Ինչպես սովորեցնել նորերին քարոզել
1. Ի՞նչ էիր զգում, երբ առաջին անգամ գնացիր ծառայության։
1 Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ գնացիր տնետուն ծառայության։ Հավանաբար, խիստ անհանգիստ էիր։ Բայց դու, անկասկած, շատ ուրախ ես եղել, որ քեզ ուղեկցել է քեզ հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացրած քարոզիչը կամ մեկ այլ քարոզիչ։ Այժմ, երբ դու դարձել ես փորձառու քարոզիչ, դու ինքդ կարող ես օգնել նորերին հմտանալու քարոզչության մեջ։
2. Ի՞նչ պետք է սովորեն նոր քարոզիչները։
2 Նոր քարոզիչները պետք է սովորեն զրույց սկսել բնակչի հետ, խոսակցության ընթացքում օգտագործել Աստվածաշունչը, կատարել վերայցելություններ, սկսել և անցկացնել Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Նրանք նաև պետք է հմտանան ծառայության տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ ծառայություն փողոցում և գործարար տարածքում։ Դու կարող ես օգնել նորերին քո օրինակով և առաջարկներով։
3. Ինչպե՞ս կարող ես օգնել նոր քարոզիչներին քո օրինակով։
3 Սովորեցրու քո օրինակով։ Հիսուսը իր օրինակով ցույց տվեց աշակերտներին, թե ինչպես պետք է քարոզեն (Ղուկ. 8։1; 1 Պետ. 2։21)։ Երբ նոր քարոզչի հետ պայմանավորվել ես գնալու ծառայության, պատրաստիր մի պարզ մատուցում, որը քարոզիչը կարող է կրկնել. կարող ես օգտվել մեր հրատարակություններից։ Երբ արդեն գնացել եք ծառայության, առաջին մի քանի դռների մոտ դո՛ւ խոսիր, իսկ նոր քարոզիչը թող լսի քեզ։ Նախքան հաջորդ դուռը թակելը հարցրու նրան, թե արդյոք արդյունավետ էր մատուցումը։ Սա կօգնի նրան տեսնելու, որ կարևոր է ծառայության ժամանակ համագործակցել մյուս քարոզիչների հետ։ Բացի այդ, նրա համար ավելի հեշտ կլինի ընդունել քո առաջարկները այն բանից հետո, երբ ինքը իր մատուցումն անի։
4. Ինչպե՞ս կարող ենք օգնել նոր քարոզչին նրա մատուցումը լսելուց հետո։
4 Առաջարկներ արա։ Հիսուսը, բացի իր օրինակից, աշակերտներին նաև հրահանգներ տվեց, թե ինչպես քարոզեն (Մատթ. 10։5–14)։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսին։ Երբ ծառայության ժամանակ նոր քարոզիչը խոսում է մարդու հետ, ուշադիր լսիր։ Հետո, երբ հեռանում եք դռան մոտից, մի խնայիր գովասանքի անկեղծ և կոնկրետ խոսքեր, նույնիսկ եթե նկատեցիր, որ նրա մատուցման մեջ թերի բաներ կային։ Նախքան որևէ առաջարկ անելը լավ կլինի սպասել, որպեսզի տեսնես, թե արդյոք նա հաջորդ դռան մոտ չի կրկնում սխալը։ Գուցե պատճառն այն էր, որ նա հուզվում էր։ Նաև հիշիր, որ քարոզիչների ընդունակությունները տարբեր են և որ նույն բանը կարելի է անել տարբեր ձևերով (1 Կորնթ. 12։4–7)։
5. Ինչպե՞ս կարող ենք խորհուրդ տալ նոր քարոզչին։
5 Երբեմն նոր քարոզիչը քեզնից խորհուրդ կխնդրի։ Եթե չի խնդրում, դու ինքդ կարող ես նրան խորհուրդ տալ։ Ինչպե՞ս կարող ես դա անել նրբանկատորեն։ Որոշ փորձառու քարոզիչներ պարզապես ասում են. «Կարո՞ղ եմ քեզ մի առաջարկ անել», կամ. «Ըստ քեզ՝ այդ մատուցումը գործնակա՞ն էր»։ Կամ էլ կարելի է այսպես ասել. «Երբ ես նոր քարոզիչ էի, դժվարանում էի......, բայց տեսա, որ արդյունավետ է......»։ Որոշ դեպքերում լավ կլինի միասին բացել «Տրամաբանել» գիրքը (անգլ., ռուս.) և քննել մտքեր այնտեղից։ Որպեսզի նրան չհոգնեցնես, առաջարկներ արա մատուցման միայն մեկ երեսակի վերաբերյալ։
6. «Երկաթը երկաթ է սրում» սկզբունքը ինչպե՞ս կարող ենք կիրառել ծառայության մեջ։
6 Երկաթը երկաթ է սրում։ Պողոսը հորդորեց Տիմոթեոսին, որը փորձառու ավետարանիչ էր, շարունակել իր անձը տրամադրել սովորեցնելուն և առաջադիմություն անելուն (1 Տիմոթ. 4։13, 15)։ Թեև գուցե արդեն երկար տարիներ են անցել, երբ առաջին անգամ գնացիր ծառայության, երբեք մի դադարեցրու բարելավել քարոզչական հմտություններդ։ Սովորիր այն քարոզիչներից, ում հետ ծառայում ես, նույնիսկ նրանցից, ովքեր այնքան էլ փորձառու չեն ծառայության մեջ։ Պատրաստ եղիր բարյացակամորեն օգնելու նրանց, հատկապես նորերին, որ դառնան բարի լուրի հմուտ ծառայողներ (Առակ. 27։17)։