Քայլեք ինչպես իմաստուններ
1 Երբ Հիսուսը հրավիրեց չորս ձկնորսների դառնալ իր հետևորդները, նրանք չհապաղեցին, այլ «իսկույն գնացին նրա հետևից» (Մատթ. 4։18–22)։ Երբ որ տարսոնացի Սողոսը դարձի եկավ և երբ վերականգնվեց նրա տեսողությունը, նա նույնպես չսկսեց ձգձգել, այլ «անմիջապես սկսեց ժողովարաններում Հիսուսին քարոզել» (Գործեր 9։20)։ Ժամանակն անընդհատ առաջ է ընթանում։ Երբ ժամանակն անցնում է, այն այլևս ետ չես վերադարձնի։ Ահա թե ինչու է կարևոր «քայլել ինչպես իմաստուններ»՝ ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը (Եփես. 5։15, 16)։
2 Ժամանակ և դիպված։ Եհովային ծառայելու այն հնարավորությունները, որ ունենք այսօր, վաղը կարող ենք չունենալ (Հակ. 4։14)։ Ոչ ոք պաշտպանված չէ «ժամանակից և դիպվածից» (Ժող. 9։11)։ Բացի այդ, բոլորս էլ ծերանում ենք, և իրերի այս համակարգում անխուսափելի են ծերության բերած «թշվառության օրերը», որոնք սահմանափակում են Եհովային ծառայելու մեր կարողությունները (Ժող. 12։1)։ Ուստի իմաստուն չէ հետաձգել մեր նվիրումն Աստծուն կամ սպասել մինչև որ իդեալական հանգամանքներ ունենանք, որպեսզի ընդլայնենք մեր ծառայությունը, մինչդեռ հիմա իսկ կարող ենք դա անել (Ղուկ. 9։59–62)։ Իր կյանքի վերջին տարիներին Աբրահամը գտավ խաղաղություն և հանգստություն. նա մահացավ «ալևորված և իր օրերից կշտացած» (Ծննդ. 25։8)։
3 Ժամանակը կարճացել է։ Մենք ցանկանում ենք մեր ժամանակը իմաստնորեն օգտագործել նաև այն պատճառով, որ «մնացած ժամանակը կարճացել է» (1 Կորնթ. 7։29–31)։ Շատ շուտով իրերի այս հին համակարգը վերջ կգտնի։ «Երկրի բերքը» հավաքելու ժամանակ գառնանման անհատներին հավաքելու հսկայական գործին մասնակցելու հնարավորություններ այլևս չեն լինի (Հայտն. 14։15)։ Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի թույլ չտանք, որ կյանքի հոգսերը գողանան մեր այն ժամանակը, որն ավելի լավ կլիներ անցկացնել ծառայության մեջ (Ղուկ. 21։34, 35)։ Որքա՜ն բավարարված կզգանք մեզ, երբ հետադարձ հայացք նետելով տեսնենք, որ մենք լիարժեքորեն ենք մասնակցել հնձին։
4 Մենք պետք է շարունակ աչալուրջ լինենք, որպեսզի բաց չթողնենք ուրախություն պարգևող այն առանձնաշնորհումները, որոնք կարող ենք ունենալ մեր ծառայությունը կատարելիս։ Եկե՛ք վճռենք մեր ձեռքից եկած ամեն բան անել, որպեսզի ծառայենք Եհովային «քանի դեռ այն կոչվում է «այսօր»» (Եբր. 3։13)։ Այդպես վարվելով՝ մենք ցույց կտանք, որ իսկապես իմաստուն ենք, քանի որ «նա, ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (1 Հովհ. 2։17)։