«Բարին գործենք բոլորի հանդեպ»
1 Այս տարվա փետրվար և մարտ ամիսների՝ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրներում քննարկվեցին «‘Քարոզեք Աստծո Խոսքը’» և «‘Բարի գործերով հարստացեք’» թեմաները (Կող. 1։25; Ա Տիմոթ. 6։18)։ Այդ հոդվածները մեզ քաջալերում էին ամեն ջանք գործադրել՝ օգնելու հետաքրքրվող անհատներին ներկա գտնվել Հիշատակի երեկոյին, ոչ ակտիվ դարձած քարոզիչներին՝ կրկին միանալ ժողովին, իսկ մեր երեխաներին ու համապատասխան որակումներ ունեցող ուսումնասիրող անհատներին՝ սկսել բարի լուրը քարոզել։ Մեր ջանասիրության արդյունքում, անշուշտ, արդեն որոշ հաջողությունների ենք հասել։ Եվ այժմ, «քանի դեռ ժամանակ կայ, [շարունակենք] բարին գործե[լ] բոլորի հանդէպ» (Գաղ. 6։10)։
2 Հրավիրեք կրկին այցելելու։ Հայաստանում նախորդ տարիներին Հիշատակի երեկոյին ներկա լինողներից ավելի քան 11 000–ը բարի լուրի քարոզիչներ չեն։ Քանի որ նրանց ներկայությունը փաստում է, որ նրանք ինչ–որ չափով հետաքրքրված են ճշմարտությամբ, հետևաբար ի՞նչ պետք է անենք մենք, որպեսզի «հավիտենական կյանքի հանդեպ տրամադրված» այս անհատները սկսեն իրենց մեջ հավատ զարգացնել (Գործք 13։48, ՆԱ)։ Առաջին իսկ հնարավորության դեպքում խրախուսեք նրանց այցելելու ժողովի հանդիպումներին։
3 Ինչո՞ւ չհրավիրել հետաքրքրվող անհատին ժողովի Գրքի ուսումնասիրությանը՝ մասնակցելու «Մեծագույն մարդը» գրքի հետաքրքիր քննարկմանը։ Եթե հետաքրքրվողը ձեր հարազատը կամ ծանոթն է, և դուք Աստվածապետական ծառայության դպրոցում ելույթ ունեք, կարող եք հրավիրել նրան գալ ու լսել։ Տեղյակ պահեք նրան, թե հաջորդող շաբաթներին ինչ հանրային ելույթներ են լինելու (ելույթների ցուցակը պետք է փակցված լինի հայտարարությունների տախտակին)։ Առիթներ փնտրեք, որպեսզի նրա մեջ Եհովային ծառայելու ցանկություն արթնացնեք։ Եվ, իհարկե, եթե նա դեռևս Աստվածաշունչ չի ուսումնասիրում ժողովի անդամներից որևէ մեկի հետ, ապա կարող եք սիրալիր կերպով առաջարկել ձեր օգնությունը։
4 Շարունակեք քաջալերել ոչ ակտիվներին։ Չնայած Հիշատակի երեկոյին ներկա եղողների մի մասը արդեն Եհովային նվիրված ծառաներ են, սակայն նրանք դադարել են բարի լուրը ակտիվորեն քարոզելուց։ Այնուամենայնիվ, Պողոսը հորդորում է մեզ «բարին գործե[լ].... մանաւանդ հաւատքի ընտանիներին» (Գաղ. 6։10, ԱԹ)։ Ուստի, մենք գլխավորապես պետք է մտահոգվենք ոչ ակտիվ դարձած քարոզիչներով։
5 Հնարավոր է՝ ոչ ակտիվ քարոզիչներից ոմանք արդեն արձագանքել են երեցների և մյուսների տված քաջալերանքին՝ կրկին մասնակցելու ծառայությանը։ Եթե երեցները նշանակել են ձեզ համագործակցել նրանցից որևէ մեկի հետ, հիշեք, որ Եհովայի և քարոզչական ծառայության հանդեպ ունեցած ձեր սերը վստահություն կներշնչի նրան։ Ձգտիր նրա հետ մասնակցել ծառայության տարբեր ձևերին, որպեսզի նա ուրախություն գտնի դրա մեջ, շարունակի մասնակցել քարոզչական գործին ու ճաշակի Եհովայի օրհնությունները։
6 Օգնեք նոր քարոզիչներին հաջողությամբ սկսելու իրենց ծառայությունը։ Երբ նոր հետաքրքրված մի կին հասկացավ, որ գտել է Աստծո իսկական կազմակերպությունը, ցանկացավ անմիջապես մասնակցել ծառայությանը։ Իմանալուց հետո, թե ինչ է իրենից պահանջվում, նա ասաց. «Հարկավոր է անհապաղ գործի անցնել»։ Եթե ինչ–որ մեկի հետ Աստվածաշունչ եք ուսումնասիրել, և այժմ նա դարձել է չմկրտված քարոզիչ, օգնեք նրան տեսնելու «անհապաղ գործի անցնել[ու]» անհրաժեշտությունը և հաջողությամբ սկսելու իր ծառայությունը։ Օգնեք նրան սովորություն դարձնել քարոզելուն նախօրոք պատրաստվելը և ամեն շաբաթ այդ գործին կանոնավորաբար մասնակցելը։
7 Եթե ձեր երեխան է դարձել չմկրտված քարոզիչ, օգնեք նրան առաջադիմելու՝ իր տարիքի և ընդունակությունների համաձայն։ Բավական է մի փոքր աջակցություն, և նա հնարավոր է ձեզ զարմացնի, թե ինչ հաջողությամբ է մարդկանց հետ զրուցում, կարդում Աստվածաշնչից և գրականություն առաջարկում։ Եթե ծառայության ժամանակ մարդիկ հետաքրքրություն ցույց տան, սովորեցրու նրան, թե ինչպես կարելի է կրկին այցելել հետաքրքրությունը նրանց մեջ զարգացնելու նպատակով։
8 Ընդարձակեք ձեր ծառայությունը։ Ձեր հնարավորությունները թույլ տալի՞ս են ավելի շատ մասնակցելու ավետարանչական գործին նույնիսկ Հիշատակի երեկոյին հաջորդող ու նախորդող ամիսներից հետո։ Կարո՞ղ եք սովորականից մեկ կամ երկու ժամ ավել ծառայել յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում։ Հետևո՞ւմ եք օրացույցին՝ տեսնելու, թե էլ երբ կկարողանաք ծառայել որպես ենթառահվիրա։ Կամ կարո՞ղ եք ձեր կյանքում այնպիսի փոփոխություն մտցնել, որ հաջողվի լիաժամ ծառայության անցնել։ Մեր ներդրած ջանքերը կարող են նպաստել, որ ինչ–որ մեկն էլ ընդունի ճշմարտությունը (Գործք 8։26–39)։ Նայելով առաջ՝ եկեք «միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամուտ [լինենք]» (Ա Թեսաղ. 5։15)։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
Շարունակեք օգնել
□✔ Հիշատակի երեկոյին ներկա եղած անհատներին
□✔ Իրենց ծառայությունը վերսկսած քարոզիչներին
□✔ Չմկրտված նոր քարոզիչներին