Մենք ուրախությամբ ամեն ջանք գործադրում ենք Եհովային ծառայելիս
1 Պողոս առաքյալը ուրախ էր, որ կարող էր «ամբողջությամբ ծախսվել» իր քրիստոնեական ծառայությունը կատարելու համար (2 Կորնթ. 12։15)։ Այսօր նույնպես շատ քրիստոնյաներ ժրաջանորեն ծառայում են որպես ռահվիրաներ։ Մյուսները, ովքեր ընտանեկան պատասխանատվություններ ունեն, իրենց զբաղված գրաֆիկում տեղ են հատկացնում ծառայությանը ամեն շաբաթ մասնակցելուն։ Ոմանք էլ, որ առողջական լուրջ խնդիրներ ունեն, իրենց սահմանափակ կարողությունները օգտագործում են Թագավորության շահերն առաջ տանելու համար։ Որքա՜ն քաջալերական է տեսնել, որ Եհովայի ծառաները՝ անկախ իրենց տարիքից ու հանգամանքներից, ամեն ջանք գործադրում են ծառայության մեջ։
2 Մերձավորի հանդեպ սերը։ Երբ մենք մեր ձեռքից եկած ամեն բան անում ենք Եհովային ծառայելու համար և այդպիսով ցույց ենք տալիս Եհովայի ու մեր մերձավորի հանդեպ սերը, մաքուր խիղճ ենք ունենում։ Քանի որ Պողոսը բարի լուրը քարոզելու համար իր հոգին էր տալիս, ուստի կարող էր ուրախությամբ ասել. «Այսօր ձեզ կոչ եմ անում վկայել, որ ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից» (Գործեր 20։24, 26; 1 Թեսաղ. 2։8)։ Եթե մենք մասնակցենք ծառայությանը այն չափով, որքան թույլ են տալիս մեր հանգամանքները, ապա արյունապարտ չենք լինի (Եզեկ. 3։18–21)։
3 Մարդկանց օգնելու համար ջանքեր գործադրելը ուրախություն է պատճառում (Գործեր 20։35)։ Մի եղբայր ասում է. «Ճիշտ է, երբ ես երեկոյան վերադառնում եմ տուն ամբողջ օրը Եհովային ծառայելուց հետո, հոգնածություն եմ զգում։ Սակայն ես ուրախ եմ լինում և շնորհակալություն եմ հայտնում նրան ինձ պարգևած ուրախության համար, որը ոչ ոք չի կարող խլել ինձանից»։
4 Աստծու հանդեպ սերը։ Ամենակարևոր պատճառը, թե ինչու ենք ջանքեր գործադրում Եհովային ծառայելիս, այն է, որ մեր ծառայությունը հաճելի է մեր երկնային Հորը։ Աստծու հանդեպ սերը մղում է մեզ պահել նրա պատվերները, որոնց մեջ մտնում է քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը (1 Հովհ. 5։3)։ Նույնիսկ եթե մարդիկ անտարբեր են կամ հակառակվում են, մենք ուրախությամբ շարունակում ենք ծառայել Եհովային։
5 Այժմ դանդաղելու ժամանակը չէ։ Մենք ապրում ենք հնձի շրջանում (Մատթ. 9։37)։ Սովորաբար, հնձվորը հնձի ժամանակ շատ երկար է աշխատում, քանի որ սահմանափակ ժամանակ է ունենում բերքը հավաքելու համար, մինչ այն կսկսի փչանալ։ Հոգևոր հնձի ժամանակը նույնպես սահմանափակ է։ Ուստի եկեք շարունակենք ամեն ջանք գործադրել և ժրաջանորեն մասնակցենք ծառայությանը՝ հիշելով, թե ինչ ժամանակներում ենք ապրում (Ղուկ. 13։24; 1 Կորնթ. 7։29–31)։