Հարցերի արկղ
◼ Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուրս նպաստել այն բանին, որ ժողովի հանդիպումներին տիրի սովորելուն նպաստող մթնոլորտ (Բ Օրին. 31։12)։
Քանի որ բոլորս խորապես հարգում ենք Եհովային և շատ թանկ ենք գնահատում ժողովի հանդիպումները, որ նա կազմակերպում է մեզ համար, մենք պետք է բավականաչափ շուտ գանք հանդիպումներին, որպեսզի կարողանանք պատրաստ լինել սովորելու նրանից։ Օգտակար է տեղեր զբաղեցնել սրահի առաջին շարքերում՝ վերջին շարքերը թողնելով փոքր երեխաներ ունեցողների և ուշացողների համար։ Նախքան հանդիպումը սկսվելը հարկավոր է էլեկտրոնային սարքերը կարգավորել այնպես, որ չխանգարեն ունկնդիրներին։ Եթե բոլոր ներկաները ամբողջ հանդիպման ընթացքում լցված լինեն ակնածանքով, ապա անհանգստությունները քիչ և փոքր կլինեն (Ժող. 5։1; Փիլիպ. 2։4)։
Երբ նոր մարդիկ են սկսում այցելել հանդիպումներին, ժողովի անդամներից մեկը, որ ճանաչում է նրանց, կարող է առաջարկել, որ ինքը նստի նրանց հետ։ Նման առաջարկը առանձնապես տեղին է, եթե նրանք ունեն փոքր երեխաներ։ Ժողովի հանդիպումներին գալը ընտանիքի համար գուցե նոր բան է։ Ուստի, ըստ ամենայնի, ծնողները ուրախ կլինեն իրենց երեխաների հետ նստել վերջին շարքերում, որովհետև այդպես նրանք հնարավորինս քիչ կշեղեն ուրիշներին, երբ ցանկանան ժամանակավորապես դուրս գալ գլխավոր սրահից, որպեսզի հոգան երեխայի կարիքները (Առակ. 22։6, 15)։ Փոքր երեխաներ ունեցող ծնողները չպետք է նստեն առանձին սենյակում, որովհետև այդ դեպքում երեխաները գուցե իրենց ազատ զգան և աղմկեն։ Ընդհանրապես, լավ կլինի երեխային խրատել կամ նրա անձնական կարիքները բավարարել գլխավոր սրահից դուրս, իսկ այնուհետև նրանց հետ վերադառնալ սրահ։
Սպասարկուների խնդիրն է պահպանել այնպիսի մթնոլորտ, որը պատշաճ է Աստծու երկրպագության վայրին։ Առանց ավելորդ ուշադրություն գրավելու՝ նրանք օգնում են ընտանիքներին և ուշացածներին տեղ գտնելու և նստելու։ Սպասարկուները չեն մոռանում նրբանկատության և խոհեմության մասին։ Անսպասելի իրավիճակներում նրանք դրսևորում են առողջ դատողություն։ Երբ որևէ երեխայի վարքը շեղում է մյուսների ուշադրությունը, սպասարկուն կարող է սիրալիր կերպով իր օգնությունն առաջարկել։
Բոլորս, որ հավաքվում ենք երկրպագելու Եհովային, կարող ենք մեր լուման ներդնել այնպիսի մթնոլորտի ստեղծման մեջ, որը նպաստում է Աստծու և նրա չքնաղ նպատակների մասին սովորելուն (Եբր. 10։24, 25)։