովի հանդիպումներին։ Նա ոչ միայն թույլ տվեց զինվորին ներկա լինել, այլ նաև գնաց նրա հետ Հիշատակի երեկոյին։
17. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ չենք կորցրել Աստծու անարժան բարության նպատակը։
17 Ցույց տուր երախտագիտությունդ։ Մոտենում է 2008 թվականի Հիշատակի երեկոյի ժամանակաշրջանը։ Ուստի թող որ մեզանից յուրաքանչյուրը արձագանքի Եհովայի անարժան բարությանը, որը նա ցույց տվեց մեր նկատմամբ։ Պողոս առաքյալը գրեց. «Մենք նաև խնդրում ենք ձեզ, որ Աստծու անարժան բարությունը ընդունելով՝ դուք չկորցնեք դրա նպատակը» (2 Կորնթ. 6։1)։ Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ չենք կորցրել Աստծու անարժան բարության նպատակը։ Պողոսը գրեց. «Այլ բոլոր առումներով ինքներս մեզ երաշխավորում ենք որպես Աստծու ծառայողների» (2 Կորնթ. 6։4)։ Ուստի մենք դրսևորում ենք մեր սերը Եհովայի պարգևի նկատմամբ՝ լավ վարք դրսևորելով և բարի լուրը եռանդորեն քարոզելով։ Հիշատակի երեկոյի այս ժամանակաշրջանում մենք կունենանք գերազանց հնարավորություն ընդլայնելու մեր ծառայությունը՝ հիմնովին վկայություն տալով բարի լուրի մասին։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
Ովքե՞ր կարող են ենթառահվիրա ծառայել
◼ Ընտանիքները
◼ Լրիվ աշխատանքային օր աշխատողները
◼ Տարեցներն ու տկարները
◼ Դպրոցականները
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը տարածելիս
◼ Խոսիր կարճ և խանդավառությամբ
◼ Նշումներ արա հետաքրքրություն ցույց տված մարդկանց մասին և վերայցելիր նրանց
◼ Շաբաթ և կիրակի օրերին տարածիր պարբերագրեր