Պատրաստակամության ոգի ունենալը օրհնություններ է բերում
1. Ինչպե՞ս Դավիթն ու Նեեմիան պատրաստակամության ոգի դրսևորեցին։
1 Երբ Գողիաթը ծաղրում էր իսրայելացիների բանակին, զինվորներից ոչ ոք պատրաստակամություն չհայտնեց նրա դեմ մարտի դուրս գալու։ Սակայն մի պատանի հովիվ, որը պատերազմի համար վարժված չէր, պատրաստակամություն դրսևորեց կռվելու նրա դեմ (Ա Թագ. 17։32)։ Իսկ երբ հրեաները գերությունից վերադարձան Երուսաղեմ, սակայն չվերաշինեցին քաղաքի պարիսպները, Պարսկաստանի թագավորի մատռվակը, պատրաստակամության ոգի դրսևորելով, թողեց թագավորական պալատում ունեցած իր պատվավոր դիրքը և ճանապարհորդեց դեպի Երուսաղեմ՝ այդ գործը կազմակերպելու համար (Նէեմ. 2։5)։ Եհովան օրհնեց թե՛ Դավթին, թե՛ Նեեմիային՝ նրանց դրսևորած ոգու համար (Ա Թագ. 17։45, 50; Նէեմ. 6։15, 16)։
2. Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է պատրաստակամության ոգի դրսևորեն։
2 Այսօրվա աշխարհում քչերն են պատրաստակամության ոգի դրսևորում։ Այս ‘վերջին օրերում’ մարդիկ անչափ զբաղված են, և շատերը «ինքնասէր» են (Բ Տիմոթ. 3։1, 2)։ Այսօր շատ հեշտ է անչափ կլանված լինել անձնական գործերով և չնկատել այն առիթները, որոնք կարող ենք օգտագործել օգնության կարիք ունեցողներին ձեռք մեկնելու։ Սակայն մենք՝ քրիստոնյաներս, ցանկանում ենք ընդօրինակել Հիսուսին, որը նախաձեռնություն էր վերցնում մարդկանց օգնելու հարցում (Յովհ. 5։5–9; 13։12–15; Ա Պետ. 2։21)։ Ինչպե՞ս կարող ենք պատրաստակամության ոգի դրսևորել և ի՞նչ օրհնություններ կստանանք։
3. Ի՞նչ օգուտներ է բերում պատրաստակամության ոգի դրսևորելը ժողովի հանդիպումների ժամանակ։
3 Ի նպաստ մեր եղբայրների։ Մենք կարող ենք հոգևոր պարգև փոխանցել մյուսներին՝ պատրաստ լինելով մեկնաբանություններ տալ ժողովի հանդիպումներին, երբ ունկնդիրներից ակնկալվում է մասնակցել քննարկումներին (Հռովմ. 1։11)։ Մեկնաբանություններ տալով՝ մենք փառք ենք բերում Եհովային, ճշմարտությունն ավելի է ամրանում մեր մտքում ու սրտում, և մեր հանդիպումները ավելի հաճելի են դառնում (Սաղ. 26։12)։ Մենք նաև կարող ենք պատրաստ լինել ելույթ ունենալու Աստվածապետական ծառայության դպրոցում, երբ որևէ մեկին փոխարինելու կարիք լինի։ Այդպես կբարելավենք մեր ուսուցանելու հմտությունը։
4. Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ենք պատրաստակամության ոգի դրսևորել։
4 Եղբայրները կարող են պատրաստակամության ոգի դրսևորել՝ ձգտելով ժողովում տարբեր պատասխանատվությունների (Ես. 32։2; Ա Տիմոթ. 3։1)։ Բոլորը կարող են նպաստել, որ համաժողովի ծրագիրը կազմակերպված ձևով անցնի՝ պատրաստ լինելով ծառայելու համաժողովի տարբեր բաժիններում։ Երբ մենք ցանկություն ենք հայտնում շրջագայող վերակացուի հետ ծառայելու կամ նրան ճաշի ենք հրավիրում, արդյունքը լինում է այն, որ ‘քաջալերում ենք միմյանց’ (Հռովմ. 1։12, ԱՆԹ)։ Երբ գործնական օգնություն ենք ցույց տալիս ժողովի ծնողազուրկ երեխաներին, այրիներին, հիվանդ ու տկար անհատներին, փոքրիկ երեխաներ ունեցող մայրերին և ժողովի մյուս անդամներին, մեծ ուրախություն ենք ապրում և Եհովայի բարեհաճությանն ենք արժանանում (Առակ. 19։17; Գործք 20։35)։
5. Թագավորության սրահի հետ կապված ո՞ր հարցերում է հարկավոր պատրաստակամ լինել։
5 Պատրաստակամության ոգի դրսևորելու մեկ այլ կերպը Թագավորության սրահը մաքրելու և հոգ տանելու համար մեր ժամանակն ու ջանքերը տրամադրելն է։ Բացի այդ, քանի որ ճշմարտությունն ընդունող մարդկանց թիվը գնալով ավելանում է, նոր Թագավորության սրահների, ինչպես նաև այդ Սրահները կառուցողների կարիք է զգացվում։ Մի զույգ իր օգնությունն առաջարկեց Թագավորության սրահների շինարարության խմբին, չնայած որ շինարարական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ հմտություններ չուներ։ Ժամանակի ընթացքում այս ամուսինները մարզում ստացան և այժմ մասնակցում են աղյուս շարելու գործին։ Կինը նշում է. «Ուս–ուսի աշխատելով մյուսների հետ՝ մենք մտերիմ ընկերներ ձեռք բերեցինք։ Թեև օրվա վերջում ֆիզիկապես հոգնում ենք, սակայն հոգևորապես թարմացած ենք լինում»։
6. Ինչո՞ւ է քարոզչական ծառայությունը համարվում պատրաստակամության ոգի պահանջող ամենակարևոր գործը, որ մենք կարող ենք անել։
6 Քարոզելով։ Այսօր պատրաստակամության ոգի պահանջող ամենակարևոր գործը Թագավորության քարոզչությունն է։ Երբ մարդկանց օգնում ենք հասկանալ և կյանքում կիրառել Աստվածաշնչի խորհուրդները, նրանց կյանքը իմաստով է լցվում, և նրանք կարողանում են ձերբազատվել վատ սովորություններից։ Նրանք սովորում են ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան վառ հույսի մասին։ Մարդկանց Աստվածաշնչի մասին սովորեցնելով՝ մենք կատարում ենք ուրախություն պատճառող կամավոր ծառայություն, որը նրանց մնայուն օգուտներ է բերում (Յովհ. 17։3; Ա Տիմոթ. 4։16)։ Գուցե մեր հանգամանքները թույլ տան մեզ ավելի շատ մասնակցելու այդ գործին՝ ծառայելով որպես ենթառահվիրա կամ ընդհանուր ռահվիրա, տեղափոխվելով այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա, կամ սովորելով մեկ այլ լեզու։
7. Ինչո՞ւ է հատկապես այսօր կարևոր պատրաստակամության ոգի դրսևորելը։
7 Դավիթ թագավորը մարգարեացավ, որ երբ Մեսիան սկսեր իշխել երկնքում, Աստծու ժողովուրդը «յօժար կամքով պատրաստ կ’լին[եր]» իրեն ներկայացնելու (Սաղ. 110։3)։ Քանի որ Եհովան արագացնում է վերջնական հոգևոր հունձը, անելու դեռ շատ գործ կա, որի համար կամավորների մեծ կարիք է զգացվում (Ես. 60։22)։ Իսկ դու ասո՞ւմ ես. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Ես. 6։8)։ Իրոք որ, պատրաստակամության ոգի դրսևորելով՝ մենք հաճեցնում են Եհովային և առատ օրհնություններ ստանում։